«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Հրավիրատոմս գրողի ծոցը գնալու

Հրավիրատոմս  գրողի ծոցը գնալու
02.12.2016 | 00:52

Արթնացա դռան զանգից՝ «Հրավիրատոմսեր ենք բերել Հիսուսի երկրորդ գալստյանը մասնակցելու»: Մինչ ես կպատասխանեի, դուռը բացեց կողքի հարևանը և լսելով առաջարկը, պատասխանեց. «Գնացեք գրողի ծոցը»: Ինձ մնում էր կրկնել՝ նրանց նույն տեղը անվերադարձ ուղարկելով: Եթե ընդհանրացնենք՝ բոլորս էլ աղանդավոր ենք, մուրացիկ ու անկոչ հյուր՝ մի քիչ շատ, մի քիչ քիչ: ՈՒ կյանքը բոլորիս էլ խոշոր հաշվով ուղարկում է գրողի ծոցը՝ մի քիչ շուտ, մի քիչ ուշ: Պաշտոնական կյանքում այս ամենը տեղ չունի, պաշտոնապես մենք բոլորս միջին վիճակագրական հայ ենք, որ ծնվում ենք ու ապրում ենք N տարի՝ Աստծո առաջ ու հողի: N տարիների քանակը չէ խնդիրը, այլ որակը: Գուցե և քանակը, և որակը: Եթե դուք էլ արթնանում եք անհայտ մեկի զանգից, որ ձեզ հրավիրատոմս է առաջարկում, նույնիսկ Քրիստոսի գալստյանը ներկա լինելու, մի շտապեք ինձ նման գրողի ծոցն ուղարկել:


Հայաստանը մեր արյան մեջ է, մենք ծնվել ենք աշխարհի հենց այս կետում ու հենց հիմա, որովհետև այստեղ ու հիմա է եղել մեր ներկայության կարիքը: Մարդկության սկզբից բոլորը բողոքում են իրենց ժամանակներից ու խոսում լավագույն ժամանակների մասին, որ անցել են կամ գալու են, բայց ոչ ոք ներկան չի համարում լավագույն ժամանակ: Մինչդեռ ներկան է գործողությունների ժամանակը: Վաղը դու արդեն չես անի՝ ինչ այսօր կարող էիր ու պիտի անեիր, դա օրվա մեծագույն առավելությունն է, որ թվում է թերություն: Խնդիր չէ 3-13 էջ գրել Ղարաբաղի հարցի, ներքաղաքական կյանքի, ԱԺ ընտրությունների նախապատրաստության, կուսակցությունների դասավորության ու վերադասավորության մասին, ԱԺ հերթական ու արտահերթ նիստերի, կանոնակարգի, կառավարության ու նախարարների, վարչապետի ու նախագահի հարաբերությունների ու էլի մեկ տասնյակ անկարևոր իրողությունների մասին: Խնդիր չէ բնավ, բայց ի՞նչ կապ ունի միջին վիճակագրական հայի հետ, ի՞նչ կապ ունի մեզնից յուրաքանչյուրն իր երկրի հետ՝ տարվա մեջ գոնե մեկ օր արժի այդ մասին մտածել: Լուրջ մտածել, ոչ թե հընթացս այսինչ համագումարի ու հավարտ այնինչ այցի: Մարդը մենակ է ծնվում ու մեռնում և մենակ էլ պետք է մտածի: Եթե չի ստացվում, մի մեղադրեք ոչ ձեզ, ոչ որևէ մեկին. ապրեք օրը՝ ինչպես ստացվում է, ուրեմն այսօր չէ ձեր մտածելու օրը: N օրը դեռ գալու է:


…Մելքոնը, Բաղդասարը, Գասպարը՝ ո՞ւր են նրանք հիմա, ինչո՞ւ չեն գալիս, հիմա մոգեր չկա՞ն, Արևելքն ու Արևմուտքը խառնվե՞լ են իրար: Նրանց բոլոր ընծաներն օգտագործվել են, ու նրանք նոր ընծաներ չունեն: Մոգերն այլևս չեն գալու: Իսկ Բեթղեհեմի աստղը կա: Գնացի այն մսուրը, ուր ծնվել եմ, հրաշալի տաճար էր, համբուրեցի աստղը, ինչպես բոլորը: Հայերը պատարագ էին անում, մեղեդին հոսում էր ներքևից վերև, վերև, վերև ու անհետանում էր բուրվառի ծխի հետ, խունկը անուշահոտում էր մատուռի բոլոր անկյուններից: Նամակներ էին գրում՝ տարբեր լեզուներով ու նետում զամբյուղը, վստահ, որ կարդացվելու են: Ինչո՞ւ մայրս ինձ Բեթղեհեմում լույս աշխարհ բերեց, որովհետև այդպե՞ս էր վկայված, որովհետև մարդահամար էր, ու Հովսեփը Բեթղեհեմի ծնունդ էր՝ Նազարեթից պիտի ծննդավայր գա՞ր: Ինչո՞ւ իջևանատանը տեղ չգտնվեց ու նրանք ստիպված էին քարայր մտնել՝ անձրևից ու գիշերից պատսպարվելու համար: Հետո եկան Մելքոնը, Բաղդասարը, Գասպարը: Ես հիշում եմ նրանց: Քարայրը չոր էր ու տաք, դրսում անձրև էր գալիս: Բեթղեհեմում անձրև հազվադեպ է գալիս, ինչպես Երուսաղեմում: Անձրև եկավ և իմ խաչելության օրը՝ կյանք երկու անձրևների միջև: Երկու անձրև 33 տարվա տարբերությամբ: Բեթղեհեմի աստղի տակ: Բեթղեհեմից՝ Երուսաղեմ: Աստվածանարգ էին անվանում ինձ, երբ ասում էի՝ ներում եմ ձեր մեղքերը, երբ թողություն էի տալիս մեղավորներին ու առողջություն՝ հիվանդներին: Ասում էին՝ օրենքների դեմ ես գնում: Անհավանական բարդ էր հասկանալը՝ եթե մարդու որդին ունի այդ ուժը, ուրեմն Աստծո որդին է: Նրանք Աստծո որդի չէին տեսել երբեք, ու չգիտեին՝ իրենց ինչպես պահել: Հիմա էլ նույնն է:

Բեթղեհեմից Երուսաղեմ՝ ճանապարհը նույնն է: Հիմա էլ: Անգամ Պետրոսը դիմադրում էր՝ ես ձկնորս եմ, ես ընտանիք եմ պահում, իմը իմ ուռկանն է, իմ նավակը ու իմ ծովը, ես ուրիշ ոչինչ չեմ ուզում: Պետրոսը միշտ դիմադրում էր: ՈՒ դա ինձ դուր էր գալիս: Նա հիմա էլ դիմադրում է, որովհետև Պետրոսն է: ՈՒ ես նրան հասկանում եմ: Դիմադրում էր, բայց կոտրվեց Հուդան, ու ես նրան էլ հասկանում եմ: Բոլորը անում են՝ ինչ գիտեն, որոնում են՝ ինչ գիտեն, ես տալիս էի ավելին: Նրանք սպասում էին ինձ, բայց անպատրաստ էին: Ոչինչ չի փոխվել: Ես դուռն եմ, բայց նրանք ուզում են, որ դռներ չլինեն, ես ճանապարհն եմ, բայց նրանք ուզում են անմիջապես տեղ հասնել: Ես լույսն եմ, բայց նրանք փակում են աչքերն ու փակում են ականջները, որ չլսեն ձայնը, որովհետև սովոր են աղմուկի, բայց ոչ ձայնի: Նրանց հիմա էլ պետք են պատյաններ, որ իրենց պաշտպանված զգան, պատերազմներ, որ իրենց հաղթանակած զգան, աստվածներ, որ իրենց հզոր զգան: Արքայությունն ու խաղաղությունը նրանք այդպես էլ չհասկացան: Ադամի ոսկորները հանգչում են Երուսաղեմում: Խաղաղությամբ: Կենաց ծառը շրջանցելու և Իմացության պտուղը ճաշակելու նրա մեղքը հատուցված է: Ջուրն ու կրակը եկան-անցան աշխարհի վրայով, բայց մարդը մնաց նույնը: Մի Նոյ, մի Ղովտ թողնելով: ՈՒնայնություն ունայնությանց, ունայն է ամենայն ինչ ու ամեն ոք: Աստվածային պատիժները նրանք համարում էին բնական աղետներ, աստվածային բարությունը՝ սովորական: Սալոմեն հիմա էլ պարում է Հերովդեսի համար: Հովհաննես Մկրտիչը նորից գլխատվում է: Անմեղների ու մեղավորների շրջապտույտում հոսում է Հորդանանը, որ միայն մեկ անգամ է կանգ առել՝ 3 օրով:


…Մարիամը ժպտում էր: Նա միշտ էր ժպտում, երբ չգիտեր ինչ ասել: Հիսուսը հավաքել է աշակերտներին ու իրեն նորից չի կանչել: Հետո ինչ: Հուդան անգամ եկել է, իսկ իրեն չի կանչել: Մարիամը ժպտում էր, նրա ժպիտի մեջ այնքան անզորություն կար, որ դեմքը ցավում էր: Իսկ ինքը կգնա ու կասի՝ ես եկել եմ, ու դուք առանց ինձ ոչինչ էլ չեք կարող անել: Ես եկել եմ, որ ձեր սեղանին հացից ու գինուց բացի սեր դնեմ, որ դուք իրար նայելուց բացի գոնե երբեմն ինքներդ ձեզ նայեք: Ես հայելի եմ, որ դուք տեսնեք ձեզ: Որ դուք ձեր հիշողությունների մեջ չխրվեք-մնաք, որ վերադառնաք, եթե իսկապես վերադարձել եք, այս կյանքին ու այս պահին՝ այստեղ, հիմա, երբ մենք միասին ենք: Հետո դուք նորից կգնաք ու չեք հանդիպի իրար, բայց դուք միշտ պիտի զգաք, որ այստեղ, հիմա մենք բոլորս միասին ենք: Մենք: Միասին: Բոլորս: Վերջապես: Ինչպես այն ժամանակ, երբ ինձ նորից չէիք կանչել: Իսկ ես նորից ձեզ հետ էի:


Ձիթենյաց այգին ողողվել էր երեկոյի լույսով: Արև չկար ու լուսին չկար, աստվածալույս էր այգում: Ձիթենիների պտուղները չէին հասունացել, աշուն պիտի գար դեռ, պտուղների մեջ արևն ու քամին հողից միս ու ավյուն պիտի ամբարեին: Ձիթենիները այնքան ամուր էին հողին կառչել՝ 2000 տարի ու ավելի՝ նրանք այստեղ էին ու աշխարհում ամեն ինչ տեսել էին, գիտեին, հասկանում էին ու հիշում էին: Ձիթենիները սպասում էին: Նրանք գիտեին, որ հենց այստեղ, հենց հիմա ոչ մեկից կանչված չլինելով՝ հավաքվելու են նրանք, որ 2000 ու ավելի տարի առաջ այստեղ՝ իրենց կողքին ու իրենց հետ երկար մի գիշեր ապրեցին՝ առաջին ու վերջին գիշերը Երուսաղեմում, որ տևեց մի քանի օր: Հիսուսն արդեն եկել է: Իսկ Մարիամն առավոտից գինի ու ձուկ է բերել, կողովի մեջ պահել է տաճարում՝ միայն իրեն հայտնի խորշում, որ արտաքինից չի երևում, բայց հանում ես մի քար ու պահուստ է բացվում: Մարիամն իր պահուստում նաև հաց ու թուզ է պահել, նուռ, արմավ ու խաղող, որ գնել է շուկայում: Խաղո՞ղ: Հա, Մարիամը ուզում է՝ երեկոն հիշվի: Ձիթենյաց այգում այնքան մարդ կար, նրանք խոսում էին տարբեր լեզուներով ու արագ-արագ լուսանկարվում էին, չգիտես ինչու՝ պարտադիր հպվում էին կլորակ քարին ու համբուրում էին՝ հայացքները երկինք հառած: Նրանք պտտվում էին տաճարի շուրջ, ուշադիր զննում ձիթենիները, ավելի համարձակները մի քանի ոստ էին պոկում ու անմիջապես թաքցնում գրպաններում, բայց ոչ ոք չէր տեսնում առաքյալներին, որ եկել էին, այստեղ էին ու երկար-բարակ ողջագուրվելուց հետո իրար պատմում էին իրենց կարծիքով ամենակարևորը: Հիսուսը նայում էր նրանց ու չէր փորձում լսել՝ ինչ են խոսում:

Հիսուսին նրանք չէին տեսնում, բայց սպասում էին, ու ոչ մեկը մոտ չէր գալիս Մարիամի բացած երկար սեղանին, թեև սոված էին ու ծարավ, իսկ Հուդայի ձեռքին հաց կար, ու նա ծամում էր հացը, կուլ էր տալիս ու չէր էլ զգում, որ հացը չի պակասում: Պետրոսը նստել էր քարին ու ջղային շփում էր ոտքը, նորից սայթաքել էր ու ոտքը ցավում էր: Թովմասը աչքերն արցունքոտած՝ ձիթենու ճյուղերից էր կառչել, ուզում էր պտուղ պոկել, բայց պտուղները խակ էին ու այնքան ամուր, որ Թովմասը քարկտիկ կարող էր խաղալ, եթե հաջողվեր պոկել ծառից: Թադեոսը գնում-գալիս էր, մեկ առ մեկ մոտենում էր նոր եկողին ու բոլորին նույն բառերն էր ասում՝ իմացա՞ք, որ իմ հայերը նահատակներին սրբադասեցին, իմացա՞ք: Բոլորն էլ գիտեին, բայց Թադեոսը շարունակում էր պատմել՝ հասկացա՞ք, իմ հայերն ինչ արեցին: Եվ միայն Հուդան նրան պատասխանեց՝ իսկ իրենք հասկացա՞ն: Հովհաննեսը ամենաուրախն էր, ամենաուրախը, որ ամեն ինչ գիտեր, ամեն ինչ գրել էր արդեն, բայց ոչ բոլորն էին նրա գրածը հասկացել: Հովհաննեսը հույս ուներ, որ վերջապես կսկսեն հասկանալ:

Անդրեասը այնքան լուրջ էր ու ծանրակշիռ, որ տեղից չէր շարժվում, երբ երբեմն առ երբեմն նրան էին դիպչում եկեղեցի եկած ուխտավորներն ու զբոսաշրջիկները, որ նրան չէին տեսնում, բայց բնազդաբար նրա կողմը չէին գալիս: Բարդուղիմեոսը Մարիամի հետ գնում-գալիս էր տաճար ու այնտեղից կողովներ էր բերում, երբեմն նայում էր երկինք ու Մարիամին ասում էր, որ լուսինն այս գիշեր այնքան կլոր է, լիալուսին է, ինչպես նիսան ամսին է լինում միայն: Մարիամը ծիծաղում էր ու ասում՝ գնա, նստիր, ոտքի տակ մի ընկիր: Սիմոնը մոմեր էր բերել ու ասում էր՝ բերել եմ, որ գիշերը վառեմ՝ իրար տեսնենք: Մոմերը թափանցիկ բաժակների մեջ էին, ու Սիմոնը բացատրում էր, որ դա ապակի չէ, այլ ավելի թեթև ու ամուր նյութ է, շատ հարմար է: Մատթեոսը ուզում էր հարցնել՝ ե՞րբ է ՈՒսուցիչը գալու, բայց գիտեր, որ ոչ ոք չի պատասխանի: Մատթեոսը ուզում էր Հուդային հարցնել՝ դո՞ւ ինչու ես եկել, բայց գիտեր, որ այդ հարցին էլ ոչ ոք չի պատասխանի: Մարիամը կզայրանա ու կասի՝ տեղդ նստիր: Հակոբոսը փայտե խաչեր էր բերել հետը, նա ժամանակ առ ժամանակ հայտնվում էր եկեղեցու դռանը ու խաչերը բաժանում էր խաչակնքելով մուտք գործողներին, ձեռքը դնում էր նրանց գլխին ու օրհնանքի մի քանի բառ էր ասում, հետո նորից անհետանում էր, ու ոչ ոք չէր հարցնում՝ որտեղի՞ց եկավ ու ո՞ւր գնաց խաչեր բաժանող մարդը: Մի երեխա սայթաքեց ծառի տակ ու ընկավ, Ֆիլիպոսը նրան գրկեց ու օդ բարձրացրեց այնքան արագ, որ նրան չտեսնող ծնողներին թվաց, թե երեխան ոչ թե վայր, այլ վեր ընկավ, կանգնած տեղը թռավ ու մի քիչ կախվեց օդում: Նրանք իրենց տղայից ամեն ինչ սպասում էին ու չզարմացան, իսկ երբ երեխան սկսեց պատմել, որ ինքը ընկավ, բայց չընկավ, ասացին՝ մի հնարի: Հովհաննեսը նույնպես ծիծաղում էր՝ Ֆիլիպոսի ու երեխայի վրա, ու նրանք թվում էին երեք երեխա, որ անհայտ խաղ են խաղում: Հակոբոսը Թադեոսին ասում էր, որ հայերը սրբադասումից հետո դարձել են ավելի զորեղ, բայց իրենց ուժը գործածել չգիտեն՝ հասկացնել է պետք:

Հիմա ի՞նչ՝ նրանք հավաքվել են ու սպասում են ի՞նձ: Իսկ եթե ես չգամ, եթե ես հենց հիմա հեռանամ, նրանք մնալո՞ւ են Ձիթենյաց այգում: Թե՞ հեռանալու են՝ այդպես էլ չհավատալով, որ ես վերադարձել եմ: ՈՒ՝ ինչո՞ւ: Նրանք բոլորը սպասում են իմ խոսքին: Նրանք այդպես էլ ինքնուրույն խոսքի չսովորեցին: Այդպես էլ պետք է լինի: Միշտ պետք է լինի մեկը, որ որոշում ընդունի, իսկ մյուսները կատարեն: Ի՞նչ կլինի, եթե բոլորը դառնան որոշում ընդունողներ ու պարտադրեն իրենց կամքը: Աստված մեկն է: ՈՒ Աստված բոլորինն է: ՈՒ Աստծո որդիներն են բոլորը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Կարծեցիք՝ խմբագրական սխա՞լ, մի նյութի էջերը մյուսի՞ն են խառնվել: Ոչ: Կրկնում եմ՝ խնդիր չէ 3-13 էջ գրել ընթացիկ կյանքի մասին: Խնդիրը աշխարհին, մարդկանց, ինքդ քեզ կողքից նայելն է: Հասկանալու համար: Գնահատելու: Հենց այնպես: N օր ունեն բոլորը: Իսկ Աստված՝ ոչ բոլորը: ՈՒրեմն՝ պատրաստ է գրողի ծոցը գնալու հրավիրատոմսը:

Դիտվել է՝ 2276

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ