Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Ինչքան հարվածեցին, այնքան կատաղեց գրիչս»

«Ինչքան հարվածեցին, այնքան կատաղեց գրիչս»
02.12.2016 | 11:40

Հայկական հեռուստատեսությունը նշեց իր ստեղծման 60-ամյակը:
Հետաքրքիր է, թե այդ կառույցում տասնամյակներ աշխատածներն ի՞նչ հուշերով են ներկայանում: Որպես պատասխան «Իրատեսի» հարցին, Հովհաննես Պապիկյանն ուղարկեց գրական մի ակնարկ, որն էլ ներկայացնում ենք ընթերցողների դատին:


1976 թվականի ապրիլին, Հայաստանի գրողների 7-րդ համագումարում, կարծես թե Շիրազի հանդեպ վերաբերմունքի դրական փոփոխություն նկատվեց: Համագումարին մասնակցելու հրավեր-գրության մեջ Շիրազը զարմանքով և ուրախությամբ նկատեց Հայաստանի գրողների միության վարչության նախագահ Վարդգես Պետրոսյանի ձեռագրով ավելացրած տողերը` «Նախընտրելի է անտիպներով հանդես գաք»: Համագումարում Շիրազը, հենց այդ տողերը վկայելով, սկսեց իր ելույթը.
-Երբ ես ստացա այն թուղթը, որով հրավիրում են այս դահլիճ, շատ զարմացա, գրեթե ապշեցի մի տողից, որով սիրելի Վարդգես Պետրոսյանը հայտնում էր. «Նախընտրելի է անտիպներով հանդես գաք»։ Զարմացա, որովհետև ես այն բանաստեղծն եմ, որ որևէ դահլիճում, իմ պատվին երեկոյին, թե պոեզիայի երեկոներին, անդադար ասում էին. «Սիրելի Շիրազ, անտիպ բան չկարդաս, անտիպ հո չէ՞, անտիպ չպիտի լինի»։
Շիրազը խոսեց 43 րոպե, խոսեց անկաշկանդ, իր բնույթին բնորոշ անկեղծությամբ ու պարզությամբ, ուրախ, որ կիսվում է գրչակիցների հետ.
-Սիրելի ընկերներ, չգիտեմ` ասեմ, թե չէ, բայց վերք է մնացել սրտիս վրա, պետք է ասեմ, հեղեղը թափեմ, որ հետո էլ չասեմ։


Նա հույս ուներ, թե իր այդ ելույթը` համագումարում հնչած զեկուցման ու մնացած բոլոր ելույթների նման, կհաղորդվի (լրիվ ձայնագրվում էր) և կտպագրվի, ու ժողովուրդն էլ` իր ընթերցող բանակը, կլսի, կկարդա, կիմանա «գլխին կուտակված ամպերի պատմությունը»: Եվ թվում էր նաև, թե այդ բարեհաճությունը պոետի նկատմամբ պիտի վերացնի ամեն արգելք և ամեն չարափառություն:
Սակայն տարօրինակ բան կատարվեց՝ այդ ելույթը չհաղորդվեց ո՛չ հեռուստատեսությամբ, ո՛չ ռադիոյով, թեպետ և՛ նկարահանվել էր, և՛ առանձին ձայնագրվել: Բայց ամենատարօրինակն այն էր, որ գրողների միության պաշտոնաթերթ «Գրական թերթը» ո՛չ միայն չտպագրեց այդ հրաշալի ելույթը, այլև ելույթների հատվածների՛ մեջ տեղ չտվեց դրան:
Ռադիոյի համար համագումարն ամբողջովին ձայնագրվել էր ձայնագրող սարք-մեքենայով, որի վարորդ-ինժեները Զուլալ անունով մի բարի մարդ էր` մոլի շիրազական: Նա Շիրազի ելույթի համար առանձին և լրիվ նոր ժապավեն էր օգտագործել («Ես զգում էի, որ Շիրազը երկար է խոսելու»):


Ռադիոյում այդ ձայնագրությունը չօգտագործվեց և մնաց Զուլալի մոտ:
Զուլալը պահպանել էր 43-րոպեանոց ձայնագրությունը և երբեմն-երբեմն առիթներ էր ստեղծում, որ «իր շատ մոտիկ մարդիկ» այն լսեն: Այդ մոտիկներից ես էլ էի, որ այդ ժամանակ խմբագիր էի աշխատում ռադիոյի երիտասարդական հաղորդումների բաժնում: Տարիներ անց Զուլալը, առաջացած տարիքով այդ բարի, այդ հրաշալի մարդը, ինձ տվեց Շիրազի ձայնագրության ժապավենը` «Տարիքով մարդ եմ, Հովիկ ջան, շատ չեմ ապրի, պահիր այս գանձը: Դու գիտես Շիրազի մասունքները պահպանել` օրերից մի օր բարքերը կփոխվեն»։
Զուլալը Զուլալը չէր լինի, եթե ժապավենը հենց այնպես փոխանցեր ինձ. նա մի ողջ հանդիսություն սարքեց դրա համար` «Սա արարողություն է, որ էլ չի կրկնվի»:


Սկսեց խորհրդավոր մի հարցումից.
-Դու կուզենայի՞ր գանձի տիրանալ:
Այդ հարցը որևէ պատասխան չուներ, բացի զարմացած հայացքից, թե` իբր ի՞նչ ես հարցնում:
-Այսօր մենք կարևոր խոսելիք ունենք:
Դիմելու այդ ձևից ես մի տեսակ զգուշացա` փորձեցի մտաբերել, թե մեր համատեղ աշխատանքում, մանավանդ գործուղումներ գնալիս, որտե՞ղ, ինչպե՞ս, ի՞նչ պայմաններում կարող էի որևէ սխալ բան արած կամ էլ թերացած լինել:
Հասկացավ իմ տատանվելու պատճառը, հորդորեց.
-Դու քեզ հանգիստ զգա, պարզապես քեզ, միայն քեզ կարող եմ թողնել ինձ համար շատ թանկարժեք մի բան:
Ասաց ու հրավիրեց իր հնաբույր «Վոլգա-21» մեքենայի սրահ: Ձայնագրող սարքերն էին, շարժական մի սեղանիկ և բազմոցին արժանի նստարանը` այս էր այդ նեղլիկ սրահի ամբողջ կահավորումը: Սեղանիկը ծանրաբեռնված էր ուտելիքներով, և կոնյակի մի շիշ էլ կար:
-Դու լավ գիտես, որ աշխատանքի ժամերին ես չեմ խմում, բայց էնքան անարդարացի բաներ եմ տեսել, որ այսօր ես էլ եմ ուզում կարգ խախտել,- արդարացավ ու շիշը բացելով` շարունակեց,- մանավանդ առիթը Շիրազի հետ է կապված:


Սեղանապետը Զուլալն էր, կենացներ ասողը Զուլալն էր, և այնքան անգամ խմեցինք Շիրազի կենացը, որքան մեկ շշի պարունակությունն էր թույլ տալիս:
Զուլալը կարծես թե մի քիչ գինովցել էր, և «լեզուն փաթ ընկնելը» իսկը իրեն սազական էր այդ պահին: Նա կամ զգաց, որ այլևս մի հոդաբաշխ նախադասություն անգամ չի կարող արտաբերել, կամ էլ Շիրազի մասին տարբեր առիթներով մեր զրույցներն ու պոետի հանդեպ երկուսիս վերաբերմունքի նույնության մեջ արդեն ամեն ինչ ասված էր, շուռ եկավ դեպի ձայնագրող սարքը և անխոս միացրեց այն:
Շիրազի ելույթի ձայնագրությունն էր...
Ես թաքուն ուրախություն էի ապրում, որ այդ ձայնագրության տերն եմ դառնում, Զուլալը` և հուզմունք, որ բաժանվում է «այդ գանձից», բայց նաև անխռով, որ «Շիրազի մասունքները պահել իմացողին» է տալիս ժապավենը:


Համագումարը լրիվ ձայնագրելուց հետո Զուլալը վերադարձել էր ռադիո: Այդ օրն իր գործն ավարտած մարդը ժապավենները պիտի հանձներ համապատասխան խմբագրության խմբագրին և գնար տուն: Բայց... նրանից վերցնում են բոլոր ձայնագրությունները՝ բացի Շիրազի ելույթից:
-Ես զարմացա, որ դա թողեցին: Նույնիսկ հիշեցրի, թե Շիրազի ելույթն առանձին ժապավենի վրա է, և դուք չեք վերցրել: Երբ ասացին՝ ոչինչ, առայժմ թող մնա քեզ մոտ, ես հասկացա, որ այս ելույթը չեն հաղորդելու: Սկզբում նեղվեցի մի քիչ, բայց հետո մտածեցի՝ եթե չի հաղորդվելու, ավելի լավ է ես պահեմ, և այդ ժապավենը մնաց իմ ֆոնդում:
Զուլալն իրավունք ուներ օգտագործելու «իմ ֆոնդում» բառերը:
…Ռադիոյում բոլորս նրան Զուլալ էինք ասում: Չգիտեինք էլ՝ դա նրա անո՞ւնն է, թե՞ բնավորությանը հատուկ ու շատ զարդարուն մականուն:


Զուլալի հետ մենք մտերիմներ էինք, մի հարյուր անգամ նրա մեքենայով Հայաստանի տարբեր շրջաններ ենք գնացել՝ միջոցառումներ ձայնագրելու: Եթե որևէ քաղաքում գիշերում էինք, նա հյուրանոց չէր գալիս՝ մնում էր իր մեքենայի մեջ, քնում էր բազմոցին արժանի նստարանին: Բայց մինչև քնելը Զուլալի մեքենան դառնում էր մեր համերգասրահը, պոեզիայի մեր լսարանը, արվեստի հայ մեծանուն գործիչների հազվագյուտ ձայնագրությունների ունկնդրման հաճելի վայրը: Ոչ մեկս երբևէ չիմացավ, թե ռադիոյի ոսկե ֆոնդից ինչպե՞ս էին Զուլալի մեքենայի մեջ հայտնվում հազվագյուտ ձայնագրություններ: Նրան հարցնեիր Վահրամ Փափազյանի մասին, ժամերով կպատմեր՝ այդ միջոցին իր «ֆոնդից» ընտրելով, ասենք Լևոն Շանթի «Իջեք երազներ»-ը: Հարցնեիր Սևակի մասին՝ նախ կսկսեր ինքն արտասանել` այդ ընթացքում ձայնագրող սարքի վրա փոխելով ժապավենը, և մեքենայի այդ փոքրիկ սրահը լցվում էր Սևակի ձայնով, վերածվում պոեզիայով լեցուն մի հսկա դահլիճի: Այդ դահլիճում բեմ ու նստարաններ չկային, դա Զուլալի յուրօրինակ ռադիոսրահն էր` աշխարհիս ամենալավ սրահը:


Զուլալին հարցնեիր, թե չհարցնեիր, խնդրեիր, թե չէ, միևնույն է, այդ երեկոյի, ավելի շուտ գիշերվա ընթացքում Շիրազի բանաստեղծություններն անպայման պիտի հնչեին, դարձյալ հեղինակի կատարմամբ: Թվում էր, թե ռադիոյի մի ամբողջ ֆոնդ լցված է «Վոլգա-21» կոչված այդ հնաբույր մեքենայի մեջ, և շարժական այդ ռադիոն կոչվում էր Զուլալի ռադիո: Գիշերվա ինչ ժամ էլ լիներ, մենք այդ սրահից երբևէ կամովին չէինք հեռանա. Զուլալն ինքն էր սկսում «կյանքը պատմել», թե` «Առավոտյան մի հարյուր կիլոմետր ես եմ քշելու այս խլամը, իսկ դուք քնելու եք մեքենայի մեջ»: Բայց հրաժեշտից առաջ մի պարտադիր քայլ ուներ անելու` նա անպայման «Բարի գիշեր» մաղթելուց առաջ Շիրազի ձայնագրությունն էր դնում մագնիտոֆոնի վրա, և մենք հաճությամբ ոտքերս կախ էինք գցում:


Զուլալը մի առանձնակի սիրով ու համակրանքով էր վերաբերվում հատկապես Շիրազին, նրա պոեզիային: Ինքը չէ, ուրիշներն էին պատմում, թե քանիցս Զուլալին տեսել են հրապարակում՝ Շիրազի հետ զրուցելով քայլելիս, հետո մտել են «Արարատ» ռեստորան: Երբ հարցրել են` «Ախր դու ի՞նչ գործ ունեիր Շիրազի հետ», նեղվել, վիրավորվել է` «Ինչ է, թե ես այս հնոտին եմ քշում (նկատի ուներ իր վարած «Վոլգա»-ն) ուրեմն, նրանց կարծիքով, իրենցից պակա՞ս գիտեմ Շիրազին ու իր գործերը: Հլա մի թող գան իրար հետ Շիրազ արտասանենք, տեսնենք՝ ո՞վ շատ գիտի»:


Շիրազի հետ ունեցած Զուլալի մտերմությանը կասկածողները հաստատ նրա հետ քիչ էին շփվել, հաստատ նրա հետ գործուղման չէին գնացել, ծանոթ չէին նրա հրաշք մեքենայում հավաքված ձայնագրություններին:
Զուլալն անջատեց ձայնագրությունը:


-Դու գոնե հասկանո՞ւմ ես, թե ես ինչու եմ չարացած... ախր ինչո՞ւ եթեր չտրվեց այս հրաշքը:
Շիրազով տարված այդ ֆանատիկ, այդ ազնիվ մարդու համար ժողովրդի սիրելի Շիրազի հանդեպ պետական որոշ այրերի չարափառությունը չուներ որևէ արդարացի բացատրություն:
-Հայասիրություն ասած բանը սրանց համար` հեչ,- Շիրազին որակելու ամենահարմար բառը հայասիրությունը համարող Զուլալը անհասցե մի երկու թթու խոսք ասաց ու շարունակեց,- էդ քանի՞ այդպիսի Շիրազ ունեն, որ անխնա աջ ու ձախ ջարդում են:
-Զուլալ, դու գիտե՞ս, որ Շիրազը թքած ունի այդ ամենի վրա:
-Չէ մի, յանի դու էլ բան ես հասկանում:- Ասաց, հետո մեղավոր տոնով, որ այդպես կոպիտ արտահայտվեց, ավելացրեց.- այդ չարությունները, ընկեր Հովիկ, Շիրազի կյանքը օր օրի կրճատում են:
Զուլալին մի քիչ խաղաղեցնելու համար նրան պատմեցի Գյումրիում ունեցած Շիրազի հանդիպումներից մեկի մասին: Տեքստիլագործների մշակույթի պալատում դահլիճից մի հարց տվեցին` «Խնդրում եմ պատմեք «Սիամանթո և Խջեզարե»-ի մասին»: Ներկայացնելով պոեմի ստեղծման պատմությունը, Շիրազը, նախ՝ ցավով նշեց, որ քննադատներն իրեն հանգիստ չէին տալիս` «Թողած այս Հայաստանը` Արևմտյան Հայաստանի մասին է գրում»,- ասաց Շիրազը, մի պահ դադար առավ, հետո փոխվեց միանգամից ու զայրացած վրա բերեց. «Ինչքան հարվածեցին, այնքան կատաղեց գրիչս: Այդ պոեմը թարգմանվեց մի քանի լեզուներով: Բա ո՞ւր էին քննադատները, այդ վայ-քննադատները, դե թող գրեին»:


Զուլալն ուշադիր լսում էր, հետո երեխայի անկեղծությամբ ասաց.
-Հենց այդպես էլ ասա՞ց` «Ինչքան հարվածեցին, այնքան կատաղեց գրիչս»:
-Հա, հենց այդպես: Հլա դեռ ավելացրեց` «Վայ-քննադատներով լցված է եղել շուրջս»: Հետո ձեռքերը վեր տարածեց, ջրից դուրս եկող լողորդի շարժումներ նմանակեց ու ասաց. «Այդ վայ- քննադատների միջից այսպես մի կերպ ես դուրս էի պրծնում»:
Զուլալը «ուհ» արեց, կարծես մի տեսակ խաղաղվեց, բայց դե զայրույթը դեռ չէր անցել.
-Շիրազը, ճիշտ է, այդպես ասում է, բայց քեզ թվում է, հե՞շտ է տանում այդ ամենը: Գիտե՞ս, իմ ընկեր, մարդու համար աշխարհում ամենադժվարը, ամենաանտանելին հարցականներ ունենալն է,- մի տեսակ ոգևորվելով, որ փիլիսոփայական ձևակերպումների է անցել, շարունակեց,- մարդը կարող է, չէ՞, զարմանալ, թե պոեզիայի դեմ ինչու են կռիվ տալիս: …Կարող է՞ նախանձից է, հը՞:
-Չէ, Զուլալ, իրենք իրենց համար են վախենում, իրենց ներքին վախի ձեռքն են կրակն ընկել: Իրենց թվում է, թե գաղափարական դաշտը վնասվում է, եթե հայ պոետը ազգային արժեքներ է վկայում, ազգային թեմաներ շոշափում:
Զուլալը կարծես թե վերջնակապես խաղաղվեց և շուռ եկավ դեպի մագնիտոֆոնը: Նա նկատելի գուրգուրանքով ձեռքը դրեց ժապավենին, ինչպես հնագետն է մաքրելուց հետո շոյում գտածոն, ժապավենի վրայով ափը մեղմորեն տարավ և բարի աչքերի նայվածքով իմ ուշադրությունը հրավիրելու շարժում արեց:


Շարունակվեց ձայնագրությունը, լսվեց Շիրազի ձայնը` «Սիրելի ընկերներ, այնքան սիրտս խայտաց այս էլ երկրորդ անգամ, երբ ռուս մի գրող, բանաստեղծ Արարատի անունը տվեց և ասաց. «Խոնարհվում եմ այս հրաշալի գեղեցկության առջև...»։ Էդ ինչպե՞ս, Շիրազը որ ասում է` խոնարհվում եմ, համբուրում եմ… (Երկարատև ծափահարություններ): Իհարկե… Իհարկե ես գիտեմ դրա խորհուրդը` մեջքից է կախված, մեջքից է»:
-Հովիկ, հիմա դու կարո՞ղ ես ինձ բացատրել, թե ինչո՞ւ մեր ղեկավարները Հովհաննես Շիրազին չեն սիրում ու չեն ընդունում:
-Կարեն Դեմիրճյանն ընդունում է, շատերն ընդունում են, իսկ ժողովուրդը սիրում է նրան, նրա պոեզիան:
-Ես քո կարծիքին մասամբ եմ համամիտ:
-Ինչպե՞ս` մասամբ:
-Որ ժողովուրդը սիրում է, նույնիսկ պաշտում, ընդունում եմ: Որ պետական որոշ պաշտոնյաներ ընդունում են նրան, դրա հետ էլ եմ համաձայն: Որ Կարեն Դեմիրճյանն էլ է նրան շատ սիրում, այդ էլ եմ ընդունում: Բայց որ էն վերևներում ինչ-որ մարդիկ նրա հետ վատ են վարվում, էդ մեկը հաստատ է:


Զուլալը, որ անգիր գիտեր ելույթի տեքստը, մեջբերեց Շիրազի խոսքերը. «…Դու մի ասի, վերևներում մեկը կա, որ ինձ չի սիրում, ահա այդ պատճառով պոեմներս տարիներով մնացին դարակներում…»:
Ինձ միշտ և շատ սիրելի են Զուլալի նման հախուռն բնավորությունները. նման մարդիկ ազնիվ են, մաքուր ու անդավաճան: Աշխարհը գլխին փուլ գա` Զուլալի մտքին Շիրազն է, և նա տանել չի կարողանում արվեստը, քաղաքականության հետ խառնելու ոմանց անտանելի փորձերը:
Այդ «վերևների» մասին խոսակցությունն ինչ-որ կերպ պետք էր իր լրումին հասցնել, թե չէ Կարեն Դեմիրճյանի առումով Զուլալի համար հաստատ ինչ-որ բան անհասկանալի կմնար: Նա ուշադիր լսում էր իմ պատմություններն այդ երկու մեծ մարդու` պետական գործչի և պոետի մտերմության մասին, պատմություններ, որ նրանց հետ տարբեր ժամանակներում իմ հանդիպումների արդյունք էին:
-Լավ, Դեմիրճյանը չէ՞ր կարող Շիրազի ասած այդ «վերևինների» մի քանիսի պորտը տեղը դներ, չէ՞ որ ինքն ամենավերևինն էր:


Մանկան պարզություն կար Զուլալի այդ պոռթկումի, այդ պարզ, անմիջական ընդվզումի մեջ: Նա երկար դադար տվեց` մի ձեռքը ժապավենին, մյուսով անորոշ շարժումներ անելով օդում, որը երևի նշանակում էր` «Տո ո՞նց չի կարող, է, ես լինեմ Դեմիրճյանի տեղը` սաղին հանեմ-շպրտեմ` դուք էդ ո՞նց եք ձեռք բարձրացնում Շիրազի պես մարդու վրա»:
Ես ձեռքիս գլանակն էի տրորում՝ խուսափելով չծխող Զուլալի մոտ ծխելուց: Նկատեց, ժապավենը պտտեցրեց-սկիզբ բերեց ու միացրեց.
-Քո մի ծխելու չափ դուրս գանք:
Մենք դուրս եկանք: Մեքենայի սրահից լսվում էր Շիրազի ձայնը: Ձայնագրությունը բարձր էր, և Ռադիոտանը հարող մայթին կանգնած ձայնագրող մեքենայի մոտ մարդիկ էին հավաքվում: Ձայնագրությունը նրանց հետ էր պահում իրենց գործերից, իրենց շտապելուց` նրանք Շիրազի ձայնն էին լսում: Հետաքրքիր է, այն ժամանակ այս ձայնագրությունը չհաղորդելով` Շիրազի՞ն են վնասել, թե՞ մեզ բոլորիս են զրկել ելույթը եթերում լսելու հաճույքից:
Ես նայեցի Զուլալի դեմքին. ուրախության, պայծառության մի շոյանք կար այդ մարդու հայացքում, և նրա ժպտուն աչքերը կարծես ասում էին. «Էս էլ քեզ լավագույն ռադիոհաղորդումը»:


…Ահա այս Զուլալը տվեց ինձ Շիրազի ելույթի ձայնագրությունը, ահա այս Զուլալի շնորհիվ է, որ 40-ամյա վաղեմության Շիրազի այս խոսքը բարեբախտություն ունենք վերհիշելու: Երիցս օրհնյալ են այսպիսի բնավորությունները, որոնք պոեզիայի հանդեպ իրենց վերաբերմունքը պահպանում են ինչպես կյանքի գործ:
Որքան էլ մեծ պոետի կերպարը թարմ է մեր հիշողություններում, որքան էլ գիտենք նրա խոսելու, արտահայտվելու կերպը, այդուհանդերձ, 1976-ի նրա այդ ելույթն ուրիշ հմայք ուներ՝ Շիրազի զարմանքն ու հիացմունքը, հիասթափությունն ու ոգևորությունն արտահայտող հախուռն պոռթկումը, դիմախաղը, իր գործերը ներկայացնելու յուրօրինակ երանգավորումը։
Հազար անգամ անհոգնել լսելի է այդ ձայնագրությունը, որը հնարավորություն է տալիս կրկին ու կրկին վերապրելու շիրազյան բանավոր խոսքի հաճությունը, դահլիճի` այնքա՜ն հախուռն, այնքա՜ն անմիջական ու բուռն արձագանքը, որ հետևում էր մեծ պոետի ամեն մի արտահայտությանը, խելոք, կշռադատված և նաև իր ցավերի ու վիրավորանքների շուրջ իրեն հատուկ անմիջական ներկայացված խոհերին։


...Հիմա գրում եմ այս տողերը, ու Զուլալն է աչքիս առաջ: Երկնային լույս նրա խնկելի հիշատակին` Զուլալը չլիներ, ես չէի ունենա, մենք չէինք ունենա այդ բացառիկ ձայնագրությունը:


Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 1518

Մեկնաբանություններ