«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Երբ «չարիքը» դառնում է «չարյաց փոքրագույնը»

Երբ «չարիքը» դառնում է «չարյաց փոքրագույնը»
09.12.2016 | 00:40

Գագիկ Ծառուկյանին քաղաքականություն վերադարձնելու շուրջ վերջին երկու ամիսներին բավականին շատ խոսակցություններ են շրջանառվել։ Հիմնական թեման այն առանցքում էր, թե ժողովուրդն ու աշխատավորներն աղաչում-խնդրում են վերջինիս, որ վերադառնա մեծ քաղաքականություն։ ԲՀԿ նախկին առաջնորդի պատուհանների տակ կանգնելով, վանկարկելով՝ փորձ է արվում ձևավորել հասարակական պահանջ։ Այս սխեմային ի պատասխան՝ Գագիկ Ծառուկյանը որոշ ժամանակ առաջ պատասխանեց, որ եթե նման խնդրանք լինի, ժամանակին իր փակած էջը նորից կարող է վերաբացել ի շահ ժողովրդի։
Բոլորին էլ պարզ է, որ առանց Սերժ Սարգսյանի հավանության Ծառուկյանը դժվար թե վերադառնա մեծ քաղաքականություն՝ հաշվի առնելով նախորդ տարվա փետրվարի 12-ից հետո նշված անձանց միջև սկսված փոփոխական շրջանը՝ սկսած ատելությունից, վերջացրած վերջին շրջանի աննախադեպ ջերմությամբ։

Անգամ տեսակետ հնչեց, թե Ծառուկյանն այդ թեմայով անձամբ խոսել է երկրի ղեկավարի հետ, թույլտվություն է խնդրել, ինչին Սերժ Սարգսյանը պատասխանել է, թե դա Գագիկ Ծառուկյանի որոշելիքն է։ Եվ Ծառուկյանը, որպես փորձված և արդեն մեկ անգամ իշխանական և «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության» թակարդն ընկած մարդ, հասկացել է, որ այդ հարցով շտապել պետք չէ։ «Ինքդ որոշիր» արտահայտությունն ավելի շուտ մերժում է, քան հավանության նշան։


Նշված հայտարարությունից հետո որոշակի դադար եղավ, սակայն, ընտրությունների մոտենալուն պես, թեման ավելի մեծ թափ առավ, և այդ ամենին արդեն մասնակից դարձավ ԲՀԿ ներկայիս վերնախավը։ Հասկանալի է, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձի շուրջ PR շոուներն ու բեմականացումները քաղաքական մեծ ներկայացման ընդամենը նախերգանքն են։ Հերթը, ինչպես ասում են, անձամբ Գագիկ Ծառուկյանինն է, ով պետք է հայտարարի, թե ինչ է ծրագրում անել։ ՈՒշագրավ է, որ ԲՀԿ-ականներն արդեն իսկ ընդգծում են վերադարձի մասին, սակայն ինքը՝ «գլխավոր դերակատարը», դեռևս լուռ է։ Միևնույն ժամանակ, նույն ԲՀԿ-ականները նշում են, թե քաղաքական գործընթացներին մասնակցելիք ձևաչափի մասին Ծառուկյանը կհայտարարի ավելի ուշ։ Ըստ ամենայնի, դեռևս վերջնականապես չի որոշվել գործողությունների ձևաչափը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքական գործընթացների ժամանակ բազմիցս ապացուցվել է, որ Գագիկ Ծառուկյանին, այնուամենայնիվ, դժվար է ասոցացնել արմատական ընդդիմության հետ, պարզ է, որ հերթական վերակենդանացումն իշխանական ինչ-ինչ նախագծի սկիզբ է։ Եվ փորձագիտական հանրության մեջ շատերը կարծում են, որ օլիգարխը, ըստ էության, մի քանի անգամ արդեն փորձում է նույն գետը մտնել։ Առաջին անգամ այդ գետը նա մտել է ուղիղ տասը տարի առաջ, երբ, որպես իշխանության երկրորդ շարասյուն, մուտք գործեց մեծ քաղաքականություն, որպեսզի գլխավոր ուժի՝ հանրապետական կուսակցության հետ լցնի քաղաքական դաշտը՝ փոշիացնելով ընդդիմադիր հատվածը, ինչպես նաև հանդես գալով որպես ՀՀԿ հաղթանակն ապահովագրող ուժ։ Մանավանդ որ տասը տարի առաջ ընդդիմությունը շատ ավելի հեղինակավոր էր, անհամեմատ ավելի ուժեղ ու ինստիտուցիոնալ։


Նույն շրջափուլը կրկնվում է։ Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանը, չնայած վատ նախադեպերին, այնուամենայնիվ, կարծում է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական դաշտում չարյաց փոքրագույնն է։ Հիշեցնենք, որ մոտ երկու տարի առաջ նույն Սերժ Սարգսյանն էր Ծառուկյանին անվանում «չարիք քաղաքական դաշտում»։ ՈՒշագրավ է, որ Սերժ Սարգսյանն իր վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների միջոցով փորձում է ցույց տալ, որ Ծառուկյանն է վերադառնում քաղաքական դաշտ, ոչ թե ինքն է նրան վերադարձնում։ Հասկանալի է, որ Ծառուկյանի վերադարձը շատ հարցեր է առաջացնում, ուղղված հենց ՀՀ նախագահին, ով ժամանակին նշում էր, թե քաղաքականության մեջ նման գործիչների չպետք է հանդուրժել («օդում կախված» ինչ-ինչ հարցեր բարձրացրեց՝ կապված պարոն Ծառուկյանի գործունեության, հարկային պարտավորություններից խուսափելու և այլնի հետ)։ Այս հարցերը, ամենայն հավանականությամբ, շատերը վերհիշելու են։ Եվ ոչ միայն վերհիշելու են, այլև համապատասխան տեսագրությունները մտցվելու են շրջանառության մեջ։ Պարզ է, որ Սերժ Սարգսյանը հասկանում է, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձն իր համար շատ խոցելի է, այդ իսկ պատճառով փորձելու է իրեն տարանջատել այդ թեմաներից՝ ամենը վերագրելով հասարակական պահանջին և Գագիկ Ծառուկյանի որոշմանը։ Պատահական չէ, որ որոշ երիտասարդ հանրապետականներ արդեն իսկ հայտնվել են լրագրողների հարվածի տակ, որոնք հիշեցնում են ժամանակին ԲՀԿ առաջնորդի հասցեին նրանց հնչեցրած բավականին սուր և անձնավորված խոսքերը։ Ամեն դեպքում, արդեն հասկանալի է, որ ինչ աստառ էլ տրվի ծառուկյանական վերադարձին, գրեթե միանշանակ է, որ սա իշխանության հերթական նախագիծն է։


Իսկ ո՞րն է Գագիկ Ծառուկյանի դերը։ Պարզ է, որ Ծառուկյանին հասարակության որոշ խավեր ընկալում են որպես «փրկիչ», որի հետևից փորձում են գնալ։ Հասարակական այդ շերտն ընդգրկում է սոցիալապես անապահով խավը, հիմնականում միջին կամ միջինից ցածր կրթական ցենզ ունեցող, որը տարեցտարի ձգտում է դեպի լյումպենացում։ 2006-2015 թվականներին Գագիկ Ծառուկյանի հիմնական գործառույթը սոցիալապես խոցելի խավերին, որոնք սովորաբար հանդիպում են, ասենք, սոցիալիստական տիպի կուսակցությունների ընտրազանգվածում, իր ազդեցության ոլորտում պահելն էր։ Հայաստանում կոմունիստական կուսակցության փաստացի և երկարամյա անգործության պայմաններում պետք է ինչ-որ քաղաքական ուժ կամ գործիչ, որը տիրություն կանի լյումպենացված նշված խավին և չի թողնի, որ այն գնա իրական (իհարկե, այդպիսին լինելու պարագայում) ընդդիմության մոտ։ 70-80 տոկոս փաստացի աղքատության ցուցանիշ ունեցող երկրում այդ ընտրազանգվածը քաղաքական դաշտում իր համար պետք է որևէ հանգրվան գտնի։ Բնականաբար, այդ բողոքական ընտրազանգվածը ցանկացած երկրում ընդդիմության բաժինն է։ ՈՒ դրանով այն վտանգավոր է։ Իրական, կայացած ընդդիմության ձեռքն ընկնելու և ընտրական հենարան դառնալու դեպքում իշխանությունը կարող է լուրջ խնդիրներ ունենալ։ Գագիկ Ծառուկյանը տարիներ շարունակ չեզոքացնում էր այդ վտանգը։ 2015-ի շեմին խաղացին նրա նկրտումների, ցանկությունների վրա, համոզելով վերջինիս, որ արդեն հասունացել է իշխանությունը վերցնելու համար։ Արդյունքում նրան կանգնեցրին բուրժուա-դեմոկրատական հեղափոխության շեմին, որին հաջորդեցին 2015-ի փետրվարյան հայտնի դեպքերը։

Փաստորեն, Գագիկ Ծառուկյանն անցել էր իշխանությունների հետ պայմանավորվածությունների «կարմիր գիծը», որին հաջորդեց, ինչպես Հովիկ Աբրահամյանն էր իր հայտնի ելույթում բնորոշել, «բամփելու» գործընթացը։
Ամբողջ խնդիրն այն է, որ Գագիկ Ծառուկյանին ամենակոշտ եղանակով քաղաքական դաշտից հանելուց հետո սոցիալապես անապահով ընտրազանգվածը փաստացի «անտեր» էր մնացել։ Իրենց ընդդիմադիր անվանող մյուս քաղաքական ուժերն այդպես էլ ի վիճակի չեղան այդ դերում փոխարինելու Գագիկ Ծառուկյանին։ Ընդ որում՝ այդ դերը չկարողացավ ստանձնել առաջին հերթին հենց իր համար շուրջ մեկուկես տարի նոր «տանիքներ» որոնող ԲՀԿ-ն։ Այս պայմաններում ստեղծվեց մի իրավիճակ, երբ լյումպենացված ընտրազանգվածը սկսեց նոր առաջնորդներ փնտրել և, չգտնելով նման լիդերների, սկսեց գնալ ամենառադիկալ կարգախոսներով հանդես եկող ցանկացած ուժի հետևից։ «Սասնա ծռերի» հասարակական անթաքույց աջակցությունը դրա ապացույցն էր։ Փաստորեն, երկրում այդ սոցիալական ընտրազանգվածը դարձել էր անվերահսկելի իշխանությունների կողմից։ Ընտրությունների շեմին, հասկանալի է, այդ ընտրազանգվածը կարող է նույնքան անվերահսկելի դառնալ, այդ առումով լիովին վերահսկելի Գագիկ Ծառուկյան պրոյեկտն իշխանություններին ձեռնտու է, քանի որ այն ամլացնում և վերահսկելի է դարձնում ընդդիմադիր բողոքական խավերին և զերծ պահում արմատական քայլերից, հույս ներշնչելով, որ այլ՝ ոչ արմատական մեթոդներով և քաղաքական գործընթացներով կարելի է նպատակներին հասնել, ինչպես 2015-ի սկզբներին էր։
Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանը և «Հանրապետականի» վերնախավը համարում են, որ այժմ անհամեմատ ավելի անվտանգ սխեմա է գործում, և Ծառուկյանն այլևս վերահսկողությունից դուրս չի գա, քանի որ, ինչպես ասվում է, «վախը լավ բռնել են», և նախորդ փորձերից պարզ է դարձել, որ նա այն կերպարը չէ, ով հանուն քաղաքական, առավել ևս հեղափոխական նպատակների կզոհաբերի իր բարեկեցությունն ու հարստությունը։

Բնականաբար, հանրապետականները համարում են, որ ԲՀԿ առաջնորդին ցակացած պահի քաղաքական դաշտից կարող են նույն մեթոդով հանել, քանի որ արդեն գիտեն նրա «աքիլլեսյան գարշապարը», և այդ սխեման արդեն փորձարկված է։
Սակայն այս ամենը չի նշանակում, թե Գագիկ Ծառուկյանի համար շատ բարենպաստ առանձին ռեժիմ է լինելու։ Իշխանությունները հասկանում են, որ խաղի ինչ կանոններ էլ հաստատվեն ՀՀԿ-ի և Ծառուկյանի միջև, այնուամենայնիվ, քաղաքական դաշտում կան ուժեր, որոնք անխնա քննադատելու են օլիգարխին, հիշեցնելով քաղաքական կյանքի նախորդ էջերը, որոնք ցույց են տալիս, որ կրիտիկական պահերին նա նահանջում է, ինչպես արդեն մի քանի անգամ արձանագրվել է նախագահական ընտրությունների ժամանակ, երբ ժողովուրդը «խնդրում» էր առաջադրվել, բայց նա վերջին պահին հրաժարվում էր՝ ինչ-ինչ պայմանավորվածություններից ելնելով, կամ լրջորեն չէր վիճարկում, օրինակ, խորհրդարանական ընտրությունների արդյունքները և այլն։ Անկասկած, նման հիշեցնողների պակաս չի լինի թե՛ ընդդիմադիր դաշտում, թե՛ իշխանության մեջ՝ քողարկված տեսքով։ Այստեղ կան շատ մարդիկ, որոնք բացարձակապես հիացած չեն Ծառուկյանի վերադարձով, հաշվի առնելով ոչ միայն քաղաքական նրբերանգները, այլև անցած տարվա փետրվարի 12-ի իրադարձություններից բխող միջանձնային սուր հարաբերությունները։


Ոչ պակաս կարևոր է այստեղ դաշնակցության գործոնը, քանի որ վերջինս հասկանում է, որ Գագիկ Ծառուկյանի մուտքը քաղաքական դաշտ ենթադրում է նաև իրենց հասանելիք առանց այդ էլ սակավ ձայների կորուստ։ Ըստ էության, երկու ուժերն էլ՝ թե իրեն սոցիալիստական համարող ՀՅԴ-ն, թե՛ սոցիալ-պոպուլիստական կարգախոսներով հանդես եկող օլիգարխի գլխավորած ուժը ծրագրեր են առաջարկելու փաստացի նույն՝ սոցիալ-տնտեսական ուղղությամբ։ Բացի այդ, քաղաքական դաշտում շատ են ուժերն ու անձինք, որոնք կաշկանդված չեն լինի որևէ պայմանավորվածությամբ և անխնա կբացեն Ծառուկյանի դեմ բոլոր խաղաքարտերը։ Չի բացառվում, որ սա ձեռնտու է նաև Սերժ Սարգսյանին, քանզի նա պետք է շահագրգռված լինի, որ Ծառուկյանը, այնուամենայնիվ, շատ մեծ տոկոսներ չհավաքի ապագա խորհրդարանում։


Ինչ վերաբերում է ծառուկյանական վերադարձի ձևաչափին, ապա այն նույնպես ամենաքննարկվելիք թեմաներից մեկն է դառնալու։ Հարց է՝ ԲՀԿ-ի՞ միջոցով կմասնակցի նա ընտրություններին, թե՞ որպես անկուսակցական կամ ինչ-որ դաշինքի ղեկավար։ Իսկ գուցե նրա շուրջ կձևավորվի նորաստեղծ «Միասնություն» շարժո՞ւմը, որը, ի դեպ, ղեկավարում են նրա նախկին հովանավորյալներն ու կուսակիցները։


Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1755

Մեկնաբանություններ