Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սերժ Սարգսյանը կրկին «քանդում-հավաքում» է

Սերժ Սարգսյանը կրկին «քանդում-հավաքում» է
06.12.2016 | 00:36

Դեռ չէինք հասցրել «հաշվել» նոր ընդդիմադիր բևեռը` «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», հասկանալու` հենց այդ եռամիասնության քուղե՞րը պետք է կապել, որպես դաշտում արևմտյան խաղացողի, երբ լսեցինք «հուժկու» լուրը` Ծառուկյանը վերադառնում է: Սա խառնեց բոլորի խաղաքարտերը, այդ թվում` վերը նշված «եռամիասնության», ստիպելով վերջինիս անչափ մանրակրկիտ կառուցել իր ապագա մարտավարությունը, նախ և առաջ այն պատճառով, որ Ծառուկյանի մուտքով ոչ միայն ողջ ներքաղաքական ներկապնակն է փոփոխվում, այլև արևմտյան դաշտի համար փշուրներ են մնում ապագա պառլամենտում: Եվ ոչ միայն արևմտականների. դաշնակցությունն այս օրերին զուր չէր «մրմռում», ասելով` «ես լավ տղա եմ», շատ ուժեղ ուժ եմ, էդ ՀՀԿ-ն էլ կոմունիստական կուսակցություն է: «Մրմուռ» կա նաև մնացյալ կուսակցությունների սրտում, ինչը բնական է, զի խորհրդարանական մանդատների «սուփրի» վրա ոչ սովորական «բերան» է ավելացել:


Նկատենք` երկու ճակատով գալիս են վարչապետ Կարեն Կարապետյանը և Գագիկ Ծառուկյանը: Որպես Ռուսաստան «հանդուրժող» ուժեր: Հաշվարկն անչափ նուրբ է թե՛ այս, թե՛ մնացած առումներով: Տարածաշրջանում, Սիրիայում, Թուրքիայում Ռուսաստանը վերաբեռնում է խաղը, և Հայաստանը պետք է առաջիկա խորհրդարանական ընտրություններում հավուր պատշաճը մատուցի իր ռազմավարական գործընկերոջը՝ հընթացս չնեղացնելով պարոն Միլզին: Բայց առայժմ խոսենք Ծառուկյանի վերադարձից.
ա¤ Հասկանալի է՝ քաղաքականությունից հեռացած Ծառուկյանի «մատրիցայում» Քոչարյանի ուրվականն անվերջ «ներկա» էր. Քոչարյանն էր մտահղացել այդ պրոյեկտը: Վերադարձած Ծառուկյանը բացառապես Սերժ Սարգսյանի «պրոյեկտն» է. խաղը կառուցվելու է բացառապես այդ «ընդերքի» վրա, և որքան էլ մյուսները պնդեն, թե նախընտրական-հետընտրական ֆորսմաժորների դեպքում Ծառուկյանն ու իր շուրջը հավաքվող հզոր կոնգլոմերատը կարող են կրկին անկանխատեսելի դառնալ, գոնե այս պահին նման պնդումը քննություն չի բռնում:


բ¤ Սերժ Սարգսյանը գալիս է երեք «տեղից». արևմտյանը գրեթե ասացինք, հաջորդ ճակատով նա խաղադաշտ է մտցնում «ցիվիլ, սյուրթուկ հագած, բաբչկայով», սպիտակ ձեռնոցներով ֆորբսահայ Կարեն Կարապետյանին` ՀՀԿ խաղը կառուցելով հատկապես նրա վրա և հասարակության ցիվիլ մասին նրանով «ծածկելով»: Հասարակության առավել անապահով խավին նա «ծածկում» է Գագիկ Ծառուկյանով` խեղճուկրակ ժողովրդի մեջ ճերմակ «շուբով» կանգնած ոչ անհայտ «գործչով»:
Առաջին հայացքից ժպիտ առաջացնող այս վերադարձի մեջ բավականին հետաքրքիր «տարրեր» կան: Վերադարձի այս պրոյեկտը պայմանականորեն կարող ենք անվանել «նյու-ՊՊԾ», ասել է` ծառուկյանական սպասվող միտինգներում ու երթերում գոլորշանալու են հասարակությունում առկա սոցիալական բունտը, բողոքը, անարդարության նկատմամբ ընդվզումը: Ծառուկյանը, գոնե այդ պահին, բավարարելու է իր հետևից գնացող ժողովրդի թե՛ նյութական, թե՛ ֆրուստրացիոն կարիքները:


Ինչ վերաբերում է Ծառուկյանի վերադարձի քաղաքական բաղադրիչներին` ումով, ինչպես, ինչ է ակնկալելու դրա դիմաց Ծառուկյանը, Հովիկ Արգամիչի դերակատարությունն այդ ամենում, չքննարկենք. ԲՀԿ նախկին առաջնորդը, ով գեթ մեկ անգամ անցած ժամանակահատվածում չներկայացավ պառլամենտ, հիմա կրկին հայտ է ներկայացնում ապագա խորհրդարանում լուրջ ներկայացվածություն ունենալու: Որոշ պնդումներով` նա հավակնում է ԱԺ նախագահի պորտֆելը «ձեռք գցելուն», թեև այդ առնչությամբ որևէ ակնարկ չի արել:
Կանի՝ «կհաշվենք»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1745

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ