Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Եթե աշխարհում անցկացվեր «ցինիկ քաղաքական գործիչների առաջնություն», «Ժիրիկն» իր քամելեոնությամբ առաջինը կլիներ

Եթե աշխարհում անցկացվեր «ցինիկ քաղաքական  գործիչների առաջնություն», «Ժիրիկն» իր  քամելեոնությամբ առաջինը կլիներ
06.12.2016 | 00:26

25 տարուց ավելի է, ինչ շատերին զվարճացնում է առաջին հայացքից կարծես լուրջ քաղաքական գործիչ, բայց իրականում քաղաքական ծաղրածու և լարախաղաց Վլադիմիր Ժիրինովսկին: Սա մերթ շանթ ու որոտ է տեղում Թուրքիայի ու թուրքերի գլխին, մերթ, ինչպես 2016 թ. նոյեմբերին, մեկնում է Թուրքիա և հրապարակավ թուրքերեն երգեր երգում: Մերթ թուրքերին անարգանքի սյունին է գամում դավաճանության ու նենգության համար՝ նկատի ունենալով Սիրիայում խփված ռուսական Սու-24 ինքնաթիռը, մերթ, ինչպես 2016-ի նոյեմբերին, փաստորեն արդարացնում է Թուրքիայի այդ գործողությունը: Ի՞նչ է, պարոն Ժիրինովսկի, դուք արդարացնում եք նաև օդաչուի և փրկարար խմբի դեսանտայինի հետագա սպանությո՞ւնը: Ձեզ անձամբ այլևս Անկարայից բավարարում պետք չէ՞ երկու ռուս սպաների սպանության համար: Այդ դեպքում դուք ի՞նչ ռուս սպա եք: Չէ՞ որ դուք ինքներդ էլ կարծես 1990-ականների վերջին-2000-ականների սկզբին գնդապետի զինվորական կոչում ստացաք: Ռուս սպայի համազգեստի պատիվը «չի՞ սեղմում»:


Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) առաջնորդի քաղաքական հռետորաբանության այդպիսի կտրուկ փոփոխությունները թեև չեն զարմացնում (նա չէ՞ր, արդյոք, իր ընդդիմախոսների հետ կռիվներ սարքում տարբեր ստուդիաներում, նա չէ՞ր, արդյոք, Պետդումայում ջուր ցփնում պատգամավորուհու վրա), բայց միաժամանակ ստիպում են վերադառնալ նրա խայտառակ հարցազրույցին՝ տրված դեռ 2016 թ. օգոստոսի սկզբին ռուսական հեռուստաալիքներից մեկի «Առաջ» ծրագրին: Եվ համադրել նրա 2015 թ. ճառերի, ընթացիկ տարվա ավելի վաղ շրջանի հայտարարությունների և, իհարկե, այն բանի հետ, ինչ նա ասում էր նոյեմբերին Թուրքիայում եղած ժամանակ: Ահա ավելի քան մեկ տարի առաջվա իրադարձություն. 2015 թ. նոյեմբերի 25-ին Ժիրինովսկին «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» ծրագրի եթերում ասաց. «Թուրքիայի հարցերը պետք է լուծել, և դա անել է պետք ուրիշի ձեռքով: Հայերն ատում են թուրքերին, եթե մենք նրանց թույլ տանք ազատագրել իրենց արևմտյան տարածքները, նրանք հաճույքով կազատագրեն: Քրդերը մեր օգնությանն են սպասում, եթե մենք Թուրքիայի քրդերին ասենք, որ ճանաչում ենք նրանց անկախությունը, իսկ նրանց թիվը, ինչպես հայտնի է, 20 միլիոնի է հասնում, իսկ մայրաքաղաքն էլ արդեն հայտնի է, Դիարբեքիրը: Այսպիսով, Արևելյան Անատոլիան այլևս գոյություն չի ունենա որպես այդպիսին: Դրա շնորհիվ մենք կունենանք անկախ Քրդստան և Մեծ Հայաստան»: Եվ շարունակում է. «Հույները երազում են թուրքերին քշել Կիպրոսից... և այլն: Թուրքերը բոլորին զզվեցրել են, նրանք բոլորին դաղել են»,- եթերում բառացիորեն բղավում էր Ժիրինովսկին:


Ընդհուպ մինչև Էրդողանի «ներողությունը» նա 2016 թվականին ևս հաճախ շարունակում էր հակաթուրքական հայտարարությունները: Եվ առռա՜ քեզ: «Առաջ» ծրագրով, ի պատասխան այն հարցի, թե «Վլադիմիր Վոլֆովիչ, Ամերիկան հեռու է, Հայաստանը՝ մոտ: Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները բնութագրեք», ՌԼԴԿ-ի առաջնորդը սկսեց կեղտոտ թուք շաղ տալ կրկեսի ծաղրածուի ոճով, որին օգտագործում են կրկեսային համարների միջև ընկած դադարները «կարկատելու» համար. «Եվ թքած Հայաստանի վրա... Թքած օլիմպիական խաղերի վրա: Դուք հասկանում եք, որ մեր միլիոնավոր մարդկանց չեն հետաքրքրում այդ օլիմպիական խաղերը և ինչ-որ դոպինգ... Ի՞նչ է մարդկանց համար Հայաստանը: Այնտեղ պարբերաբար ելույթներ կլինեն: Մի փոքր երկիր, լեռնային, լեռների արանքում, Ադրբեջանի ու Թուրքիայի արանքում սեղմված, ոչ մի հեռանկար, ոչ մի տնտեսություն: Այնտեղ արդեն մեկ միլիոն հայ է մնացել: Իսկ աշխարհում նրանց թիվը ընդամենը վեց միլիոն է: Նրանք բոլորը դեսուդեն են փախել: Լիբանան, Իրան, Ռուսաստան, Ֆրանսիա, Նահանգներ, աշխարհով մեկ ցրիվ են եկել: Այնտեղ ապրելու տեղ չկա՝ լեռներ են: Բնականաբար, այնտեղ տարբեր խմբավորումներ կսկսեն իրար նկատմամբ ստորություններ անել»:
Վոլֆովիչ, չէ՞ որ դուք ինքներդ եք կոչ անում չստել: Միգուցե, ինչպես գոնե 1995 թ., երբ Պետդուման իր որոշմամբ ճանաչեց 1915-23 թթ. Հայոց ցեղասպանությունը, նախ մանրամասնորեն ուսումնասիրեք «առարկան», որի վերաբերյալ որոշել եք հրապարակային հայտարարություն անել: Ինչո՞ւ եմ հիշատակում հենց 1995 թվականը: Որովհետև այն ժամանակ և՛ ինքը՝ Ժիրինովսկին, և՛ ՌԼԴԿ խմբակցությունը միաձայն քվեարկել են հիշատակված «1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության դատապարտման մասին» որոշման ընդունման օգտին: Այն ժամանակ, դե, առհասարակ ոչ ոք չհամարձակվեց հանդես գալ այդ որոշման դեմ: Եվ զուգահեռ անցկացնենք՝ 2016-ի նոյեմբերի հետ. Ժիրինովսկին Թուրքիայում մի ինչ-որ «դաշինք» է ազդարարում՝ Ռուսաստան, Իրան, Սիրիա, Հայաստան և... Թուրքիա կազմով: Ի՞նչ է, խելքը հացի հետ կերած Ժիրինովսկու «պլաններում» թուրքերից տուժած առնվազն երկու երկրներ, և այն էլ Թուրքիայի հարևանությամբ, պարտավոր պիտի լինեն հանդուրժելո՞ւ դահիճներին: Լավ, վերադառնանք 2016 թվականի նոյեմբերին Ժիրինովսկու հայտարարությունում թույլ տրված ապուշություններին:


Վարողը (ոմն Միխայիլ Շահնազարով) փորձում է առարկել «Ժիրիկին». «Չէ, դե լավ, բայց այնտեղ մեր բազան է կանգնած, դա մեր ռազմավարական գործընկերն է, այսինքն՝ մի տեսակ թքած ունենք ռազմավարական գործընկերոջ վրա՞»: Եվ ահա այն մարդը, որն իրեն համարում է «երկրորդ քաղաքական գործիչը Ռուսաստանում», նետում է. «Աստծո սիրուն, լա՜վ, էլի: Կթքեն մեզ վրա, բազան կհանենք: Մեր ոտները կընկնեն, որ բազան վերադարձնենք: Այդ բազան նրանց փրկությունն է, այլապես նրանց երկու կողմից երկրի երեսից կջնջեն թուրքերն ու ադրբեջանցիները: Դրա համար էլ Հայաստանի հաշվով անհանգստանալ պետք չէ: Նրանք երբեք չեն հրաժարվի մեզնից, որովհետև այդ դեպքում նրանց վերջը կգա, վերջը, լիակատար վերջը»: Լսեք, էֆենդի Ժիրինովսկի, քանի որ դուք հանկարծ հիշեցիք, որ ձեզ համար թուրքերեն երգելն էլ մի բաժակ ջուր խմելու նման հեշտ է, գուցե, այնուամենայնիվ, թքեիք Թուրքիայի՞ վրա: Եվ գոնե «հրապարակայնորեն» չէիք ասի այն, ինչ ձեր հանդեպ նողկանք ու արհամարհանք է առաջ բերում: Կամ գուցե կհամադրե՞ք ձեր արտահայտությունները այն բանի հետ, ինչ նույն 2016-ի նոյեմբերին ասում էր Պետդումայում ձեր, կարելի է ասել, գործընկեր, ՌԴ Պետդումայի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: Հատուկ Ժիրինովսկու համար հիշեցնեմ. Զատուլինը հայտարարեց. «Հայաստանի պաշտպանունակության, համապատասխանաբար Հայաստանի քաղաքացիների անվտանգության ամրապնդմանն ուղղված բոլոր ջանքերը պաշտպանություն կգտնեն Պետական դումայում և Դաշնության խորհրդում: Քանի որ մենք հիանալի հասկանում ենք, որ Ռուսաստանի անվտանգությունը հիմնված է նաև մեր դաշնակիցների անվտանգության վրա»:

Եվ նույնիսկ սքողված կերպով բացասական գնահատական տվեց Ռուսաստանից Ադրբեջանին կատարվող զինամատակարարումներին. «Մենք կարծում ենք, որ ցանկացած փոխհարաբերություն, ում հետ էլ որ լինի, պետք է օգուտ տա մեր դաշնակիցներին։ Եթե այստեղ կան խնդիրներ, թերություններ, ապա ամեն ջանք պետք է գործադրել դրանք վերացնելու համար։ Ես համարում եմ, որ մենք որոշակի հետևություններ ենք արել։ Հայաստանի անկախության օրը տեղի ունեցած զորահանդեսը մեկ անգամ ևս ցույց տվեց դա»։
Ժիրինովսկու բարբաջանքները համադրելով նրա իսկ արտահայտությունների հետ, ակամա սկսում ես մտածել. իսկ հոգեկան առումով առո՞ղջ է, արդյոք, այս քաղգործիչը։ Ահա, օրինակ, 2016-ի հուլիսի 21-ին ՌԼԴԿ-ի առաջնորդը Twitter-ի իր միկրոբլոգում գրում է. «Ցանկության դեպքում կարելի է նորից ԽՍՀՄ ստեղծել՝ ազատ սոցիալական հանրապետությունների միություն (ԱՍՀՄ)։ Կանչել Իրանին, Թուրքիային, այլ երկրների»։ Բա չասե՞ս սրան. լսիր, այ... դու վերջին անգամ Իրանում ե՞րբ ես եղել։ Ե՞րբ ես Իրանի ղեկավարության հետ շփվել։ Որտե՞ղ և ումի՞ց ես լսել, թե Իրանն ինչ-որ «միության» կազմում ենթակա կարգավիճակում կցանկանա լինել։ Ժիրինովսկի, դու գոնե գիտե՞ս, որ այժմ Իրանը «խնամակալում է» ԽՍՀՄ նախկին ՊԱԿ-ի նախկին «միավորը», այսինքն՝ Քրդական աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ)։ Այնպես որ, նպաստավոր պայմանների պարագայում Իրանը Թուրքիայից ուղղակի կվերադարձնի միջնադարյան շրջանի իր տարածքները, բայց հազիվ թե որևէ մեկին թույլ կտա թելադրել իրեն։ Եվ պատկերացնո՞ւմ եք, «նոր ԽՍՀՄ»-ի մասին այս հայտարարությունից մի ամիս էլ չանցած, օգոստոսի 1-ին, ՌԼԴԿ-ի առաջնորդն «Առաջ» հեռուստածրագրով ճամարտակում է. «Ես ձեզ վստահեցնում եմ, մի 5-10 տարի հետո մենք նոր պետություն կստեղծենք հարավում՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Սիրիա և Իրաք (այնտեղ արդեն խաղաղություն կլինի)։ Այն ավելի լավը կլինի, քան Ռուսաստանը, ՈՒկրաինան ու Բելառուսը։ Ահա և ձեզ ուղղափառ սլավոնացի եղբայրներ, ամենաշատ դավաճանները սլավոնացիների և ուղղափառների մեջ են։ Բոլորն են դավաճան։ Իսկ սրանք հավատարիմ կլինեն, որովհետև մենք կապահովենք նրանց անվտանգությունը։ Դա մեծ միություն կլինի»։


Դե, ի՞նչ ասեմ, դրոշդ բարձր պարզիր, Ժիրինովսկի, բայց միայն ո՞ւր մնացին գաղափարն ու հետևողականությունը։ Վերջապես ո՞ւր մնաց խելամիտ իրատեսությունն ու հարգանքը թվարկված երկրների նկատմամբ։ Ես ահա չեմ պատկերացնում, թե Իրանը, վերականգնելով ազդեցությունն իր պատմական տարածքներում՝ ի դեմս Իրաքի և Սիրիայի, հանկարծ ցանկանար այդ ամենը «նվիրել» մի ինչ-որ Ժիրինովսկու։ Կամ նույնիսկ Ռուսաստանին։ Ի դեպ, Ժիրինովսկի, չէ՞ որ պատմականորեն Վանը, Վանա լճի օկրուգը, առհասարակ Վասպուրականի թագավորության բոլոր հողերը և այլն, եղել են պարսից թագի ամենաթանկարժեք «գոհարներից» մեկը։ Ես սա ձեզ այնպես, ապագայի համար եմ հիշեցնում, ինչպես, ի դեպ, նաև Հայաստանի քաղաքացի իմ հայրենակիցներին։ ՔԱԿ-ի փեշմերգայի վրա հենվելը հաստատ կբարձրացնի (ժամանակի առումով) այդ հողերի նկատմամբ իր ազդեցությունը վերադարձնելու (գրողը տանի, մեկ էլ ու Թուրքիան «հանկարծ» սկսի փուլ գալ), ինչպես նաև այդ հողերը ֆիզիկապես իրեն միացնելու Իրանի հնարավորությունները։ Միգուցե ժամանակն է, որ ՌԼԴԿ-ի առաջնորդն իր աշխարհաքաղաքական նախագծերը որևէ կերպ «զուգակցի» այն իրական ծրագրերի հետ, որոնք կիրառական կարգով արդեն իրագործում է Իրանը։
Ես չէի էլ հիշի Ժիրինովսկու հայտարարությունների օգոստոսյան ցինիզմն ու հիմարությունը, եթե չլինեին նրա նոյեմբերյան «թուրքական հյուրախաղերն» ու հերթական անմիտ արտահայտությունները։ Հիշում եմ, հետո, նույն օգոստոսին, նա բազմիցս, կարծես, «ներողություն հայցելիս լիներ», պնդելով, թե իբր իր «թքած Հայաստանի վրա» արտահայտությունը «ճիշտ չեն հասկացել»։ Բայց ահա ՌԼԴԿ-ի պարագլուխը Թուրքիայում նորից շողոքորթում է թուրքերին։ Ի՞նչ է, թուրքական բանտում անցկացրած օրերի մասին «ջերմ հուշե՞րն են» հոգում հանկարծ «թունդ առել», որտեղ, ինչպես հայտնի է, Ժիրինովսկին խորհրդային տարիներին, այնուամենայնիվ, հասցրել է «նստել»։ Պարապ զբաղմունք է մի ինչ-որ բան խորհուրդ տալն այս մարդուն։ Եվ պարապ զբաղմունք է նաև բացատրել մեր հայրենակիցներին (Հայաստանում և Ռուսաստանում ապրող), որ չարժե հարցախեղդ անել քաղաքական այս ծաղրածուին ու քամելեոնին։ Այսօր սա հրապարակավ հայհոյանքներ է տեղում թուրքերի և Թուրքիայի գլխին, նրան «բաժանում» հայերի ու քրդերի միջև։ Իսկ մեկ ամիս հետո ճղճղում է «թուրքերի հավատարմության» մասին, հավաստիացնելով, թե պատրաստ է «անվտանգություն» ապահովելու թուրքերի համար։ Երեկ նա մարգարեություն էր անում Իրանի հետ դաշինքի վերաբերյալ և այլն, իսկ մեկ շաբաթ հետո ուզում է Թուրքիային հաշտեցնել Սիրիայի և Իրաքի հետ, թեև հիանալի գիտե, որ Դամասկոսն ու Բաղդադը թուրքերին մեղադրում են ագրեսիայի և իրենց տարածքների զավթման մեջ, և որ Սիրիան և Իրաքն Իրանի լուրջ աջակցությամբ հենց դրա համար էլ պատրաստ են պայքարելու Թուրքիայի դեմ։


Ժիրինովսկու քամելեոնատիպ ցինիզմը հակաերևույթ է ոչ միայն ռուսական։ Նման նողկալի հնարքներից օգտվում են, ըստ էության, ցանկացած խոշոր տերության քաղաքական շատ գործիչներ։ Հիշենք թեկուզև ամերիկյան սենատոր Ջոն Մակ-Քեյնին, որը բառացիորեն «աղի արցունք է թափում» ամբողջ աշխարհի ժողովրդավարության համար, իսկ ինքը քանի-քանի լուսանկար ունի, որտեղ պատկերված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու-Բաքր ալ-Բաղդադիի հետ։ Թեև նրա՝ Մակ-Քեյնի երկիրը պաշտոնապես ԻՊ խմբավորումը ճանաչել է օրենքից դուրս և համաձայն է (իբր) այն երկրների հետ, որոնք այսօր Իրաքում ու Սիրիայում պատերազմում են ԻՊ-ի ահաբեկիչների դեմ։ Բայց, իմ կարծիքով, եթե աշխարհում անցկացվեր «ցինիկ քաղաքական գործիչների առաջնություն», ապա հենց Ժիրինովսկին իր քամելեոնությամբ հաղթողի ամենահավանական հավակնորդներից մեկը կլիներ։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2676

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ