Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ընդամենը անցում՝ Հայաստանից Հայաստան

Ընդամենը անցում՝  Հայաստանից Հայաստան
06.12.2016 | 08:15

(սկիզբը՝ այստեղ)

Աղոթք կեսգիշերային լռության մեջ՝ վանքում ծնկած:
Խցերում ենք:
Մենակ եմ փոքրիկ, երկու կամարաձև խորշերով, բուխարիով, պարզ, անպաճույճ խցում: Կամարաձև է նաև խուցն ինքը: Նեղլիկ պատուհանից մի քանի քայլի վրա վանքն է երևում, ավելի ճիշտ՝ խորանին կից պատը. այնտեղ, որտեղ սբ Մկրտչի գլուխն է թաղված... Մենակ եմ այդ խորհրդավոր գիշերվա խորհրդավոր ժամերի մեջ... Մենա՞կ... Երևի երբեք այսքան Երկնայինը մոտ չէր եղել... Աստծո հետ երես առ երես զրույցի եմ. «Հայր մեր... Տեր մեր... Աստված մեր...»:
Պատին ինչ-որ մեկը փոքրիկ թղթի կտոր է փակցրել՝ «Տեր, Հիսուս Քրիստոս, ողորմա ինձ՝ բազմամեղիս»: Պատերն աղոթքով են ներծծված ու... բառեր էլ չհնչեն՝ մենախոսություն-երկխոսությունը Բարձրյալի հետ ներկա է:
Առավոտ վաղ մեկիկ-մեկիկ խցերից դուրս ենք գալիս: Վանքի տարածքի բարձրությունից բացված տեսարանը բոլորիս հայացքներին տիրացել ու բաց չի թողնում:
Վանք գյուղն է երևում: Համատարած կանաչի միջից հազիվ իրենց դուրս հանած տների տանիքները, ցողի կաթիլների պես փայլում են արևի տակ: Խաչեն գետի վտակն էլ արևից շողեր է շուլալել իր ջրերին ու փայլում է ցածում: Իսկ հեռվի լեռները մշուշախառն կապույտ քող են հագել:


Դիմացի լեռան բարձունքում Խոխանաբերդը նույնպես մշուշի մեջ է: Նայում ու չենք հագենում:
Անհասկանալի է, թե որտեղից է այդ վաղ ժամին տարածվել խնկաբույրը: Վանքը ննջած է, գյուղը՝ ննջած, բայց օդը անուշ-անուշ բուրում է:
Նորից յոթ հոգով տեղավորվում ենք հինգտեղանոց մեքենայի մեջ:
Վանքի տարածքից դուրս՝ մուտքի մոտ, կանաչի վրա գերմանացի զբոսաշրջիկի փոքրիկ կանաչ վրանն է, որ խոտերի մեջ իջած հսկա ծղրիդ է հիշեցնում:
Անցնում ենք թուրքերի մեքենաների համարանիշերի ցուցանակներով պատրաստված ցանկապատի կողքով: Ապրես, մարդ Աստծո, անծանոթ արցախցի, որ հաղթանակի պաստառի քո ձևը, հաղթական քո ճիչն ես գտել այսքան հնարամիտ:
Հետևում ենք թողնում Շահմասուրը, Ծաղկահողը... հպարտ վեր խոյացող ժայռը... արծիվների ճախրանքը բարձրում...
Մեքենան դուրս է գալիս հայոց հին մայրաքաղաք տանող ճանապարհ:
Ասկերանի պարիսպն է երևում: Օդանավակայանը՝ թևերը բացած թռչնի նմանությամբ, զորամաս... մեր ջահելները՝ զինվորի հագուստ ու հոգի զգեցած. «Քաջերի զավակները քաջ են լինում». կարդում եմ հսկա ցուցանակի վրա...
Եթե ժամանակին նայենք, ոչ միայն չենք խիզախի Տիգրանակերտ հասնել, այլև Կանաչ եկեղեցին էլ, Ղազանչեցոցը և այլն, և այլն, կմնան երազների մեջ... Ջնջում եմ այն ու դարձյալ ինձ հանձնում այս օրերի չափումներն իրենով արած տիեզերական անժամանակին...
Հպարտ կեցվածքով ու արժանապատիվ, ինքնասույզ հայացքով հավաքարարը անցնում է մեր կողքով... Եթե ձեռքի ավելն ու դույլը չլինեին, կարելի էր շփոթել նրան բեմից նոր իջած և ծափերի տարափից դեռ ուշքի չեկած մի արտիստի հետ: Այս մեկն էլ՝ զինվորական շալվարով մորուքավոր տղամարդը՝ հավաքած շշերը ձեռքին, բայց դյուցազնի է նման՝ իսկական, տեղը տեղին դյուցազնի...
Սկսում եմ քիչ առ քիչ հասկանալ արցախցու անկոտրում հոգու գաղտնիքները... Այս շքեղ երկրի տերերը չեն կարող արժանապատիվ չլինել...

Կիպարիսներ... Ճամփի երկու կողմերում՝ բարուրների պես փայփայանքով ցանկապատի մեջ առնված նորատունկ ու բարալիկ ընկուզենիներ են...
Աղդամն է երևում...
Լեռները լերկ են, կամ լրիվ ճաղատ... Թփուտներ...
Նռնենիների այգիներ՝ Աղդամի ավերակների դիմաց... Թագակիր պտուղները՝ ճյուղերից կախ ու քամուց ճոճվելով, մեզ ասես ուղղորդում են դեպի մեր Մեծն Թագակրի՝ Տիգրանի հիմնած արքայանիստը...


Գնում ենք Տիգրանակերտ... Ճամփից դուրս պաղ ոսկեփայլ է... Վաչագան Բարեպաշտ թագավորի կառուցած ճերմակ եկեղեցին է երևում մի բարձր լեռան գագաթի ժայռոտ պռնկին: Ցուցանակի վրա կարդում եմ. Վանքասար. 15-րդ դար... հանդիսացել է Արցախի ազդանշանային համակարգի մի բաղկացուցիչ մասը: Կրակ վառելով՝ վանականները հայտնել են թշնամու մոտենալը...
Տիգրանակերտի մուտքի մոտ բարձր սոճիներ են, իսկ փարթամորեն աճած ճերմակ ծաղիկներից պոկված ճերմակ թիթեռները ճախրանքով խռնվում են մեր շուրջը:
Ամրոց-թանգարանը փակ է: Քիչ հեռվում վաղքրիստոնեական, 4-6-րդ դարերի բազիլիկ եկեղեցու պեղումներով բացված հիմքն է, այս ու այն կողմ սպիտակ բազմաձև քարեր, փորագրություններով քարեր... Ջրով լցվածը մկրտության ավազանի է նման: Ինչպես կարող է ժամանակն անխախտ լինել, եթե հինավուրց եկեղեցու ավերակ խորանի հանդիման աղոթքով կանգնածներս հաստատ այսօրվա մեջ չենք...
Ճերմակ սալաքարերի նեղլիկ ճեղքերից՝ գոյատևության գաղտնիքներ ի լույս հանած բույսեր են, որ ասես սողում են մեր ոտքերի տակ ու իրենցով կենդանացնում խանձված տարածքը: ՈՒշադիր զննում եմ... դանդուռն ու ինձ մինչ այդ անծանոթ թալ բույսը նաև օգտակար և ուտելի են... Այսքան արժեք և այսքան համեստություն... Բույսերից սովորելու բան ունենք...
Հետ ենք գալիս Ամրոցի կողքի ծառերի ստվերում հանգիստ առնելու: Իսկ ես պտտվում եմ շուրջը, գիրկս բացած՝ գրկիս մեջ եմ առնում... Պատի տակ ցուցանակ կա՝ «Ի նշանավորումն Հայոց Տիրակալ Տիգրան Բ ծննդյան 2150-ամյակի. 2010 թ. օգոստոս 11»...
Ամենուր ասես պատմության ոսկեփոշին է նստած:
Սոճիներ են ամրոցի բակում...


Ամրոցի պատին գիրկընդխառն մի փոքրիկ թթենի է սոսափում:
Արցախում շինությունները հիմնականում սպիտակ են, այդտեղի քարհանքերի քարով կառուցված: Հայաստանի բազմերանգ տուֆին սովոր աչքերիս համար հետաքրքիր նորություն է այս ճեփ-ճերմակ, ձյունափառ Աղդամի քարը...
Հետևում ենք թողնում Տիգրանակերտը... Ժայռապատ լեռներ են ճանապահի կողքին, որ տեղ-տեղ փորձում են իրենց մերկությունը կանաչի մեջ ծածկել... Լեռներ... լեռներ...
Սպիտակ բազեի ճախրանքը վերում... դարձյալ՝ սպիտակ...
Վերևից լեռնոտ հեռաստանը սողացող երանգների ծփանք է՝ ավելուկի սերմերի մուգ, կարմիր օխրա, խանձված խոտի գունատ դեղին, տեղ առ տեղ կանաչ երիզներ...
Ամպերը լողում են՝ իրենց մուգ կապույտ ստվերները այս ու այնտեղ փռելով ու հետո նորից տանելով իրենց հետ: Ասես լեռների վրա փորձում են նկարվել՝ լավ չի ստացվում... ջնջում են ու լողում առաջ՝ ավելի հարմար տեղ գտնելու համար:
Աջում՝ հեռվի լեռան փեշերին, այրված տանկեր են...
Նորից Աղդամի տների ավերակները... Որքան մարդ է այստեղ՝ պատերազմի թոհուբոհի ու աղմուկի մեջ, երազել այս լռությունն ու անդորրը... Աստված պահի... երկար-երկար... անվերջորեն...
Ասկերանի բերդ... Արցախի Պապիկն ու Տատիկը քարեղեն վեհության շուքով հսկում են ցածի և ողջ Արցախ աշխարհի անցուդարձը:
Ստեփանակերտում ենք:
Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին 10 տարվա եկեղեցի է՝ ճերմակ-ճերմակ: Եկեղեցում մկրտություն է՝ պուճուրիկ արցախցուն՝ քառասնօրյա Աննային են կնքում: Նույնքան ճերմակ զգեստով, ճերմակ ծաղիկը մազերին, ճերմակ զամբյուղիկ-օրորոցով... Մի այլ մայր էլ՝ մանուկը գրկին, սպասում է հերթի...


Գնում ենք Շուշի…
Ժայռապատ լեռներ... Բայց գնալով անտառը շատանում է... Վերուվարում ենք լեռներով... Բարձրանում ենք՝ ճեղքելով ժայռոտ լեռան կողը:

Շուշիի բերդապարիսպն է աշտարակներով... խանձված խոտ... ու նորից քարեր՝ դարերին դիմացած, դարերի հետ ճանապարհ անցած...
Շուշիի մայր տաճարը՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին` 1868-87 թթ. ¥ղազան պատրաստողների կառուցած եկեղեցի¤... Այն եգիպտական բուրգերի պես են կառուցել... Քանի որ Շուշվա քարը շատ ծանր է, քարերը շարել են, հող լցրել շարվածքի շուրջը, որպեսզի հերթական քարերը կարողանան դնել: Այդպես քիչ առ քիչ քարերը բարձրացրել են: Վերջում հողը մաքրել են, և միանգամից բացվել է եկեղեցին... Այդ քարը փայլուն է, և բացված եկեղեցին էլ է փայլել... Քանի որ եկեղեցին միայն մեկ քահանա ուներ, ճարտարապետներն ընդհատակյա մի սենյակ են կառուցել խորանի տակ, որտեղ հնչած ձայնի արձագանքը անխաթար լսվում է: Եվ այդտեղ քահանաները կարողանում են խոստովանել միայնակ: Քահանան, լսելով իր ձայնի արձագանքը, հենց ինքն էլ իրեն թողություն է տալիս... Նման բան ոչ մի այլ տեղ աշխարհում չկա: 1920-ին՝ Շուշիի կոտորածից հետո, ազերիները տաճարը օգտագործել են նախ որպես ամբար, ապա՝ ավտոտնակ, իսկ արցախյան պատերազմի ժամանակ այստեղ նրանք տեղակայել էին իրենց «ԳՐԱԴ» հրթիռային համակարգի պահեստը։ Տաճարն ամբողջովին վերանորոգվել և գործում է 1998-ից:
Ոնց չհիշեմ Շուշիի գրավումը... «Հարսանիք լեռներում» օպերացիան... Ամեն կողմից դեպի մեր հրաշք, գերված քաղաքը խոյացող զինվորներին՝ թիկունքներին կամ բազուկների վրա ճերմակ խաչեր՝ խաչ-պատերազմին... Եկեղեցու անկյունում՝ հրացանը ձեռքին ծնկած զինվորի հեկեկանքը... Տեսնես ո՞վ էր... ո՞ւր է հիմա այդ զինվորը...
Շատ մեղմ, հոգևոր երաժշտություն է հնչում եկեղեցու ներսից՝ ասես հրեշտակների երգեցողություն է:
Մուտքի մոտ փողերով ազատարար հրեշտակների արձանիկներն են: Հրեշտակներ են նաև երկաթե ճաղապատ ցանկապատի վրա:
Գերմանացի զբոսաշրջիկն է մայթով քայլում՝ իր ծղրիդ-վրանը փոքրիկ ուսապարկում տեղավորած:


Իսկ հիմա հերթը Շուշիի Կանաչ եկեղեցունն է՝ Կանաչ ժամ կամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ: Այն կառուցվել է նախկին փայտաշեն եկեղեցու տեղում՝ 1818-ին: Կանաչ անունն ստացել է կանաչով ներկված գմբեթի շնորհիվ: Եկեղեցին երևում է քաղաքի գրեթե բոլոր թաղամասերից:
20-ականներից վանքը դադարել է գործելուց, և ազերին այն օգտագործել է որպես հանքային ջրերի ըմպելասրահ: Բայց պատերազմի ժամանակ զգուշացել է նույնիսկ կենտ կրակոց արձակել վանքի ուղղությամբ... Թերևս թշնամին էլ է զգացել` այստեղ է պահ տրված Հովհաննես Մկրտչի մասունքից տարածվող զորությունը:
Եկեղեցին վերանորոգվել և սկսել է գործել 1995-ից: Վերջին հարդարանքների հովանավորը զինվորական է, որ խնդրել է՝ իր անունը գաղտնի մնա. «...Այնպես տուր, որ աջ ձեռքդ չիմանա, թե ձախն ինչ արեց»...
Ներսում թեթև, եթերային տեսք ունի տաճարը: Պատճառը ճերմակ ձվակիր կանթեղնե՞րն են՝ կամարներից շղթաներով կախ, նկարազարդ ապակինե՞րը, թե՞...
Աշունը խշշում է դրսում՝ դեղնած տերևներ գլորում սալահատակին... Բակում ընկուզենիներ են, հացենի, լորենի... Զով է... Ամպ ու արև երկնքի տարածքներ են իրար մեջ կիսում՝ հաշտվում-չեն հաշտվում...
Ձախում Քարինտակ գյուղն է... Ինչ մարտեր են թեժացել այստեղ...
Քիրսն է հեռվում՝ մշուշի մեջ...
Գնում ենք Իսահակի աղբյուր... Ճանապարհը ճեղքում է անտառը...
Ահա և Իսահակի աղբյուրը: Երկու երիտասարդ՝ տղա և աղջիկ, աղբյուրից վեր՝ քարերին նստած երգում են՝ «Սարերի հովին մեռնեմ»: Լավ են երգում, տարված, ինքնամոռաց... Ձայների մեջ կարոտ կա, թախիծ կա, հրճվանք նաև: Երևի հեռվից են եկել՝ հայ ու Հայաստանին կարոտ... Այդպես էլ կա՝ արտերկրից են ջահելները՝ սեփական հողը գտածի, տանտիրոջ՝ մինչ այդ անծանոթ հույզերի, ապրումների փոթորկի մեջ: Հարյուր տարվա ծանոթի պես զրույցի են բռնվում ամեն պատահած հայի հետ, հեռախոսահամարներ փոխանակում...


Տեղավորվում ենք փայտաշեն տաղավարներից մեկում: Տաք թեյը՝ տաք զրույցի հետ, հրաշք բան է... Այստեղ արդեն մի քիչ աշուն կա... Տերևները ճոճվելով օդում՝ իջնում են հատ-հատ...
Տաղավարի աղյուսագույն տանիքին դեղին պտեր են՝ տերևներ են կաթել: Ծառերը՝ մակաղած հոտի պես, գլուխ գլխի իրենց նինջ ու մտքերի հետ են:
Մոր և մանկան արձանի մոտ սպասում ենք մեր մեքենային...

Վերադառնում ենք:
Նորից հայացքիս առաջ սահում են փրչոտ անտառները, հերարձակ լեռները՝ ծառ-գանգուրների ալիքներով: Աղավնագետն է... Մեղրագույն քարեր՝ լեռան փեշին...
Հետդարձի ճամփի թփերից ոմանց վրա արդեն աշնան հպանք կա՝ դեղին համբույրներ...
Անցնում ենք փչակավոր քարերի արձանախմբերը... շեկլիկացած մասրենիները.... Րաֆֆու փողոցը...
Արցախից դուրս եկանք...
Ընդամենը անցում ենք անում Հայաստանից Հայաստան:

ՆԱՆԵ

Դիտվել է՝ 2799

Մեկնաբանություններ