Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Կենսաբանական զենքի առաջադեմ տեսակները ունակ են ազդելու կոնկրետ գենոտիպի վրա»

«Կենսաբանական զենքի առաջադեմ տեսակները  ունակ են ազդելու կոնկրետ գենոտիպի վրա»
02.12.2016 | 00:42

Հայաստանում ԱՄՆ-ի ստեղծած լաբորատորիաները հնարավորություն են տալիս նաև տեղեկություն հավաքելու նոր սերնդի կենսաբանական զենքերի համար:
Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ՈՒրալի տարածքային կենտրոնի ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու ԴՄԻՏՐԻ ՊՈՊՈՎԻ հետ «Իրատեսի» նախորդ համարում հրապարակված հարցազրույցով փորձել ենք պատասխանել այն հարցին, թե արդյոք չափազանցված կամ ընդհանրապես անհիմն չէ՞ հայաստանյան որոշ կազմակերպությունների մտահոգությունն առ այն, որ հետխորհրդային մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ստեղծած բժշկակենսաբանական ռեֆերենս լաբորատորիաները կարող են օգտագործվել երկակի նշանակությամբ:


Ըստ այդ մտահոգության, հիշյալ լաբորատորիաները, քաղաքացիականից բացի, կարող են օգտագործվել նաև ռազմական, մասնավորապես` կենսաահաբեկչության և կենսաբանական պատերազմներ վարելու նպատակներով, ինչպես նաև Հայաստանի ու նրա ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ազգային անվտանգության համար վտանգ ներկայացնող ինչ-ինչ փակ հետազոտությունների կատարման համար: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի «Վտանգների նվազեցման գործակալության» ֆինանսավորմամբ (և ոչ միայն) 2016-ին կենսաբանական ռեֆերենս լաբորատորիաներ են բացվել Երևանում, Գյումրիում և Իջևանում, իսկ 2017-ին Երևանի կենտրոնական լաբորատորիայի հետ կապված նման լաբորատորիաների բացում նախատեսվում է նաև Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում:

Հուսանք, որ Դմիտրի Պոպովի հետ մեր մյուս հարցազրույցը, որը վերոնշյալ վտանգների հետ կապված նոր մանրամասներ է պարունակում, ՀՀ ղեկավարությանը նախորդի հետ միասին կդրդի արգելել այդ լաբորատորիաների գործունեությունը կամ գոնե պատշաճ վերահսկողություն սահմանել դրանց գործունեության նկատմամբ, նաև հասարակության համար ապահովել հիշյալ լաբորատորիաների սարքավորումների, օգտագործվող նյութերի, անձնակազմի և գործունեության թափանցիկություն և հաշվետվողականություն:


-Պարոն Պոպով, ըստ Ձեզ, եթե ամերիկյան կողմի իրական նպատակները հեռու լինեն իրենց հայտարարածից, ապա հետխորհրդային տարածքում լաբորատորիաների համակարգը թույլ կտա Պենտագոնին լուծել խնդիրների լայն շրջանակ, թուլացնելով ոչ միայն Ռուսաստանի Դաշնության, այլև նրա ՀԱՊԿ գործընկերների անվտանգությունը: Ինչպե՞ս է դա հնարավոր:
-Նախ, ցանկանում եմ տեղեկացնել, որ այդ դեպքում լաբորատորիաների նշածս համակարգը թույլ կտա հավաքել տեղեկություն էնդեմիկ ախտածինների, նրանց դեմ պայքարի միջոցների, հիվանդությունների տարածման խողովակների և այլնի մասին, որն արժեքավոր կլինի նոր սերնդի կենսաբանական զենքեր ստեղծելու համար։ Այսինքն` ընտրողական ազդեցություն ունեցող զենքեր ստեղծելու համար, Ռուսաստանի և նրա դաշնակիցների կամ, ասենք, Իրանի և ՉԺՀ-ի դեմ պայքարելու համար, բայց վերահսկելի դեպի Արևմուտք տարածման առումով։
Երկրորդ. այդ համակարգը թույլ կտա իրականացնել նաև դիվերսիոն գործողություններ, որոնք ուղղված կլինեն տնտեսությանը (անասունների գլխաքանակի ոչնչացում, տեղական արտադրանքի վարկաբեկում միջազգային շուկայում) և մարդկային ներուժին վնաս հասցնելուն (իմունիտետի, վերարտադրողական ֆունկցիայի նվազեցման և այլն)։ Ռուսաստանյան փորձագետների շրջանում տարածված է կարծիք, որ նման դիվերսիա կարող էր լինել Ռուսաստանի հարավում և կենտրոնում 2012-2013 թթ. խոզերի աֆրիկյան ժանտախտի բռնկումը։ Այդ տարածքների համար նշված հիվանդությունը բնորոշ չէր և ներթափանցել էր Վրաստանից։ Ընդ որում, բաց աղբյուրներից հայտնի է, որ Թբիլիսիի կենսաբանական ռեֆերենս լաբորատորիան այդ հարուցիչի հետ աշխատանքներ տարել է։
-Նշված ռիսկերից մի քանիսը, ըստ Ձեզ, չափազանցված չե՞ն թվա:
-Այո, կարող են թվալ չափազանցված, սակայն մասնագետներին հայտնի է, որ ԱՄՆ-ը պատմության ընթացքում բազմիցս թշնամական նպատակներով կիրառել է կենսաբանական հարուցիչներ (Հյուսիսային Կորեայում, Վիետնամում, Կուբայում)։ Դրա մասին մոռանալ չի կարելի։
-ԱՄՆ պաշտպանական գերատեսչությանն էլ ի՞նչ հնարավորություններ է ընձեռում լաբորատորիաների այդ համակարգը:
-Այն արտերկրում ամերիկյան զինվորականների համար ստեղծում է հնարավորություններ իրենց կենսաբանական մշակումները փորձարկելու պոտենցիալ հակառակորդների տարածքների մոտ (օրինակ, հետևել վարակվածության աստիճանին, տարածման ճանապարհներին և վտանգավոր հարուցիչների այլ հատկություններին)։ Միացյալ Նահանգները նույնիսկ սեփական տարածքում թեթև վարակներով իրականացնում է փորձարկումներ բնակչության վրա, և կան հիմքեր կարծելու, որ նրանք չեն հրաժարվի նոր փորձարկումներից նաև հետխորհրդային տարածքի երկրներում։
Լաբորատորիաների խնդրո առարկա համակարգը թույլ է տալիս նաև շրջանցել իրավական սահմանափակումները: Արտերկրում բժշկական կենտրոններն ամերիկյան զինվորականներին թույլ են տալիս իրականացնել կենսաբանական մանիպուլյացիաներ իրենց տարածքից դուրս, չվախենալով սեփական հասարակության բողոքներից և ԱՄՆ օրենսդրության խախտումներից և, իհարկե, առանց օտարերկրյա ստուգումների հասանելիության։ Հիշեցնեմ, որ Միացյալ Նահանգները վավերացրել է «Մանրէաբանական (կենսաբանական) և թունավոր նյութեր պարունակող զենքի մշակման, արտադրության, կուտակման արգելման և դրա ոչնչացման» 1972 թ. կոնվենցիան, բայց 2001 թ. հրաժարվել է փաստաթուղթ ընդունելուց, որը նախատեսում էր փոխադարձ վերահսկումների մեխանիզմներ սահմանել։ Այդ իսկ պատճառով գործնականում հնարավոր չէ ստուգել Վաշինգտոնի կողմից կոնվենցիայի դրույթների կատարումը։
Նշեմ ևս մեկ կարևոր հնարավորության մասին. կենսաբանական ռեֆերենս լաբորատորիաների գործունեության արդյունքները կարող են օգտագործվել արևմտյան դեղագործական արդյունաբերության շահերից ելնելով, է՛լ ավելի մեծացնելով ԱՊՀ երկրների կախվածությունը օտարերկրյա արտադրության դեղորայքի և պատվաստանյութերի ներմուծումից։ Նման դեղամիջոցների սինթեզի համար արտերկրում տեղակայված լաբորատորիաները կարող են շա՜տ օգտակար դեր ունենալ:
Վերջապես, ԱՄՆ-ի այս ծրագիրը կամ նախաձեռնությունը ամերիկյան կողմի համար արդեն իսկ հասանելի է դարձրել խորհրդային ռազմակենսաբանական ծրագրի արդյունքները։ Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից ՈՒկրաինան, Վրաստանը, Ադրբեջանը և Ղազախստանը, անտեսելով ռուսաստանյան փորձագետների մտահոգությունները, կենսաբանական ռեֆերենս լաբորատորիաներ ստեղծելու համար ԱՄՆ-ի օգնության դիմաց նրան փոխանցեցին իրենց վտանգավոր հարուցիչների հավաքածուները։ Այդ հավաքածուները տասնամյակների ընթացքում խորհրդային գիտնականների բացառիկ մտավոր գործունեության արդյունքն են և թույլ կտան ԱՄՆ-ին առաջ գնալ իրենց մշակումներում, ինչպես նաև առավել մանրամասն պատկերացում ստանալ այդ ոլորտում Ռուսաստանի ներուժի մասին։
-Թվարկված սպառնալիքների մեծ մասը ոմանք հավանաբար հորինված համարեն:
-Գուցե, եթե, իհարկե, անտեսեն մինչ այժմ բերածս փաստարկները, ինչպես նաև ամերիկյան վերնախավի մի մասի վերաբերմունքը կենսաբանական տեխնոլոգիաներին որպես հեռանկարային քաղաքական գործիքի։ 2000 թվականի սեպտեմբերին 1997-2006 թթ. Վաշինգտոնում գործող և Ջորջ Բուշի աշխատակազմի գաղափարախոսական և ռազմական քաղաքականության վրա ազդեցություն ունեցող ամերիկյան «Նոր ամերիկյան դար» նախագիծ ոչ կառավարական կազմակերպության ծրագրային փաստաթղթերից մեկում ասված է. «... կենսաբանական զենքի առաջադեմ տեսակները, որոնք ունակ են ազդելու կոնկրետ գենոտիպի վրա, կարող են փոխանցել կենսաբանական զենքը ահաբեկչության ոլորտից դեպի օգտակար քաղաքական գործիքների ոլորտ»։ Այդ կազմակերպության սկզբունքների մասին հայտարարությունը 1997 թվականին ստորագրեցին շատ պահպանողականներ և հանրապետական կուսակցության, ապագա իշխանության ներկայացուցիչներ (այդ թվում` ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնին և պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը, ինչպես նաև 2005-2007 թվականներին Համաշխարհային բանկի նախագահ Փոլ Վուլֆովիցը, փիլիսոփա Ֆրենսիս Ֆուկույաման և ուրիշներ), որոնք սկսեցին իրականացնել «ԲիոՊրո» ծրագիրը: Հաշվի առնելով ասվածը, կան բոլոր հիմքերը մտածելու, որ ԱՄՆ ռազմակենսաբանական գործունեությունը ՀԱՊԿ անդամ երկրների տարածքներում սպառնալիք է անդամ երկրների ազգային շահերի տեսանկյունից։ Եվ եթե այդպես է, ուրեմն պետք է ընդունել միասնական կանխարգելող միջոցներ:


Զրույցը`
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 5223

Մեկնաբանություններ