Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
06.12.2016 | 00:32

(սկիզբը՝ այստեղ)

Ամերիկացիները Վահագն Հերունու գործերից շատ գոհ կլինեն, դրանում կասկածներ լինել չեն կարող, ավելորդ հարցադրումներ չկան, հայ իրականության մեջ դա առաջին դեպքը չէ: Եթե հարցեր կան, ապա դրանք ուղղված են մեր իշխանությունների որդեգրած անհաջող ներքին քաղաքականությանը: Այդ ներքին քաղաքականությունը (եթե, իհարկե, դա քաղաքականություն համարենք) ուղղակի գլուխկոտրուկ-հանելուկ է: Դատեք ինքներդ. իշխանությունների մեջ արտադրատնտեսական խոր վակուում է առաջացել այն դեպքում, երբ Հայաստանում կան ակադեմիկոս Հերունու, Համազասպյանի, պրոֆեսոր Սամվել Գևորգյանի ու բազմաթիվ այլ հայ գիտնականների մշակած հիմնավոր ծրագրեր, որոնք ի վիճակի են միասին ու առանձին-առանձին վերցրած իրավիճակ փոխելու երկրի տնտեսության մեջ: Բոլոր հիմքերը կային ակնկալելու, որ ՀՀԿ 16-րդ համագումարում խոսքեր կլսենք Հայաստանի հելիոֆիկացիայի ու նմանատիպ այլ առաջարկությունների վերաբերյալ, քննարկումներ կսկսվեն, համապատասխան որոշումներ կընդունվեն, չեղան, չլսեցինք, նույնիսկ Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման մասին խոսակցություններ չեղան: Ինչո՞ւ չհնչեցին, ինչե՞ր կան թաքնված դրա տակ, հերթական ավանդական հայկական նախանձն ու չկամությո՞ւնն են այստեղ դրսևորվում, թե՞ ավելի մեծ գաղտնիքներ կան, որոնք բխում են համաշխարհային գլոբալիզացիայի խնդիրներից ու Մոսկվա-վաշինգտոնյան գաղտնի արձանագրություններից, որոնց գոյության մասին մենք կարող ենք միայն ենթադրություններ անել, բնավ տեղյակ չենք, բայց գիտենք, որ նման մի բան կա, այլապես այսպիսի պատային վիճակ չէր ստեղծվի պատերազմող մեր երկրում:

Առկա է անհասկանալի մի բան ևս. հիմնականում մերժելով հայ գիտնականների կոնկրետ առաջարկություններն ու ծրագրերը, իշխանությունները պատեհ առիթը բաց չեն թողնում, մեկ ավելորդ անգամ հիշելու և բոլորին հիշեցնելու մեր տաղանդավոր ժողովրդի, մարդկային կապիտալի (որը միշտ պտտվում, պտտվում է հայոց երկնակամարում, բայց, ի վերջո, օտարներին է ծառայում), երկրի տնտեսական ճգնաժամը հաղթահարելու, մարդկանց սոցիալական վիճակը բարելավելու, արտագաղթը կասեցնելու, հայերի ներգաղթը կազմակերպելու խնդիրները (16-րդ համագումարում ներգաղթը հայտարարվեց կուսակցության ծրագրային կարևոր դրույթներից մեկը¤: Չեմ կարող չփաստել. սիրիահայերի զգալի մասը գերադասում է մնալ ու ապրել պատերազմի պայմաններում, քան վերադառնալ հայրենիք: Գիտեմ դեպքեր, երբ մարդիկ ընտանիքներով լքում են Հայաստանն ու կրկին տեղափոխվում Հալեպ՝ ապրելու պատերազմի հենց բովում: Մարդիկ ոչ թե հեռանում, այլ փախչում են Հայաստանից, ու սրա վերջը չի երևում: Զարմանում եմ հանրապետականների հայրենադարձական կոչերից. եթե մեր ծանր պայմաններում ապրելու սովոր մարդիկ են ձգտում հեռանալ երկրից, ապա ի՞նչ հաշվարկներից ելնելով են մարդկանց Հայաստան հրավիրում, ի՞նչ պայմաններում են նրանք ապրելու, որտե՞ղ են աշխատելու:
Այստեղ է ասված՝ մուկը ծակը չի մտնում, ցախավելն էլ պոչից են կապում:


Հանրության համար տեսանելի են հանրապետության կարևոր պետական այրերի, այդ թվում՝ ՀՀ նախագահի ու ՀՀ վարչապետի բոլոր հանդիպումներն ու ելույթները, բայց տեսանելի չէ, թե ովքեր են նրանց համար ելույթներ գրում, ինչ-ինչ գաղափարներով սնում, աշխատանքային օրակարգեր ձևակերպում: Հետաքրքիր է իմանալ, թե ովքեր են նրանք, գրագիտության ի՞նչ մակարդակ ունեն, որտեղի՞ց են եկել, ի՞նչ հանձնարարություններ են ստացել, քաղաքական ու աշխարհաքաղաքական ի՞նչ պլատֆորմների վրա են հենված և այլն, և այլն: Այնպիսի տպավորություն է, թե Հայաստանի ղեկավար այրերը միշտ ընդունում են դեպքերի զարգացման այն տարբերակները, որոնք հակացուցված են մեր երկրին ու համայն հայ ժողովրդին՝ անտեսելով ազգօգուտն ու իրատեսականները: Եթե իշխանությունները, իրոք, ցանկանում են ստանալ ժողովրդի աջակցությունն ու օժանդակությունը, ապա ժողովրդի հետ պետք է կարողանան խոսել ժողովրդի լեզվով, ճիշտ խրատներ ու խորհուրդներ ստանալ նրանից, որովհետև ժողովուրդն իմաստուն է, կարողանում է հեռուն տեսնել, քանի որ նրա բոլոր առաջարկությունները սրտի խորքից են գալիս, դա անշահախնդիր կոլեկտիվ մտածողության արդյունք է: Հայաստանում անցկացվող համագումարային միջոցառումները ժողովրդի համար ընդունելի չեն, դրանք ընկալվում են որպես ոչինչ չտվող, բացառապես իշխանական էլիտայի շահերին ծառայող շոուներ, որտեղ ազգային շահերը տեղ չունեն:
Սպիտակի իմ ընկերների շրջանում հետերկրաշարժյան այսպիսի կանխատեսումներ են արմատացել.


-Էս ա, նորից դեկտեմբերի 7 ա գալի, Երևանի շեֆերն ու պաշտոնական դելեգացիաները վաղ առավոտյան գալու են, իրենց պսակները հիլ են անելու երկրաշարժի զոհերի հուշարձանների մոտ ու շտապելու են իրենց գործերին ու կերուխումին, ժողովրդի մասին մտածողը չկա («հիլ» բառը խորիմաստ կերպով է բնորոշում Հայաստանի բարձրագույն իշխանությունների վերաբերմունքը՝ Սպիտակի երկրաշարժից տուժածների կենսական խնդիրների նկատմամբ: Լոռեցիների մոտ այն նշանակում է ինչ-որ բան վրայից գցել, իրենից վանել, շպրտել, ցուցադրաբար նետել, անտեր թողնել, մոռանալ):


1998 թվականի դեկտեմբերի 7-ին նշվում էր Սպիտակի ավերիչ երկրաշարժի տասը տարին, Սպիտակի կենտրոնական հուշահամալիրի մոտ նախատեսված էր անցկացնել երկրաշարժի զոհերի հիշատակի պաշտոնական արարողությունը՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ, մեծ բազմություն կար հավաքված։ Հանկարծ իրարանցում սկսվեց, սպիտակցիները Քոչարյանին թողեցին ու, իրար հրմշտելով, ուղղվեցին դեպի հարակից հրապարակը (հիմա այն կոչվում է Վիկտոր Յանուկովիչի անվան հրապարակ. ՈՒկրաինայի նախկին նախագահը ակտիվ մասնակցություն է ունեցել աղետի գոտու վերականգնողական աշխատանքներին՝ մինչ ՀՀՇ-ի ու ԼՏՊ-ի կողմից ուկրաինացիներին վռնդելը¤: Պարզվեց` լուրեր էին տարածվել, թե Կարեն Դեմիրճյանն է գալու: Դեմիրճյանը եկավ: Եկավ մենակ՝ առանց թիկնապահների, իջավ մեքենայից ու ընկավ ժողովրդի գիրկը.
-Մեր փրկիչ, մեր Աստված, արի, մեր ցավին մի դարման արա, հնար չկա, գործ չկա, ապրուստ չկա, մի ճար արա, մենակ դու կարաս:


Իհարկե, տեսարանը շատ ծանր էր, հուզիչ ու արցունքաբեր: Մի կողմից՝ նախագահ Քոչարյանն էր մնացել՝ իր թիկնապահների ու մարզպետարան-քաղաքապետարանային պաշտոնյաների փոքրիկ խմբի հետ, մյուս կողմից, կարծես թե, Սպիտակի ողջ ժողովուրդն էր կանգնած՝ իր գրկում պինդ պահելով սիրելի, այստեղ տեղին կլինի ասել, իր սիրված առաջնորդ Դեմիրճյանին: Հավելեմ, որ ես Քոչարյան-Դեմիրճյան ընտրությունների ժամանակ պայքարում էի ու փորձում էի պահել Դեմիրճյանի ձայները, չստացվեց, կեղծեցին ու մեզ դեմ տվեցին անցանկալի նախագահին, ես այդ մասին գրել եմ ընտրակեղծիքների թեման քննարկելիս:
Սպիտակի հրապարակում հավաքված բազմությունը ներկայացնում էր մարդկանց իրական տրամադրություններն ու ստատիստիկան՝ առանց Ադիբեկ Ահարոնյանի կատարած էլեկտորատի «ճշգրիտ» կանխագուշակումների: Իմ կարծիքով՝ այս դեպքն էր պատճառը, որ Սպիտակի երկրաշարժին նվիրված բոլոր պետական-կառավարական-պաշտոնական միջոցառումները հետագայում տեղափոխվեցին Գյումրի, նման միջոցառումները Սպիտակում արդեն նշվում են տեղական, մարզային մակարդակով: Այստեղ էլ կան կոնկրետ քաղաքականություն ու որոշակի քաղաքական հաշվարկներ: Աստված իմ, ինչո՞ւ է հայերիս մոտ միշտ այդպես ստացվում. մարդիկ ցանկանում էին տեսնել Կարեն Դեմիրճյանին՝ որպես ազգի առաջնորդի, արդյունքում ստացան Ռոբերտ Քոչարյան՝ որպես պատիժ: Դեմիրճյանի ու հայ ժողովրդի միջև ձևավորված փոխադարձ սիրո ու վստահության մթնոլորտի պայմաններում մենք կարող էինք ժամանակին լուծել մեր երկրի տնտեսության ու, առաջին հերթին, աղետի գոտու վերականգնման խնդիրները:


Մի քանի օրից հայ ժողովուրդը դարձյալ նշելու է պատմության իր դաժան էջերից մեկը՝ 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հերթական դեկտեմբերի 7-ը, 28 տարի առաջ այդ օրը, ժամը 11.41-ին, վայրկյանների ընթացքում հիմնահատակ ավերվեց Հայաստանի արդյունաբերական հյուսիսը, քանդվեցին բնակելի շենքեր, գործարաններ, հիվանդանոցներ, բուհեր, մանկապարտեզներ, դպրոցներ, փլատակների տակ զոհվեցին ավելի քան 25 հազար անմեղ քաղաքացիներ, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում դպրոցականները: Երկրաշարժը սկսվեց դասամիջոցի զանգից 4 րոպե առաջ, դա է՛լ ավելի խորացրեց մեր ժողովրդի ողբերգությունը. մի քանի րոպե ու այդքան փորձանք մեկ ազգի գլխին: Կործանվեց նաև Սպիտակի իմ հարազատ թիվ 3 միջնակարգ դպրոցը, որտեղ սովորում էր 936 աշակերտ: Դպրոցականների մեծ մասը զոհվեց: Դա մեծ փորձանք ու անդառնալի կորուստ էր մեր ազգի համար, բայց պետք է շարունակել ապրել ու գոյատևել, պետք է դիմանալ, պետք է կառուցել մեր նոր բնակարանները, ստեղծել մեր նոր աշխատատեղերը, կազմակերպել մեր նոր կյանքը՝ կյանք երկրաշարժից հետո, անցյալին թողնելով թույլ տրված սխալները:


Ծիծեռնակը բույն է շինում, բույն է շինում ու երգում, բայց ամեն մի շիվ դնելիս իր հին բույնն է հիշում: Իհարկե, մենք հիշում ենք, մենք չենք մոռանում, մենք չենք կարող մոռանալ արհավիրքի զոհերին, մեր ընկերներին ու բարեկամներին, մենք չենք կարող մոռանալ մեր հին բույնը, բայց մենք պետք է կարողանանք շինել նորը, վերադառնանք կյանքի բնականոն ընթացքին, աշխատանքային նախկին ռիթմին: Սա այն մինիմումն է, մեր այն սուրբ պարտքն է, որը հնարավոր է անել այս պահին ու ինչ-որ չափով մխիթարություն գտնել դրա մեջ:
Երկրաշարժից 28 տարի անց հարց տանք մեր իշխանություններին ու մեզ բոլորիս՝ ի՞նչ ենք արել երկրաշարժից տուժած մեր քաղաքացիների, նրանց երեխաների, նրանց երեխաների երեխաների ու գալիք հաջորդ սերունդների համար, որ գեթ մի փոքր ամոքվեն, թեթևանան մարդկանց վերքերն ու, ի վերջո, ավարտվի երկրաշարժը: Հիշենք՝ երկրաշարժը չի կարող ավարտված համարվել այնքան ժամանակ, քանի դեռ մնացել է մեկ գործազուրկ, անօթևան ու հասարակությունից մերժված մեկ ընտանիք: Իշխանությունները պետք է հասկանան, որ, ի վերջո, պարտավոր են լուծել արհավիրքից տուժած մարդկանց հոգսերն ու ծանրագույն սոցիալական խնդիրները, դա իրենց սուրբ պարտականությունն է: Առայժմ քիչ բան է արված մարդկանց համար, կարելի է ասել, որ ոչինչ չի արված, աշխատատեղերի թիվը շատ հեռու է բավարար համարվելուց, աղետի գոտում համատարած գործազրկություն է տիրում, մարդիկ մի կերպ քարշ են տալիս իրենց գոյությունը՝ հույսները դնելով միայն օտար-ամայի ճամփաներում իրենց փրկությունը գտնելու մեջ: Իսկ Հայաստանի իշխանություննե՞րը:

Հայաստանի իշխանությունները շարունակում են ապրել, ապրել իրենց անհոգ, անվրդով կյանքով, համագումարներ են գումարում, կրակոտ ու հուսադրող ճառեր են արտասանում և փորձում են սուտ-սուտ խոստումներով մարդկանց կերակրել: Երկրաշարժը, նրա հետևանքների վերացման հույժ կարևոր խնդիրները մեր չինովնիկական դինաստիային բոլորովին չեն հուզում, ղեկավար այրերը զբաղված են իրենց քաղաքական հայացքները թրծելու գործով՝ իսկական պատուհաս ու երկրաշարժի նման մի մեծ փորձանք դառնալով մեր ժողովրդի գլխին: Անցած 28 տարիներին ես շարունակ փորձել եմ իմ նախաձեռնությամբ ինչ-որ բաներ կազմակերպել, որևէ բանով օգնել երկրաշարժից տուժած մեր հայրենակիցներին, մտածել գործարաններ, գիտական կենտրոններ կազմակերպելու մասին, բայց ամեն անգամ, հանդիպելով իշխանական մարմինների քար անտարբերությանը, հուսախաբված հետ եմ դառնում, բայց չեմ նահանջում, որովհետև համոզված եմ, որ հայի արյունը ջուր չի դառնալու, մի օր հաղթելու ենք: Նկարում պատկերված չքնաղ աղջնակները սովորում են Սպիտակի թիվ 3 միջնակարգ դպրոցում, վերջին անգամ նրանք մի հարցով դիմեցին ինձ, որը ես վերահասցեագրում եմ ՀՀԿ 160 հազար անդամներին ու, անձամբ, իշխող կուսակցության ու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին. Հարգելի պարոն Սարգսյան, մեր պապերը պատմել են, որ խորհրդային տարիներին Սպիտակում այսպիսի կարգ կար սահմանված. դպրոցն ավարտելուն պես կարելի էր աշխատել կարի ֆաբրիկայում կամ ուսումը շարունակել բուհերում: Մեզ՝ որպես երկրաշարժից տուժածների երկրորդ սերնդի, հետաքրքրում է հետևյալ կարևոր հարցը. Սպիտակում կլինե՞ն արժանավայել աշխատատեղեր, որտեղ մենք կկարողանանք աշխատել, երբ դպրոցն ավարտենք ու չափահաս դառնանք: Այս հարցը մտահոգում է մեր քաղաքի բոլոր դպրոցականներին՝ երկրաշարժից տուժածների 1-ին ու 2-րդ սերնդի ներկայացուցիչներին:


(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 3490

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ