Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Աստված իջա՛վ մարդու մոտ, մարդը պետք է բարձրանա՛ Աստծո մոտ

Աստված իջա՛վ մարդու մոտ, մարդը պետք է բարձրանա՛ Աստծո մոտ
06.12.2016 | 00:07

Ինքնաճանաչողությունը ներհայեցողական ինքնաքննությունն է, սեփական հոգու և նրա գործառույթների վերլուծություն:
«Ամենից դժվար, գրեթե անկարելի գիտությունը, բայց և միանշանակ` ամենից անհրաժեշտը, կենսականը, հրամայականը և օգտավետը մարդ էակի համար: Ով արհամարհում է ճանաչման ճիգը, կույր, կայական, մեռելային վիճակի է մատնվում, ինչին ինքն էլ հաճախ անտեղյակ է մնում» (Գարեգին Ա Կաթողիկոս):
Աստվածճանաչողությունը հանդիպում պայմանավորող ընթացք է, որը սկսվում է առաջին վճռական քայլից, այն անելու պահը յուրաքանչյուրի կյանքում յուրովի և իր ժամանակին է վրա հասնում, բայց անխուսափելիորեն վրա է հասնում և մարդուն գտնում պատրաստ կամ անպատրաստ:


Աստված փուլ առ փուլ հայտնել է մարդուն Իրեն Իր Խոսքով, Նա հայտնվել է մարդուն զանազան կերպերով և լսելի է դարձրել իր ասելիքը աշխարհային սպանիչ աղմուկի մեջ: Նա հայտնվեց մարդուն Իր Որդու մարդեղությամբ և Ծննդով, երբ մարդու՝ ապականությամբ գերզբաղված սիրտը, թվում է, թե տեղ չպիտի գտներ՝ իր Փրկչին օթևանելու, Նա հայտնվեց մարդուն Իր Հարությամբ, երբ բոլոր դռները թվում էին փակ, իսկ շուրջբոլորը՝ սպառնալիքներ, Նա մտավ փակ դռներով և Իր յուրայիններին փոխանցեց Իր խաղաղությունը: Նա հայտնվեց՝ որպես վերջին օրերի և նոր կյանքի մունետիկ, վերջում թողեց մարդուն իր Ինքնահայտնության վավերագիրը՝ Սուրբ գիրքը: Շատերը մերժում են Նրա ճշմարտությունները՝ երբևէ կարդացած չլինելով դրանք:


Ճանաչողության երկու ճյուղերը պետք է զուգահեռ ընթանան՝ փոխգործակցելով և փոխլրացնելով միմյանց: Ահա թե ինչպես կարելի է բնութագրել ինքնաճանաչողությունից Աստվածճանաչողություն տանող ընթացքը. «Գտիր սրտիդ բանալին և կտեսնես, որ այն բացում է նաև Արքայության դուռը» (Հովհան Ոսկեբերան): Աստված Ինքը առաջինն է արել Իր հասանելիք կարևոր ու որոշիչ քայլը, հերթը մարդունն է: Աստված ընդառաջ է եկել մարդուն և նրան է մեկնել իր ձեռքը, այն բռնելը և Աստծո հետ համաքայլ ընթանալը մարդու որոշելիքն է. նա աստվածապարգև ազատ կամք ունի: Աստված իջա՛վ մարդու մոտ, մարդը պետք է բարձրանա՛ Աստծո մոտ: Աստված միայնություն զգաց, որպեսզի մարդը երբե՛ք իրեն միայնակ չզգա: Պողոս առաքյալն ասում է. «Բայց ինձ համար արժեք չունի դատված լինել ձեզնից կամ նույնիսկ՝ մարդկանցից. և ես ինքս ինձ էլ չեմ դատում, որովհետև ինքս իմ մասին բան չգիտեմ. բայց սրանով չեմ արդարանում, որովհետև նա, ով դատում է ինձ, Տերն է» (Ա Կորնթ. 4. 3-4): Ինքնաճանաչողությունը ինքնադատաստան չէ, այլ սեփական անձը Աստծուն վստահելու և Նրա սուրբ կամքին հանձնվելու փորձառություն: Սուրբ գրքում խոսվում է նաև Աստծո գերազանց ինքնաճանաչողության մասին. «Ամեն ինչ Ինձ տրվեց Իմ Հորից. և ոչ ոք չգիտե, թե ով է Որդին, եթե ոչ՝ Հայրը, և թե՝ ով է Հայրը, եթե ոչ՝ Որդին, և նա, ում կկամենա Որդին հայտնել» (Ղուկ.10.22): Մարդը կարող է ճանաչել ինքն իրեն և Աստծուն միայն հոգեպես աճելով. «Հոգին քննում է ամեն ինչ, նույնիսկ Աստծո խորունկ ծրագրերը. քանզի մարդկանցից ո՞վ է, որ բան գիտե մարդու մասին, եթե ոչ՝ մարդու հոգին, որ նրա մեջ է: Նույնպես և ոչ ոք չգիտե Աստծո խորհուրդները, եթե ոչ՝ Աստծո Հոգին: ՈՒրեմն, մենք ոչ թե այս աշխարհի հոգին առանք, այլ այն Հոգին, որ Աստծուց է, որպեսզի ճանաչենք այն, որ Աստծուց շնորհվեց մեզ» (Ա Կորնթ.2.10-12):


Աստվածճանաչողության մարզում մեր որոշիչ քայլը անելու՝ մեզ հայտնված Աստծուն ընդառաջ գնալու համար մեզ անհրաժեշտ է Սուրբ Հոգու առաջնորդությունը: Սուրբ Հոգու շնորհների ներգործուն ազդեցությունը մարդու կյանքում սկսվում է նրա ծննդից: Ծնվելով Աստծո Սուրբ Հոգուց և ստանալով Երկնքի քաղաքացիություն, մարդը ձեռք է բերում մարդ լինելու հիմնարար իրավունք և մարդ մնալու իրական հնարավորություն, քանզի լինել քրիստոնյա նշանակում է տիրապետել ինքնաճանաչողության և ինքնափնտրտուքի անգերազանցելի արվեստին։

Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հգևոր հովիվ

Դիտվել է՝ 1151

Մեկնաբանություններ