Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Նկարիչների միության յուրաքանչյուր անդամի Գեղարվեստի ֆոնդը տարեկան ապահովում էր առնվազն 7 հազար ռուբլու պատվերով»

«Նկարիչների միության յուրաքանչյուր անդամի Գեղարվեստի ֆոնդը  տարեկան ապահովում էր առնվազն 7 հազար ռուբլու պատվերով»
29.11.2016 | 09:30

Զրուցակիցս ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆՆ է, որ Հայաստանի նկարիչների միության նախագահն է՝ 1998-ից, ում գործունեության շրջանում անհույս վիճակում հայտնված այս նշանավոր ստեղծագործական միությունը հիմնարար փոփոխությունների ենթարկվեց, փլուզման եզրին հայտնված ցուցահանդեսային դահլիճների փոխարեն կառուցվեց ցուցահանդեսային աննախադեպ համալիրը, հիմնանորոգվեց Ծաղկաձորի «Նկարիչ» ստեղծագործական հանգստի տունը, շարունակում է գործել Սևանա լճի գեղատեսիլ ափին հանգրվանած Շորժայի «Նկարիչ» ստեղծագործական հանգստի տունը, բառացիորեն նոր կյանքով է ապրում նկարիչների միության «Գեղարվեստ» (նախկինում՝ «Քանդակ») կոմբինատը և այլն։ Տարեկան ՆՄ 1-ին, 2-րդ և 3-րդ հարկերի ցուցասրահներում անցկացվում են հանրապետական, թեմատիկ, հոբելյանական և անհատական 40-ից ավելի ցուցահանդեսներ։
Այնուամենայնիվ, Հայաստանի նկարիչների միությունը, կարծես, ապրում է իր կյանքով՝ պետությունից տարանջատված։

«ՄԵՐ ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՇԱՐՈՒՆԱԿ ԲԱՐԵՓՈԽՎՈՒՄ ԵՆՔ»


-Երկրում բարեփոխումների փուլ է, նկարիչներն իրենց հերթին լի են հույսերով։ Եկեք վերհիշենք, թե ինչպիսին էին պետության և նկարիչների միության հարաբերությունները խորհրդային տարիներին։
-Ձեր հարցում նախ հնչեց «բարեփոխում» բառը։ Շատ հնչեղ և գեղեցիկ բառ է, որքան հիշում եմ, մեր անկախ պետականության տարիներին շարունակ բարեփոխվում ենք, բայց և այնպես դոփում ենք տեղում։ Անդրադառնամ խորհրդային շրջանին։ Տարբերությունը մեծ է, չկան համեմատության եզրեր։ Նախորդ դարի 80-ականներին գտնվում էի Ֆրանսիայում, ֆրանսիացի նկարիչների հետ զրուցելիս ներկայացրի Խորհրդային Հայաստանում ապրող և ստեղծագործող նկարիչների, առհասարակ, ստեղծագործող մարդկանց կյանքն ու գործունեությունը։ Նրանք չէին հավատում՝ ինչպե՞ս կարող էր նկարիչն ապրել միայն ի հաշիվ իր ստեղծագործությունների։ ԽՍՀՄ-ում ամենուր այդպես էր։ Այնինչ, Ֆրանսիայում և Եվրոպայի այլ երկրներում նկարիչը միայն կերպարվեստով իր պատշաճ գոյությունն ապահովել չէր կարող։ Նրանք տարբեր բնագավառներում էին աշխատում, զբաղվում էին նկարչությամբ, որպես հոբբի։ Իհարկե, բացառություն էին կազմում հռչակավոր դեմքերը, որոնց գործերն իրացվում էին մեծ գումարներով, և նրանք կարիք չունեին թողնելու կերպարվեստը՝ այլ բանով զբաղվելու համար։ Կերպարվեստի համաշխարհային կենտրոն Ֆրանսիայում այն տարիներին ընդամենը մի քանի հարյուր նկարիչ էր ապրում միայն նկարչությամբ։ Խորհրդային Հայաստանում՝ մոտ հազար։

«ՆԿԱՐԻՉՆԵՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՄԵՆԱԱՊԱՀՈՎ ԽԱՎԵՐԻՑ ՄԵԿՆ ԷԻՆ»


-Հայ նկարիչն ու Հայաստանի նկարիչների միությունը՝ խորհրդային տարիներին։
-Բուհն ավարտելուց հետո մի քանի տարի նկարիչն աշխատում էր կերպարվեստի բնագավառում, վարպետանում էր, մասնակցում էր մի քանի ցուցահանդեսի, հետո միայն դառնում Հայաստանի (միաժամանակ՝ ԽՍՀՄ-ի) նկարիչների միության անդամ։ Կարող էր նաև մերժվել, քանզի միության անդամակցությունը նախ ենթադրում էր (այսօր էլ է, ի դեպ, այդպես) որոշակի պրոֆեսիոնալ մակարդակ և ձեռքբերումներ։ Հայ նկարիչը պետք է մասնակցեր ոչ միայն Հայաստանում անցկացվող, այլև Մոսկվայի համամիութենական ցուցահանդեսներին։
-Նկարիչը, քանդակագործը, գրաֆիկայի վարպետն ու դեկորատիվ կիրառական արվեստի ներկայացուցիչն անդամակցում էր Հայաստանի նկարիչների միությանը։ Ե՞վ։
-Նկարիչների միության կազմում գործող Գեղարվեստի ֆոնդը պարտավոր էր միության յուրաքանչյուր անդամի ապահովել աշխատանքով, այսինքն, պետական պատվերներով, տարեկան կտրվածքով ոչ պակաս 7 հազար ռուբլու չափով։ Նկարիչները հանրային ամենաապահով խավերից մեկն էին երկրում։
-Այսօր, հիմնականում բանից անտեղյակ, հաճախ են խորհրդային նկարիչ-խորհրդային պետություն փոխառնչությունը ներկայացնում որպես խիստ կաղապարված, ուր իսկական արվեստը շնչահեղձվում էր, նկարիչն ու քանդակագործը ստիպված էին Լենին ու Ստալին քանդակել, կթվորուհի և համայնական դաշտեր պատկերել։
-Ընդհանուր խոսքեր են, որոնց հիմքում անիրազեկությունն է։ Մարտիրոս Սարյանը դեռ խորհրդային տարիներին, տակավին երիտասարդ տարիքում, դարձավ ժողովրդական նկարիչ, անվճար արվեստանոց ստացավ պետությունից, որն այսօր հանրահայտ տուն-թանգարանն է։ Նա բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ ունեցավ Հայաստանում և նրա սահմաններից դուրս, պետության կողմից 1926-ին գործուղվեց Փարիզ՝ 1,5 տարի ժամկետով։ Բայց, խնդրում եմ, ցույց տվեք թեկուզ մեկ աշխատանք, որում Սարյանը փառաբանել է խորհրդային կարգերը, առավել ևս՝ խորհրդային առաջնորդներին։ Նույնը կարող եմ ասել Երվանդ Քոչարի, Հակոբ Կոջոյանի, Հարություն Կալենցի, Մինաս Ավետիսյանի և այլ նշանավոր վարպետների մասին։
-Կներեք, բայց եթե, դիցուք, քանդակագործը աննկուն հեղափոխական Կամոյին էր քանդակում, գեղանկարիչն էլ պատկերում էր առաջավոր ջուլհակ Փառիկին, դա ազդո՞ւմ էր նրա ստեղծագործական տաղանդի վրա։
-Ամենևին։ Կերպարվեստի իսկական ներկայացուցիչը նկարում և քանդակում էր Ձերժինսկի, Կրուպսկայա, Կարլ Մարքս, Շահումյան և արտադրության առաջավոր, հետո խորասուզվում էր իր արվեստի տիրույթում։ Անշուշտ, պետպատվերը ևս նա իրականացնում էր իսկական արվեստին հարիր մակարդակով։ Հանրաճանաչ նկարիչ Դմիտրի Նալբանդյանը, որ համարվում էր, այսպես ասած, Կրեմլի նկարիչ, նկարել է խորհրդային առաջնորդների, սակայն միաժամանակ հիանալի կտավներ է կերտել տարբեր թեմաներով։

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԿԱ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՇՈՒԿԱ»


-Այսօր նկարիչների միությունը ներկայացնում է հանրապետությունն իր ողջ շուքով, միաժամանակ այն, կարծես, գործում է պետությունից տարանջատված։
-Տասը տարի է, ինչ ստեղծագործական միությունների մասին օրենքի նախագիծը ննջում է ԱԺ գզրոցներում։ Ի դեպ, ստեղծագործական միությունների մասին օրենքներ կան աշխարհի շատ երկրներում, կան նաև նկարիչների միությունների մասին օրենքներ։ Այս օրենքները կարգավորում են նկարիչների միություն-պետություն հարաբերությունները։
-Ո՞րն է հայ արդի նկարչի շուկան։
-Հայաստանում չկա հայկական կերպարվեստի շուկա։ Մեր որոշ նկարիչների, այնուամենայնիվ, հաջողվում է միջազգային շուկաներում գործեր վաճառել, վերջերս նրանցից մեկը բավականին բարձր գնով իր ստեղծագործությունն իրացրեց Թուրքիայում։ Հայաստանում կան մասնավոր պատկերասրահներ, որոնք հետաքրքիր գործունեություն են ծավալել, սակայն ամբողջական եղանակ չեն կարող ապահովել և, անկեղծ ասած, դա նրանց խնդիրը չէ։
-Ե՞լքը։
-Ստեղծել օրենք ստեղծագործական միությունների մասին, որը կհստակեցնի պետության և ստեղծագործական միությունների, նկարիչների (նաև՝ ՀՆՄ-ի) հարաբերությունները, կնպաստի հայ կերպարվեստի զարգացմանն ու տարածմանը աշխարհում, առհասարակ, կերպարվեստագետի՝ ստեղծագործական լիարյուն կյանքով ապրելուն։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2727

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ