«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Բոլոր անկախ կառավարությունները» կտեսնե՞ն, արդյոք, իրանական նավատորմը Հարավային Ատլանտիկայում

«Բոլոր անկախ կառավարությունները» կտեսնե՞ն, արդյոք, իրանական նավատորմը Հարավային Ատլանտիկայում
09.12.2016 | 00:50

Վերջերս ԱՄՆ-ի ընդունած հակաիրանական պատժամիջոցները մեկ անգամ ևս երկարացնելու որոշումը պատճառ դարձավ, որ Իրանն ընդունի մի ամբողջ շարք որոշումներ ու ձեռնարկի քայլեր, որոնց էությունն ու իրական հետևանքները, անտարակույս, ստիպված կլինի իր մաշկի վրա զգալու արդեն ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը: Բանն այն է, որ, հաշվի առնելով «իրանական ատոմի» վերաբերյալ Վիեննայի փաստաթղթի մասին նրա նախընտրական արտահայտություններն ու Իրանի հետ կնքված փաստաթուղթն ստորագրած մարդկանց բնութագիրը (նկատի է առել ԱՄՆ-ի ներկայիս պետքարտուղար Ջոն Քերիին և նրա ծառայակիցներին. իբր, Իրանի հետ միջուկային գործարքը կնքելիս ԱՄՆ-ը ներկայացրել են «շատ հիմար մարդիկ»), Թրամփի կառավարման ժամանակ պետք է սպասել, որ իրանա-ամերիկյան հարաբերություններն է՛լ ավելի կսրվեն: Եվ զուր չէ, որ հիմա, փաստորեն, ամբողջ Եվրոպայից, ինչպես նաև ՄԱԿ-ի քարտուղարությունից կոչեր են հնչում ուղղված ԱՄՆ-ին՝ ցանկացած պարագայում հետևելու Թեհրանի հետ կնքված «միջուկային համաձայնագրին»:


Սակայն Արևմուտքում և ԱՊՀ երկրներում, ոչ պրոֆեսիոնալ մոտեցմամբ, քիչ ժամանակ և տեղեկատվական տարածություն է տրամադրվում Իրանից ստացվող կամ Իրանին ու նրա քաղաքականությանն առնչվող հրատապ տեղեկություններին: Դրա հետևանքով, մոլորակի մեծ մասն իրազեկ չի լինում, և իզուր: Թվում է, թե ԻԻՀ-ի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Հոսեյն Դեհանի նոյեմբերի 26-ի հայտարարությունն այն մասին, որ Թեհրանը լրջորեն քննարկում է Համադանի «Շահիդ Նոժե» ռազմաօդային բազան Ռուսաստանին տրամադրելու հնարավորությունը, այն դեպքում, եթե Սիրիայի իրադրությունը պահանջի ռազմական նոր միջամտություն, գլխավորապես կապված է այն բանի հետ, որ նորից կարող են սրվել Թուրքիայի հարաբերությունները Ռուսաստանի ու Սիրիայի հետ՝ սիրիական Ալ-Բաբ քաղաքի մոտ թուրքական զորախմբի ոչնչացման պատճառով: Իսկ Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ Մոհամմադ Հոսեյն Բաքերին հաղորդել է Սիրիայում ու Եմենում իրանական ռազմածովային բազայի ստեղծման հնարավորության մասին: Նրա կարծիքով, Իրանի սահմաններից հեռու բազաների ստեղծումը «ունի զսպման էֆեկտ, ինչպես ատոմային ռումբը, բայց շատ ավելի հզոր»: Իրականում, բրիգադային գեներալ Դոհանի վերադարձը «Շահիդ նոժե» բազան ռուսական ռազմատիեզերական ուժերին (ՌՏՈՒ) տրամադրելու գործոնին կապված է ԱՄՆ-ի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հանդեպ քաղաքականության արմատական փոփոխության հետ:


Այն մասին, թե ինչպես հանկարծ իրանցիները Թուրքիայի քրդական աշխատավորական կուսակցության (PKK) փեշմերգայի մարտիկներին «համոզեցին» մասնակցել իրաքյան Մոսուլ քաղաքի գրոհին և նրանց դրեցին շիական «Հաշիդ աշ-Շաաբի» աշխարհազորի ենթակայության տակ, շատ լրատվամիջոցներ են գրել: Հայտնի է նաև, որ հենց իրանական հատուկ նշանակության ջոկատների հրամանատարներն են վարժեցնում շիական «Ժողովրդական զորահավաքի ուժեր» կոչվող այդ միլիցիային, այնպես որ, այդ առումով Իրանի հասցեին Թուրքիայի բողոքները պետք է համարել հիմնավորված: Նոյեմբերի 24-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Մոհամմադ Ալի Ջաֆարին պաշտոնապես հերքեց այն պնդումները, թե իրանական զորքերը Իրաքում մասնակցում են Մոսուլի ազատագրման գործողությանը, սակայն խոստովանեց, որ «Բաղդադին Թեհրանի ցուցաբերած աջակցությունը սահմանափակվում է սոսկ խորհրդատվությամբ»: Իսկ դրանից առաջ Գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին (նա էլ հենց Իրանի բոլոր զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է) իրանցի երկու նոր զինվորական հրամանատարների բարձր պաշտոնների էր նշանակել: Բրիգադային գեներալ Ահմադ Ռզա Փուրդաստանը նշանակվել է Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ: Փուրդաստանը նոր պաշտոնի նշանակվելուց առաջ՝ 2008 թվականից Իրանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարն էր, նա հայտնի է իր կոշտ հակաամերիկյան և հակաահաբեկչական դիրքորոշմամբ: Այաթոլլահ Խամենեին բրիգադային գեներալ Կիումարս Հեյդարիին էլ նշանակել է իրանական բանակի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, որը հայտնի է իրանական «ցամաք-ցամաք» դասի հրթիռների հաջող փորձարկումներով:


Հենց այդ պահից պարզ դարձավ, որ Թեհրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ դիմակայության կոշտացման, և PKK-ի քրդերի հանդեպ «խնամակալությունը» ոչ թե սոսկ հակաթուրքական, այլ նաև հակաամերիկյան քայլ է: Իսկ ԱՄՆ-ի հետ դիմակայություն Թեհրանում արդեն տեսնում են ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև աշխարհի ուրիշ շրջաններում: Այաթոլլահ Խամենեիի նշանակումներից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ Իրանի 44-րդ տորմիղը ¥արդիական էսկադրային ականակիրներ «Ալվանդը» և «Բուշեհրը»¤ շրջանցել են Աֆրիկան և հարավից մտել Ատլանտյան օվկիանոս: Իրանի ՌԾՈՒ գլխավոր հրամանատար դերծովակալ Հաբիբոլլա Սայյարին հայտարարել է, որ երկիրը ծրագրում է ընդլայնել ռազմածովային ներկայությունը միջազգային ջրերում, նշելով, որ Ատլանտիկայում Իրանի ռազմածովային զորախմբերի տեղաբաշխումը մշտական բնույթ կկրի: Սայյարին շեշտել է. «Ի լրումն դրա, ռազմանավերի 5 տորմիղներ ուղևորվել են այլ երկրներ, այս պահի դրությամբ՝ խաղաղության ու բարեկամության ուղերձով»: Առաջին անգամ չէ, որ Իրանի ՌԾՈՒ-ն գործում է ռազմավարական առումով կարևոր միջազգային ջրերում. 2008 թ. նոյեմբերից իրանական ռազմական ծովայինները հակածովահենական պարեկային ծառայություն են իրականացնում Ադենի ծովածոցում և Հնդկական օվկիանոսում: Բայց հիմա ամեն ինչ որակապես այլ է. Դուրբան Հարբորում (ՀԱՀ) բազավորումն ու Հարավային Ատլանտիկան ասես աներկբա ուղերձ լինեն՝ հասցեագրված հենց ԱՄՆ-ին, ինչպես նաև ամբողջ ՆԱՏՕ-ին: Այսպիսով, Թեհրանն իր խոսքի տերը եղավ. դեռ 2014 թ. դերծովակալ Սայյարին Թեհրանում օտարերկրյա ռազմական կցորդների հետ հանդիպման կուլիսներում լրագրողներին հայտարարել էր. «Իրանական նավատորմը, անշուշտ, մոտ ժամանակներս ներկա կգտնվի Ատլանտյան օվկիանոսում»: Այդ սպառնալիքի իրագործումը ցույց է տալիս, որ Իրանը, չնայած «ատոմային գործի» առնչությամբ Արևմուտքի հետ շարունակվող բանակցություններին, կանխավ գիտեր, որ ԱՄՆ-ի հետ նոր բարդացումներն անխուսափելի են, և նախապատրաստվում էր Հարավային Ատլանտիկայում ռազմական ներկայությանը: Իրագործելով իր ռազմածովային ծրագիրը, Իրանը «գնդակը նետել է ամերիկացիների կիսադաշտը»:


Սակայն սա դեռ ամենը չէ. նոյեմբերի 22-ին իրանական խորհրդարանում բարձրաձայնեցին, որ անհրաժեշտ է խորացնել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի ու Չինաստանի հետ: Պաշտպանության ոլորտում իրանական և չինական գործընկերների հաճախակի դարձած շփումները վկայում են, որ Թեհրանն ու Պեկինը շահագրգռված են հզոր ռազմական համագործակցության զարգացմամբ, ինչը կնպաստի տարածաշրջանային կայունության և խաղաղության ապահովմանը՝ հայտարարել է Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Մասուդ Գուդարզին: Գաղտնիք չէ, որ մինչ այդ Չինաստանի պաշտպանության նախարար Չան Վանցյուն եռօրյա այցով Թեհրանում էր՝ ի պատասխան իր իրանցի պաշտոնակցի 2014 թ. Չինաստան կատարած այցի: Եվ ընդունվել էր ամենաբարձր մակարդակով, փաստորեն, Իրանի բոլոր ղեկավարների կողմից: Իրանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչները հարցեր են քննարկել նաև Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարության հետ (2015-ի ապրիլին, անվտանգության հարցերին նվիրված մոսկովյան 4-րդ միջազգային խորհրդաժողովի ժամանակ): Եվ այն ժամանակ, ինչպես հայտնի է, Իրանն առհասարակ քառակողմ (Իրան, Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան) ռազմական համագործակցություն առաջարկեց: Գուդարզին չինական զինված ուժերը հզոր գլոբալ ուժ անվանեց և ասաց, որ Չինաստանի հետ հարաբերությունների բարելավումը կարող է զգալիորեն մեծացնել Իրանի պաշտպանունակությունը. «համատեղ զորավարժությունները կարող են օգնել բարելավելու մեր ուժերի հմտություններն ու պատրաստականությունը»: Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին Իրանի ու Չինաստանի պաշտպանության նախարարները ստորագրեցին համաձայնագիր, որը ներառում է զինվորականների միջև փորձի փոխանակություն, հատկապես ահաբեկչության և տարածաշրջանում անվտանգությանը սպառնացող գործոնների դեմ պայքարի համար լուրջ ջանքերի նախապատրաստման և համակարգման առումով: Կողմերը պայմանավորվեցին նաև մոտ ապագայում անցկացնել համատեղ հակաահաբեկչական զորավարժություններ: Առաջին անգամ իրանական և չինական ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ անցկացրել են Պարսից ծոցի ջրերում՝ դեռ 2014 թվականին: Մեկ այլ խորհրդարանական՝ Մոհամմադ Իբրահիմ Ռզային, հայտարարել է, որ Թեհրանի ու Պեկինի ավելի սերտ կապը, որոնք ընդհանուր շատ շահեր ունեն անկայուն Արևմտյան Ասիայում, ցույց է տալիս, որ աշխարհը փոխվում է:

«Չինաստանը հասկացել է, թե ինչ լուրջ վտանգ են իր համար ԱՄՆ-ը և Արևմուտքը, և չինացիները պետք է ավելի սերտորեն համագործակցեն ազդեցիկ երկրների հետ, ինչպիսին Իրանն է, որպեսզի պաշտպանեն իրենց»,- ասել է նա: Ռզային նշել է, որ ԱՄՆ-ը վերջին տարիներին թշնամական դիրք է գրավել Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի նկատմամբ, և այդ երկրները գիտեն, որ պետք է միասնաբար հանդես գան իրենց ընդհանուր շահերը պաշտպանելու համար:
Այնուհետև Իրանի ազգային տիեզերական կենտրոնի ղեկավար Մանուչեհր Մանթեքին, հանդես գալով Քիշ կղզում կայացած մասնագիտացված ավիացիոն խորհրդաժողովում, ընդգծել է, որ Թեհրանն ու Մոսկվան կարող են նպաստել օդատիեզերական ոլորտում իրենց համագործակցության հետագա աճին. «Իրանն ու Ռուսաստանը օդատիեզերական համագործակցության ընդլայնման լավ հնարավորություններ ունեն և երկու երկրները պետք է օգտագործեն այդ հնարավորությունը»: Նոյեմբերի 24-ին գեներալ Փուրդաստանը հայտարարեց, որ Իրանն արտադրում է երկրի առջև ծառացած հնարավոր սպառնալիքին համարժեք նոր ռազմական տեխնիկա, միաժամանակ ընդգծեց, որ ծրագրվում է Ռուսաստանից ձեռք բերել նոր կործանիչներ, նպատակ ունենալով բարձրացնելու երկրի հակաօդային պաշտպանության հնարավորությունները: Սակայն նա չասաց, թե հատկապես ինչ կարգի ինքնաթիռներ են ձեռք բերվելու: Ինչևէ, հայտնի է, որ ռուս-իրանական բանակցությունները շարունակվում են, և որ «ՈՒրալվագոնզավոդ» կորպորացիան հայտարարել է, թե պատրաստ է խորացնելու համագործակցությունը Իրանի հետ T-90C տանկերի, արդիականացված T-72C տանկերի արտոնագրված արտադրության և դրանց արտադրական կարողությունների արմատավորման ուղղությամբ:

Իրանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հայտարարությունների համաձայն, երկրները գտնվում են Cy-30 կործանիչների վերաբերյալ պայմանագրի կնքման բանակցությունների եզրափակիչ փուլում, ընդ որում՝ նախատեսվում է ինքնաթիռների արտադրությունը կազմակերպել Իրանում: Լրատվամիջոցների տվյալների համաձայն, իրանական կողմը շահագրգռված է նաև ստանալու Як-130 ուսումնամարտական ինքնաթիռներ, Ми-8, և Ми-17 տիպի ուղղաթիռներ, առափնյա դյուրաշարժ «Бастион» հրթիռային համալիրներ, «Фрегат» տիպի վերջրյա ռազմանավեր ու սուզանավեր: Բանակցություններում խոսվել է նույնիսկ ՀՕՊ C-400 ԶՀՀ-ների մասին և այլն:
Իրանից արվող նոյեմբերյան հայտարարությունների պսակ լինեին ասես այաթոլլահ Խամենեիի խոսքերը: Սլովենիայի նախագահ Բորուտ Պահորի հետ նոյեմբերի 21-ին կայացած հանդիպման ժամանակ նա ընդգծեց, որ ԱՄՆ-ի ռազմարշավն ընդդեմ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման անհաջողության մատնվեց. «Առաջին կարծիքի համաձայն, ամերիկացիները ոչ մի պլան չունեն ոչնչացնելու ԻՊ-ն... և մտադիր են ԻՊ-ի դեմ գործելու այնպես, որ այդ խնդիրը մնա չլուծված Իրաքում և Սիրիայում: Երկրորդ սցենարի համաձայն, ԱՄՆ-ը ձգտում է ազատվել ԻՊ-ից, բայց իրավիճակը նրան թույլ չի տալիս հասնել նպատակին: ՈՒստի Թեհրանը «դատապարտում է ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում: Բայց ամեն դեպքում Արևմուտքի գործողություններն անհաջող են, և անհրաժեշտ են բազմակողմանի ջանքեր բոլոր անկախ կառավարությունների կողմից»: Հասկանալի է, որ խոսքը ԱՄՆ-ի խամաճիկների մասին չէ, և մենք տեսնում ենք, որ Իրանը արևելյան դանդաղկոտությամբ սկսել է հենց «Բալկանյան տեղամասից»՝ որպես Արևմուտքի ամենաթույլ օղակի, բալկանցիներին առաջարկելով դուրս գալ ԱՄՆ-ի կողմից իրականացվող արտաքին կառավարման տակից: Իսկ նոյեմբերի 24-ին այաթոլլահ Խամենեին «Բասիջի» շաբաթի առթիվ ընդունեց Իրանի բոլոր ծայրերի աշխարհազորի մի խումբ անդամների ու հրամանատարների և հայտարարեց. «Ինչ վերաբերում է միջուկային գործարքին, ապա ԱՄՆ-ի ներկա վարչակազմը համաձայնագիրը խախտել է մի քանի անգամ և պատժամիջոցները երկարաձգել է 10 տարով: ԱՄՆ-ը պետք է իմանա, որ Իսլամական Հանրապետությունը անպայման իր վերաբերմունքը կարտահայտի այդ առթիվ»:


Միևնույն ժամանակ հետազոտությունը լիարժեք չի լինի, եթե ուշադրության չառնենք ՄԱԿ-ում Իրանի դեսպանի տեղակալ Գոլյամհոսեյն Դեհանիի նոյեմբերի 24-ի հայտարարությունը «ՄԱԿ-ը և Շանհայի համագործակցության կազմակերպությունը: Համատեղ հակազդեցություն մարտահրավերներին ու սպառնալիքներին» թեմայով նստաշրջանում: Իր ճառում նա նշել է. «Մարտահրավերներն ու սպառնալիքները արդի աշխարհում շատ ավելի բազմակողմանի, փոխկապակցված ու բարդ են, քան նախկինում, դրանք պահանջում են շատ ավելի լիարժեք ու հավաքական արձագանք ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում: Այդ նպատակով սերտ համագործակցությունը ՄԱԿ-ի և տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային կազմակերպությունների միջև ներկայումս շատ ավելի անհրաժեշտ է, քան նախկինում»: Իր ելույթի վերջում իրանցի դիվանագետը հայտարարել է, որ ՄԱԿ-ը ՇՀԿ-ի հետ ավելի սերտորեն պետք է գործակցի հակամարտությունների կանխման ու կարգավորման, ահաբեկչության, զանգվածային ոչնչացման զենքի տարածման, անդրազգային հանցավորության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի, միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերում: ՄԱԿ-ի և ՇՀԿ-ի համագործակցությունը կարող է նպաստել անվտանգության ապահովմանը, տարածաշրջանի զարգացմանն ու կայունության մակարդակի բարձրացմանը: Նա ընդգծել է. «Մենք ահաբեկչությունը, բռնություններով ուղեկցվող ծայրահեղականությունը, հատկապես «Իսլամական պետություն» խմբավորումը՝ թաքֆիրիզմի գաղափարախոսության հետ մեկտեղ, համարում ենք մեր ժամանակների ամենավտանգավոր սպառնալիքներից մեկը և կարծում ենք, որ ՄԱԿ-ի ու ՇՀԿ-ի համագործակցությունը կարող էր ընդլայնվել այդ սպառնալիքին հակահարված տալու համար»:


Եվ այսպես, հակաամերիկյան պատրաստությունների ֆոնին Թեհրանը ՄԱԿ-ի բոլոր անդամներին երկընտրանք է առաջադրել՝ կա՛մ ՄԱԿ-ը միանում է ՇՀԿ-ի առաջատար երկրների (Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան և, հեռանկարում, Իրան) գործողություններին ու որոշումներին, կա՛մ ՇՀԿ-ն լիովին կարող է միջազգային ասպարեզում փոխարինել ՄԱԿ-ին: Ընտրությունը աշխարհի երկրներինն ու ժողովուրդներինն է: Թեհրանի հույսը բոլոր «անկախ կառավարություններն» են, ընդ որում, անկախ, իհարկե, ԱՄՆ-ից:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ



Դիտվել է՝ 1825

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ