Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Ճարները կտրած՝ ընդդիմության հետ են շփվում»

«Ճարները կտրած՝ ընդդիմության հետ են շփվում»
06.12.2016 | 00:44

Երեկ խորհրդարանն այս տարվա վերջին հերթական քառօրյա նիստը գումարեց։ Նախընտրական շունչն ակնհայտ էր։ Սովորականից շատ ավելի սրընթաց դատարկվում էր դահլիճը, ոմանք էլ, գլուխ գլխի տված, իրենց համագործակցության ու քաղաքական ապագայի գծագրերն էին կազմում։ Շուտով կմեկնարկեն նաև նախընտրական խոստումներն ու ժողովրդի դարդով «տապակվող» քաղաքական գործիչների սրտաճմլիկ ճառերը։ Իսկ մինչ այդ ՀԱԿ խմբակցության ղեկավարը ՀՀԿ վերնախավին հորդորեց այսօրվանից գնալ մարզեր ու մարդկանց դարդին դարման անել։ Արմավիրի մարզի գյուղերի բնակիչների հետ հանդիպումից հետո ընդդիմադիր գործիչը պահանջում էր, որ ԱԺ-ն գոնե վերջին քառօրյայում առավել հրատապ հարցերի անդրադառնա, ասենք, գյուղացիների վարկային բեռին։ «Գյուղացիները զանգվածաբար թաղվել են վարկային, պարտքային փոսի մեջ, մարդիկ 2-5 մլն դրամի պարտք են կուտակել, որի կեսը տույժ ու տուգանք է: ՈՒ սա մի քանի անբարեխիղճ մարդկանց հարց չէ, խնդիրը համակարգային է: Արևիկը եղել է ամենահարուստ գյուղերից մեկը, այսօր այդ գյուղում բոլորն անխտիր գրավադրել են իրենց տները»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանը՝ Գալուստ Սահակյանին առաջարկելով այս խնդրի առնչությամբ լսումներ անցկացնել։ ԱԺ-ի նախագահը պատգամավորին խորհուրդ տվեց լսումների հարցը կարգավորել հանձնաժողովում։ «Ժողովրդի հետ հանդիպելը քաղաքական գործչի համար թասիբի հարց է»,- հակադարձեց Զուրաբյանը և հորդորեց Գալուստ Սահակյանին ու վարչապետին գնալ այդ գյուղերը։

-Փաստորեն, պարոն Զուրաբյան, մեր պաշտոնյաներն իրականությունից կտրվա՞ծ են։
-Անկասկած: Գյուղացիներն ահավոր բորբոքված ու զայրացած են։ Սա առանձին մարդկանց խնդիր չէ, ողջ համակարգն է այդպիսին։ Պետք է գնալ ու տեսնել, թե ինչպես են մարդիկ իրենց տները գրավադրել։ Նրանք չեն կարողանում պարտքերը վճարել, բոլորը ԴԱՀԿ-ի, բանկերի, դատարանների ճնշման տակ են։
-Կարծում եք՝ այդ խնդիրներին իշխանությունը լավատեղյակ չէ՞։
-Բայց իշխանությունը ոչինչ չի անում դրանք լուծելու ուղղությամբ։ Հարյուրհազարավոր մարդիկ այդ վիճակում են։ Սա մեր տնտեսության փլուզման հիմնական գործոններից մեկն է։ Պետք է հստակ գործ անել։ Սա միայն կառավարության խնդիրը չէ, նաև բանկերի խնդիրն է։ Բոլորը պետք է լծվեն գործի, այնինչ ոչ մեկը մատը մատին չի տալիս։
-Շուտով նախընտրական շրջան է, ու բոլորը գնալու են գյուղացու դուռը։ Այդ այցերից հետո խնդիրը կլուծվի՞։
-Եթե նախընտրական շրջան է, թող գնան։ Ինչո՞ւ չեն գնում։ Կոնկրետ առաջարկ արեցի՝ վարչապետի հետ գնալ այդ գյուղերը։ Այդ մարդիկ, ճարները կտրած, ընդդիմության հետ են շփվում, գիտեն, որ իշխանությունից ոչ մի հույս չկա։ Անգամ իրենց պատգամավորին չեն տեսել, չգիտեն՝ ով է։ Ինչո՞ւ պետք է ես, որ իրենց պատգամավորը չեմ, գնամ ու զբաղվեմ այդ հարցերով։ Բայց գնում եմ ու բարձրաձայնում խնդիրները։ Որպես ընդդիմություն, բացի աղմուկ բարձրացնելուց, ինչ-որ լուծումներ առաջարկելուց, այլ հնարավորություն, լծակներ չունենք, ինչ էլ առաջարկում ենք, մերժում են։ Միջգերատեսչական լուծումներ են անհրաժեշտ, ինչ-որ մեկը պետք է համակարգի այդ աշխատանքները, ԱԺ-ն լավագույն ատյանն է։ Առավել ևս, երբ անցում է կատարվում խորհրդարանական կառավարմանը։
-Ինչո՞ւ չեն գնում Ձեր մատնանշած ուղղությամբ։
-Շատ պարզ է պատճառը, իրենց գործունեության հետևանքով է այսպիսի իրավիճակ ստեղծվել, դրա տակից չեն կարող դուրս գալ։ Շատերն օգտվում են այս վիճակից, գուցե հատուկ են մարդկանց հասցնում սնանկացման, որ հետո կարողանան էժան գներով այդ տները, հողերը գնել և խոշոր տնտեսություններ ստեղծել։ Չեմ բացառում, որ չարամիտ քաղաքականություն է վարվում։ Եթե այդպես չէ, ապացուցեք, հավաքվեք ու խնդիրը լուծեք։
-ՀՀԿ-ն ասում է՝ վերափոխվում եմ։ Վարչապետը հայտարարում է, թե պայքարելու է կոռուպցիայի, թալանի ու շատ այլ արատավոր երևույթների դեմ։ Գուցե վերափոխվե՞ն։
-Վերափոխվելու առաջին քայլն եմ առաջարկում՝ գնացեք ու մարդկանց հետ հանդիպեք։ Բա իշխանություն եք, դուք պետք է առաջինը գնայիք ու այդ գյուղացիների հոգսին հաղորդակից լինեիք։ Գնացեք, լսեք այդ մարդկանց։ Ձեզ համարում եք ժողովրդի կողմից ընտրված իշխանություն, դե գնացեք, հանդիպեք, ժողովուրդը հոգատար իշխանության կարիք ունի։ Այսօր մենք տեսնում ենք իշխանության բացարձակ անտարբերությունը, ուղղակի թքած ունեն այդ խնդրի վրա։
-Նախընտրական շրջան է, և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը կխոսեն, կխոստանան, բայց ժողովուրդը դարձյալ կմնա իր հոգսի հետ միայնակ։ Հնարավո՞ր է գոնե այս անգամ խուսափել այս սցենարից։
-Նախընտրական շրջանում ժողովուրդը պետք է տարբերակի՝ ով է իր խնդիրների լուծմամբ զբաղվում, ով է զբաղված թալանով։ Եթե ժողովուրդն այս տարբերակումը չանի, ոչ մի բան չի փոխվի։ Այսօր ժողովուրդն ունի հնարավորություն՝ թալանողին «ոչ» ասելու, դա իր ձայնն է։


Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2616

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ