Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հարթենյանների ցուցահանդեսի առիթով

Հարթենյանների ցուցահանդեսի առիթով
29.11.2016 | 09:15

Հայաստանի նկարիչների միության առաջին հարկի ցուցասրահում հոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 8-ը հայր և որդի Սամվել և Միսակ Հարթենյանների ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսն էր: Երկու նկարիչ, երկու անհատականություն, հայր և որդի և երկու տարբեր աշխարհներ: Հանդիպումս նրանց հետ կայացավ ցուցահանդեսի բացման հաջորդ օրը:

«ԳԼԽԱՎՈՐԸ ԲՆՈՐԴԻ ԷՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆ Է»


-Պարոն Հարթենյան, Ձեր ջրաներկ կտավներում գյուղն է պատկերված, դրանց հաջորդում են դիմանկարները:
-Դրանք հիմնականում էտյուդներ են, որոնք նկարել եմ դեռ ուսանողական տարիներին, երբ ընկերներով գյուղ էինք մեկնում՝ բնանկարներ անելու: Դիմանկարները ընկերներիս, ծանոթներիս, բարեկամներիս են ներկայացնում՝ արված տարբեր տարիներին:
-Ձեր դիմանկարներում մի ընդհանուր հետք նկատեցի. բոլոր հերոսները կարծես կյանքում տառապել և հաղթել են, չկա նահանջի, անկումային տրամադրություն:
-Հատուկ նման խնդիր իմ առջև չեմ դրել, գլխավորը բնորդներիս էության բացահայտումն է: Գուցե իմ բնորդները ինքնին ուժեղ, կամային մարդիկ են: Իմ խնդիրը նրանց ներքին ապրումների, էության մատուցումն է արվեստասերներին:
-Դուք հիմնականում ջրաներկով եք նկարում, որը բավականին քմահաճ, ես կասեի, ոչ այնքան շահեկան նկարչական միջոց է:
-Ես, չզարմանաք, սովորել եմ քանդակագործության բաժնում, բայց դեռ ուսանողական տարիներից սիրել եմ աշխատել ջրաներկով: Ջրաներկով ավելի խոր եմ զգում նյութը, ստեղծագործելիս ավելի ազատ եմ, չնայած երբեմն դիմում եմ նաև յուղաներկի օգնությանը: Ի դեպ, այս համատեղ ցուցահանդեսում ներկայացված է 126 աշխատանք, որոնցից 42-ն են իմը:
-Մասնագիտությամբ, փաստորեն, քանդակագործ եք, իսկ քանդակը երբեմն «պահանջներ չի ներկայացնում», ինքներդ ներքին մղում ունենո՞ւմ եք քանդակելու:
-Գուցե կգա ժամանակը, և կսկսեմ նաև քանդակել:
-Միսակ, ցուցահանդեսդ շատ է տպավորիչ, և սա շատերի կարծիքն է: Խոսենք «Քաղաքի ոգին» ստեղծագործության մասին. ի՞նչ քաղաք է դա, ի՞նչ ես փորձել վերհանել, ի՞նչն է Ձեզ տագնապեցրել:
-Քաղաքը մեծանում է, մեծանում է՝ գրավելով շրջակա գյուղերը, գյուղական խրճիթները վերանում են, վերածվելով մեգապոլիսների: Քաղաքի ոգին, կարծես, հոշոտում է նախկին գյուղական միջավայրը: Քաղաքի ոգին «կանաչ հրեշն» է: Գուցե այստեղ Երևանն էլ կա: Մեր քաղաքն էլ է ենթարկվում մեգապոլիսների նվաճողական արշավանքներին:
-«Կանաչ հրեշը» երեկ չէ առաջին օրը այցելեց մայրաքաղաք և պայթեցրեց Երևանի մեկդարյա հնակառույցներից մեկը: ՈՒշադրությունս գրավել են նաև Ջորջ Օրուելի հանրահայտ «Անասնաֆերման» վեպի թեմաներով արված նկարներդ: Ե՞րբ ես կարդացել «Անասնաֆերման»:
-Անցյալ տարի եմ կարդացել, երբ 17 տարեկան էի: Դա զարմանալի վեպ է. կենդանիները ներկայացնում են բռնակալական ռեժիմի բոլոր արատները, օրինակ, խոզերը հանդես են գալիս որպես իշխող դասակարգ: Նաև վեպի ընդհանուր այլաբանությունն եմ ներկայացրել գործերիցս մեկում:
-Ցուցահանդեսում շեշտված է «Հորինվածք» շարքը, ուշագրավ և խորհրդավոր են հորինվածքներդ, «Հորինվածք թիվ 1», «Հորինվածք թիվ 2» և այլն:
-Դրանցում արտահայտել եմ հոգեվիճակս, բայց համապատասխան անվանումներ յուրաքանչյուր առանձին նկարի համար չգտնելով, դրանք անվանեցի ուղղակի «Հորինվածք»:
-Խուան Միրոյի ազդեցությունն է նկատելի քո գործերում: Նրանից ազդվե՞լ ես:
-Ոչ միայն նրանից, շատերից եմ ազդվել և դա, ըստ իս, բնական բան է նկարչի կայացման որոշակի փուլում: Ի վերջո, անգամ մեծ նկարիչներն են որոշակի շրջանում ազդեցություն կրել: Ես շատ վարպետների գործեր եմ սիրում և հաճախ եմ փորձում գնալ նրանց հետքերով, բայց, իհարկե, իմ ճանապարհով:
-Քո գույնը և գիծը ցայտուն են արտահայտված, ո՞րն է, այնուամենայնիվ, առաջնային:
-Գույնի և գծի միջև առաջնայնության խնդիր չկա, այստեղ լիակատար ներդաշնակություն է: Նկարելուց առաջ ընդհանուր գունաշխարհի, գույների համադրության մասին եմ մտածում, այնուհետև անցնում եմ գծին և հորինվածքին: Իհարկե, շատ կարևոր է, որ ստեղծագործությունը ամբողջական ընկալվի դիտողի կողմից:

«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՐԴ ԱՆԸՆԴՀԱՏ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ»


-Համարձակ և անսովոր եղանակով է կատարված Սուրբ Անտոնիոսին նվիրված նկարաշարը:
-Աստվածաշնչյան թեմա է, ըստ իս, շատ արդիական նաև մեր օրերում: Նա մեղքերից ազատվելու համար ճգնում էր, հրեշները (սատանա) փորձում են նրան գայթակղությունների միջոցով հեռացնել Աստծուց, բայց Սուրբ Անտոնիոսը դիմանում է անհամար գայթակղություններին և հաղթում:
-Ինքդ ենթարկվո՞ւմ ես փորձության:
-Յուրաքանչյուր մարդ անընդհատ փորձության է ենթարկվում: Ես հաղթահարում եմ տարիքիս բնորոշ փորձությունները և շարունակում եմ նկարել, կատարելագործվել, չհեռանալ այն ճանապարհից, որն ընտրել եմ:
-Սամվել Հարթենյանի գործերում ի՞նչն է քեզ համար հատկապես թանկ և գնահատելի:
-Հորս աշխատանքներն ինձ ոգեշնչում են, չզարմանաք, քանդակային ամրությունը անգամ ջրաներկով կատարված գործերում է նկատելի և հաստատուն:
-Պարոն Հարթենյան, Ձեր որդու՝ տակավին պատանի Միսակի գործերը բարդ ու անսովոր են և՛ կատարման, և՛ թեմաների իմաստով: Հոր, այն էլ նկարիչ հոր համար, անշուշտ, դժվար է լիարժեք անաչառ լինելը, այնուամենայնիվ, ասացեք, ի՞նչն է Ձեզ համար հատկապես կարևոր Միսակ Հարթենյանի ստեղծագործություններում:
-Անկեղծությունն ու անսահման սերը իր գործի նկատմամբ, նաև՝ բազմազանությունը: Նա, ինչ խոսք, այժմ ազդեցություններ է կրում, բայց փորձում է դրանք դարձնել, այսպես ասած, միսակյան, դարձնել իրենը: Եվ դա, կարծես, հաջողվում է նրան:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2125

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ