Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Սիրիայում ոչ թե պայքարում են ահաբեկիչների դեմ, այլ գերտերությունները մրցում են ազդեցության գոտիների համար»

«Սիրիայում ոչ թե պայքարում են ահաբեկիչների դեմ, այլ գերտերությունները մրցում են ազդեցության գոտիների համար»
06.12.2016 | 00:48

Վերջին շրջանում նկատվող ռուս-թուրքական մերձեցման մասին զրուցում ենք «Արևելք» գիտահետազոտական և վերլուծական կենտրոնի փորձագետ, թուրքագետ ԿԱՐԵՆ ՍԻՐՈՒՆՅԱՆԻ հետ։

Թուրքագետը, խոսելով ռուս-թուրքական մերձեցման նախադրյալների մասին, մերձեցման ճանապարհները բաժանում է երկու մասի՝ բնական և արհեստական։ Ըստ մեր զրուցակցի՝ Թուրքիան գտնվում էր բացարձակ մեկուսացման մեջ՝ ճնշումներ Արևմուտքի կողմից, ինչի պատճառով հայտնվել էր բավականին բարդ իրավիճակում։ Նույն դրությունն է նաև Ռուսաստանում։ Եվ այս երկու երկրներն իրենց նկատմամբ վարած քաղաքականության արդյունքում պետք է բռնեին համագործակցության ուղին։ «Սրանք այն նախադրյալներն էին, որոնք տանում էին դեպի մերձեցում, սակայն դա չի նշանակում, թե այս երկու երկրների միջև հակասությունները վերանում են, և նրանց միջև առկա խնդիրները պետք է լուծված համարել։ Թուրքիան և Ռուսաստանը դարեր շարունակ ունեցել են աշխարհաքաղաքական լուրջ հակասություններ»,- նշում է Կարեն Սիրունյանը։
Թուրքագետն ընդգծում է, որ և՛ անցյալում, և՛ հիմա Թուրքիան փորձում է տարածաշրջանում կարևոր դերակատարում ստանձնել։ Ռուսաստանը նույնպես փորձում է վերականգնել իր կորցրած դիրքերը, և այստեղ երկու երկրների շահերը չեն կարող միմյանց հետ չբախվել։ Տարածաշրջանում երկու երկրներն ավանդաբար լուրջ հակասություններ ունեն՝ կապված Մերձավոր Արևելքի, Անդրկովկասի և Միջին Ասիայի երկրների հետ, նրանք այդ տարածքները դիտարկում են անվտանգության գոտի և փորձում են առանձին-առանձին այդ վայրերում հաստատել իրենց ազդեցությունը։ Թուրքիան ներկա դրությամբ ցանկանում է վերականգնել Օսմանյան կայսրությունը կամ գոնե տարածել իր ազդեցությունը նախկին Օսմանյան կայսրության երկրներում, և այդ քաղաքականության մասին մեկ անգամ չէ, որ տեղեկացրել է։ Ռուսաստանը, սակայն, պաշտոնական և ոչ պաշտոնական շրջանակների կողմից արձագանքել է այդ նկրտումներին՝ ասելով, թե անցել են Օսմանյան կայսրության ժամանակները։ Այսինքն՝ սա հստակ հաղորդագրություն է թուրքական կառավարությանը։ Ըստ թուրքագետի՝ սա խորքային հակասություն է, որ շատ ցայտուն կերպով դրսևորվում է այս պահին։


«Այս երկու երկրները միմյանց հետ բազմիցս պատերազմել են, և այդ պատերազմն առայսօր ավարտված չէ, որովհետև այդ պատերազմում դեռևս չեն հստակեցվել ազդեցության գոտիները։ Չմոռանանք նշել, որ Ռուսաստանի կողմից դեռևս վերացված չէ նաև Միջերկրական ծովում իր ազդեցությունը տարածելու և ընդհանրապես Թուրքիան իր վերահսկողության տակ վերցնելու հանգամանքը, խնդիր, որը դարեր շարունակ Ռուսաստանը հետապնդում է։ Եվ ես չեմ կարծում, որ այդ գլխավոր ռազմաստրատեգիական ծրագիրը Ռուսաստանի համար անցյալ է։ Դրա ցայտուն վկայությունը դարձավ Սիրիան։ Ի՞նչ է Սիրիան Թուրքիայի համար. մեկ անգամ չէ, որ այս երկիրը հայտարարել է, որ Սիրիան իր համար անվտանգության գոտի է։ Թուրքիան բազմիցս ասել է, որ կնվաճի կամ կվերագրավի Սիրիան, որ Օսմանյան կայսրության նախկին տարածք է և անվտանգության գոտի Թուրքիայի համար։ Տարածաշրջանում ներկա ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն, Եվրամիությունը, Ռուսաստանը չեն կարող մասնակից չլինել այս գործընթացին, որովհետև եթե այդ տարածքն անվտանգության գոտի է համարվում Սիրիայի և Արևմուտքի համար, ապա ինչու այն անվտանգության գոտի չպետք է համարվի Ռուսաստանի Դաշնության համար, որը փորձում է վերականգնել իր կորցրած դիրքերն այդտեղ։ Այստեղ հակասությունը պետք է ցայտուն կերպով դրսևորվեր, և այն չուշացավ»,- ասում է Կարեն Սիրունյանը։


Մեր զրուցակիցը նշում է, որ այս երկու երկրների միջև նկատելի են միայն տնտեսական մերձեցման ինչ-ինչ քայլեր, բայց չի կարծում, թե քաղաքական առումով լուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել. «Վերջերս Հալեպի շուրջ ձեռք բերվեցին պայմանավորվածություններ, և շատ կողմեր, ներառյալ Թուրքիան, դրանք ներկայացրին որպես Սիրիայի տարածքի կիսում Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Դա անհեթեթություն է, քանի որ ճիշտ է, Թուրքիան խաղացող է, սակայն չի կարող անտեսել Արևմուտքին և այլ երկրներին և փորձել ինքնուրույն տարածքներ կիսել։ Ռուսաստանը երբևէ չի կարող թույլ տալ, որ Թուրքիան այնտեղ հաստատի իր ազդեցությունը։ Սրա վկայությունն այն է, որ այդ երկու երկրները Սիրիայի իշխող վարչախմբի նկատմամբ տարբեր դիրքորոշումներ ունեն։ Ռուսաստանը միանշանակ սատարում է Ասադի ռեժիմին, իսկ Թուրքիան՝ ոչ։ Սա նշանակում է, որ երկու երկրների միջև խորքային հարցերը լուծված լինելուց բավականին հեռու են»։


Այս համատեքստում թուրքագետը հիշեցնում է քեմալաբոլշևիկյան մերձեցումը։ Այն ժամանակ էլ կողմերը պայմանավորվեցին իրենց ազդեցության գոտիների բաժանման հարցում։ Ռուսաստանը տարվեց համաշխարհային բոլշևիկյան հեղափոխության սին պատրանքներով։ Որոշեց, որ քեմալականներն արդեն բոլշևիկներ են, և նրանց որոշակի զիջումներ կատարեց, ինչի համար, հավանաբար, բազմիցս զղջացել է։ Թուրքիան այն ժամանակ էլ վարում էր այսօրվա խաղը։ Նա Ռուսաստանին համոզում էր օգնել, որպեսզի ինքը վարի ինչ-ինչ չեղած ապստամբություն, հեղափոխության քաղաքականություն, բայց պարզ դարձավ, որ Թուրքիայի նպատակը որոշակի տարածքների կորզումն էր։ Ժամանակն այդ առումով հարմար էր Ռուսաստանին, ուստի նա այդ տարածքները վերադարձրեց (խոսքը Կարսի մասին է), հետո Ղարաբաղն անցավ Ադրբեջանին, նույն կերպ լուծվեցին Նախիջևանի, Ջավախքի հարցերը։ Այդ ժամանակ փաստացի պարզ դարձավ, որ Թուրքիան մտադրություն չուներ բարեկամանալու Ռուսաստանի հետ և շուտով հայտնվեց Արևմուտքի ազդեցության գոտում։ Այս առումով, ըստ պարոն Սիրունյանի, Թուրքիայի քաղաքականությունը երբևէ չի էլ փոխվել։ Նա մինչև այժմ վարում է երկակի ստանդարտների քաղաքականություն, և, բնականաբար, պատմություն ու քաղաքականություն լավ իմացող ցանկացած մարդ գիտի, որ Թուրքիան երբեք վստահելի գործընկեր չէ։ Դա հասկանում են նաև Ռուսաստանում։


Ինչ վերաբերում է Անդրկովկասյան տարածաշրջանի խնդրին, ապա թուրքագետը նշում է, որ Ռուսաստանը երբեք չի թողնելու, որ Թուրքիան ուժեղացնի իր վերահսկողությունն այստեղ։ Նա նաև չի կարծում, թե ռուս-թուրքական մերձեցումը կարող է հարվածել Հայաստանին, ինչպես պնդում են որոշ վերլուծաբաններ։

«Նախ՝ այստեղ ես գոնե լուրջ մերձեցում չեմ նկատում։ Այս մերձեցումն արտահայտվեց Թուրքիայի նկատմամբ որոշակի տնտեսական պատժամիջոցների վերացմամբ։ Այս առումով գազատարների կառուցման հարցը խիստ արդիական է, և բոլորովին վերջերս կողմերը բանակցում էին «Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը վերսկսելու շուրջ։ Փաստաթուղթը՝ փաստաթուղթ, պայմանավորվածությունը՝ պայմանավորվածություն, սակայն իմ մեջ հարց է առաջանում՝ ո՞ւր մնացին նախկին պայմանավորվածությունները՝ կապված Հյուսիսային և Հարավային հոսքերի հետ, ի՞նչ ճակատագիր ունեցան դրանք։ Ես այսօր չեմ կարող այդ հարցին հստակ պատասխանել, որովհետև նախագծի իրականացում չեմ կարող տեսնել։ Ցանկացած քաղաքական վայրիվերում բերում է նաև տնտեսական պայմանավորվածությունների սրբագրումների։ Տնտեսական դաշտում այսօր տեսնում ենք որոշակի առաջխաղացում՝ շուկայի բացում, թուրքական ապրանքների արտահանում ՌԴ, գազատարի մասին պայմանավորվածություն, զբոսաշրջության զարգացում և այլն։ Բայց դրանք ինձ համար չեն կարող էական լինել, որովհետև քաղաքական լուրջ հակասությունների պայմաններում լուրջ չեն կարող դիտարկվել նաև տնտեսական պայմանավորվածությունները, քանի որ ամեն ինչ ծառայում է քաղաքականությանը և կախված է քաղաքականությունից։ Միանշանակ պետք է ասեմ, որ այս պարագայում Թուրքիան, հայտնվելով վատ իրավիճակում, ավելի շատ Ռուսաստանի կարիքն ունի։ Ռուսաստանն այսօր կարող է հանդես գալ թելադրողի կարգավիճակում, ունենալ դիվիդենդներ, բայց խորքային հակասությունները չեն կարող վերանալ։ Իհարկե, եթե կողմերը չորոշեն լրջորեն քննարկել առկա հակասությունների հարցը, թեև դա էլ շատ կասկածելի է, քանի որ տարատեսակ հարցերում այս երկու երկրների միջև գոյություն ունի հսկայական անդունդ»,- ասում է Կարեն Սիրունյանը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի և Արևմուտքի կոշտ դիրքորոշումների պատճառով դանդաղել է «Եփրատի վահան» ռազմական գործողությունը։


Ըստ թուրքագետի՝ Սիրիայում այսօր ընթանում է ավելի շատ ոչ թե ահաբեկիչների դեմ պայքար, այլ գերտերությունները մրցում են իրենց ազդեցության գոտիների համար։ Ընթանում է աշխարհի նոր վերաբաժանում, և կողմերը որոշում են, թե ինչ բաժին պետք է հասնի իրենցից յուրաքանչյուրին։ Թուրքիան էլ որոշել է անմասն չմնալ այդ պայքարից։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2104

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ