«Մեր ԿԳՆ-ն ևս ունի մատնանշված հնարավոր ռիսկերը և զարգացման ուղղությունները»

«Մեր ԿԳՆ-ն ևս ունի մատնանշված հնարավոր ռիսկերը և զարգացման ուղղությունները»
09.12.2016 | 00:24

Մինչ ԱԺ-ն վերջնականորեն կքննարկեր 2017-ի պետբյուջեն, մեզ հետաքրքրեց, թե ինչպես են իրականացվելու այն լուրջ բարեփոխումները, որոնք ենթադրվում են կրթության ոլորտում, քանի որ բյուջետային հատկացումները մեծ չեն, իսկ ցանկացած ծրագիր պահանջում է լուրջ գումարներ։ Հիշեցնենք, որ պետբյուջեի քննարկումը կրթության և գիտության հանձնաժողովում բավական բուռն էր, սակայն պատգամավորները, այդ թվում՝ ՀՀԿ-ական, խոսեցին ավելի շատ առկա խնդիրներից, քան պետբյուջեի հնարավորությունների մասին։ Խնդիրները՝ խնդիրներ, բայց, ինչպես ասում են, առանց մեծ փողերի դրանք չես լուծի։ Նախանշված ծրագրերը չե՞ն տուժի՝ հարցրինք ԱԺ պատգամավոր, կրթության և գիտության հանձնաժողովի անդամ ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ։

-Կարծում եմ, չի տուժի կրթության ոլորտը, քանի որ, բացի բյուջետայինից, այստեղ իրականացվում են նաև ՀԲ-ի ծրագրերը, որոնք տարիներ շարունակ նպաստում են ոլորտի զարգացմանը։ Այո, բյուջեի նախագծի հանձնաժողովի քննարկումներում բարձրացված հարցերը կարևոր էին և նպատակային, ինչը չէր կարող վրիպել մեր ուշադրությունից։ Մենք նաև մեր առաջարկները ներկայացրել ենք գրավոր, դրանք վերաբերում են հրատապ խնդիրներին, մասնավորապես, կրթական միջավայրի ստեղծմանն ու ապահովմանը, դպրոցաշինությանը։ Պետք է ընդգծեմ, որ այս տարի ոլորտի զարգացման հարցում պետության ուշադրության կենտրոնում է միջին մասնագիտական կրթությունը, հատկապես ֆինանսավորման հատվածով։ Սա շատ կարևոր մոտեցում է, ինչը հեռանկարում կնպաստի տնտեսության զարգացմանը, քանի որ գիտելիքահեն տնտեսությունը կարևոր օղակներից մեկն է։ Կրթությունն այն կարևոր ոլորտն է, որտեղ հնարավորինս քիչ պետք է լինեն ցնցումները։ Դրա հետ մեկտեղ, մենք չենք կարող սկսած բարեփոխումները ձախողել՝ խոսքը մեր երեխաների, մեր երկրի ապագայի մասին է։
-Իսկ ի՞նչ եք կարծում, այն կտրուկ բարեփոխումները, որ սկսել է կառավարությունը բոլոր ոլորտներում, ցնցումներ չե՞ն առաջացնի կրթության ոլորտում։
-Գլոբալ առումով մենք ապրում ենք փոփոխությունների ժամանակաշրջանում, և այդ համատեքստում կրթությունն անընդհատ բարեփոխումների կարիք ունի։ Այս գործընթացը ոչ միայն Հայաստանում է, այլև արդիական է բոլոր երկրներում։ Աշխարհի մարտահրավերներով պայմանավորված, տարբեր ոլորտներում ցնցումներ անընդմեջ լինում են, որոնք կանխելու, մեղմելու, շրջանցելու համար գնահատվում և հաշվարկվում են ռիսկերը։ Կարծում եմ, մեր կրթության և գիտության նախարարությունը ևս ունի մատնանշված հնարավոր ռիսկերը և զարգացման ուղղությունները, ինչի հիման վրա էլ պետք է կառուցի իր քաղաքականությունը։ Սրա հետ մեկտեղ, պետք է հիշեցնեմ վարչապետի խոսքը կրթության մասին, որում նա կարևորեց հեռահար դասընթացների վարումը։ Կարծում եմ, որ սա պետք է առանցքային ուղղություն դառնա մեր կրթության զարգացման պետական ծրագրում։ Այսօր տարբեր մարզերում, հեռավոր գյուղերում չունենք պատշաճ քանակի մասնագետներ բոլոր առարկաների գծով։ Հեռահար դասավանդումը կարող է լրացնել այդ բացը։ Շատ կարևոր է, որ այսուհետ ուշադրություն է դարձվելու ձեռնարկատիրական կրթությանը, ինչը կնպաստի երեխաների, ինչու ոչ, նաև մանկավարժների յուրօրինակ մտածողության ձևավորմանը։ Այդպիսով մենք կնպաստենք, որ նոր սերունդը մեծանա ոչ միայն սպառողի, այլև ստեղծողի, ստեղծածը իրացնողի և դրանից ստացված եկամուտը նոր ստեղծարար մտքի մեջ ներդրողի մտածողությամբ։ Այս գործընթացը եվրոպական առաջատար կրթական ծրագրերում ընդգրկված է։ Սա կրթության ոլորտում մեր կառավարության նոր ծրագրերից է։
-Տիկին Մուրադյան, եթե դեմ չեք, քաղաքական հարցով ավարտենք մեր զրույցը։ Թեև վարչապետ Կարեն Կարապետյանը հանրությանը ներկայացրել է ՀՀԿ-ին անդամակցելու իր մոտիվացիան, այնուհանդերձ, ըստ Ձեզ, որպես ՀՀԿ-ի կանանց խորհրդի անդամի, եթե վարչապետը չանդամակցեր, կուսակցությունը չէ՞ր աջակցի նրան ծրագրերի իրականացման հարցում։ Իսկ գուցե վարչապետն իր անդամակցությամբ հզորացրե՞ց ՀՀԿ-ն։
-Հանրապետականը այն կուսակցությունն է, որը բաց է ինչպես անկուսակցական անհատների, այնպես էլ այլ կուսակցությունների լավագույն գաղափարների շուրջ համախմբվելու, ծրագրեր ստեղծելու, համակարգելու հարցում։ Դրա վառ օրինակներից են «Ընտրական օրենսգրքի», սահմանադրութuան նոր փոփոխությունների շուրջ քննարկումները և հետագա քայլերը։ Ընտրական օրենսգրքի շուրջ ընդդիմության և քաղաքական մեծամասնության հետ ձեռք բերված փոխհամաձայնությունը, կարծում եմ, վերջին շրջանի պատմության մեջ բացառիկ դեպքերից է, որի օրինակն ունենալով՝ պետք է այն պահենք և վստահորեն գնանք առաջ։ Ինչ վերաբերում է վարչապետի անդամակցությանը, ապա, ինչպես նկատեցիք, Կարեն Կարապետյանն իր մոտեցումը հանգամանալից ներկայացրել է։ ՀՀԿ-ն ամուր կառույց է և կրում է պետության պատասխանատվությունը, հետևաբար, շահագրգռված է բոլոր այն ուժերի հետ համագործակցությամբ, որոնք պատրաստ են իրենց ներդրումն ունենալու մեր երկրի զարգացման գործում։ Սրանից ելնելով, կուսակցությունը հրավիրել է Կարեն Կարապետյանին, որը, կարծում եմ, իր կարողություններով և փորձով կնպաստի երկրի զարգացմանը։ Այո, մեր կուսակցությունն ուժեղ է իր անդամներով, և անդամներն էլ, ի դեմս կուսակցության, ունեն ամուր հենարան։ Վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է իր հեղինակությամբ և աշխատանքով նպաստել երկրի զարգացմանը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2892

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ