«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Տաղանդաշատ եղբայրներին հետևում են աշխարհի լավագույն մասնագետները

Տաղանդաշատ եղբայրներին հետևում են  աշխարհի լավագույն մասնագետները
02.12.2016 | 11:23

Երևանում ապրում են շատ տաղանդավոր և շատ համեստ երկու եղբայրներ՝ ՄԻՔԱՅԵԼ և ՆՈՐԱՅՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆԵՐԸ։


20-ամյա Նորայրը 12 տարեկանից զբաղվում է երաժշտությամբ։ Վաղ տարիքից աչքի է ընկել երաժշտական արտասովոր ընդունակություններով, գրել է բազմաթիվ երգեր, գործիքային ստեղծագործություններ: 17 տարեկանում գրել է իր առաջին սիմֆոնիան: ՈՒնի 3 սիմֆոնիա, կանտատ, դաշնամուրային կոնցերտ, ֆուգա: Գրել է 4 ֆիլմերի երաժշտություն: Եվ այս ամենը՝ առանց երաժշտական կրթության։ Հարևանից է սովորել նոտաները, որից հետո զբաղվել է ինքնակրթությամբ։ Առաջին ստեղծագործությունը գրել է նոտաները սովորելուց մի քանի ամիս անց և միայն այս տարի է ընդունվել կոնսերվատորիա։


Նորայրի կրտսեր եղբայրը՝ 19-ամյա Միքայելը, գեղանկարիչ է, այս տարի ընդունվել է գեղարվեստի պետական ակադեմիա։ Նկարել սկսել է 10-11 տարեկանից, մասնակցել է բազմաթիվ մրցույթների, ունեցել է 3 անհատական ցուցահանդես, ստացել է բազում մրցանակներ: Նրա նկարի հիման վրա ստեղծվել է «Զինվորի պաշտպան» հուշամեդալը։ Երիտասարդ նկարչի գործերը տեղ են գտել տարբեր գրքերում, իսկ 100-ից ավելի նկարներ գտնվում են աշխարհի տարբեր երկրներում՝ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Գերմանիա, Բելգիա, Նիդերլանդներ, Կիպրոս, ՈՒկրաինա, ԱՄԷ, Հայաստան և Արցախ։
Տաղանդավոր եղբայրների մասին գրել են բազմաթիվ թերթերում, ամսագրերում: Վերջերս նրանց մասին հոդված է լույս տեսել ամերիկյան «La Cohoba Magazine» ամսագրում: Ավո ՈՒվեզյանի դիմանկարը, որը հեղինակել է Միքայելը, տեղադրվել է ամսագրի շապկին:
Եղբայրները նշում են, որ իրենց ընտանիքում արվեստագետներ չկան, սակայն ընդգծում են նաև, որ առանց դրդապատճառի իրենց մեջ չէր կարող արթնանալ հետաքրքրություն արվեստի նկատմամբ։ «Հաստատ կար մի մթնոլորտ, որի մեջ ծնվեցին հետաքրքրության աղբյուրներ այս կամ այն մտածողության կամ արվեստի ճյուղի հանդեպ, ինչը մեզ բերեց դեպի այս մասնագիտությունները։ Իհարկե, այս ամենն անցել է փնտրտուքների մեծ ճանապարհով, մինչ այդ տարբեր մասնագիտություններ ենք փնտրել։ Համենայն դեպս, հանգեցինք նկարչությանն ու երաժշտությանը»,- ասում է Միքայելը։ Նա նկատում է, որ այս պահին ուսումնասիրում է դասական գեղանկարչությունը, նկարչության այբուբենը, քանի որ առանց այդ այբուբենն իմանալու չես կարող առաջ գնալ։ Մեզ հետ զրույցում նշում է, թե չի կարող ասել՝ ո՛ր նկարչի գործերն են իրեն ավելի հոգեհարազատ, տարբեր փուլերում, տարբեր տարիներին նկարիչների անունները փոխվում են։


Միքայելի հեղինակած Կոմիտասի նկարը Վեհարանում է և առաջիկայում կներկայացվի ցուցահանդեսին։ Նրա դիմանկարներն աչքի են ընկնում զարմանալի խորությամբ։ ՈՒշագրավ է, որ դիմանկարներում երիտասարդը կարողանում է արտահայտել իր հերոսի ապրումները, բնավորությունը, կենսական ուժը։
Նշենք, որ Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված մոսկովյան 9-րդ միջազգային մրցույթում Միքայելի «Կոտրված մանկություն» կտավն արժանացել է առաջին մրցանակի։ «Հոլոքոստ. հիշեցում և նախազգուշացում» խորագրով մրցույթին մասնակցում էր ավելի քան 1200 նկարիչ։
Նորայրը, խոսելով երաժշտական տարբեր ժանրերի մասին, նշում է, որ բոլոր ժանրերն էլ իրեն մտածելու տեղիք են տալիս, և ինքը փնտրտուքների մեջ է, այս պահին ավելի շատ հետաքրքրված է մեծակտավ երաժշտությամբ։ Նորայրը խոստովանում է, որ երաժշտություն գրելը, մանավանդ՝ սիմֆոնիկ, հեշտ չէ. «Եթե նույնիսկ լավագույնս զինված լինես անհրաժեշտ գիտելիքներով, միևնույն է, սիմֆոնիկ երաժշտությամբ զբաղվելը շատ բարդ աշխատանք է։ Բայց և այնպես, փորձում եմ, փնտրում եմ, մտածում եմ, ուսումնասիրում եմ»։ Նորայրի գործերը կատարել են տարբեր խմբեր. Երևանին նվիրված գործը կատարել են «Փարոս» երգչախումբը, Արմեն Դիվանյանի «Արևներ» խումբը, Սպայի տան «Զորական» անսամբլը և այլն։ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը պատրաստվում է կատարելու նրա ստեղծագործություններից մեկը։


Տղաների հաջողությունները հաջորդում են մեկը մյուսին, նրանց հետևում են աշխարհի լավագույն մասնագետները։ Նորայրն ու Միքայելը արտասահման տեղափոխվելու, ուսումն այնտեղ շարունակելու բազմաթիվ առաջարկներ են ստանում։ Վերջերս էլ Չինաստանի նկարիչների միության նախագահը համոզում էր Միքայելին և Նորայրին մեկնել Չինաստան, որտեղ նրանք կապահովվեն բոլոր պայմաններով, կրթությամբ։ Հարցին՝ ինչո՞ւ են պատրաստ այդքան մեծ գումարներ ծախսելու հայ երիտասարդների համար, Չինաստանի նկարիչների միության նախագահն ասել էր. «Մենք շատ տաղանդավոր երեխաներ ունենք և շատ կցանկանայինք, որ այս երիտասարդները շփվեին մեր տաղանդավոր երիտասարդների հետ։ Դրա համար մենք պատրաստ ենք մեծ ծախսերի»։


Նորայրն ու Միքայելը, խոսելով Հայաստանից մեկնելու հեռանկարի մասին, նշում են, որ երկրից դուրս գնալն իրենք ընկալում են միայն կրթությունը բարելավելու, աշխարհընկալումը, մտահորիզոնն ընդլայնելու, բայց ոչ երբեք մշտական բնակություն հաստատելու հնարավորություն։ Նրանք ընդգծում են, որ ցանկանում են իրենց հաջողությունները կերտել Հայաստանում։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ.Գ. Հոդվածը պատրաստ էր տպագրության, երբ տեղեկացանք, որ Միքայել Հարությունյանը ԱՊՀ պետությունների 11-րդ երիտասարդական Դելֆյան խաղերին, ներկայացնելով Հայաստանը, «Կերպարվեստ» անվանակարգում 18-21 տարեկանների տարիքային խմբում գրավել է առաջին հորիզոնականը և նվաճել ոսկե մեդալ։

Դիտվել է՝ 3729

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ