«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ԲՀԿ-ի մանկուրտները

ԲՀԿ-ի մանկուրտները
05.12.2016 | 00:09

Հիշողության կորուստը ամենափրկիչ իրողությունն է քաղաքական դաշտում: Ամեն օրը սկսել զրո կետից՝ հանճարեղ հայտնագործություն է: Պետք է պատենտավորել: Միանշանակ: Հատկապես ընտրություններից առաջ: Հանճարեղ հայտնագործություն է նրանց համար, ում կարգախոսն է՝ չկա երեկ ու չկա վաղը, իսկ այսօր մանկուրտ ենք բոլորս:


Ինչո՞ւ է ԲՀԿ-ն ինքնամոռաց նետվում Գագիկ Ծառուկյանի գիրկը: Մի կողմ դնենք անկապ ու անհոդաբաշխ բացականչություններն ու ճիչերը, ԲՀԿ-ի ինչի՞ն է պետք Գագիկ Ծառուկյանի վերադարձը: Անտեր են մնացել՝ հասկացանք, անփող են մնացել՝ հասկացանք: Բայց՝ նոր հասկացա՞ն: Ինչո՞ւ մեկ տարի առաջ ընդլայնված նիստեր չէին անում, ուխտագնացություն չէին անում, ինչո՞ւ մեկ տարի առաջ նույն ոգևորությամբ չէին հայտարարում՝ մենք քո կողքին ենք: Որտե՞ղ էին, երբ համահայաստանյան մակարդակով իրենց «տիրոջը» դոդ էին ասում ու հայտարարում էին, որ ստուգելու են՝ քրեական հանցագործ չէ՞, կրկեսի ծաղրածուի տեղ էին դնում ու քաղաքականությունից դուրս: Ո՞Ւր էին, ինչո՞ւ չէին համոզում, որ չհեռանա, որ նրա կողքին են, որ առանց նրա կյանք չունեն: Ինչո՞ւ մեկ տարի առաջ նույն խանդավառությամբ ելումուտ էին անում Հանրապետության հրապարակում ու տեր էին տեսնում Հովիկ Աբրահամյանին, որ փետրվարին պատրաստ էր «բամփել» խնամի ու քաղաքական վտարանդի Գագիկ Ծառուկյանին:

Ո՞Ւմ համար է գաղտնիք, որ նախընտրական «պայծառացումը» երկկողմանի երթևեկով ընթացք է՝ մի կողմը պատվերն է տալիս ու փողը, մյուս կողմը փողը վերցնում ու պատվերը կատարում է: Ի վերջո, զանգվածային միջոցառումների կազմակերպման սխեմաները ՀՀԿ-ում ու ԲՀԿ-ում նույնն են՝ մի տեղ կուսակցության անդամ են դառնում, մի տեղ նախկին ղեկավարին են հետ կանչում:


Լավ, Ծառուկյանը լավ մտածեց, մտածեց, մտածեց ու ասաց՝ վերադառնում եմ, ի՞նչ է անելու: Մինչև ընտրություններ նույն տավտոլոգիան՝ միալար կրկնելու է: Տավտոլոգիան գին է ունենալու, որովհետև փող է տալու հետը: Հետո՞: Գնալու է կոալիցիոն կառավարություն կազմելո՞ւ: Երկրորդ անգա՞մ է հեռանալու, որ արյուն չհոսի: Արյան մասին՝ արյուն արդեն հոսել է՝ 2008 մարտի 1-ին: Հետո ՀԱԿ-ը ամեն ինչ արեց, որ բուրժուա-դեմոկրատական հեղափոխության ռահվիրա Գագիկ Ծառուկյանին մարտի 1-ից մաքրի, բայց մարտի 1-ը մնում է մարտի 1: 2015-ին ոչ մի հեղափոխություն էլ չկար, ոչ մի արյուն էլ չէր թափվելու, դա հետադարձ թվով հնարված հեքիաթ է, որ պատմվում է մանկուրտներին, որ ընդհանրապես հիշողություն չունեն ու չունեն բանականություն: 2017-ին էլ Գագիկ Ծառուկյանը ոչ մի միլիմետր չի շեղվելու իշխանական ճանապարհից, առավել ևս նա արդեն սեփական փորձով համոզվել է, որ ինքը միայն ֆինանսական կարևորություն ունեցող արժեք է, իսկ եթե իշխանության «արդարադատության» պատժիչ համակարգը զբաղվի իր անձով լրջորեն, ոչ ոք չի գալու ու իր կողքին չի կանգնելու, ինչպես արդեն եղել է անցյալ տարվա փետվարին: Ավելին՝ հերթ են կանգնելու ունեցվածքը վերաբաժանելու համար: Կարեն Կարապետյանն էլ արդեն Հայաստանում է, չի կարող Մոսկվայից գալ ու իրեն ապահովագրել ունեզրկումից: Եվ հետո՝ հիմա իրավիճակ է փոխվել: Գուցե հիմա չցանկանա էլ: Ոչ էլ Մոսկվայից հրահանգեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Առավելագույն խաղը, որ կարող է ԲՀԿ-ն խաղալ Գագիկ Ծառուկյանին նախագահ ունենալով, Սերժ Սարգսյանի կամ Կարեն Կարապետյանի միջև ընտրությունն է, երբ երկու «շեֆերը» հեռանկարներով հավասարվեն, բայց դա լինելու է 2018-ին, իսկ մինչ այդ դեռ պետք է ապրել ու այդ խաղն էլ չափազանց վտանգավոր է, որ որոշումները տեղում կայացվեն, առավել ևս իրագործվեն: Իսկ հիմա պարզապես վերադառնում է քաղաքական կրկեսը, որտեղ մեկի փոխարեն հազարավոր ծաղրածուներ կան: Հանդիսատեսին մնում է միայն զվարճանալ, իսկ ովքեր լուրջ կընդունեն, թող դիմեն հոգեբանի, ավելի ճիշտ՝ հոգեբույժի:

Դիտվել է՝ 1676

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ