«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Երևանյան հեռանկարներ» միջազգայինը Եվրոպայի առաջատար փառատոներից մեկն է

«Երևանյան հեռանկարներ» միջազգայինը Եվրոպայի առաջատար փառատոներից մեկն է
06.12.2016 | 00:49

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար ՍՏԵՓԱՆ ՌՈՍՏՈՄՅԱՆԸ նշում է իր ծննդյան 60-ամյակը: Հոբելյանական համերգի ընթացքում Ռոստոմյանի ստեղծագործությունները կկատարեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, «Վահագն Հայրապետյան» ջազ տրիոն, սոպրանո Հենրիետա Հարությունովան, դաշնակահար Արթուր Ավանեսովը՝ Էդուարդ Թոփչյանի և Դևիդ Դևիսի ղեկավարությամբ:
Ռոստոմյանի Սիմֆոնիա թիվ 3 ստեղծագործությանը տրվել են բազմաթիվ ծանրակշիռ բնութագրումներ, այն անվանել են «էքստազ երաժշտության մեջ», «հոլիվուդյան թովչություն» ունեցող երաժշտություն, որը «կաթվածահար» է անում ունկնդրին՝ իր «մաքուր հնչյունային ճոխությամբ»:

Պակաս տպավորիչ չեն նաև մյուս ստեղծագործություններին տրված գնահատականները, որոնց մասին խոսելիս տեսաբանները շատ հաճախ նշում են, որ դրանք հայկական ազգային և արևմտյան երաժշտական ավանդույթների համադրությամբ ստեղծված գործեր են: Ինքն այդ առնչությամբ ասում է. «Ցանկացած կոմպոզիտոր ունի իր լեզուն, որով խոսում է: Հայերեն խոսողը, որը նաև կապված է իր արմատների հետ, չի կարող այլ կերպ մտածել»:
Նրա ուսուցիչներից մեկը՝ Ավետ Տերտերյանը, Ռոստոմյանին բնութագրել է իբրև «նվագախմբային գրելաձևի վարպետ»: Կոմպոզիտորը մեծ երախտագիտությամբ է հիշում իր ուսուցիչներին՝ Ղազարոս Սարյանին և Ավետ Տերտերյանին: Վերջինիս համարում է իր մեծագույն բարեկամը, որն իր ստեղծագործական մղումները քաջալերել է և հորդորել մտածել ու գործել համաշխարհային չափանիշներով: «Այն ամենը, ինչ ես արեցի Հայաստանում, կապ չունեցավ այսօրվա հայաստանյան մտածողության հետ, կապ ունեցավ աշխարհի մեծ մասշտաբների հետ: Դրա մի վկայությունն էլ «Երևանյան հեռանկարներ» փառատոնն է: Եվ ես այսօր իմ կյանքում ամենից շատ Ավետ Տերտերյանի պակասն են զգում»,- ասում է հոբելյարը:


Ստեփան Ռոստոմյանը ոչ միայն հնչեցրել է իր ստեղծագործությունները համաշխարհային նշանակության բեմերում, այլև հանդես է եկել դասախոսություններով Գլազգոյի և Էդինբուրգի համալսարաններում: Իր առաջին խոշոր հոնորարով Բրիտանիայում ձեռք է բերել համակարգչային սարքավորումներ, որոնցով հիմնադրել է Երևանի կոնսերվատորիայի էլեկտրոակուստիկ երաժշտության դասարանը:
Հայաստանում որևէ մասշտաբային նախագիծ հղանալիս նախ և առաջ բախվում են երկրի՝ ծանր սոցիալական վիճակում գտնվելու փաստի հետ: Մեծ բարձունքների հասած «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը նույնպես զերծ չի մնացել այսօրինակ դժվարություններից, բայց Ռոստոմյանը վստահեցնում է. «Երբ կարևոր ասելիք ունես, փողը դժվարությամբ, բայց գտնվում է»:


Ստեղծագործողի համար կազմակերպչական ցանկացած գործունեություն այս կամ այն չափով վնասում է ստեղծագործական աշխատանքին: Այս իմաստով բացառություն չէ նաև կոմպոզիտոր Ռոստոմյանը: «ՈՒրախ եմ, որ այդ զոհողությունն արել եմ: Իմ շատ ստեղծագործություններ, որ պիտի գրվեին, չեն գրվել: Փառատոնն իմ էներգիայի մեծ բաժինը տարավ: Ես կարող էի ոչ թե չորս, այլ ավելի շատ սիմֆոնիաներ ունենալ և ճանաչված լինել ամբողջ մոլորակում: Բայց ես ուրախ եմ, որ դրա փոխարեն երկրում մի արժեքավոր բան է ստեղծվել: Այսօր Էդինբուրգի փառատոնի հիմնադիրները չկան, բայց փառատոնը կա, ու ամեն տարի հենց իրենով է ճանաչելի դարձնում այդ երկիրը: Այդպես էլ կարող է լինել «Երևանյան հեռանկարների» դեպքում, եթե ճիշտ օգտագործենք ստեղծված դաշտը»,- ասում է նա:


«Երևանյան հեռանկարների» հիմնադիրն իրավացիորեն կարծում է, որ նման նախաձեռնությունների շնորհիվ համաշխարհային նշանակության մշակույթ է մտնում երկիր, դրա արդյունքում մշակութային տուրիզմ է զարգանում, իսկ սա էլ իր հերթին դառնում է երկիր մուտք գործող մեծ գումարների ճանապարհ: Ըստ նրա՝ շատ փող ունենալը դեռևս հարուստ լինել չի նշանակում: Շատ փող ունեցող հայերի պակաս չկա մեր հայրենիքում ու նաև սփյուռքում, բայց շատ փող ունենալը դեռևս հարստության նշան չէ: «Հարուստ էին Մանթաշովը, Քըրքորյանը, որովհետև գիտեին՝ ինչի վրա են փող ծախսում»,- ասում է Ռոստոմյանը:


Նա ինքն էլ դժվարությամբ է հավատում իր հիմնադրած փառատոնի արձանագրած նվաճումներին: «Երբ հիմա՝ 17 տարի անց, հետ եմ նայում,- ասում է,- անհավանական է թվում, որ մենք դասվում ենք աշխարհի հզոր փառատոների շարքին: Արդեն հինգերորդ տարին է, որ մենք ներկա ենք լինում Բրյուսելում մշակույթի պատասխանատուի՝ Եվրակոմիսարի գումարած կլոր սեղանին, որին հրավիրվում են աշխարհի 15 լավագույն փառատոները: Իսկ այս տարի Եվրակոմիսարն իր ուղերձը հղեց փառատոնին, որում բարձրաձայնում է այն մասին, որ մեր փառատոնը Եվրոպայի առաջատար փառատոներից մեկն է»:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Հ. Գ. «Իրատեսի» «...Եվ ոչ միայն մշակույթի մասին» խորագրի առաջիկա հրապարակումներից մեկում սպասվում է հանդիպում Ստեփան Ռոստոմյանի հետ:

Դիտվել է՝ 2329

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ