Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Որպես թիրախ ընտրվել են հատկապես ՀԱՊԿ անդամ երկրները»

«Որպես թիրախ ընտրվել են հատկապես ՀԱՊԿ անդամ երկրները»
09.12.2016 | 00:56

Հայաստանում ԱՄՆ ռազմական գերատեսչության գործակալություններից մեկի ֆինանսավորմամբ բացված ու բացվելիք կենսաբանական լաբորատորիաների և դրանց վտանգավորության առնչությամբ առկա մտահոգությունների վերաբերյալ «Իրատեսի» հարցերին պատասխանում է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ:

-Ձեզ ի՞նչ է հայտնի Հայաստանում ԱՄՆ պաշտպանության նախարարության վտանգների նվազեցման գործակալության (ՎՆԳ) գործունեության մասին:
-2016 թ. ապրիլի 6-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Տավուշի մարզի տարածաշրջանային լաբորատորիայի բացմանը: ԱՄՆ պաշտպանության նախարարության վտանգների նվազեցման գործակալության ներկայացուցիչ Լանս Բրուքսը նույնպես մասնակցել է բացման արարողությանը։
Բացված լաբորատորիան գտնվում է Իջևանում և հիմնանորոգվել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ՎՆԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող «Կենսաբանության ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի» (ԿՈՆՀԾ) շրջանակներում: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ընդգծել է, որ այն, առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ, Հայաստանում ԱՄՆ կառավարության կողմից իրականացվող ամենամեծ ծրագրերից մեկն է։
2016 թ. հուլիսի 13-ին Երևանի Ավան վարչական շրջանում գործակալության աջակցությամբ բացվել է ևս մեկ լաբորատորիա: Ռեֆերենս լաբորատորիայի բացմանը ներկա է եղել նաև վերոհիշյալ գործակալության համատեղ սպառնալիքների ծրագրի տնօրեն Էլիզաբեթ Ջորջը։
Դոկտոր Էլիզաբեթ Ջորջի խոսքերով, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս լաբորատորիայի հիմնովին կառուցման համար ԱՄՆ կառավարությունը ներդրել է 4,1 մլն դոլար, իսկ ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ռեֆերենս լաբորատորիայի հիմնանորոգման համար` 9,8 մլն դոլար։ Լրացուցիչ 1,7 մլն դոլար տրամադրվել է կահույք և նոր սարքավորումներ գնելու համար։
Մեկ օր հետո` 2016 թ. հուլիսի 14-ին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ՀՀ առողջապահության նախարարի, Էլիզաբեթ Ջորջի, քաղաքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շիրակի տարածաշրջանային լաբորատորիայի բացման արարողությունը։ Գյումրիում ստեղծված լաբորատորիայի վերանորոգման համար ԱՄՆ կառավարությունը ներդրել է 2,7 մլն դոլար և մոտ 340 հազար դոլար` սարքավորումների և կահույքի ձեռքբերման համար։
2017 թ. ավարտին կհասցվի ևս երեք լաբորատորիաների կառուցումը Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում:
-Իսկ իրենից ի՞նչ է ներկայացնում ԱՄՆ պաշտպանության նախարարության վտանգների նվազեցման գործակալությունը, և ինչո՞ւ է նրա գործունեությունը մտահոգության տեղիք տվել:
-Այդ գործակալությունը ստեղծվել է 1998 թ. հոկտեմբերի 1-ին ԱՄՆ պաշտպանության նախարարության վերակազմավորման և նախկինում գործող Հատուկ զինատեսակների գործակալության (Defense Special Weapons Agency), Տեղում ստուգումների գործակալության (On-Site Inspection Agency), Տեխնոլոգիական անվտանգության բաժնի (Defense Technology Security Administration), ինչպես նաև Սպառնալիքի համատեղ նվազեցման ծրագրի (Cooperative Threat Reductionգ Նաննա-Լուգարի ծրագիր) միավորման արդյունքում։ ԱՄՆ ՊՆ ՎՆԳ-ն պատասխանատու է զանգվածային ոչնչացման զենքի կիրառման սպառնալիքին դիմակայելու, այդ թվում` ԱՄՆ-ի և իր դաշնակիցների նկատմամբ այդ զենքի կիրառման դեպքում պաշտպանական միջոցներ ստեղծելու համար: 2007 թ. գործակալության անձնակազմը բաղկացած էր 1955 զինվորական և քաղաքացիական աշխատակիցներից, իսկ նրա բյուջեն 2,68 մլրդ դոլար էր։
Այն հանգամանքը, որ Հայաստանում հիշյալ լաբորատորիաները հիմնանորոգվել, բացվել են ԱՄՆ պաշտպանական գերատեսչության վտանգների նվազեցման գործակալության ֆինանսավորմամբ ու ջանքերով, ինչպես նաև այն փաստը, որ այդ լաբորատորիաների բացման գործում գործակալության դերակատարությունն ակնհայտորեն դուրս է այն չորս հիմնական ուղղություններից, որոնցով գործակալությունն իրականացնում է իր աշխատանքները, բնականաբար, տեղիք են տալիս կասկածների ու մտահոգությունների:
Հարկ է նկատի ունենալ նաև այն, որ այս գործակալության աջակցությամբ բազմաթիվ կենսաբանական լաբորատորիաներ են կառուցվել նաև նախկին ԽՍՀՄ մի շարք հանրապետությունների տարածքներում։ Մասնավորապես` ԱՄՆ կառավարության և ՈՒկրաինայի առողջապահության նախարարության միջև 2005 թ. կնքված համաձայնագրի արդյունքում ՈՒկրաինայում բացվել են լաբորատորիաներ չափազանց վտանգավոր վարակների ուսումնասիրության նպատակով։ Լաբորատորիաները բացվել են Կիև, Օդեսա, Խերսոն, Տերնոպոլ, ՈՒժգորոդ, Վիննիցա, Խարկով, Լուգանսկ, Դնեպրոպետրովսկ և Լվով քաղաքներում։ Լաբորատորիաների կեսից ավելին բացվել է ՈՒկրաինայի միլիոնանոց բնակչությամբ քաղաքներում (ընդհանուր առմամբ մոտ 10 մլն բնակչությամբ)։ Բոլոր լաբորատորիաների կառուցման աշխատանքները կատարվել են ամերիկյան «Black & Veatch Special Projects Corp.» ինժեներական ընկերության կողմից։
Թբիլիսիի մոտ գտնվող Ալեքսեևկա ավանում գործում է ԱՄՆ Պենտագոնի Ռիչարդ Լուգարի անվան լաբորատորիան, որի արժեքն է մոտ 300 մլն դոլար։ Բացի այդ, Վրաստանում գործում են Պենտագոնի վերահսկողության տակ գտնվող մի շարք կենսաբանական օբյեկտներ։ Այն հարցին, թե ինչու է Վրաստանում բացվել նման լաբորատորիա, Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը պատասխանել է, որ դա պայմանավորված է Վրաստանի աշխարհագրական դիրքով և ԱՄՆ ՎՆԳ-ի նպատակներով։
2016 թ. սեպտեմբերին ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ Ղազախստանում բացվել է լաբորատորիա, որտեղ հետազոտում են մարդկանց և կենդանիների վարակիչ հիվանդությունները, ինչպես նաև պահվում են խիստ վտանգավոր պաթոգեններ։
2013 թ. Ադրբեջանում գործում է անվտանգության երրորդ աստիճան ունեցող լաբորատորիան, որը մասնագիտացված է մարդկային և կենդանական ծագման ախտածին միկրոօրգանիզմների ուսումնասիրության ուղղությամբ։ Այս լաբորատորիան նույնպես կառուցվել է ՎՆԳ-ի ֆինանսավորմամբ։
2008 թ. Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում USAID-ի ֆինանսավորմամբ և «ՄԻԱՎ/ՁԻԱՀ և հեպատիտ B,C կանխարգելման ծրագրի» շրջանակներում բացվել է կենտրոնական ռեֆերենս լաբորատորիա։
Տաջիկստանի Սուղդ, Խաթլոն շրջաններում, ինչպես նաև Դուշանբե քաղաքում ԱՄՆ ռազմական գերատեսչության ֆինանսավորմամբ ստեղծված է մանրէաբանական լաբորատորիաների ցանց։
2007 թվականից ազգային ռեֆերենս լաբորատորիա է գործում ՈՒզբեկստանում, որը ֆինանսավորվել է USAID-ի կողմից, իսկ 2011 թվականին ՎՆԳ-ն ֆինանսավորել է կենսաբանական անվտանգության երկրորդ աստիճան ունեցող երկու ախտորոշիչ լաբորատորիաների կառուցումը։
-1972 թվականին ընդունվել և 1975 թվականից ուժի մեջ է մտել «Մանրէաբանական (կենսաբանական) և թունավոր նյութեր պարունակող զենքի մշակման, արտադրության, կուտակման արգելման և դրա ոչնչացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, որը վավերացրել է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Նշված կոնվենցիային ԱՄՆ-ի մասնակցությունը չի՞ փարատում Ձեր մտահոգությունները:
-1994 թվականին, հատուկ համաժողովի արդյունքում, «Մանրէաբանական (կենսաբանական) և թունավոր նյութեր պարունակող զենքի մշակման, արտադրության, կուտակման արգելման և դրա ոչնչացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի մասնակից պետությունների կողմից ստեղծվել է հատուկ հանձնաժողով՝ պարտավորեցնող միջազգային իրավական փաստաթուղթ ստեղծելու նպատակով։
Պետությունների առաջարկներով մշակվել է փաստաթղթի տեքստը, որի համաձայն, կոնվենցիայի մասնակից պետությունների մանրէաբանական գործունեությունը պետք է ենթարկվեր ստուգման այդ պետությունների տարածքներում՝ անկախ գործող հատուկ մարմնի կողմից։
Սակայն, Միացյալ Նահագները 2001 թվականին ավարտական փուլում արգելափակեց այդ աշխատանքները և միակողմանիորեն դուրս եկավ փաստաթղթի ստորագրման ուղղությամբ տարվող բանակցություններից։ 2001 թվականից սկսած, ԱՄՆ-ն արգելափակում է կենսաբանական զենքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի շրջանակներում ցանկացած կառուցողական աշխատանք, որն ուղղված է կոնվենցիայի դրույթները գործնական դաշտ բերելուն։
-Իսկ ի՞նչ նպատակով են Հայաստանում ԱՄՆ պաշտպանության նախարարության օժանդակությամբ բացվել ու բացվելու այդ կենսաբանական կամ մանրէաբանական լաբորատորիաները։
-Կարծում եմ՝ ԱՄՆ ռազմական գերատեսչության ֆինանսավորմամբ եվրասիական տարածքում մանրէաբանական լաբորատորիաների կառուցումը վկայում է, որ Միացյալ Նահագները չի հրաժարվել կենսաբանական զենքի արտադրության կամ առնվազն այդ ոլորտում ուսումնասիրությունների ծրագրերից և որպես թիրախ ընտրել է նաև եվրասիական տարածքը և, հատկապես, ՀԱՊԿ անդամ երկրները։

Հարցազրույցը`
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3296

Մեկնաբանություններ