Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թանկ երկիր Հայաստանս

Թանկ երկիր Հայաստանս
06.12.2016 | 00:41

Ինչո՞ւ է պետք բարեփոխել Հայաստանը. թերևս մեզ շրջապատող ամոթի ու ամաչելու տհաճությունը չզգալու և չապրելու համար, որոնք պարզապես ստորացուցիչ են մարդ-արարածի պարագայում: Անասունին կարելի է ճիպոտահարել, փողոցի կենդանուն ոտքով հարվածել, անտեր շանն ու կատվին հաչելով ու մլավելով ծաղրել: Երբ խոսքը մարդուն է վերաբերում, մարդկայնորեն ամաչում ես թե՛ քո ունեցածի, թե՛ դիմացինիդ չունեցածի համար: Այսօրինակ զրույցն անվերջ կարելի է շարունակել՝ ընդհուպ հասնելով նրան, որ ամոթ կարելի է զգալ երկրի օրենք համարվող ՀՀ բյուջեի հանդեպ:

Կասեք՝ դո՞ւ ինչու ես ամաչում, թող այն կազմողներն ամաչեն: Հարցն էլ հենց այստեղ է. նրանք ամաչելու տեղ, ըստ իրենց, չունեն կամ գրեթե չունեն, քանզի իրենց գործը թվերի հետ է, գումարել-հանելու, բաժանել-բազմապատկելու: Իրենք չեն կարող, չէ՞, աշխատասենյակները թողնել և գնալ տեսնել, թե ինչպես են հացթուխները հաց թխում, վարորդներն ուղևորներ տեղափոխում, գեղեցկության սրահները տատիկներին թարմացնում, ռեստորաններում էլ հարսանքավորներին հարբեցնում: Այս ամենի համար հատուկ վարձված մարդիկ կան, մեծ ու փոքր մասնագետներ, բաժինների վարիչներ ու վարչությունների պետեր, փորձագետներ ու օգնականներ, խորհրդատուներ ու խորհրդականներ, նեղ ոլորտների տիրապետողներ, ընթացիկ ու հեռանկարային ծրագրեր մշակողներ, դրանք գնահատողներ և ընթացք տվողներ, լուծումներ փնտրողներ ու դրանց լավն ու վատը զանազանողներ, ավագ ու գլխավոր խորհրդականներ, որոնց պակաս ՀՀ վարչա-կառավարչական բանակը չունի: Հանրահայտ խոսնակի խոսքերով` Մելիք-Ադամյան փողոցով անցնելու շնորհիվ պաշտոնյայից չինովնիկի վերափոխված մարդկային այս զանգվածն այլ բան չի անում, եթե ոչ փորձել մտնել մատի ու մատանու արանքը. դու գրավոր ցուցմունք տուր, թե որ համարի երթուղայինն է օրը 300 ուղևոր փոխադրում և հազիվ 100-ը ցույց տալիս, կամ որ հացաթխման փռում են օրը 10 պարկ ալյուր օգտագործում, փոխարենը 2-ի արդյունքը գրանցում, ավտոլվացման որ կետն է 50 լիտր ջուր ծախսելով հսկա ջիպը մաքրում-փայլեցնում կամ առանձնատան տիրոջն ինչպես է հաջողվում էներգիայի աննշան ծախսով տասմետրանոց ջրավազանի ջուրը 25 աստիճանի հասցնել: Եվ քանի որ մեր տեսակին գործ տվողների տեսակ դարձնել չի հաջողվում, ուրեմն և հաշտվեք այն ամենի ու վիճակի հետ, որում գտնվում և ապրում եք:


Այսօրինակ մոտեցման մեծ թե փոքր դրսևորումների հայաստանցիներս հանդիպում ենք Աստծո յուրաքանչյուր օր, պատեհ ու անպատեհ առիթներով, զավեշտի և իրողության պայմաններում, լրջության ու կատակի միջակայքում: Ասենք հենց թեկուզ նորանշանակ գյուղնախարարի «Առաջին դեմքից» հեռուստահարցազրույցի ընթացքում հնչեցրած այն մտքի տեսքով, թե՝ 1600 լիտր տարեկան կաթ տվող կովն անմիջապես վաճառիր: Ընդունենք, որ գեղարքունիքցի անասնապահը լսեց այդօրինակ խորհուրդն ու վաճառեց իր մալը կոտայքցի մեկին, որին այցելելը ևս ՀՀ գյուղնախարարի պարտականությունն է: Կոտայքցին էլ լսեց նախարարի խորհուրդն ու անասունը վաճառեց հարևան արագածոտնեցուն, սա իր հերթին հարևան մարզի անասնապահին և այսպես շրջանս յուր, մինչև գեղարքունիքցին կգնի տավուշցու կովը, քանզի առանց այդ կաթնատուի իր ընտանիքի ապրուստը շատ ավելի անմխիթար է, քան կովից անգամ մի լավ այծի չափ ստացած կաթի պարագայում:
ՀՀ շարքային քաղաքացին, որը երկրի այսօրինակ բազում գործերն ու հոգսերը հոգալն ու կառավարելը վստահել է իր իսկ կողմից վճարվող հարկերից ու տուրքերից գոյացող ֆինանսական միջոցների հաշվին պահվող մեծ, թե փոքր պաշտոնյաներին, խնդրի լուծման այլ պատասխան է ակնկալում, որը դրված է սույն մտահոգության վերնագրում՝ ինչո՞ւ: Ինչո՞ւ է պետք բարեփոխել Հայաստանը, ինչո՞ւ է կովը տարվա ընթացքում հազիվ 1600 լիտր կաթնատվություն ապահովում, ինչո՞ւ դեղեր կան, որ ցավին դարման չեն անում, ինչո՞ւ գազը նախկինի պես չի տաքացնում, ինչո՞ւ է ասֆալտ փռելը բարդ գործ դարձել, ինչո՞ւ են պետական գնումները գաղտնի արվում, ինչո՞ւ է քաղաքացին մեղադրվում ոստիկանի ցուցմունքով կամ զանցանքի համար ամիսներ շարունակ կալանավայրում պահվում աղքատիկ բյուջեի հաշվին, և այսպես «ինչու»-ների մի անվերջանալի շղթա, մերօրյա մի յուրահատուկ գլուխկոտրուկ, անհեթեթ իրավիճակ ու անհասկանալի գործընթաց:


Արդեն մտահոգությունս հայտնած ինչուներից մեկի առիթով, հետևյալ դիտարկումս ներկայացնեմ: Զրուցում եմ նույնպես գեղարքունիքցի անասնապահի հետ, որը երևանյան բնակությանս վայրի մի քանի տասնյակ ընտանիքների կաթնամթերքով է ապահովում: Բնակվում է մարզի ավաններից մեկում, 2000-ականներին 2 կով էր պահում ավտոտնակում, հիմա 3-ն են, պահում է քարից կառուցված գոմում: Արոտի նպաստավոր 5-6 ամիսներին 1 կովի օրվա 2 կիթը մոտ 15 լիտր է կազմում, կիթի մնացած շրջանում` մոտ 5 լիտր: Միջինը մոտ 3500 լիտր է ստացվում, ասել է՝ թե միայն կաթի տեսքով վաճառքը տարեկան 1 մլն դրամ է: Միայն այն, որ թիթեղից ավտոտնակի փոխարեն հիմա անասունները պահում է քարե գոմում, իսկ վերջերս էլ հնամաշ ռուսական արտադրության մեքենան փոխարինել է թող որ 12 տարվա ընդարձակ գերմանական «Մերսեդես»-ով, փաստում է, որ գործերը վատ չեն, եթե բավարար կամ լավ չասենք: Չորրորդ կովը չեն գնում, որովհետև պահելու տեղն է նեղվածք, թե կթել-վերամշակելը սեփական ուժերով չեն հասցնի, իսկ աշխատող վարձելն էլ իրենց վաստակածի մեջ չի տեղավորվում: Կարճ ասած, լավ-վատ ապրում են, զգուշավոր դժգոհում, հույս փայփայում, որ կաթնամթերք վերամշակողների կողմից գների հերթական բարձրացումից հետո իրենք էլ գները կբարձրացնեն և մի փոքր իրենց կենցաղը կբարելավեն, քանզի այլ ելք ու միջոց պարզապես չկա:


Ակամա հիշեցի ընտանեկան հանգամանքների բերումով Ավստրիա կատարածս այցերից մեկի ընթացքում Գրաց քաղաքի մերձակա ֆերմերային տնտեսությունում ունեցածս զրույցը: Տանտերն ասաց, որ ֆերման ընտանեկան մոտ 300 տարվա ժառանգություն է, նախկինում մինչև 40 կթու կով են պահել, հիմա 12-ն են: Գլխաքանակի նվազումը կապված է թե դրանց մթերատվության զգալի բարձրացման, թե անասնապահական մթերքների սեփական արտադրությամբ այլ ոլորտներում աշխատանք ծավալելու հետ: Ողջ գործը կատարում են ընտանիքի 4 անդամները՝ հայրն ու մայրը, ինքն ու կինը, շատ հազվադեպ, փոխնեփոխ արտերկրներ մեկնելու պարագայում դրսից աշխատող են վերցնում: Երբեմնի գոմատարածքներից մեկը վերակառուցել և զբոսաշրջիկների ընդունատեղի են դարձրել, ուր կան հանգստի ու ժամանցի բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ գազօջախ, լվացքի մեքենա և այլն: Նախաճաշը հիմնականում իրենց սեփական արտադրանքով են կազմակերպում, այնպես որ աշխատանքը շատ է, հիմնական արդյունքը՝ ստորգետնյա պահեստարանում կուտակված մի քանի տոննա կազմող պանիրների տեսականին, որոնց միացյալ հանրագումարը միայն լավատեսության է տրամադրում: Աշխատասիրության առումով մեր կաթնավաճառից որևէ ձևով չեն առանձնանում, իսկ ահա ունեցվածքով՝ սար ու ձորի տարբերություն է, որի հիմնական երաշխավորը կաթնատու կովերն են: Հարցիս, թե ինչի արդյունքում է հաջողվում յուրաքանչյուր կովից տարեկան միջին 12-14 հազար լիտր կաթ ստանալ, տանտերը տարակուսում է. իսկ ինչքա՞ն պետք է ակնկալել: Պատասխանի չսպասելով ավելացնում է՝ չէ՞ որ ես նրանց հանդեպ հոգատար եմ, լիարժեք կերակրում եմ իմ աճեցրած եգիպտացորենով, անասուններն էլ հոգածությանս կաթնատվությամբ են պատասխանում:


Ահա և հիմնական գաղտնիքը, թե ինչու են աշխարհի շատ երկրներում պահվող կովերը տարեկան 15 հազար լիտրի սահմաններում կաթնատվություն և օրը 1-1,5 կգ քաշաճ ապահովում, երբ ՀՀ ալպյան անվանվող արոտատեղերում պահվողները դրանց հազիվ 10-15 տոկոսն են տալիս, անասնապահությունն էլ տանջալից գործի վերածում, անհեռանկարային ոլորտ հռչակում: Իսկ ասենք Հոլանդիան հիշելիս հայերս ակնածանքի զգացում ենք ապրում, շարքային ապացույցը. վերջին 20-25-տարում մեր հայրենակիցներից շատերն են այնտեղ հաստատվել: Ինչո՞ւ, չէ որ Հոլանդիան հայերիս մոտ հիմնականում նույնացվում է կարտոֆիլի, պանրի, ծաղկի հետ, որտեղ մենք էլ լավ թե վատ կանք: Բայց ուր նրանց այս ոլորտները, ուր՝ մերը, նրանք հաջորդ դարում են, մենք, թող ներվի այս մոտեցման համար, նախորդից էլ անդին ենք: Այսպես եմ մտածում, որովհետև չգիտես ինչու օտարահունչ ագրարային համալսարան ունենք, նույնանուն ինստիտուտ, փորձադաշտ-կենտրոններ ու գյուղատնտեսական լաբորատորիաներ, գյուղգիտությունների դոկտորների ու թեկնածուների հսկայական բանակ, ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ու գյուղատնտեսության աջակցության հանրապետական ու մարզային կառույցներ, մեզ օգնության ձեռք մեկնած գյուղատնտեսության ու պարենի և գյուղոլորտի համաշխարհային կառույցների ներկայացուցչություններ… Իսկ կարտոֆիլի տնկանյութ տարիներ շարունակ Հոլանդիայից ենք ներմուծում, նրանց մասնագետներին հրավիրում մեզանում կարտոֆիլի պարզ չիփսեր արտադրելու համար: Հոլանդիայից նաև ծաղիկներ ենք ներմուծում, գուցե և պանիր ու տոտալ ֆուտբոլի արմատավորման տարրեր: Եվ այսուհանդերձ, ՀՀ բարձրագույն իշխանությունից որևէ մեկն իր ենթականերին չի հարցնում ու պահանջում, թեև սպառնալն էլ տեղին կլինի. ինչո՞ւ, պարոնայք, մեր մարդկանց ծառայելու կոչված այրեր, այդ երկիրն իր բնակլիմայական պայմաններով ու հողային կարողունակությամբ զգալիորեն զիջում է ՀՀ-ին, իսկ ահա հողի արդյունավետ օգտագործման ցուցանիշներով տասն անգամ գերազանցում է մեր երկրում ստեղծվող առաջնահերթ կարևորության պարենի արտադրությունները: Հենց միայն խոզի մսի արտադրությունը տարեկան 1,5 մլն տոննա է, երբ ՀՀ ցուցանիշը դրա 0,5 տոկոսին էլ չի հասնում: Եվ սա, ըստ ընկերներիցս մեկի տեսածի, երկրի անգամ հյուսիսում գտնվող Տեքսել կղզում աճեցվող եգիպտացորենով խոզերին կերակրելու շնորհիվ: Մեր գիտնականներն էլ են փաստում, որ այս մշակաբույսի 3 կիլոգրամը 1 կգ մսի է վերածվում, բայց որտեղի՞ց մեր խոզապահները հայթայթեն կենդանիներին խիստ անհրաժեշտ անասնակերի հազարավոր տոննաները:


Թե ինչու է պետք երկրի կայացման հիմքում եգիպտացորենի հատիկի որոշակի ծավալների արտադրություն կազմակերպել, հիմնավորում է աշխարհի գերհզոր տնտեսություն ունեցող և տասնյակ այլ երկրների փորձը: Այս մշակաբույսը հեկտարի հաշվով ցանքսի նվազագույն սերմի քանակ է պահանջում, մինչև 20 կգ, երբ հանրահայտ ցորենը 200 կգ է, առաջինի բերքատվությունը մինչև 15 տոննա է, ցորենինը 6-8 տոննա: Ահա ինչու են ԱՄՆ-ում յուրաքանչյուր տարի 350 մլն տոննա եգիպտացորենի հատիկ արտադրում, երբ ցորենը 50-60 մլն տոննա է: Չինաստանի ու Բրազիլիայի տնտեսական հաջողություններն էլ են կարծես սկսվել այս մշակաբույսի օգնությամբ, որը հիմնական միջոց է կենդանական ծագման սննդի արտադրության ասպարեզում: Չինաստանում ցուցանիշն այժմ 220 մլն տոննա է, Բրազիլիայում մոտենում է 100 մլն տոննային: Փոքրիկ Սերբիան մինչև 6-7 մլն տոննայի է հասցրել եգիպտացորենի հատիկի արտադրությունը, դարձել կենդանական ծագման սնունդ արտահանող երկիր: 10-12 մլն տոննա է այս մշակաբույսի արտադրությունը Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում: Քաղաքակրթության օրրան Ֆրանսիայում այն 20 մլն տոննա է: Մարդկությունը 3-րդ հազարամյակ տեղափոխվեց եգիպտացորենի հատիկի 1 մլրդ տոննա ցուցանիշը հատելով, երբ ցորենը տասնամյակներ շարունակ 700-750 մլն տոննա է: Կարելի է առանց չափազանցության պնդել. եգիպտացորենը փրկում է աշխարհը: Օրինակ, պարզ չէ, թե ինչպես կպահեին իրենց չինացիները, եթե 1980-ականներից չլուծեին այս մշակաբույսի մասսայական մշակումը, որի շնորհիվ կանոնավորեցին իրենց պարենային ապահովությունն ու անվտանգությունը, վերացրին ծնունդների սահմանափակման արգելքը, բարեփոխեցին իրենց երկիրը: Փաստ է, որ աշխարհում խոզի մսի 100 մլն տոննա արտադրության 50-60 մլն տոննան չինական ծագում ունի, բուռն աճ կա թռչնի մսի արտադրությունում, երկրի մանկապարտեզներում երեխաներն արդեն կաթ են խմում և այլն: Իրողություն է նաև, որ միակուսակցական այս երկրում հասարակություն-իշխանություն հակամարտությունը վերջին անգամ արձանագրվել է հեռավոր 1989-ին: Այսօր հազարավոր կիլոմետրեր հեռվում գտնվող Բրազիլիայից Հայաստան հասցված խոզի ու հավի միսը տեղականի համեմատ կես գնով է վաճառվում, որը լատինաամերիկյան այդ երկրում հնարավոր է դարձել տասնյակ միլիոնավոր տոննաներ եգիպտացորեն մշակելու արդյունքում, երբեմն սուրճի պլանտացիաները կրճատելու հաշվին: ՌԴ-ում, որի տնտեսությունը խնդրահարույց է, 2000 թվականին եգիպտացորենի հատիկի արտադրությունը կազմել է հազիվ 1,5 մլն տոննա, 2016-ին՝ 15 մլն տոննա, որը լիարժեք անասնակերի հիմնական բաղադրիչ օգտագործելու արդյունքում է հնարավոր դարձել էապես կրճատել կաթի ու մսի ներմուծումները, աշխատանք ապահովել միլիոնավոր սեփական գյուղացիական ֆերմաների և վերամշակողների համար:

Զգալի են մեր հարավային հարևանների հաջողությունները. օրերս պարզեցի, որ Իրանում հավի մսի կգ-ը ՀՀ արժույթով 1000 դրամ է, մերը՝ 1500 դրամ: Իրանում նման արդյունքի թերևս հասնում են մեծ ծավալների շնորհիվ: Երկրում հավի մսի տարեկան արտադրությունն անցնում է 2 մլն տոննան, 1 բնակչի հաշվով ստացվում է 25 կգ, երբ ՀՀ ցուցանիշը հազիվ 2,5 կգ է:
Ապշել կարելի է. կաթ վերամշակողները սնանկացումից են խոսում, երբ նրանց արտադրանք կաթնաշոռը սուպերմարկետներում 1 կգ-ը 2000 դրամով է վաճառվում: Կողքի մինիմարկետում նույն օրը բերվածը 1000 դրամ է, մարդիկ այն հերթ կանգնելով են գնում: Համանման պատկեր է ոչ միայն կաթնամթերքի, այլև մսամթերքի վերամշակման ոլորտում. նայեք բաստուրմա անվանվող արտադրանքի գները, որոնք հասու չեն անգամ միջին եկամուտ ունեցողներին: Տարօրինակորեն մատչելի է երշիկեղենը, որից հանրության մի զգալի հատվածը նույնքան տարօրինակորեն չի օգտվում: Պատկեր է ուրվագծվում, որ մեզանում շուկայական ոչ մի սկզբունք չի գործում, այն վայրի հռչակելն էլ բոլորովին անտեղի չէ: Այնպես որ, պետք չէ տարակուսել, թե մեր հայրենակիցներն ինչու են հեռանում Հայաստանից. որովհետև այն դառնում է «էս երկիր», թիվ 1 գիտնականի բնորոշմամբ` քոսոտ, որտեղ անգամ առավոտյան ամենահամեստ նախաճաշն է շքեղություն և արդյունքում՝ «մի կյանք ունեմ» մտածողությունը գերիշխող: Վստահեցնում եմ, որ հայերի այդ տեսակը, որոնց վերջին տարիներին հանդիպել եմ ընտանեկան հանգամանքների բերումով արտերկրներ այցելությանս ընթացքում, պաշտոնյայի կամայականության, ոստիկանի բռնարարքի, բժշկի անփութության, հարկայինի կամակորության, համանման այլ դրսևորումների պատճառով չէ որ հեռանալու որոշում են կայացրել, այլ կենցաղի ու առօրյայի պարզ խնդիրների հանդեպ իրենց անզորության. թանկ երկիր է Հայաստանը, որտեղ պաշտոնյան, ոստիկանը, բժիշկը պարզապես գոյատևում են, երբեմն դրան էլ չդիմանալով:


Եվ հարցը՝ ինչո՞ւ ենք այսչափ անփույթ Երկիր-մոլորակի թիվ 1 մշակաբույս դարձած եգիպտացորենի հատիկի սեփական արտադրության ծավալման հանդեպ, հնչում է ինքնաբերաբար: Համոզվել ենք, չէ՞, որ այն լավագույնս է աճում մեր հողերում, որի ապացույցն է օգոստոս-նոյեմբեր ամիսներին եգիպտացորենի աչք շոյող կողրերի առկայությունը մեր առևտրային ցանցում: Դրանց որոշ տեսակներ շրջագծով մինչև 18-20 հատիկ են պարունակում, որ քիչ կհանդիպեք շատ այլ երկրների դաշտերում: Ասել, թե ՀՀ կառավարությունը ոչինչ չի արել այս ուղղությամբ, սխալ կլինի: 2007-2008 թթ. պետությունը սերմ գնեց և անվճար հատկացրեց գյուղացիական տնտեսություններին, այս մշակաբույսը ցանողներին 1 հեկտարի հաշվով 35 հազար դրամ գումար տրամադրվեց, գյուղնախարարության ինստիտուտների փորձադաշտերում ցանքսեր իրականացվեցին, քայլեր ձեռնարկվեցին գյուղտեխնիկա հայթայթելու ուղղությամբ, Ավստրիայից կաթնատու կովերի գլխաքանակ գնվեց և... Այս ամենը նախաձեռնած նախարարի, կառավարական կոալիցիայի իր կուսակից ընկերների միաժամանակյա անհասկանալի հրաժարականից հետո գործընթացը տարօրինակորեն դադարեցվեց: Հետագա տարիներին սերմի գնումն ու հատկացումը շարունակվեցին արտառոց պասիվության պայմաններում. ՀՀ գյուղնախարարությունն ու նրա մարզային մինինախարարություններ հանդիսացող գյուղատնտեսության աջակցության հանրապետական ու մարզային կենտրոններն անգամ պարզագույն խորհրդատվություն չծավալեցին: Երկրում հազիվ 4-5 հնամաշ շարքացան կա, երբ պահանջվում են հարյուրավորներ, եգիպտացորեն հավաքող ընդամենը մեկ կոմբայն, երբ հարկ է տասնյակներով ունենալ:

ՀՀ իրար հաջորդող կառավարություններն այն են անում, որ խնդրի շուրջ ահազանգումները որպես գյուղքաղաքականություն իրականացնող կառույց գյուղատնտեսության նախարարություն են հասցեագրում, այստեղ էլ անվերապահորեն ընդունելով հարցի կարևորությունը, միայն խոստումներով են առաջնորդվում: Այս ընթացքում ՀՀ գյուղերը դատարկվում են, հողերը չեն մշակվում, գյուղաբնակը խռովում է իր վիճակից, օտարվում աշխատանքից, երկիրն էլ վտանգում պարենային անվտանգությունը` սննդամթերքի հիմնական տեսակների ապահովվածությունն իրականացնելով ներկրողների օգնությամբ: Հատկապես կենդանական ծագման սննդամթերքների առաջարկ-պահանջարկի անհամապատասխանությունը հանգեցնում է տեղական կաթ-կաթնամթերքի և միս-մսամթերքների պարբերական գնաճի, իր բացասական բազմակի հետևանքներով: Սույն մտորումները գրառելու նախօրեին պարզեցի, որ նորզելանդական կարագը, որի 1 կգ-ը 2720 դրամով էր վաճառվում, նոր գին ունի՝ 3000 դրամ, թանկացումը՝ ամբողջ 10 տոկոս: Առնվազն տարօրինակ է դիտարկվում նաև հյուսիսային երկիր Ֆինլանդիայից կարագի ներմուծումը, երբ հարկ է, որ հակառակը լիներ: Այսօրինակ փաստ էլ ունենք. Ռուսաստանից բանան ենք ներկրում, այդ երկիր Հայաստանի վերամշակողների հատիկ ու աղացած սուրճ արտահանում: Եվ այսուհանդերձ ՀՀ գյուղոլորտը տարիներ շարունակ 12-14 տոկոս աճ էր գրանցում, երբ անգամ Իսրայելից ստեպղին (գազար) էր ներկրվում: Թե ինչպես է հաջողվում առանց համատարած հաշվառում իրականացնելու, որը ՀՀ կառավարության որոշման պահանջ է, նման արդյունքներ գրանցել, երբ ոմանք այն նկարչություն են որակում, դժվար է ասել:


Անառարկելի է. ՀՀ տնտեսության կայուն զարգացումը պարտադրում է առաջիկա 3-4 տարիներին երկրում եգիպտացորենի հատիկի արտադրությունը ներկայիս 20 հազար տոննայից, որը հիմնականում սպառվում է բնակչության կողմից խաշել-խորովել խրախճանքի տեսքով, հասցնել նվազագույնը 300-350 հազար տոննայի, որպես լիարժեք անասնակեր օգտագործելու նպատակով: Ակտիվ պետական համաֆինանսավորման օգնությամբ խոզի մսի ներկայիս 6-7 հազար տոննա արտադրությունը հասցնել 50-70 հազար տոննայի, բարերար միջավայր ստեղծել թռչնի մսի արտադրությունում, ծավալել եգիպտացորենի ձեթի հայրենական արտադրություն, անասնագլխաքանակների կանոնակարգված սպանդի արդյունքում վերակենդանացնել կաշվի վերամշակման ոլորտը, այսկերպ լուծելով կոշիկի, հագուստի, կահույքի, սպորտային իրերի արտադրությունները տեղական հումքի վրա ծավալելու խնդիրը: Հնարավորությունների սղության պարագայում հարկ է օրենսդրական կարգավորման օգնությամբ լուծել որոշ հողատարածքներ կոնցեսիոն պայմանագրերով արտերկրների եգիպտացորեն մշակողներին տրամադրումը: Նշեմ, որ 1 բնակչի հաշվով մեր վարելահողային կարողունակությունը 2000 քառակուսի մետր է, Չինաստանում` 800 քմ, Եվրոպայի մի շարք գերզարգացած գյուղոլորտ ունեցող երկրներում` 500-600 քմ, ասել է՝ Հայաստանը սակավահող ու փոքր հռչակելը պարզապես անիմաստ զբաղմունք է, եթե այլ գնահատական չհնչեցնենք: ՀՀ տարածքն ունեցող Բելգիայի բնակչությունը 11 մլն է, Հայաստանի տարածքն ունեցող Հոլանդիայինը՝ 17 մլն, երբ մեր տնտեսագիտական ու տնտեսավարական միտքը, որքանով որ այն կա, կասկածի տակ է առնում երկրում 7-8 մլն բնակչության հնարավորությունը: Պատճառը երկրի հողային, ջրային, ջերմային կարողունակությունը չբացահայտելն է, այն պատճառաբանությունների ու արդարացումների միջոցով փոխարինելը: Բելգիայում 1 բնակչի հաշվով ՀՆԱ-ն 43 հազար դոլար է, Հոլանդիայում՝ 47 հազար դոլար, ՀՀ-ում 3,5 հազար դոլար: Այս երկրներում էլ են զարմանում, թե ինչու են իրենց նորօրյա հայազգի հայրենակիցների բնօրրանում ցուցանիշներն այսչափ անմխիթար: իրոք դժվար է հասկանալ, քանզի գյուղոլորտը ռիսկային լինելով հանդերձ էլ երկրներում այնպիսի վիճակ չի ստեղծվում, որպիսին առկա է Հայաստանում: Մեզանում գործում է «մերն ուրիշ է» մոտեցումը, ՀՀ-ն այլոց բանջարա-բոստանա-այգեգործական կցորդ դարձնելու սկզբունքը, իսկ սոխն ու սխտորը... կներմուծենք: Էլ ավելի տարօրինակ է, երբ կադրերի հսկա զանգված ունեցող պետական մոնստր համակարգը կասկածի է ենթարկում արված փաստարկված առաջարկը: Առավել տարօրինակը նաև այն է, որ ՀՀ տնտեսության կայացման ծրագրերի առումով հանրությանը դիմող ՀՀ կառավարությունը երբևէ որևէ մակարդակով սույն հարցի քննարկում չի իրականացրել, այսկերպ իրեն օտարելով ՀՀ կայացման հիմնավոր գործընթացից: Հիմնականում այսկերպ է հնարավոր սկսել կյանքի ու կենցաղի որակի բարեփոխումը, հանրություն-իշխանություն հարաբերություններում բարերար միջավայրի ստեղծումը, տնտեսության կայուն և ապահով զարգացումը, հնարավոր ցնցումները նվազագույն կորուստներով դիմակայելը, հայրենիքը հպարտորեն սերունդներին ժառանգելը:


Հայերիս երկիրը դրախտավայր է հռչակվել, թանգարան բաց երկնքի տակ։ Այն պարտավոր ենք գրավիչ և Աստծո պարգև մեր տեսակին վայել ապրելավայր դարձնել: Այն սերունդներից առավել ներկաներիս է պետք, քանզի մեր հեռահար խնդիրների իրականացումը բացառապես նրանց թողնելը ոչնչով հիմնավորված ու արդարացված չէ:


Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3252

Մեկնաբանություններ