Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Գուցե ընդդիմության բախտը կժպտա, և մեկ-երկու կամերային դաշինքներ կձևավորվեն՝ մշուշոտ ապագայով»

«Գուցե ընդդիմության բախտը կժպտա, և մեկ-երկու  կամերային դաշինքներ կձևավորվեն՝ մշուշոտ ապագայով»
02.12.2016 | 00:46

«Իրատեսի» հարցերին պատասխանում է ԱԺ պատգամավոր ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ:

-Ձեր կարծիքով՝ ՀՀԿ 16-րդ համագումարը լուծե՞ց այն խնդիրները, որ ունի ընտրությունների գնացող իշխող կուսակցությունը։
-ՀՀԿ 16-րդ համագումարը հերթական համագումարն էր, բայց անչափ կարևոր համագումար, քանի որ այսուհետ, արդեն հաջորդ համագումարները տեղի կունենան ըստ նոր Սահմանադրության փոփոխվող «Կուսակցությունների մասին» նոր օրենքին համապատասխան։ Այս օրերին խորհրդարանը քննում է նաև այս սահմանադրական օրենքը, և կուսակցությունների կազմավորման, գործունեության, նաև համագումարների անցկացման օրենսդրորեն նոր կարգ է սահմանվում։ Համագումարը կարևոր էր նաև այլ պատճառներով՝ նոր կառավարություն, նոր վարչապետ, որ համագումարից առաջ դիմում գրեց և համալրեց մեր կուսակցության շարքերը, նաև նախարարներ և նոր այլ անդամներ։ Համագումարը կարևոր էր նաև նրանով, որ անցկացվեց նախընտրական տարում, կարծեմ Հայաստանի քաղաքական դաշտում գործող շուրջ ութ տասնյակ կուսակցություններից ՀՀԿ-ն առաջինն էր, որ հրավիրեց նախընտրական տարվա առաջին համագումարը։ Սովորաբար, համագումարները ոչ թե խնդիրներ են լուծում, այլ դնում են նոր խնդիրներ՝ քննարկելով, վերլուծելով նախորդ հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը։ ՀՀԿ նախագահի ծավալուն հաշվետվությունը ևս լսվեց, քննարկվեց, համագումարն ընդունեց բանաձև, որի բոլոր կետերը պիտի դառնան կուսակցության հետագա աշխատանքի հիմնասյուները։ Նաև՝ կուսակցության նախագահի հանձնարարականները, խորհուրդները։ Իրականում համագումարով ոչ թե ավարտվում, այլ սկսվում է նոր փուլ՝ նոր խնդիրների լուծման, նոր գործերի և առաջ գնալու նշաձողով։
-Ո՞Ւմ էին ուղղված ՀՀԿ նախագահի 7 խորհուրդները, չունեցա՞ք հեռացող նախագահի քաղաքական կտակի տպավորությունը:
-ՀՀԿ և ՀՀ նախագահի խորհուրդներն ուղղված էին համայն հայությանը, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, անկախ իրենց քաղաքական հայացքներից, ճաշակներից և նախասիրություններից, ուղղված էին բոլոր հայերին Արցախում և սփյուռքում, ընդհանրապես՝ մեր հասարակությանը, բոլորիս և յուրաքանչյուրիս։ Այո, դա նախագահի քաղաքական կտակ էր, բայց ոչ թե հեռացող, այլ գործող և պաշտոնավարող, և եթե կտակ, ուրեմն՝ ապագային միտված, մի մոռացեք, որ արդեն 2018-ի ապրիլից մեր երկիրը չի ընտրելու երկրի նախագահ, անցումը խորհրդարանական կառավարման համակարգի այդ հնարավորությունը չի տալու, սակայն, մի շտապեք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իր պաշտոնավարման ավարտին դեռ կասի նախագահի իր խոսքը:
-Գնալո՞ւ մասին, թե՞ մնալու:
-Հայաստանի ապագայի մասին:
-Քաղաքական դաշտը ընտրություններից կես տարի առաջ՝ հավանական համարո՞ւմ եք իշխանական և ընդդիմադիր ուժերի դաշինքների ձևավորումը։
-Անկեղծ ասած, շատ կուզեի հարցին դրական պատասխան տալ, բայց, ավաղ, չի ստացվելու, մերոնց ավելի շատ կարապի, խեցգետնի և գայլաձկան անջատողական կեցվածքն է հարազատ։ Թեպետ, գուցե ընդդիմության բախտը կժպտա, և մեկ-երկու կամերային դաշինքներ կձևավորվեն՝ մշուշոտ ապագայով։
-Սահմանադրական փոփոխություններից հետո գործող ԱԺ-ն կարողացա՞վ կատարել իր օրենսդրական և քաղաքական գործառույթները։
-Գիտեք, որ փոխված Սահմանադրությունը մաս առ մաս է կյանք մտնում, առանձին հոդվածներ, գլուխներ, մինչ այն պահը, երբ ամեն ինչ, բոլոր արդեն գործող օրենքները կհամապատասխանեցնենք նոր Սահմանադրությանը, երկրի գլխավոր օրենքը լիիրավ կսկսի գործել 2018-ի ապրիլից, և այսօր գործող խորհրդարանը կկարողանա ասել, որ կատարեց իր առջև դրված բարդ խնդիրը։ Իրականում բավականին ծանրաբեռնված եղավ այս խորհրդարանի կյանքը, օրենքների, քաղաքական լարվածությունների, ապրիլյան պատերազմի և այլ դժվարությունների բեռը նույն ծանրությամբ նաև խորհրդարանի ուսերին էր։
-Կուսակցությունների մասին նոր օրինագիծը սահմանադրական փոփոխություններից բխող տեխնիկական փոփոխություննե՞րն է արձանագրում, թե՞ քաղաքական դաշտի կատարելագործման խնդիր ունի:
-Տեխնիկական փոփոխություններ անելու շռայլությունը չենք կարող մեզ թույլ տալ, դժվարին գործընթաց է սա, իրականում գրեթե արմատապես փոխվում է օրենքը, քաղաքական ուժերի դերակատարությունը մեծանալու է, քանի որ խորհրդարանական կառավարումը հենց սա է պարտադրում, ուստի կուսակցություններն էլ պիտի լինեն համարժեք՝ ստեղծվողները պիտի լինեն իրական քաղաքական միավորներ և ոչ թե քավոր-սանիկական, խնամի-հարևանական և այլ կարգի միավորումներ, ինչպիսիք կան և եղել են, դաշտը պիտի հստակեցվի, քաղաքականությամբ պիտի զբաղվեն քաղաքական կառույցները, քաղաքական միավորները հստակ ծրագրով, կանոնադրությամբ, ասելիքով, անդամների թվով, պիտի բացառել «մարդ-կուսակցությունները», «փողի տոպրակ-կուսակցությունները», «մի քիչ կտաս-կուսակցությունները», «կույսեր և փափկասուն տիկնայք-կուսակցությունները» և էլի այս կարգի առեղծվածները, որոնք գլուխ են բարձրացնում ընտրություններից առաջ, հետո, ինչ-որ ակցիայի կամ ինչ-ինչ նպատակների ծառայելու համար և, ստանալով իրենց բաժինը, նորից քուն են մտնում։ Կուսակցությունները պիտի ունենան հստակ գաղափարախոսություն, ծրագիր, ասելիք, ի վերջո, կուսակցությունը քաղաքական այն միակ միավորն է, որը ձգտում է իշխանության՝ ընտրությունների արդյունքում, ուրեմն, օրենքով պիտի հստակ սահմանվի, թե որ կառույցը կարող է կոչվել կուսակցություն և ունենալ համապատասխան ակնկալիք։
-Խորհրդարանական ընտրությունները կարո՞ղ են անկայունության պատճառ դառնալ Հայաստանում։
-Ցանկացած ընտրություն միշտ էլ որոշակի լարվածություն է առաջացնում, անկայունությունը վատ ու վտանգավոր է, և չեմ ուզում հավատալ, թե կլինի նման բան, կարծում եմ, կլինի որոշ լարվածություն, ոմանք կփորձեն ջուրը պղտորել, բայց «Ընտրական օրենսգիրքը», արդեն նորը, նոր Սահմանադրությանը համարժեք ընդունվածը կբացառի գերլարվածությունը։ Միակ մտավախությունս այն է, որ որոշ ընդդիմադիր ուժեր, չկարողանալով բավարար թվով մարդիկ գտնել հանձնաժողովներում, տեղամասերում, որպես վստահված անձեր աշխատեցնելու համար, սեփական լարվածությունը փորձեն տեղափոխել ընտրական գործընթաց։ Հուսամ, մեր գործընկերները կլինեն ողջամիտ և, սթափ գնահատելով իրենց հնարավորությունները, ցայտնոտի մեջ չեն հայտնվի, չեն փորձի աղավաղել գործընթացը։
-2017-ին ի՞նչ սպասելիքներ ունեք Աքաղաղից։
-Ակնկալի՞ք. լավ կլինի իր բոլոր ծուղրուղուները կանչի ճիշտ տեղում և ճիշտ պահին, մնացածը շտկվող խնդիրներ են։


Զրույցը՝
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2421

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ