Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հայաստանի տնտեսության համար (Երևան, 2016 թ., նոյեմբեր)

Հայաստանի տնտեսության համար (Երևան, 2016 թ., նոյեմբեր)
09.12.2016 | 00:31

ՏԵՂԵԿԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՅԻ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


1993 թվականից սկսած, մի խումբ գիտնականների ու ինժեներների նախաձեռնությամբ, մշակվել է մի համալիր ծրագիր, որը մեր հանրությանը արդեն հայտնի է որպես Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագիր: Այն ենթադրում է Հայաստանի արդյունաբերության, գյուղատնտեսության ու մասնավոր հատվածում անցում կատարել դեպի արևային տեխնիկայի ու տեխնոլոգիաների մասսայական կիրառումը, արևային տեխնիկայի զարգացումը տանել չծեծված ճանապարհներով՝ էականորեն տարբերվելով արևային էներգետիկայի ոլորտում աշխարհում իրականացվող բազմաթիվ ծրագրերից: Շեշտը դրված է արևային տեխնոլոգիաների անմիջական կիրառման վրա: Հայկական արևային բիզնեսի տիրույթում էներգետիկ ոլորտը ունենալու է միայն սիմվոլիկ նշանակություն, չնայած այն բանին, որ լայն հնարավորություններ են նախատեսված նաև այդ ոլորտի խնդիրների լուծման համար:

Ծրագրի իրականացումը թույլ կտա 120 աստիճանով պտտել Հայաստանի տնտեսության զարգացման ռազմավարության վեկտորը՝ գիտատար, ոչ նյութատար, ոչ էներգատար ճյուղերի փոխարեն առաջարկելով զարգացնել գիտատար, ոչ նյութատար ու խիստ էներգատար ճյուղերը՝ ծանրության կենտրոնը տեղափոխելով դեպի արևային գերէժան ջերմային էներգիայի վրա հիմնված կանաչ արտադրությունների ոլորտը: Հելիոֆիկացիայի ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է նաև, սփյուռքի տեխնիկական ու տեխնոլոգիական լայն աջակցությամբ, Հայաստանում կազմակերպել հելիոտեխնիկական արդյունաբերության ու հելիոտեխնիկական մեքենաշինության նոր ոլորտները: Իր տնտեսական, սոցիալական ու քաղաքական կարևորությամբ այն չի զիջելու ԳՈԷԼՌՈ-ի լենինյան ծրագրին: Գիտական խումբը ավարտել է անհրաժեշտ տեսական, ինժեներական, գիտահետազոտական ու փորձարարական աշխատանքները, անլուծելի են մնացել միայն ներդրման խնդիրները: Կարևորվում է մինչև 20 կՎտ ջերմային հզորությամբ հելիոհամակարգերի կիրառմամբ առաջին հելիոֆիկացված գյուղի, Հայաստանի զբոսաշրջային կենտրոններում արևային փորձնական սրճարանների, գյուղերից մեկում կոլեկտիվ օգտագործման արևային մեկ վերամշակող գործարանի կազմակերպումը, ինչպես նաև օդային ու ցամաքային սահմանների պաշտպանության համար նախատեսված տեխնիկայի ստեղծումը:


Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների ու աշխարհամասերի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ



ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՅԻ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ


Հելիոտեխնիկական արդյունաբերություն, Հայաստանի և Ղարաբաղի հելիոֆիկացիա, արևային գյուղատնտեսություն, արևային էներգետիկա, Հայաստանի էներգետիկ անվտանգություն և Հայաստանի էներգետիկ կենսունակություն: Սրանք ամբողջովին տարբեր հասկացություններ են, որոնք մեզանում անհիմն ձևով մեկտեղվում են մեկ ընդհանուր «այլընտրանքային էներգետիկա» հասկացության մեջ, որի համակարգողի դերում մշտապես հանդես է գալիս ՀՀ էներգետիկայի նախարարությունը: Սա աններելի սխալ է, ինչի պատճառով մշտապես կասեցվում է հելիոֆիկացիայի կարևորագույն գործընթացը Հայաստանում` մեր երկիրը զրկելով խոր տնտեսական ճգնաժամը հաղթահարելու ռեալ հնարավորություններից:

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ


Ինչպե՞ս հաղթահարել տնտեսական ճգնաժամը, եթե այն արդեն առկա է: Պատասխանը մեկն է. ծրագրված խելացի քայլերով և քրտնաջան աշխատանքով: Նախ պետք է հասկանանք ճգնաժամի պատճառները, որ կարողանանք գտնել ճգնաժամից դուրս գալու ձևերն ու միջոցները: Հայաստանի տնտեսական ճգնաժամի պատճառները շատ են. երկրաշարժ, պատերազմ, շրջափակում, համաշխարհային տնտեսական ճգնաժամ և այլն:

Բայց մեր ճգնաժամի բուն պատճառը մեր մեջ է: Ի՞նչ անել: Միասնական ուժերով պետք է փորձենք լուծել տնտեսության վերականգնման, ժամանակակից արդյունաբերություն և գյուղատնտեսություն ստեղծելու խնդիրը: Մեր գիտական հասարակության խնդիրն է գտնել տնտեսական ճգնաժամը հաղթահարելու հնարավոր, հասանելի և մեր պայմաններում իրագործելի ճանապարհները: Հարց է՝ ինչպիսի՞ արդյունաբերություն է պետք ստեղծել, որ կարողանանք դուրս գալ միջազգային շուկա` ապահովելով այնտեղ մեր մրցակցային առավելությունը: Արդյունաբերության ո՞ր նոր ճյուղն է պետք զարգացնել, որը մեզ հաջողություն կբերի: Այստեղ պետք է հաշվի առնել մեր ռեալ հնարավորությունները (մաթեմատիկական լեզվով ասած՝ մեր սկզբնական և սահմանային պայմանները): Նման ճգնաժամային իրավիճակներում իր վճռական խոսքը կարող է ասել միայն գիտությունը: Պուտինը ռուս գիտնականներին հորդորում է. «Нужно идти впереди паровоза»: Այո, պետք է գնացքից առաջ ընթանալ, պետք է ժամանակից առաջ ընկնել: Բաց շուկայական հարաբերությունների պայմաններում հաջողության հասնելու համար ժամանակին համընթաց քայլելը այսօր հարց չի լուծում: Պետք է մի քանի քայլ առաջ մտածել, պետք է մի քանի քայլ առաջ ընկնել, պետք է նոր արտադրատեսակներով և նոր տեխնոլոգիաներով հանդես գալ, այլապես տնտեսական ճգնաժամերից անհնար է խուսափել: Շուկայում տիրում է նա, ով տիրապետում է տեխնոլոգիաների: ՈՒրիշի տեխնոլոգիաների բազայի վրա սեփական մրցունակ արդյունաբերություն չես ստեղծի: Այդ ո՞ր ուղղություններն են, որ մենք պետք է զարգացնենք: Գիտության և տեխնիկայի աշխարհում արդեն ձևավորված ուղղությունների վրա Ժամանակ և միջոցներ ծախսելը հեռանկար չունի, որովհետև դա երկրի արդյունաբերությունը մշտապես պահելու է հետին պլանում. դա կործանարար է: Եթե Ռուսաստանը ստիպված է զարգացնել գիտությունը և տեխնիկան բոլոր հնարավոր ուղղություններով, դա գերտերության ճակատագիրն է: Հայաստանի խնդիրն այս հարցում ավելի համեստ է: Գիտությունը, տեխնիկան և արդյունաբերությունը պետք է զարգացնել մի քանի ուղղություններով: Մեր առաջարկած երկրների և աշխարհամասերի հելիոֆիկացիայի գիտատեխնիկական և արդյունաբերական զարգացման ուղղությունը բավարարում է առաջադրվող պահանջներին:

Հելիոֆիկացիան հիանալի էտյուդային տարբերակ է, որը ենթադրում է արևային էներգիայի լիարժեք օգտագործումը նախ Հայաստանում և Ղարաբաղում, ապա և ողջ աշխարհում: Հելիոֆիկացիան լուծում է Հայաստանի հիմնական հրատապ խնդիրները, այդ թվում՝ երկրի էներգետիկ կենսունակության, էներգետիկ անվտանգության և էներգետիկ անկախության հարցերը, աշխատատեղերի խնդիրը, փակում է արտագաղթի թեման, ապահովում է երկրի տնտեսական և ռազմական հզորացումը և այլն: Միայն տարակուսել կարելի է, թե ինչու է էներգետիկ նվազ ռեսուրսներ ունեցող Հայաստանը հապաղում արևի էներգիայի օգտագործման հարցում: Առավել ևս, որ հայ գիտնականները լուծել են խնդրի գիտական մասը, մնում է լուծել գիտական արդյունքների առևտրայնացման խնդիրը:

ՀԵԼԻՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ


Սա արդյունաբերության նոր զարգացող ոլորտ Է, որի նպատակն է կազմակերպել արևային սարքերի կամ հելիոհամակարգերի մշակման, փորձարկման, սերիական արտադրությունների կազմակերպման և ներդրման գործընթացը: Հանրությանը հայտնի են այդ նոր և դեռևս չձևավորված արդյունաբերության ոլորտի արտադրանքի համաշխարհային շուկայի ծավալները: 2020 թվականին այն կկազմի 40 տրիլիոն դոլար (Անգելա Մերկել, Մեծ ութնյակի գագաթնաժողով, Տոկիո, 2008 թ.): Ի՞նչ է 40 տրիլիոն դոլարը հայերիս համար: Հիշենք, որ Հայաստանի արտաքին պետական պարտքը 6 միլիարդ դոլար է: 40 տրիլիոն դոլարը գերազանցում է մեր երկրի արտաքին պետական պարտքը 6,7 հազար անգամ: Մեր գիտնականներին հաջողվել է մինչև վերջին նրբությունները մշակել արդյունաբերության այդ նոր ոլորտի բոլոր բաղադրիչները: Որքա՞ն նոր աշխատատեղեր կստեղծի հելիոտեխնիկական արդյունաբերությունը Հայաստանի քաղաքացիների համար, եթե մեզ հաջողվի զբաղեցնել արևային տեխնիկայի համաշխարհային շուկայի ընդամենը մեկ տոկոսը (0,4 տրիլիոն դոլար), որից 700 միլիոն դոլարը կկազմի մեր ներքին շուկան: Խնդիրը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. ստեղծել հելիոտեխնիկական արդյունաբերության մի նոր ոլորտ, որի արտադրանքի մի մասը կիրացվի ներքին շուկայում (0,7 միլիարդ դոլարի չափով) և կարտահանվի 400 միլիարդ դոլարի չափով: Աշխատատեղերի հարցը լուծվում է հետևյալ հաշվարկով. ընդունենք, որ տարեկան մեկ միլիոն դոլարի արտադրական ծավալների դեպքում հայկական ընկերություններում կարող է բացվել 20 աշխատատեղ, մեկ միլիարդի դեպքում՝ 20 հազար, 400 միլիարդի դեպքում՝ 8 միլիոն աշխատատեղ: Եթե արտաքին շուկայի պահանջարկը բավարարվի 10 տարում, ապա Հայաստանում իրատեսական կլինի 800 հազար աշխատատեղի բացումը:


2005 թվականից սկսած մեր արդյունաբերությունը տեխնիկապես և տեխնոլոգիապես արդեն պատրաստ էր սկսելու DVH տիպի անհատական կոմբինացված հելիոհամակարգերի զանգվածային արտադրությունը, մենք կարող էինք Սպիտակում գործարկել առաջին հելիոտեխնիկական բազային գործարանը: Նշեմ, որ արևային տեխնիկայի զարգացման 5 կարևոր ուղղություններից՝
ա) արևային ջերմային էլեկտրակայաններ,
բ) արևային կիսահաղորդչային էլեկտրակայաններ,
գ) արևային «Ստիռլինգ» դասի էլեկտրակայաններ,
դ) արևային կենցաղային ջրատաքացուցիչներ,
ե) հելիոհամակարգեր հայելային կոնցենտրատորների բազայի վրա, մեր մասնագետներն ընտրել են զարգացման 1-ին և 5-րդ ուղղությունները. արևային էլեկտրակայանների ստեղծում ակադեմիկոս Պարիս Հերունու «Արև» ծրագրի շրջանակներում և անհատական կոմբինացված հելիոհամակարգերի ստեղծում տ.գ.դ. Վահան Համազասպյանի «Երկրների և աշխարհամասերի հելիոֆիկացիա» ծրագրի շրջանակներում:


Ավելին, մեր գիտական խմբերը, որոնք հիմնականում համալրված են խորհրդային ռազմարդյունաբերական համալիրի մասնագետներով, ստեղծել են բոլոր անհրաժեշտ նախադրյալները, որպեսզի բարձր մակարդակով հենց Հայաստանից սկսվի օրիգինալ DVH տիպի անհատական կոմբինացված հելիոհամակարգերի զանգվածային արտադրությունը: Հելիոհամակարգեր, որոնք աշխարհում հայտնի արևային տեխնիկայից շահեկանորեն տարբերվում են իրենց սպառողական հատկանիշներով, ցածր գներով, բարձր հուսալիությամբ, ֆունկցիաների բազմազանությամբ, սպասարկման պարզությամբ, ջերմային հզորությունների 2-ից մինչև 10 հազար կՎտ-ի հասնող լայն դիապազոնով, նոր (պատվիրված) սարքերի նախագծման, ֆիզիկական մոդելավորման և պատրաստման 10 օրը չգերազանցող ժամկետներով: Հնարավոր չէր լինի հասնել նման ցուցանիշների` օգտագործելով միայն գոյություն ունեցող ունիվերսալ հաստոցները, գործիքները և հայտնի տեխնոլոգիաները: Լուրջ հաջողությունների հասնելու համար մեր մասնագետները ստիպված են եղել մշակելու բազմաթիվ նոր արտադրական տեխնոլոգիաներ, դրանց կիրառման համար ստեղծել հատուկ հաստոցներ` հիմք դնելով հելիոտեխնիկական մեքենաշինությանը, մշակել հատուկ էլեկտրոնային սենսորներ, էլեկտրոնային հսկող-ղեկավարող սարքեր (արևային էլեկտրոնիկա), գործիքներ, չափիչ սարքեր և սարքավորումներ (մետրոլոգիա), բանվորական, ինժեներական և գիտական կադրերի պատրաստման, հելիոտեխնոլոգիաների տարածման ու զարգացման և հելիոսարքավորումների փորձարկման հատուկ մարզային կենտրոններ (հելիոպոլիգոններ) և, որպես այս ամենի տրամաբանական շարունակություն, նախագծել են նաև արևային սարքերի տիպային (բազային) գործարան: Արևային սարքերի տիպային գործարանները, որոնց թողունակությունը հաշվարկված է մինչև 1000 կոմպլեկտ X 5 կՎտ հզորությամբ հելիոհամակարգեր, կարող են կառուցվել նաև այլ երկրներում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ


Երկրների հելիոֆիկացիայի մեր հայկական տարբերակը ենթադրում է արևային տեխնիկայի և տեխնոլոգիաների զանգվածային կիրառությունը գյուղական բնակավայրերում` բնակարանների ջեռուցման, կենցաղային տաք ջրի ստացման, արևային տեխնոլոգիաներով գյուղմթերքների վերամշակման և էկոլոգիապես մաքուր սննդամթերքի արտադրություն կազմակերպելու համար: Արևային տեխնիկան մարդկանց կընձեռի էկոլոգիապես մաքուր սնունդ արտադրելու և գյուղմթերքների շուկայի էլիտար հատվածում աշխատելու լավ հնարավորություն, էապես կբարձրացնի ֆերմերային տնտեսությունների շահութաբերությունը: Մեր հաշվարկներով սա այն կարևորագույն մոտիվացիան է, որը մարդկանց կշահագրգռի ձեռք բերելու DVH տիպի անհատական կոմբինացված հելիոհամակարգեր: Էներգախնայողության խնդիրը, որը շարքային սպառողների համար ընդունված է համարել որպես արևային էներգետիկայի տարածման համար հիմնական մոտիվացիոն գաղափար, մղվում է հետին պլան: Մեր պարագայում էներգախնայողությունը դառնում է լրացուցիչ օգուտ բերող երկրորդական գործոն: Արևային տեխնիկայի զարգացման և տարածման բարոյական կողմնորոշիչները, այն է՝ պայքարը Երկիր մոլորակի էկոլոգիական մաքրության համար կամ գլոբալ տաքացման դեմ, շարքային սպառողին ոչինչ չասող փաստարկներ են, մանավանդ որ հանուն այդ վեհ գաղափարների իրականացման ինքն է իր գրպանից վճարելու:

ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ ԵՎ ԵՐԿՐԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
(энергетическая живучесть)

Երկրաշարժերի, տեխնածին աղետների, էներգետիկ շրջափակումների կամ պատերազմների ժամանակ Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունները պետք է կարողանան ապահովել սեփական բնակչության էներգետիկ կենսունակությունը: Բնակչությունը պետք է ունենա խմելու համար պիտանի ջուր և տաք կերակուր պատրաստելու, լողանալու, լվացք անելու հնարավորություն, որ կարողանա ճգնաժամերի ընթացքում գոյատևել և հեռու մնալ հնարավոր համաճարակներից: Աշխարհում այսօր նման իրավիճակում է հայտնվել երկրաշարժերի, ցունամիների և պատերազմների պատճառով ի հայտ եկած 10 միլիոն փախստական: Այս հարցը լուծելու առաքելությամբ 2013 թ. մեզ այցելեց «Global Hope Network» (Գլոբալ Հույս) կազմակերպության համադրող Ջեֆրի Լատցան (ԱՄՆ): Նրա կարծիքով՝ փախստականների ճամբարներում մարդկանց կենսունակ միջավայր ստեղծելու խնդիրը լրջագույն համաշխարհային պրոբլեմ է, ինչը կարելի է լուծել հայկական արևային տեխնիկայի օգնությամբ: Խնդրեմ, ևս 2 միլիարդ դոլարի պատվերի կոնկրետ առաջարկ: Ցանկացած բնակավայրի հելիոֆիկացիան համաշխարհային և համամարդկային կարևորագույն պրոբլեմների լուծման ուղղությամբ կատարված կարևոր քայլ է: Լինի դա հեռավոր կամ սահմանամերձ հայկական գյուղ, թե աշխարհի ծայրում հապճեպորեն կազմակերպված փախստականների ճամբար, միևնույն է, մեր անհատական կոմբինացված հելիոհամակարգերը շատ օգտակար գործ կարող են կատարել մարդկանց համար` նրանց տալով էներգիայի ինքնուրույն աղբյուր` որպես կենսունակության պահպանման հուսալի միջոց: Հելիոֆիկացիան ենթադրում է ստեղծել էներգիայի անկախ աղբյուրների բաշխված ցանց, որը, ի տարբերություն ատոմակայանների, ջերմակայանների, հիդրոէլեկտրակայանների, գազատարների և նմանատիպ այլ կենտրոնացված էներգահամակարգերի, կարող է գործել առանց բաշխիչ ցանցերի և արտաքին ազդեցությունների նկատմամբ օժտված է լինելու կայունության բարձր գործակցով:

Ճգնաժամերի ընթացքում մեր բնակավայրերում հնարավոր կլինի պահպանել նորմալ սանիտարահիգիենիկ իրավիճակ, որպեսզի իրենց բնականոն ռեժիմներով շարունակեն աշխատել հիվանդանոցները, դպրոցները և բնակչության կենսապահովման մյուս կարևորագույն օբյեկտները:


(շարունակելի)

Դիտվել է՝ 3426

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ