Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«ՀՀԿ-ի անդամների քանակը քսանից ավելի չէ»

«ՀՀԿ-ի անդամների քանակը  քսանից ավելի չէ»
02.12.2016 | 00:13

Այս շաբաթ խորհրդարանն արտահերթ նիստում քննարկեց «Կուսակցությունների մասին» օրենքը, որը, մի կողմից, ընդունվեց որպես մարդ-կուսակցությունների դեմ «պայքարի» ձև, մյուս կողմից էլ՝ միակուսակցականության սկիզբ։ Վերջին դիտարկմանը համակարծիք է նաև ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր ԱՐԱՄ ՄԱՅԻԼՅԱՆԸ։

«Եթե երկու մարդ քաղաքական նույն համոզմունքներն ունի, դա արդեն կուսակցություն է։ Համոզմունքների մեջ չի կարող պետությունը մտնել։ Պետականորեն համոզմունք ղեկավարել չի կարելի»,- մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքական գործիչը՝ հընթացս ԱՄՆ-ը օրինակ բերելով։ Ըստ նրա, Թրամփը «ճշգրիտ» հանրապետական չէ, բայց ընտրությունների գնաց հանրապետականի անունից՝ ինչ-որ պահի էլ վաստակելով նրանց դժգոհությունը։ «Ասել կուզի՝ պետություն-կուսակցություն հարաբերությունները մեզ մոտ շատ պարզամիտ են ընկալվում։ Պետությունը չի կարող սահմանափակել կուսակցականների թիվը։ Հնարավոր է՝ երկու մարդ լինի մի կուսակցությունում, բայց այնպիսի գաղափար առաջ քաշեն, որ ողջ ժողովուրդն այդ կուսակցության հետևից գնա»,- շեշտեց նա, հավելելով, որ պետությունն ընդամենը պետք է վերահսկի ֆինանսական, գրանցման հարցերը, որպեսզի դրսից կամ ահաբեկչական ինչ-ինչ ուժերից կուսակցությունները չֆինանսավորվեն։


Այսօր Հայաստանում կա 79 կուսակցություն, դրանց թիվը գնալով մեծանում է. այսքան քիչ բնակչություն ունեցող երկրում այդքան քաղաքական միավորումների գոյությունը նորմա՞լ է. այս հարցին Արամ Մայիլյանը պատասխանեց. «Իհարկե, նորմալ չէ, բայց մենք ապրում ենք աննորմալ երկրում, որտեղ պետական կառույցները դեռ չեն կայացել։ Ի՞նչ է, ԱԺ-ի, կառավարության, նախագահականի ծառայությունները նորմա՞լ են։ 4-5 տարին մեկ նախարարներ, նախարարությունների անուններ, կառուցվածք են փոխում։ ԱՄՆ-ը չի՞ «աճում», որ տարիներ շարունակ ունի ընդամենը 7-8 նախարարություն։ Ֆրանսիայում ով փոխվում, չի փոխվում, կրթության նախարարը նույնն է մնում, որովհետև կրթությունը լուրջ բան է, չի կարելի այսօր սրա, վաղը նրա ձեռքը տալ։ Այս աննորմալ վիճակում 79 կուսակցություն ունենալը նորմալ է, մարդիկ ճշմարտություն են փնտրում»։ ԳԽ պատգամավորը գաղափարախոսությունից հետո կարևորում է կուսակցությունների վճռականությունը, ինչը, նրա համոզմամբ, մեր քաղաքական ուժերին պակասում է։ «Նրանց մեծ մասի ղեկավարները «բազարչի» են»,- բնութագրեց մեր զրուցակիցը։


Իշխանությունները հաճախ են ընդդիմադիրներին քննադատում, որ եթե չեն կարող համախոհների բանակ ունենալ, ուրեմն կենսունակ չեն ու չեն կարող իշխանության գալ։ Այս հանգամանքը ԳԽ պատգամավորը փորձեց ներկայացնել ՀՀԿ-ի օրինակով։ Չնայած իշխող կուսակցությունը հայտարարում է, թե ունի 154 հազար անդամ, մեր զրուցակցի պնդմամբ, ՀՀԿ-ի անդամների քանակը քսանից ավելի չէ, մնացածը պետական ռեսուրսն է։ Այսինքն, եթե իրավիճակ փոխվի, բոլորը մեկ մարդու պես հեռանալու են։ «Սա խոսում է չկայացած կուսակցության մասին»։


Ի դեպ, մեր զրուցակիցը հիշեց նաև ՀՀՇ-ի տարիները։ «Երբ ՀՀՇ-ն որպես կուսակցություն կայացավ, բոլորն ուզում էին անդամատոմս ունենալ, վարչությունը դեմ էր։ Կուսակցության անդամակցության կես միլիոն «քարտ» տպեցինք։ Ո՞վ չէր հասկանում, որ կուսակցությունն այդքան անդամ չէր կարող ունենալ, համախոհներ՝ գուցե։ Կուսակցությունը քարտերի մեջ չէ»,- ասաց քաղաքական գործիչը, հիշեցնելով, որ 1996-ին Վազգեն Մանուկյանը, հետո՝ Ստեփան Դեմիրճյանը, վերջին ընտրություններում էլ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթեցին ոչ իրենց կուսակցությունների շնորհիվ։ Այս առաջնորդները, Արամ Մայիլյանի համոզմամբ, հաղթեցին միայն ժողովրդի վստահության շնորհիվ։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2645

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ