Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սերժ Սարգսյանը ռիսկի չգնաց

Սերժ Սարգսյանը ռիսկի չգնաց
02.12.2016 | 00:18

Հայաստանի հանրապետական կուսակցության 16-րդ համագումարը կայացավ, և հիմնական հարցերից մեկը, որ շատերին հետաքրքրում էր, հետևյալն էր՝ արդյոք հանրապետական կուսակցությունն ունի՞ փոփոխվելու ռեսուրս, մանավանդ խորհրդարանական ընտրություններից առաջ, որպեսզի ՀՀԿ քաղաքական ուժը կարողանա համահունչ լինել փոփոխությունների կարգախոսով ասպարեզ մտած նոր կառավարությանը։ Իհարկե, ի սկզբանե էլ ակնհայտ էր, որ հոռետեսների քանակը զգալիորեն գերազանցում է լավատեսների ճամբարը:


Այս առումով հանրության, թերևս, ամենակարևոր սպասելիքը կուսակցության գործադիր մարմնում կատարվելիք փոփոխություններն էին։ Հետաքրքիր է, որ մոտ մեկ-մեկուկես ամիս առաջ ՀՀԿ վերնախավի կողմից շատ ավելի խոստումնալից ազդակներ էին տրվում հասարակությանը։ Կուսակցության մամուլի խոսնակ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հստակ ընդգծեց, որ լինելու են լուրջ փոփոխություններ կուսակցության ղեկավար կազմում, և այդ հայտարարությունը երկար ժամանակ դրական սպասումներ էր առաջացրել, ու ակնկալվում էր, որ այդ փոփոխությունները կլինեն կուսակցական համագումարի ամենաինտրիգային հարցերից մեկը։ Պատահական չէ, որ մինչհամագումարյան շրջանում բավականին շատ նոր անուններ էին տրվում՝ որպես ՀՀԿ ԳՄ անդամի հավանական թեկնածուներ։ Համարվում էր, որ Սերժ Սարգսյանը կփորձի ձերբազատվել վարկաբեկված օդիոզ դեմքերից, նախկին պաշտոնյաներից, որոնց կասկածում են բավականին լուրջ կոռուպցիոն գործարքներում ներգրավված լինելու մեջ, և վերջիններիս փոխարինելու կգան նոր անձինք, որոնք նոր դեմք կհաղորդեն ՀՀԿ-ին։ Եվ որպես «մարդկային տեսք» հաղորդող թեկնածուներ շրջանառվում էին վարչապետ Կարեն Կարապետյանի, վերջում արդեն՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունները։ Մի պահ նույնիսկ խոսակցություններ կային, որ նոր սահմանադրության «կնքահայրերից» մեկը՝ Հրայր Թովմասյանն է համալրելու ԳՄ շարքերը։ Խոսվում էր, որ ԳՄ անդամների թիվը կկրճատվի, և այդ մեխանիզմով միշտ զգուշավոր Սերժ Սարգսյանը կձերբազատվի կուսակցությունը ոչ պոպուլյար դարձնող անցանկալի գործիչներից։


Հիմա դժվար է միանշանակ ասել՝ արդյո՞ք նման լուրերը հատուկ ուղղորդված էին ու նպատակ ունեին հետաքրքրություն պահպանելու ՀՀԿ-ի համաժողովի շուրջ, սակայն ՀՀԿ համագումարից բառացիորեն մեկ օր առաջ նույն Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ լուրջ անակնկալներ պետք չէ սպասել։ Սա ավելի շուտ վկայում է, որ վերջին մեկ ամսում՝ Է. Շարմազանովի երկու հայտարարությունների միջակայքում, ներկուսակցական, ներկլանային բավականին լուրջ քննարկումներ և, ամենայն հավանականությամբ, բարդ անդրկուլիսային պայքար են եղել՝ «կուսակցական արևի տակ» տեղ ունենալու համար։ Արդյունքում տեսանք այն, ինչ տեսանք, և ստացվեց «ինչպես միշտ»։ Գործադիր մարմնի անդամների թիվը ոչ միայն չնվազեց, այլև ներկուսակցական բոլոր կլանների, ֆինանսատնտեսական ազդեցության խմբերի ախորժակներն ու նկրտումները բավարարելու համար ՀՀ նախագահը ԳՄ անդամների թիվը 19-ից հասցրեց 21-ի։ Փաստացի բոլոր ազդեցության խմբերի ներկայացուցիչները պահպանեցին իրենց դիրքերը կուսակցության վերնախավում։ Նրանց, իհարկե, ավելացան Կարեն Կարապետյանի և Վիգեն Սարգսյանի խմբերը, ինչպես նաև Սամվել Ֆարմանյանը։ Համարվում է, որ վերջինս ներկայացնում է Միքայել Մինասյանի հովանու ներքո գտնվող ՀՀԿ-ական, ու ոչ միայն նրանց, երիտասարդական թևը։ Հայտնի է, որ Սամվել Ֆարմանյանը ՄԻԱԿ-ի երբեմնի կադր է և այնտեղից է պատվիրակվել հանրապետական կուսակցություն։


Ինչ վերաբերում է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, որն ապրիորի ընկալվում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հավատարիմ կադր, և համարվում էր, որ որպես կոմպրոմիս են նրան պահել կառավարության կազմում, ապա շատ պայմանական կարելի է նրան Հովիկ Աբրահամյանի կադր համարել՝ հաշվի առնելով, որ քաղաքական դաշտում, որպես կանոն, մշտական տանիքներ գոյություն չունեն։ Ինչպես ասում են, կա մշտական շահ, և ժամանակը ցույց կտա, թե Արփինե Հովհաննիսյանին ներառելով գործադիր մարմնում՝ Սերժ Սարգսյանը, բացի զուտ գենդերային խնդրից, ինչ հարց է լուծում։ Ամեն դեպքում բոլոր ֆինանսատնտեսական, որոշ դեպքերում օլիգարխիկ կլաններն իրենց ազդեցությունն իշխող կուսակցության վերնախավում պահպանել են։ Սակայն դիտարկելով այնտեղ ներկայացված անձանց ցանկը և ուժերի համամասնությունը՝ ակնհայտ է, որ վերահսկիչ փաթեթը շարունակում է մնալ Սերժ Սարգսյանի ձեռքում։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանը թերևս ամբողջովին վերահսկում է իրավիճակը։


Իհարկե, հարց է առաջանում, թե ինչու երկրի ղեկավարը հանրապետականների կերպարի փոփոխության առումով չարդարացրեց հասարակության որոշ հատվածների սպասումները և չգնաց թեկուզ կոսմետիկ մաքրումների։ Ամենայն հավանականությամբ, նախընտրական շրջանում Սերժ Սարգսյանը, շախմատային հաշվարկներ անելով, ի վերջո եկել է այն եզրակացության, որ նոր մարդկանց, մասնավորապես, Կարեն Կարապետյանի և ավելի քիչ մասով Վիգեն Սարգսյանի՝ կուսակցությունը մաքրելու ռեսուրսը, այնուամենայնիվ, լիովին բավարար չէ, որպեսզի ՀՀԿ-ն ապագա խորհրդարանական ընտրություններում ապահովի իր այժմյան ամենագլխավոր խնդիրը՝ ոչ միայն իշխանության վերարտադրվելու արդյունք ապահովվի, այլև ցանկալի ցուցանիշը գրանցվի հնարավորինս մաքուր տեխնոլոգիաներով ու գործելաոճով և ի վերջո հնարավորինս առանց մեծ սկանդալների հասնի կայուն մեծամասնություն կազմելու նպատակին։ Երևի թե հաշվարկների արդյունքում հասկանալի դարձավ, որ այս պահին լուրջ փոփոխությունների գնալը՝ վարկաբեկված որոշ խմբերի ներկայացուցիչներից ձերբազատվելը, ռիսկեր է պարունակում, և գուցե այդ դեպքում ֆինանսատնտեսական և տեղական ռեսուրսները խորհրդարանական ընտրությունների շեմին չաշխատեն հանրապետականի համար, և հարցականի տակ դրվի ցանկալի արդյունքի ապահովումը։ Այսպիսով ՀՀԿ-ն գուցե զրկվի ձայն հավաքելու իր ավանդական եղանակներից։ Սերժ Սարգսյանը, հավանաբար խորհրդակցելով իշխանության և արդեն իսկ կուսակցության ներսում իր հետ տանդեմ ձևավորած Կարեն Կարապետյանի հետ, եկել է այն եզրակացության, որ մինչև խորհրդարանական ընտրությունները պետք չէ խառնել մեղվի բույնը։ Ավելի լավ է թե՛ մաքուր, թե՛ ավանդական հանրապետական, մեղմ ասած՝ կասկածելի, տեխնոլոգիաների համադրումով հասնել արդյունքի, և միայն դրանից հետո փորձել ՀՀԿ-ի ներսում վերափոխումներ իրականացնել։


Սակայն այն, որ ՀՀԿ-ում հիմնվեց առաջին տեղակալի պաշտոնը, և առանձին կարգավիճակ շնորհվեց Կարեն Կարապետյանին, ցույց է տալիս, որ ապագայում, ամենայն հավանականությամբ, այդ քաղաքական ուժի ներսում նույնպես վերջինիս դերը զգալիորեն աճելու է, և արդեն խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր է, որ Կարեն Կարապետյանը կուսակցության շարքերում էլ որոշակի փոփոխությունների քարտ բլանշ ստանա։ Ի վերջո, նա ՀՀԿ մտնելու իր պատճառների թվում նշել էր նաև կուսակցության փոխվելու պատրաստակամությունը։


Ամեն դեպքում ՀՀԿ համագումարում հնչեց կարևոր մի ուղերձ. Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ կողմից հաջողություն գրանցելու դեպքում Կարեն Կարապետյանը շարունակելու է պաշտոնավարել որպես վարչապետ, և իր ելույթում աջակցություն հայտնեց վարչապետին։ Այսպիսով ՀՀ նախագահը հանեց գլխավոր ինտրիգներից մեկը, վերջ դրեց այն շահարկումներին, թե Կարեն Կարապետյանը կարճաժամկետ վարչապետ է և ընդամենը հանրապետականի նախընտրական PR դեմքն է։ Երևի թե կուսակցության ներսում էլ այդ առումով լարվածությունը և ինչպես մեզանում ընդունված է ասել «մուտիլովկեքի» աստիճանը գոնե առժամանակ թուլացրեց։ Բոլորին էլ հասկանալի դարձավ, որ այդ հարցի շուրջ ամեն ինչ որոշված է, և թերևս անվտանգ չի լինելու անիմաստ «ոտքի տակ» ընկնելը։


Իհարկե, առնվազն երկիմաստ ընկալվեցին Սերժ Սարգսյանի, այսպես կոչված, յոթ խորհուրդները, որոնք ուղղված էին ՀՀԿ-ին, և ինչ-որ չափով ավելի թիրախավորված էր հանրապետականի երիտթևը։ ՈՒ թեև բովանդակային առումով առանձնապես որևէ նշանակալի և նոր բան չասվեց, այնուհանդերձ, թե՛ հանրապետականի ներսում, թե՛ նաև փորձագիտական շրջանակներում դրանք ընկալվեցին նույնիսկ որպես հեռացող նախագահի խոսք։ Այս պահին դժվար է ասել, թե որքանով է ՀՀ նախագահը, այս յոթ խորհուրդների ձևաչափը կիրառելով, սկսում հնարավոր ժառանգորդին իշխանության փոխանցման գործընթացը՝ հաշվի առնելով Սերժ Սարգսյանի՝ ներիշխանական հարաբերություններում և ինտրիգներում գերփորձված լինելու հանգամանքը։ Չի բացառվում, որ սա ընդամենը հերթական թեստն է իր նոմինալ թիմակիցների համար, որով ՀՀ նախագահը ժամանակից շուտ փորձում է հասկանալ նրանցից յուրաքանչյուրի թե՛ հավատարմությունը, թե՛ հնարավոր արձագանքն իր ասածների նկատմամբ։ Ամեն դեպքում փաստն առայժմ միայն այն է, որ Սերժ Սարգսյանն ընդամենն ուրվագծել է իշխանության հնարավոր կառուցվածքը մինչև 2018 թ. ապրիլը, այսինքն՝ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը։ Միակ բանը, որ այսօր հաստատ կարելի է արձանագրել, այն է, որ ՀՀ նախագահն ու ներկայիս վարչապետը քաղաքական և իշխանական տանդեմ են կազմել մինչև այդ ժամանակահատվածը։


Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1685

Մեկնաբանություններ