Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Քաղաքականությունը պոռնկություն է, երբ նրանով զբաղվում են հոգով պոռնիկները

Քաղաքականությունը պոռնկություն է, երբ նրանով զբաղվում են հոգով պոռնիկները
02.12.2016 | 00:44

Անհատը, անշուշտ, մեծ դեր է խաղում պատմության մեջ: Պատմությանը հայտնի են անհատներ, որոնք իրենց կնիքն են թողել ժողովուրդների ճակատագրի վրա: Եթե այդ անհատը քաղաքական գործիչ է և այն էլ չհավասարակշռված, ապա նրա գործունեությունը կարող է կործանարար լինել մարդկության համար: Անցած դարերում խելագար անհատի դերը կարող էր ծանր հետևանքներ ունենալ մարդկության համար, բայց ոչ կործանարար: Մարդկությունն այսօր չպետք է թույլ տա կառավարման ղեկին մոտենալ նման անհատներին, մանավանդ երբ տվյալ անհավասարակշիռ անհատը գերհզոր երկրի կառավարիչ է, և նրա ձեռքերում է այն ճամպրուկը, որում տեղադրված սարքի կոճակի սեղմումը մի վայրկյանում կարող է փոշի դարձնել աշխարհը: Պատկերացնել կարելի է, թե ինչ կլիներ աշխարհի վերջը, եթե Հիտլերի ձեռքում նման մի ճամպրուկ լիներ:

Այդպիսի մի անհատ, եթե ոչ խելագար, առնվազն խեղկատակ է Ռուսաստանում գործող հայտնի քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին: Ասեմ, որ խեղկատակը խելագարից քիչ տարբերվող, հոգեկան շեղումով անհատն է, որը ցանկացած պահի կարող է դրսևորել իսկական խելագարին հատուկ բոլոր անհավասարակշիռ որակները, եթե նրա ձեռքը մեկեն ընկնի ատոմային զենքերի կառավարման ճամպրուկը:
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Թրամփը մեծ ոգևորություն է առաջացրել հատկապես Ռուսաստանում, և ոմանց թվում է, թե մեկեն ջերմանալու են ռուս-ամերիկյան հարաբերությունները, Թրամփը հրաժարվելու է ՆԱՏՕ-ից, Եվրոպայից և վարելու է միայն պրոռուս-չինական քաղաքականություն: Եվ Թուրքիան էլ, զգալով ԱՄՆ-ի ապագա վարելիք քաղաքականությունը, մեկեն նորից ընկնելու է Ռուսաստանի գիրկը, և այդ գիրկն ընկնելու պրոցեսն արագացնելու համար Անկարա է մեկնել Վլադիմիր Ժիրինովսկին: Մինչ Ժիրինովսկու «հանճարեղ» մտքերը մեկնաբանելը կցանկանայի մի քանի խոսք ասել Թրամփի վարելիք արտաքին քաղաքականության մասին: Թրամփը ոչ թե անփորձ, այլ քաղաքականությունից հեռու կանգնած անհատ է: Ասվածի վկայությունն է թեկուզ և այն փաստը, որ նա մինչ նախագահ ընտրվելը չուներ հստակ թիմ: Տեղին է հիշել, որ Ջոն Քենեդին, երբ ընտրվեց նախագահ և պետք է պաշտոնի նշանակեր մոտ 1200 անձի, ինքն իրեն հարց է տվել, ես որտեղի՞ց գտնեմ այդքան մարդու: Այն էլ այն դեպքում, որ Քենեդին վաղուց քաղաքականության մեջ էր, կոնգրեսական էր, վայելում էր քաղաքական շատ հայտնի գործիչների համակրանքը: Քենեդին բիզնեսմեն չէր, այլ քաղաքական գործիչ, մտավորական: Կոնգրեսական եղած ժամանակ հրապարակած նրա գիրքը մեծ հեղինակություն ապահովեց նրան ապագա ընտրություններում:


Ո՞վ է Թրամփը: Բիզնեսմեն, քաղաքականությունից հեռու մի անհատ: Թրամփն ինչ արտաքին քաղաքականություն էլ ցանկանա տանել, այն չի կարող հակասել ԱՄՆ-ի շահերին: Որքան էլ այսօր փորձենք չնկատելու տալ ազգային ազատագրական պայքարը (դասակարգային պայքարն աննկատ թաղել են), միևնույն է, այն կա, շատ էլ կենսունակ է: Թրամփը հզոր երկրի նախագահ է: Նա ոչ միայն չի կարող դավաճանել իր երկրին, այլև իր դասակարգին: Այն հզոր բուրժուական վերնախավը, որ կա ԱՄՆ-ում, Թրամփին հաջորդ օրն իսկ կհանի շարքից, եթե նրա տանելիք արտաքին քաղաքական կուրսը մեկ-երկու դեպքից հետո հակասի նրանց շահերին: Ինչո՞ւ սպանեցին Ջոն Քենեդուն, գուցե նրա համար, որ իբր շատ էր զիջումներ կատարում ԽՍՀՄ-ին և Կարիբյան ճգնաժամի ժամանակ չխփեց Կուբային, որն այն օրերին իսկական ազատության փարոս էր ճնշված Լատինական Ամերիկայի ժողովուրդների համար:
Ամերիկյան պետությունը դարեր շարունակ խելացիորեն զարգանալով, հեռացել է դեմոկրատական լոզունգներով, ինքնորոշման իրավունքով ազատության հասած արժեքներից: Ամերիկան ամերիկացիներին, Եվրոպան եվրոպացիներին լոզունգից նա վաղուց է հրաժարվել, ավելին, եթե XX դարի սկզբին եվրոպացիների առաջարկած ազատ տնտեսական մրցակցության գաղափարից ԱՄՆ-ը հրաժարվում էր, որովհետև եվրոպական արտադրության նկատմամբ նրա արտադրական հզորությունները թույլ էին, ապա հետպատերազմյան շրջանում, երբ շատ հզոր էր, այդ տեսության կողմնակից էր: Ժամանակի ընթացքում ԱՄՆ-ն ընտրում է այն արտաքին քաղաքական կուրսը, որը ձեռնտու է իրեն, և ոչ թե դեմոկրատական արժեքները: XXI դարի ԱՄՆ-ը, հատկապես խորհրդային պետության չգոյության պայմաններում, խոսում է մարդու իրավունքներից, դեմոկրատիայից այնքան, որքան պետք է իրեն: Իսկ խորհրդային պետության պայմաններում նրանց հիմնական քաղաքական զենքը մարդու իրավունքների պաշտպանությունն էր: Ինչ դեմոկրատիայի, մարդու իրավունքների մասին կարելի է խոսել, երբ աշխարհի օվկիանոսներում նավարկում են նրա ռազմաօդային ուժերը և այս կամ այն կեղծ պատրվակներով ոչնչացնում են սուվերեն պետությունները, և օրական հազարավոր մարդիկ են սպանվում նրանց օդային հարվածներից:


ԱՄՆ-ն ինչո՞ւ հասավ Մերձավոր Արևելք: Տեսնելով Ռուսաստանին ծնկի բերելու իր անկարողությունը, փորձեց Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ քաշել նրան, մյուս կողմից՝ նրա դեմ հանելով ՈՒկրաինան: Փորձեց տիրանալ ստրատեգիական կարևոր նշանակություն ունեցող Ղրիմին: Սակայն Ռուսաստանի ղեկավարը, որը ոչ այնքան դիվանագետ է, որքան իր հայրենիքը սիրող և ԱՄՆ-ի հետ հարմար պահին ուժի դիրքից խոսող պետական, քաղաքական գործիչ, կարողանում է դիմագրավել հակառուսական բոլոր ավանտյուրաներին: Թրամփը դեռ նախագահ չէ: Հնարավոր է՝ նաև չլինի: Մի քանի նահանգներում ձայների վերահաշվարկը ինչ-որ բան հուշում է: Բացի այդ, հնարավոր է ընտրիչները գործեն զուտ Ամերիկայի շահերից ելնելով: Այնպես որ Թրամփի նախընտրական խոսքերը մի բան են և բոլորովին այլ կլինեն նախագահի երդման արարողությունից հետո: Թրամփի Ամերիկան չի կարող բացվել Ռուսաստանի կամ Չինաստանի առաջ, մոռանալով իր դասակարգի շահը, ԱՄՆ-ի շահը: Եթե կա և ուժի մեջ է աշխարհի նոր վերաբաժանումը, ապա Թրամփն ո՞վ է (ԱՄՆ-ի Կոնգրեսը Ռուսաստանի Պետդումա չէ), որ նրան թողնի գործել, մոռանալով ԱՄՆ-ի էական շահը: Այդ էական շահն է ՆԱՏՕ-ի հզորացումը, Եվրոպան ձեռքի տակ պահելը, նոր Մերձավոր Արևելքի քարտեզի գծումը: Վերջապես ԱՄՆ-ը տրիլիոններ ծախսեց ԽՍՀՄ-ը քանդելու համար, մի՞թե պետք է թողնի Ռուսաստանի գերտերություն դառնալու իրագործումը: Ժամանակին Ճապոնիայի վարչապետի ասած միտքը Աստծո կողմից աշխարհն անարդար բաժանելու մասին հետագայում այլ ձևակերպմամբ բազմիցս կրկնել է Բժեզինսկին, թե ռուսական լայնածավալ երկրի հարստությունները միայն նրան չպիտի պատկանեն, մի՞թե կորցրել է արդիականությունը: Հազիվ թե:


Հիմա հետ դառնանք Վլադիմիր Սոլովյովի հայտնի հաղորդման ժամանակ Անկարայից հեռուստակամրջով խեղկատակի ասած մտքերին:
Վերջ թուրք-ռուսական 600-ամյա թշնամությանը: Այդ դարավոր թշնամությունը միշտ հրահրել է Արևմուտքը: Ավելի կատարյալ ապուշություն հազիվ թե կարելի էր սպասել Ժիրինովսկուց: 600 տարի թուրքերն ու ռուսներն այնքան հիմար են եղել, որ սրանց Արևմուտքը դրել է անխոհեմ տղաների տեղ և կռվեցրել է: Կարծես թե չի եղել շահերի բախում: Կարծես թե չի եղել Ղրիմի համար մղված դաժան պայքար, ռուսները չեն երազել Կովկասի սևծովյան տաք ջրերը, չեն երազել Բալկաններից թուրքերի վռնդման, Անդրկովկասից և Հայկական բարձրավանդակից թուրքական տարրի վերացման և ամենակարևորը` Բոսֆորի նեղուցի տիրապետման մասին: Իսկ թուրքերն իրենց հերթին գենետիկորեն չեն ատել ռուսներին, որոնց հատու սուրը միշտ կանգնել է Օսմանյան կայսրության ծավալման դեմ: Թուրքերը չեն երազել և երազում Ադրբեջանով դուրս գալ պատմական հայրենիք, ավելին` նույնիսկ հեռավոր Չինաստանում փորձում են քթները խոթել առկա ույղուրական պրոբլեմի մեջ, զինելով ույղուր ահաբեկիչներին և շատ ույղուրների տալով Թուրքիայի քաղաքացիություն: Մոռացե՞լ են, ինչ է, Ղրիմը, Կովկասի սևծովյան ափերը: Հենց այնպես վիրավոր չեչեն «боевик»-ներին բուժում էին Թուրքիայի առաջնակարգ հիվանդանոցներում: Թուրքիան պատմականորեն ունեցել է և ունի մեկ թշնամի` առաջավոր մարդկությունը, և այդ հանրույթի մեջ ամենամեծ թշնամի` Ռուսաստանը: Դարեր շարունակ թուրքական հակամարդկային քաղաքականությունը նրան հաճախ է կանգնեցրել լինել-չլինելու առաջ: Եվ ամեն անգամ կրիտիկական պահերին թուրքը նայել է դեպի Հյուսիս, և Ռուսաստանն էլ, իր հերթին գտնվելով աշխարհաքաղաքական առումով ծանր վիճակի մեջ, ձեռք է մեկնել նրան, համատեղ այդ վիճակից դուրս գալու հույսով: Այդպես եղավ 1918-ին, երբ թուրքերը հարկադրաբար մտածում էին պատմական հայրենիք վերադառնալու մասին, բոլշևիկյան Ռուսաստանը նրան ձեռք մեկնեց: Եվ որպես պատասխան այդ փրկության ձեռքին, ընդամենը 20 տարի հետո ԽՍՀՄ-ի սահմաններին երկու միլիոն թուրքական սվին պատրաստ էր հարձակվելու ԽՍՀՄ-ի վրա:


Քաղաքագետ Ժիրինովսկին գիտակցաբար, թե անգիտակցաբար այնքան է բթացել, որ մոռացել է (երևի սուլթանի նորակառույց պալատում մի կուշտ կերել ու խմել է) այդ ամենը և հայտարարում է, թե ապագայում թուրքերը ռուսների ավելի լավ բարեկամը կարող են լինել, քան բելառուսները: Ավելի հանճարեղ ապուշություն դժվար թե ասվեր: Բոլորս գիտենք, թե ով է Ժիրինովսկին: Ընդամենը մի քանի ամիս առաջ նա բազմիցս ասում էր, զինեք քրդերին և հայերին. ու նրանք կլուծեն Թուրքիայի հարցը: Ժիրինովսկուն կարելի է համեմատել կերակուրներ շատ սիրող այն մարդու հետ, որ սոված փորին խոսում է արդարությունից, երբ կշտանում է, ասում է, թե ով է ասում, որ աշխարհում սովյալներ կան: Այդ խեղկատակ քաղաքական գործիչը Թուրքիան մտցնում է Շանհայի կազմակերպության երկրների մեջ, չգիտակցելով, որ նման առաջարկությունը Պեկինի մոտ միայն ծաղր կարող է առաջացնել հասկանալի պատճառներով:

Այսօր Էրդողանի Թուրքիան Ժիրինովսկու համար դեմոկրատական երկիր է (հավանաբար նա գիտակցաբար չտեսնելու է տալիս երկրում ծայր առած բռնությունները), որովհետև երբ վերջինիս դեմ Եվրոպան փակեց Եվրամիության դռները, Էրդողանը թուրքի էությանը հավատարիմ սողաց դեպի Ռուսաստան, և Ժիրինովսկին սկսեց Թուրքիայի իր գովքը, մոռանալով ռուսական ինքնաթիռի խոցումը, Էրդողանի հասցեին ամիսներ առաջ փրփրակալած բերանից թափած լուտանքները, մոռանալով, թե ինչպես, ինչ միջոցներով և ում ձեռքերով էր քոչվորներին ոչնչացնում: Ի՞նչ արած: Քաղաքականությունն է այդպես պահանջում: Իսկ թե որքան կշարունակվի ռուս-թուրքական սպասվելիք նոր սիրավեպը, դժվար է ասել: Կամ Ամերիկան, Արևմուտքը որքան թույլ կտան Թուրքիային ազատ գործելու, կամ Թուրքիայի նման պահվածքից հետո ինչ վերաբերմունք կդրսևորի Արևմուտքը քրդերի նկատմամբ, ցույց կտա ապագան:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 6108

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ