Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ընդամենը անցում՝ Հայաստանից Հայաստան

Ընդամենը անցում՝ Հայաստանից Հայաստան
02.12.2016 | 11:28

(սկիզբը՝ այստեղ)

Չեմ կարող նախանձով չմտածել ողջ աշխարհն արդեն իրենց միաբանությամբ գրպանած հրեաների մասին, որ մեծից փոքր, հարուստից աղքատ պատրաստակամորեն իրենց ունեցածից երկրի ու ազգի բաժինը մի կողմ են դնում: Այս նյութական կյանքում արժեքներից ամենաթանկը հայրենին է: Հրեա ժողովուրդը դա լավ է հասկացել: Մենք դեռ հասկանում ենք դեպքից դեպք, առիթից առիթ, արհավիրքից արհավիրք, պատերազմից պատերազմ: Մինչդեռ, եթե ամեն օր ականջին օղ անենք, ինչքան աղետներից, պատերազմներից ու դավերից խույս կտանք
«Ժողովուրդն ինքը պետք է իր եկեղեցին կառուցի», և՝ ոչ միայն: Թե չէ, եթե աչքներս տնկենք իրենք իրենց մեր գլխին տեր կարգողների բարեհաճությանը՝ Ամարասի պես ու Ամարասի հետ աչքներս ջուր կտրած, սպասելու ենք ու սպասելու։
«Ամէն օր ձեր գլուխը բարձին դնելէ եւ քնանալէ առաջ յիշեցէք, թէ այդ օրը ի՛նչ էք ըրած ձեր ազգին համար», և «Ամեն հայ եթէ միմիայն իրեն համար ապրելու մասին չմտածէր, մեր աղէտներու մեծ մասը պակաս կ՛ըլլար»։
Անդրանիկի խոսքերը ամեն մեկիս են ուղղված՝ ինձ, քեզ, նրան։
Մի թողեք նորից նախանձեմ հրեաներին... մեղք եմ։
Թարթառ գետ... Մարտունու շրջան... Մոնթեն այստեղ է կռվել՝ միշտ միայն առաջ գնալով:
Միտքս, այնուամենայնիվ, հետ է գնում։
Այստեղ որքան արյուն է թափվել, բայց խոտերը... կանաչ-կանաչ են... Հաղթանակն ու Ազատությունը սպեղանի են, և հողը վերքոտ չէ այլևս, լվացվել է արյան բոսորագույնից։
Մարտունի չքնաղ քաղաքը... Հրապարակում ենք՝ մեր շուրջն արմավենիներ են, կիպարիսներ... Հայաստանաբնակներիս աչքերի համար մի փոքր խորթ հայկական բնապատկեր է: Օպերայի շենքը... Մոնթեի արձանը...


Այստեղից, այս հրապարակից է սկսվել արցախյան շարժումը։ «Միացում, միացում...»՝ վեր պարզված բռունցքների հետ հառնում է հուշերիս խորքից։
Սոճիների տակ սուրճ և թեյ ենք վայելում։ Մեղեդին, որ թևածում է մեր շուրջը, մի քիչ ցնորուն է դարձրել մթնշաղաժամը, մի քիչ շաղված է նյութեղեն աշխարհը, ու ոգեղեն թրթիռներ կան հայացքներիս մեջ։ Մոռանում ենք, որ խաբկանք է միայն այս կատարյալ թվացող պահը, որ այնքան կիսատ-պռատ կա սոսիներից, կիպարիսներից այն կողմ։ Սակայն, ինչու այն կողմ, մատուցողուհին երկու պահ տևած զրույցի մեջ հասցնում է երկրից ընտանյոք հեռանալու իր վճիռը հայտնել։Համոզել՝ մնալ՝ իզուր բան է։ Տխրում եմ: Որքան բան կա անելու, որ Կոլյայի ասածի պես՝ ժողովուրդը գոնե չպակասի:
Վիտալիի տանն ենք. սեղանին ժենգյալով հաց է, թուզ, սեխ... մի խոսքով՝ արցախյան բարիքներ։


Վիտալին արցախյան ազատամարտի մասնակից է, վիրավորվել է 1994-ին և... Որքան պատմելու բան ունի, բայց մնում է ենթադրել միայն՝ աչքերում ծովացած թախծից, ձեռք բերած դիաբետից, ժամանակից շուտ կորացած ու ծերացած մարմնից... Անկախության տոնի խնջույքից է գալիս:
Էլզան՝ Վիտալիի կինը, ինքնաեռով թեյ է պատրաստում... Մի փոքր արդեն պաղշունչ գիշերամուտը ջերմանում է:
Ծղրիդներ են երգում...
Շատ ուշ է, երբ ուղևորվում ենք Գանձասար:
Անտառամիջյան նեղ ճանապարհը ձգվում է ու ձգվում:


Հասնում ենք Գանձասար։ Վանքի խցերում ենք գիշերելու։ Շտապում ենք վանք մտնել ու ծնկի գալ սուրբ խորանի առաջ, որի տակ թաղված է քրիստոնեության նախակարապետ սուրբ Հովհաննես Մկրտչի գլուխը: Վստահ եմ, հայերից շատերը չգիտեն, ուր մնաց օտարներն իմանան, որ նախ բլուրը, ապա նաև վանքը Գանձասար անունը ստացել են այդպիսի թանկ մասունք ամփոփած լինելու պատճառով: Բայց չէ որ Մկրտչի գլուխը գանձ է ոչ միայն հայերի, այլ ողջ քրիստոնյա աշխարհի համար: ՈՒ աշխարհը ոչ միայն իրավունք ունի, այլև պարտավոր է այդ մասին իմանալ:
Արցախին էլ չէր խանգարի ներկայանալ ոչ միայն իր՝ հայկական ու դարավոր, այլև համաշխարհային նշանակության արժեքներով, որոնցից մեկը հենց Մարտակերտի շրջանի Գանձասար բլրի վրա կառուցված Գանձասարի վանքն է:
Պտտվում ենք վանքի շուրջը։ Այն թվագրված է տասներեքերորդ դար: Սակայն նրա մասին առաջին տեղեկությունն ավելի վաղ է նշվում՝ 946-968 թթ., Անանիա Ա. Մոկաց կաթողիկոսի կողմից: Գանձասարը առաջնորդարան է եղել, որտեղ հոգևոր այրերը բազում ձեռագիր ու թանկ մատյաններ են ստեղծել: Վանքը դպրանոց է ունեցել դարեր շարունակ: Գանձասարում նաև Խաչենի իշխանների տոհմական տապանատունն է գտնվում:
Վանքի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցել է Ներքին Խաչենի տեր և Արցախի իշխանաց իշխան Հասան Ջալալ-Դոլան 1216-38 թթ. (ճարտարապետ` Քարիմ): Մինչև Արցախի միացումը Ռուսաստանին՝ 1813 թ. Գանձասարը եղել է ազատագրական բոլոր շարժումների կենտրոն, և կաթողիկոսները հնարավորինս աջակցել են Արցախի մելիքությունների ազատագրական պայքարին: Հետագայում, Ռուսաստանի ցարական կառավարության հրահանգով Գանձասարի կաթողիկոսության փոխարեն հիմնված միտրոպոլիտության աթոռանիստը դարձել է Շուշին:


Երբեմն մեզ պետք է հետ գնալ Հայոց հողին դաջված ռուսական կամ այլ օտար հետքերով՝ այսօրվա նրանց անցուդարձից ապշահար չլինելու համար, որովհետև այդ հետքերը նույնն են եղել միշտ՝ երեկ, այսօր... Ցավոք, երբեմն ստիպված ենք լինում կանգնել «չարիքի փոքրագույն» ասված ընտրության առաջ։ Սակայն զգոնությունը երբեք չպետք է կորցնել: Կամ էլ վարվել ավելի ճկուն ու խորամանկ՝ ոչ մի ընտրություն, միայն ավելի ամուր հենվել սեփական հողին, իսկ եղած երկու, թե ավելի չարիքից էլ պարզապես օգտագործել հնարավորինս մեզ հարմարը՝ նրանց և մեր շահերի հպման տարածքների սահմաններում:
1923-ից Գանձասարի վանքը չի գործել: Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին վերաբացվել է 1988-ին: 1992-ին ԼՂՀ ներխուժած ադրբեջանական զինվորներն ավերել են վանքի արևելյան կողմի շինությունները, որոնք արդեն վերանորոգված են:
Վանքի պատի վրա արկերի բեկորները վերքի պես հետքեր են թողել, իսկ պարսպի վրա դեռ մնում է չպայթած արկը։
2017-ի հուլիսի 23-ին նշվելու է Գանձասարի 777-ամյակը: Պատշաճ է այն նշել ազգովին, շքեղ, հրճվանքի մեր ձայները հնչեցնելով և որպես սպեղանի հասցնելով աշխարհի՝ վաղուց արդեն արկերի պայթյուններից, շվարած մարդկության հևքոտ վազքի աղմուկից խլացած ունկին:


Առավոտ է, կիրակի, 04.09.16։


Մշուշներ՝ լեռից լեռ սողացող... Մառախլապատ անտառոտ լեռներից մեկի կատարին Խոխանաբերդն է: Բակի խոտերին ու ծաղիկներին՝ արևաշողն իրենց մեջ առած, ցողի կաթիլներ են կայծկլտում՝ անբիծ ու ադամանդափայլ։
Պատարագ է։
Նորից ճանապարհին ենք։
ՈՒղղություն ենք վերցնում դեպի Քոլատակ: Քոլատակի ճանապարհը կառուցել է Հայկ Մաղաքյանը: Եթե նմանները շատ լինեին...
Ամպամած է, անձրևը մտածում է՝ գա՞, թե՞ չգա...
Իրար հերթագայում են սահող գույները, հերկած հողը լերկ բլուրների վրա, խանձված խոտի անփայլ ծփանքը, նուրբ կանաչը՝ մուգ անտառոտ լեռների ֆոնի վրա։ Բազեն՝ իրեն քամու ճոճքին տված։
Ճանապարհը շփոթած ընկել ենք քարքարոտ դաշտի մեջ՝ աջ ու ձախ ենք անում։
Վերջապես երևաց մեր փնտրածը՝ Մեծառանից վանք... Մեծ Արանց (Հակոբավանք)՝ 7-8-րդ դար: Վանքի դարպասի դիմացի տարածքում հսկա ընկուզենին է՝ պտուղները ցիրուցան թափած, մտախոհ ասես հետևում նրանց ճակատագրին։ Բայց մենք դրա ժամանակը չունենք: Մոտենում ենք Վանքին... կանգուն է, բայց...
Պատին հին, արևային ժամացույց է...
Խորանի աստիճանները կողքից են, ինչպես հեթանոս ժամանակներում... Գրոտած պատեր... տևելու փորձ՝ այս սուրբ պատերը խծբծելով. անհեթեթություն...
Նորից ճանապարհ, որ ճանապարհի նման չէ՝ ամբողջը քար է ու խիճ... մեքենան ցատկոտում է ասես քարից քար... Ճամփի բարձրության վրա արևագույն լապտերների հանգույն դդումներ են կախված։


Երեկ օրը երկար էր՝ այնքան բան հասցրինք տեսնել. պռնկեպռունկ Արցախով ենք լցված, բայց էլի քիչ է: ՈՒ լավ է, որ այսօրն էլ ոտքը կախ է գցել: Թվում է՝ ամեն բան կարողանալու ենք տեղավորել նրա մեջ՝ և Կոշիկ անապատը, և Դիզափայտը, և Հադրութը, և, իհարկե, այս Ամրոցը, որը դեռ ոչ մի կերպ չենք կարողանում գտնել.
-Հա, կրեպըստն ես ուզում, բա դե՝ կրեպըստ ասա,- երեք տղամարդ փորձում են բացատրել...
Ինչ-որ այն չէ, այս մեկին էլ հարցնենք. նիհար, արծվահայացք տղամարդը շրջվում է դեպի բակի դարպասի բաց դռներից երևացող կինը.
-Ռիտա, ղարիբ մարդիկ են, թույլ տուր տանեմ, կրեպըստը ցույց տամ:
Ափսոս տեղ չունենք... Փորձում է բացատրել.
-Էսպես գնացեք մինչև կհասնեք գետերի իրար խառնվելը...
Ռիտան արժանապատիվ, հպարտ իշխանուհու դիրքով բակում արձանացած մեզ է հետևում...
Արցախցիների հայացքը ազնվական է: Իշխանական արժանապատվություն կա նրանց և կեցվածքի, և աչքերի մեջ՝ թափթփված հագուստով հողագործ լինի, այծերն առաջն արած հովիվ, թե պետական ծառայող: Տարբերություն չկա...
Բակի շունն էլ է ազնվական դիրքով մեկնվել ու աչքի պոչով նայում է:
Ձախում՝ հերկած հողից վեր, կղզյակների պես մի բլրակի վրա աշնան մեղրագույնն է ալիք տալիս:


Ճամփան նեղանում է... Ահա, գետերը խառնվեցին իրար... Իսկ եղածը երկու բարալիկ առուներ են: Շարժվում ենք առաջ. խոտերի մեջ այս ու այն կողմ ենք գնում... մոլորվել ենք... «Կրեպըստը» չկա ու չկա...
Հեռվի լեռները մշուշի մեջ են... Մի քանի լեռ շերտ-շերտ իրար վրա եկած մի հսկա գանգուր գագաթ են սարքել:
Ձախ կողմում վառված տանկերի ժանգոտած կմախքներ են:
Դու մերն ես, մեր հրաշք Արցախ, այդ ինչ քոչվոր էր քեզ համարձակվել տիրանալու փորձ անել... Հետ նայել չեմ ուզում, բայց և չեմ կարողանում հոգուս թարմ վերքի նվվոցը չտեսնելու տալ. ապրիլյան պատերազմի օրերին թշնամուն հանձնված 800 հա հող-հայրենին, որը պարզապես հայտարարվեց ... ան-կարևոոոր... Անհեթեթություն՝ անհեթեթությանց... հող հայրենին և...
Երբ մեր թշնամին գազանային վայրագության ողջ մոլուցքով՝ աշխարհի ապշանքից չռված աչքերի առաջ, ուրիշի ունեցածն է իրենով անում և էլ ոչ մի ծեղ, ոչ մի գնով չի պատրաստվում հետ տալ...


Կասեի՝ ցավոք, թշնամուց սովորելու բան ունենք, եթե չհիշեի իրենց կյանքն անվարան Հայոց զոհասեղանին դրած առյուծներին: Ճիշտ է, ծաղրի պես է հնչում հող կորցնելը՝ ծնծղաներով հռչակել հաղթանակ, բայց, միևնույն է, հաղթանակը կա, և դեռ էլ ավելին՝ հայ զինվորը հաղթեց. և ոչ միայն թշնամուն, նաև այն՝ ավելի մեծ կորուստներ ենթադրող դավ-ծրագրին, որ փակ դռների հետևում, դիվանագիտական կեղտոտ առուծախի կանոններով էր նյութվել...

«Տեր, պահիր մեզ երևելի» ու հատկապես «աներևելի թշնամուց»:
Ամրոցը չգտանք, բայց ոչինչ, ոչ հեռու Շմակահողի Սբ Ստեփանոս եկեղեցին է (13-րդ դար):
Բարալիկ գետը հատում է մեր ճանապարհը... Մի փոքր էլ և...
Գունաթափ, կարմիր տանիքով եկեղեցին կանչում է: Մոտենում ենք, չէ, չենք մոտեցել դեռ... Նորից մոլորվել ենք խոտերի մեջ՝ պտույտներ ենք անում, առաջ գնում անճանապարհ ճանապարհով...


Բուրում է դաշտը՝ ուրցահոտ է, մարիամախոտի բույր... Եվ երևի բույրերն են հուշում... Մոտենում ենք... Նեղլիկ արահետով բարձրանում ենք, բացում եկեղեցու երկաթյա դուռը: Խաչքարերի կտորներ կան... Բակում զանգ է կախված՝ Մկրտումյան Արմանից. 2015 թ.... հնչեցնում ենք զանգը...
Տանիքի քիվից կապույտ բազում զանգակիկներով ծաղկի մի թուփ է խոնարհված կախվել... Այսքան զանգակները հնչեցնելու գործն արդեն քամուն եմ թողնում։ Շտապում ենք...
Ժայռեղեն երիզ՝ վերն ու ներքևը կանաչ անտառ... ուր իրար հետ հաշտ, կողք կողքի դեպի արևի իրենց բաժին լույսն են ճյուղեր երկարել թխկին, կաղնին, հացենին, չինարին, թեղին, բոխին, հաճարենին, վայրի շլորենին, տանձենին, ալոճենին, ընկուզենին... Որը թվեմ, որը թողնեմ. Արցախյան բնությունը շռայլ է. Աստծո տված բերքն է ինքն իրեն պտղում, հասունանում և իր քաղցրությանը կարոտ մեկի ճամփան պահում:
Ամպամած է... անցնում ենք խոտի դեզերը, ոչխարները, պտավոր լեռը, լեռան փերթ-փերթ ձգվող ժայռոտ կողը, կովերը՝ սպիտակ սրտիկներ ճակատներին, շունը, որ գյուղից շտապում է նրանց մոտ... ու...


Փաստորեն օրը կարող է ձգվել-ձգվել՝ որքան ուզի... վերջացավ, երբ հոգնեցինք...
Նորից Գանձասարում ենք...
Վանքի սեղանատանը՝ պատին կախված գոբելենից Հիսուսի հայացքն է ասես հսկում մեզ: Սեղանի շուրջը զրույցն ավելի մտերմիկ է դառնում...
Ամպրոպի ձայնն է, թե մի այլ բան. մեզ ասես դուրս է կանչում... Ապշանքից քարացած նայում ենք վանքին... Այն, ինչ տեսնում ենք, հաստատ իրական չէ, այլաշխարհիկ է, երկնային հրաշքի պահ...
Վանքը մշուշի մեջ է, վերևում՝ գմբեթի շուրջը վառվող լույսերը մառախուղից մի քիչ տարտամած պատկերը թափանցիկ ու եթերային են դարձրել, կտրել հողից, աշխարհից... ՈՒ հենց այդտեղ՝ վերևում, գմբեթի լուսավորության միջից անտես ու անծանոթ թռչունների մի զմայլելի երգ է հնչում... Մշուշը պտտվում է գմբեթի շուրջը, ասես պար է գալիս գիշերային սաղմոսերգուների ախորժալուր երգի հնչյունների տակ... Մառախուղը ցողի պես մանրիկ ու խոնավ հպանքներով պարուրել է մեզ... ՈՒ մեկ էլ՝ մի կարգին չեկած աշնան չորրորդ օրը, ձյուն է տեղում՝ խոշոր-խոշոր փաթիլներով, բայց միայն եկեղեցու վերևում՝ գմբեթի լույսերի մեջ... Ճերմակ թիթեռների պես ձյունը նույնպես միացել է պարին...


Մառախուղն սկսում է ցրվել, ձյունն ինչպես սկսել էր, այնպես էլ հանկարծակի դադարում է, թռչնային երգչախումբը՝ միայն իրեն լսելի հրահանգով, հանկարծ պոկվում է գմբեթի ինչ-որ անտես տարածքից ու պահերի մեջ անհետանում, ձուլվում մշուշներին... Քիչ-քիչ աշխարհը վերադառնում է մեզ ու մենք՝ աշխարհին՝ պատը պատ է կրկին, քարը՝ քար, աշնանասկիզբը՝ կարգին, խելքը գլխին աշնանասկիզբ, գիշերը՝ գիշեր՝ աներամ ու լուռ..
Կայծակում է, անձրևում...
Մի երկու օրում տարվա չորս եղանակներն էլ տեսանք ու Մեծն ժամանակը փոքրացավ, չքվեց անեզրության մեջ։
(շարունակելի)

ՆԱՆԵ

Դիտվել է՝ 2530

Մեկնաբանություններ