Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Այս գործընթացն ուղղված չէ ԵՄ-ին անդամակցությանը»

«Այս գործընթացն ուղղված չէ ԵՄ-ին անդամակցությանը»
09.12.2016 | 00:18

ԵՄ-ն ոչ միայն շարունակում է եվրոպական հանձնաժողովի տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման «Տայեկս» գործիքի կիրառումը ՀՀ-ում, այլև սոցիալական ոլորտում ներդնում է«Սոսյու» գործիքը՝ ուղղված ռեֆորմներին (շնորհանդեսը կայացավ երկու օր առաջ): Հայկական կողմից ԵՄ-ի ներկայացուցիչների հետ այս գործիքների կիրառումը համակարգում է տնտեսության զարգացման և ներդրումների նախարարությունը, ինչը նշանակում է, որ դրանք պետք է նպաստեն տնտեսության զարգացմանը: Սրանից ելնելով, տնտեսության զարգացման և ներդրումների փոխնախարարի հետ մեր զրույցը պետք է սկսեինք այդ հարցից, սակայն, քանի որ ավիացիոն ոլորտը ուղղակի և անուղղակի ձևով նպաստում է և՛ տնտեսության զարգացմանը, և՛ եկամուտների ավելացմանը, ապա փոխնախարար ԳԱՐԵԳԻՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ հարցրինք՝ ի՞նչ փուլում են ԵՄ-ի հետ ընդհանուր ավիացիոն գոտու ձևավորման բանակցությունները:


-Իմ գոհունակությունը պետք է հայտնեմ, որ վերջապես հնարավոր եղավ ունենալ որոշում, ըստ որի, եվրոպական հանձնաժողովը կստանա համապատասխան բանակցային մանդատ, և հնարավոր կլինի սկսել Հայաստան-Եվրամիություն ընդհանուր ավիացիոն գոտու ստեղծման մասին բանակցությունները: Ինչպես գիտեք, մենք բավական երկար ժամանակ այս ուղղությամբ աշխատում ենք: ԵՄ-ն մի պահ սա դիտարկում էր ընդհանուր ավիացիոն քաղաքականության փաթեթի շրջանակում, սակայն Հայաստանի մասով մեկնարկը տալու որոշումն ընդունվեց, և, որքան տեղյակ եմ, այն ընդունվեց միաձայն: Տեսանելի ապագայում, երբ երկու կողմերից թիմերը տեխնիկական, մասնագիտական առումով պատրաստ կլինեն, մենք կսկսենք բանակցությունները: Նշեմ, որ, ի տարբերություն այս համաձայնագրի, իմ տպավորությամբ, ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի բանակցությունները պետք է անհամեմատ ավելի կարճ տևեն, քանի որ այն հիմնականում մոդելային և փոքր համաձայնագիր է, փոփոխությունների ենթակա մասերն անհամեմատ ավելի քիչ են, ի տարբերություն շրջանակային համաձայնագրի:
-Ի՞նչ կտա այդ համաձայնագիրը Հայաստանին և արդյոք կնպաստի՞ հայկական ավիացիայի զարգացմանը:
-Դուք տեղյակ եք, որ տարիներ առաջ Հայաստանը որդեգրեց բաց երկնքի քաղաքականությունը, սակայն դա լիարժեքորեն չէր կարող գործել, քանի որ անհրաժեշտություն կար, որ գործընկեր երկրների հետ նմանատիպ ազատական կարգավորումներ ամրագրվեն երկկողմ հարթության մեջ: Դրանց ճանապարհը համապատասխան միջազգային պայմանագրերով և կանոնակարգերով ամրագրումն է: Մենք, իհարկե, մի քանի երկրների հետ նման համաձայնագրեր ունեինք, սակայն վերը նշված համաձայնագրով 28 երկրների հետ միաժամանակ նախատեսվում է ազատականացված ռեժիմի սահմանում ավիացիոն դաշտում: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ փոխադարձաբար կողմերը կտրամադրեն 5-րդ ազատությունը, ինչը ենթադրում է, որ երկու կողմերի ավիաընկերությունները կարիք չեն ունենա այլևս ավիացիոն մարմինների հետ ճշտելու թռիչքների հաճախականությունը, վայրերը, քաղաքները և այլն: Միաժամանակ հնարավորություն կունենանք, թռչելով պայմանագրի կողմ հանդիսացող որևէ քաղաք, այդտեղից թռիչքը շարունակելու դեպի այլ քաղաք: Սա Եվրամիության անդամ երկրների ավիացիոն ընկերություններին նույնպես հնարավորություն կտա, ոչ իրենց երկրներում լինելով, ուղևորներ տեղափոխելու Հայաստան մեկ այլ երկրից: Ենթադրենք, որևէ երկրի ավիացիոն ընկերությունը ուղևոր է փոխադրում Հայաստան ոչ թե իր երկրից, այլ մեկ ուրիշ երկրից: Այսպիսի ազատականացումը կնպաստի ոչ միայն դաշտի լիբերալացմանը, առողջ մրցակցության ձևավորմանը, այլև դրական ազդեցություն կունենա հայկական ավիացիայի զարգացման վրա: Ի դեպ, այս համաձայնագրի դրական կողմերը շոշափելի կլինեն նաև բնակչության համար, քանի որ կնպաստեն գների նվազեցմանը և կստեղծեն առավել բարենպաստ պայմաններ ուղևորափոխադրումների համար:
-Պարոն Մելքումյան, խոսենք «Տայեկս» և «Սոսյու» գործիքներից: Երբ ծանոթանում ենք սահմանված դրույթներին, այնպիսի տպավորություն է, որ դրանցով հեռահար քայլեր են արվում ԵՄ-ին անդամակցելու, որքանո՞վ է դա այդպես: Հետաքրքիր է նաև, ո՞վ է այս գործընթացը ֆինանսավորում, ի՞նչ արժե, և արդյո՞ք իրականացվում է վարկային կամ դրամաշնորհային միջոցներով:
-Ոչ, այս գործընթացն ուղղված չէ ԵՄ-ին անդամակցությանը: Այսօր մենք կազմակերպել ենք քննարկում, հրավիրելով և՛ պետական, և՛ համայնքային կառույցներին, որոնք կարող են դառնալ շահառու այս աջակցության գործիքներին: Մասնավորապես խոսելու ենք «Տայեկս» և նոր «Սոսյու» սոցիալական ուղղվածության գործիքներից: «Տայեկսը» Հայաստանում գործում է 2010-ից և միայն այս վերջին տարիներին ստացել ենք 145 հայտ, որից Հայաստանում փաստացի իրականացվել է 100-ից ավելին: «Տայեկսը» ունի չորս ձևաչափ՝ փորձագիտական, գնահատման առաքելություն, գիտաժողովների կազմակերպում, ինչպես նաև այցեր դեպի ԵՄ համապատասխան երկրներ փորձի փոխանակման համար: Դրանցից յուրաքանչյուրի նպատակն է բացահայտել և տեղայնացնել եվրոպական փորձը ամենատարբեր ոլորտներում, և բոլորովին պարտադիր չէ, որ այն իրականացվի ԵՄ-ին անդամակցության ենթատեքստում: Այն իրականացվում է, երբ պատրաստակամություն կա ռեֆորմների իրականացման և եվրոպական փորձը տեղում կիրառելու: Այս տարի ունեցել ենք մոտ 30 հայտ, որոնց կեսից ավելին գրեթե իրականացվել է, մյուսները իրականացման փուլում են: Սա բավական լավ ցուցանիշ է, ինչը նշանակում է, որ Հայաստանը ունի և՛ կարողություն, և՛ մասնագիտական ունակություն: Մեր նպատակն է այս միջոցառումներով պահպանել և զարգացնել եղածը:
-Պարոն Մելքոնյան, կրկնեմ հարցս. այդ ծրագրերն ի՞նչ արժեն, ո՞վ է ֆինանսավորում, դրամաշնորհայի՞ն, թե՞ վարկային միջոցներ են դրանք:
-Ամբողջությամբ ֆինանսավորում է ԵՄ-ն: Ընդգծեմ, որ ֆինանսավորումը չի ենթադրում վարկային ոչ մի բաղադրիչ:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2170

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ