Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վարչապետն ունի՞ այն լիազորությունները, որոնք նրան թույլ կտան քանդել արդեն գործող պայմանավորվածությունները

Վարչապետն ունի՞ այն լիազորությունները, որոնք նրան թույլ կտան քանդել արդեն գործող պայմանավորվածությունները
06.12.2016 | 00:33

Գազի սակագնի իջեցման հարցը վարչապետն առաջին անգամ բարձրաձայնեց իր ղեկավարած կառավարության առաջին նիստերից մեկում: Հանձնարարականի իմաստը, ոչ բառացի, հետևյալն էր. հայտնաբերել այն խոշոր գազ սպառողներին, որոնք չարամտորեն խուսափում են սպառած գազի համար վճարելուց, իրականացնել նրանց հաշվառում, սպառած գազի ծավալների հաշվարկ և համապատասխան գանձման ապահովում: Այդ միջոցների հաշվին իջեցնել անապահով խավին մատակարարվող գազի սակագինը:

Հանձնարարականի հասցեատերը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն էր: Նրա արձագանքն անմիջապես տեսանելի դարձրեց, թե այդ հարցի հետ կապված ինչ խութեր կան: Հանձնաժողովի նախագահը վարչապետից խնդրեց փակ խորհրդակցություն, որի ընթացքում գուցե իր համար հասկանալի դառնա այն ուղղությունը, որն ի նկատի ուներ վարչապետը:
Ինչ կարելի է հասկանալ սրանից: Առաջինը, որ քննարկման ենթակա հարցում կան այնպիսի նրբերանգներ, որոնք հանրային քննարկման ենթակա չեն, չնայած խոսքը վերաբերում է հանրային ծառայություններին: Հանձնաժողովի նախագահն իր համար պիտի ճշտեր՝ արդյոք վարչապետն ունի՞ այն լիազորությունները, որոնք նրան թույլ կտան քանդել արդեն գործող պայմանավորվածությունները: Այդպիսի խորհրդակցություն եթե տեղի էլ ունեցավ, ապա գաղտնի մնաց ոչ միայն դրա բովանդակությունը, այլև կայացման փաստը: Երկրորդ. իրակա՞ն էր արդյոք վարչապետի մտադրությունը, եթե ՀԾԿՀ նախագահը չարձագանքեր այնպես, ինչպես նա արձագանքեց:


Ենթադրենք՝ հայտնաբերեցին, հաշվառեցին, հաշվարկեցին և հարկադրեցին լումա առ լումա վճարել այն գումարները, որոնց վճարումից չարամտորեն խուսափում էին որոշ խոշոր սպառողներ: Պարզ է, որ այդ գումարները պետբյուջե չէին մտնելու, դրանց հասցեատերը «Գազպրոմ Արմենիան» է: Եվ ծիծաղելի է պատկերացնել այդպիսի մեխանիզմ՝ ես քեզ կօգնեմ հայտնաբերելու չվճարողներին, իսկ լրացուցիչ գանձված միջոցների հաշվին դու կիջեցնես իմ հովանավորության կարիքն զգացող (իմա՝ անապահով) խավին վաճառվող գազի սակագինը:
Սպառած գազի այն գումարները, որոնք որոշ խոշոր սպառողներ չեն վճարում «Գազպրոմին», այդ ընկերության ուսերին չեն մնում, դրանք հաշվարկված են կորուստների մեջ և ներառված սակագնում: Դրանց համար վճարում ենք մենք, այսպես ասած, բարեխիղճ սպառողներս, այդ թվում՝ անապահովները: Եվ եթե կառավարության նախաձեռնությամբ ինչ-որ գումարներ հայտնաբերվեն ու վերադարձվեն մատակարարին, ապա դրա չափով կարող է նվազել միայն «կորուստներ» բաղադրիչը, իսկ դրա անդրադարձը սակագնի վրա հազիվ թե էական լինի:
ՀԾԿՀ նախագահը օրեր առաջ հայտարարեց, որ հանձնաժողովը, հաշվի առնելով սակագնի վերանայման առաջարկություններ ներկայացնելու պարբերականության վերաբերյալ օրենքի պահանջները, այդպիսի փոփոխության առաջարկություն կարող է անել ոչ շուտ, քան 2017 թ. հունվար ամիսը: Այսինքն, հանձնաժողովն իր նախաձեռնությամբ ոչինչ անել չի կարող, ուրիշ ճանապարհ գտեք:


Կարեն Կարապետյանը, դեռևս սեփական չարատավորված համբավը փրկելու համար, կարողացավ Հայաստան բերել «Գազպրոմի» նախագահին: Արդեն կայացած հնարավորությունը բաց չթողեց հանրապետության նախագահը՝ անձամբ խնդրելով Միլլերին զիջումներ անել գազի սակագնի հարցում, չնայած նախընտրական այդ զիջման բովանդակությունն իսկ ցույց է տալիս, որ «գաթան թխված է եղել» կառավարականում:
Այդ հնարավորությունը, ինչպես ներկայացվում է «Գազպրոմ Արմենիայի» ծանուցման մեջ, առաջացել է տարանցման ծախսերի կրճատման հաշվին: Թե որքան և ինչպես, մենք չգիտենք: Չենք էլ կարող իմանալ և համադրել այն կորուստների հետ, որ կունենա «Գազպրոմը» սակագների իջեցման արդյունքում:


Եթե անգամ այդպես էլ է, ապա, այդ մանրամասներից մեզ զերծ պահելով, «Գազպրոմը» պիտի ձևակերպեր մինչև ՀՀ սահման գազի փոխադրման վրա իր կողմից արվող ծախսերի նոր չափ, դրանով հնարավորություն տալով կառավարությանը նոր սակագներ սահմանել՝ տարբերակելով սպառող հասարակությանը ըստ խավերի և զբաղվածության:
Սա մանրադրամի մի երեսն է: Մյուս երեսը, որ կարող ենք տեսնել միայն 2017 թ. խորհրդարանական ընտրություններից հետո, կարող է սառը ցնցուղի ազդեցություն ունենալ՝ ասենք այդ մանրադրամից հետո բազմաթիվ զրոներով ձևավորված ծանրակշիռ պետական պարտքի տեսքով: Այդ նույն «Գազպրոմին»: Չենք տեսել:


Իսկ ո՞րն է երկրի կառավարությանը և նրա վարչապետին վայել ճանապարհը, որ պիտի ընտրվեր որպես խնդրի կարգավորման իրական ուղի։ ՀՀ կառավարության և «Գազպրոմի» միջև նոր պայմանագրի կնքումը, ես կասեի, կառավարության կողմից «Գազպրոմին» նոր պայմանագրի պարտադրումը: Պայմանագրի մեջ պիտի ձևակերպվեին օգտագործվող գազի սակագինը ձևավորող բաղադրիչների իրական (կամ իրականությանը մոտ) արժեքները և դրանց հարաբերակցությունը շրջանառության ծավալներին: Այդ ժամանակ տեսանելի կլիներ, թե մեզնից որքան ավելի գումար են վերցրել յուրաքանչյուր բաղադրիչի չափի կեղծումով: Պարզ կդառնային նաև իրական շահույթի և հարկերի չափերը: Պարզ կդառնար նաև, թե ով ինչից է հրաժարվում, և վերջնահաշվում կձևավորվեր գազի սակագինը, որը կարող էր լինել 90-100 դրամի սահմաններում՝ բոլոր սպառողների համար: Իսկ եթե կառավարությունը ցանկանում է հովանավորել անապահով խավին, նրա համար կարող էր սահմանել 80, իսկ մյուսների համար՝ 110-120 դրամ սակագին:


Կառավարությունը, եթե շատ է ցանկանում, որ ժողովուրդը գնահատի իր ջանքերը, պայմանագրի կետ կարող էր ամրագրել նաև գազի գնի ուղղակի շաղկապումը նավթի շուկայական գնի հետ:
Ինչ վերաբերում է արագաչափերի, երթևեկությունը տեսանկարահանող սարքերի շահագործման և ավտոմեքենաների կայանատեղերի համար գումարների գանձման արդյունքում առաջացող ֆինանսական հոսքերի տնօրինումը համայնքներին վերապահելու մասին նախագահի հանձնարարականին, սրանով իշխանությունները ցանկանում են՝ առաջին՝ մեղմել գազի սակագնի փոփոխության գործողության ժամկետի հետաձգման պատճառով ժողովրդի հնարավոր դժգոհությունը, երկրորդ՝ ստեղծել պերմանենտ բարեփոխումների շրջանի տպավորություն:


Որո՞նք են թերությունները: Առաջին՝ անգամ այսպիսի մանրուքը որպես բարեփոխում ներկայացնելու հնարավորությունը չզիջեցին վարչապետին: Այդ ամենը ներկայացվեց որպես նախագահի հանձնարարականի կատարում: Ասել է, թե բոլոր բարեփոխումների աղբյուրը մեկն է: Չշփոթեք հանկարծ: Երկրորդ՝ եթե իշխանությունները, իրոք, մտածում են ժողովրդի մասին, ապա այն միջոցները, որոնց կիրառմամբ մեզնից վերցնում են ոչ քիչ գումարներ, ոչ թե կծառայեցնեին ի շահ իշխանությունների, այլ կհանեին գործածությունից՝ մարդկանց հնարավորություն տալով խնայելու որոշակի գումար, ի նպաստ սեփական ընտանիքի:
Իսկ թե ինչպես կարող են տնօրինվել բյուջետային գումարները, մենք գոնե հեռավոր պատկերացում ունենք:


Վահրամ ԲԱՅԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2655

Մեկնաբանություններ