Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Զորամիավորման կրակել-չկրակելու, հարձակվել-չհարձակվելու հրամանն արձակելու են ՀՀ պաշտպանության նախարարը և նախագահը»

«Զորամիավորման կրակել-չկրակելու, հարձակվել-չհարձակվելու հրամանն արձակելու են ՀՀ պաշտպանության նախարարը և նախագահը»
09.12.2016 | 01:08

Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերում միավորված զորախմբավորում ստեղծելու որոշումը քաղաքական դաշտում հակասական կարծիքների առիթ տվեց։ Ի՞նչ կտա այս համաձայնագիրը հայկական զինված ուժերին: Այս և այլ հարցերի շուրջ «Իրատեսը» զրուցեց գեներալ-մայոր, Արցախի հերոս ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ հետ։


-Առաջին հերթին այդ համաձայնագրով մեր անվտանգությունն է ապահովվում,- ասաց գեներալ-մայորը:- Ըստ այդմ, Հայաստանն էլ կկարողանա Ղարաբաղի անվտանգությունը երաշխավորել։ Եթե Ադրբեջանը կամ Թուրքիան մեզ վրա հարձակում գործեն, Ռուսաստանը կկանգնի մեր կողքին։ Մինչ այս մենք այդպիսի համաձայնագիր չենք ունեցել։ Ռուսաստանը մեզ օգնել է զենքով, ռազմատեխնիկայով, իսկ հիմա նաև սեփական զինուժով օգնելու պարտավորություն է ստանձնում։ Այս համաձայնագիրը հնարավորություն է տալիս Ղարաբաղի զինուժը ևս հզորացնելու։ Այլ խոսքով, մենք նման համաձայնության արդյունքում հաստատապես շահում ենք։
-Քաղաքական ուժերի ներկայացուցիչներն այս զորամիավորման ստեղծումը նաև սպառնալիք են համարում։ Ասվում է, օրինակ, որ մենք կորցնում ենք մեր ինքնիշխանությունը։
-Իհարկե, քաղաքական և ռազմական գործիչները տարբեր հարթակներում են հարցը դիտարկում։ Այո, տեսակետ է հնչում, թե կորցնում ենք մեր ինքնիշխանությունը, բայց մի՞թե այսքան ժամանակ մենք չհասկացանք, որ ինքնիշխան պետություններ չկան, բոլորը բոլորից կախված են ինչ-որ չափով։ Ոմանք փնտրում են համախոհներ, մյուսները՝ ընկերներ։ Ի վերջո, մենք էլ ինչ-որ մեկի հետ պետք է համագործակցենք, որ կարողանանք այս երերուն տարածաշրջանում Հայաստանը անվտանգ պահել։ Որպես զինվորական, կարծում եմ, որ այս համաձայնագիրը դրական ազդեցություն կունենա և՛ զինուժի, և՛ քաղաքացիների անվտանգության ապահովման տեսանկյունից։
-Միավորված զորախումբը կարո՞ղ է իր դերակատարումն ունենալ ղարաբաղյան հակամարտությունում։
-Այնքանով, որ հնարավորություն է ստեղծվում պաշտպանական ուժերն ավելի հզորացնելու։
-Եթե Ադրբեջանը հարձակում նախաձեռնի, «կգործարկվի՞» այդ միավորումը։
-Ոչ, եթե Ադրբեջանը հարձակվի Ղարաբաղի վրա, այդ համաձայնագիրը չի կարող գործել։ Այն գործի կդրվի միայն այն ժամանակ, երբ Հայաստանի անվտանգությունը սպառնալիքի տակ կլինի։ Այսինքն, եթե թուրք-ադրբեջանական ագրեսիան Հայաստանին սպառնա, այս զորամիավորումը կկատարի իր պարտականությունները։ Ի դեպ, Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միջև զորքերի միավորված խմբավորման ստեղծումը բավականին մեծ արձագանք է ունեցել Ադրբեջանում և Թուրքիայում։ Նրանք այսպիսի բան չէին սպասում։ Չնայած, երկրորդեմ, Ղարաբաղի հարցում այս համաձայնագիրն ուժ չունի։ Այս իսկ պատճառով մեր գերխնդիրն է՝ բոլոր հնարավոր ձևերով հզորացնել Ղարաբաղը։
-Հզորացումը հնարավոր է միայն հայկակա՞ն ուժերով։
-Հայաստանի և Ռուսաստանի ռազմական աջակցությամբ, այլ ուժեր չկան։ Բելառուսի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը փաստեց, որ Բելառուսը ռազմական իրավիճակում կկանգնի Ադրբեջանի կողքին, ինչպես Ղազախստանը, Ղրղզստանը։
-Փաստորեն, Հայաստանի միակ հույսը Ռուսաստա՞նն է։
-Այո։ Բայց այս պահին բավականին բարդ աշխարհաքաղաքական իրավիճակ է։ ԱՄՆ-ի նոր նախագահը դեռ արտաքին քաղաքական հստակեցումներ պետք է անի։ Ռուսաստանը Թուրքիայի հետ կարծես փորձում է հարաբերություններ կարգավորել, սակայն վերջինս իր երկրի ներսում մեծ խնդիրներ ունի։ Թուրքիայից մեզ մշտապես նույն վտանգն է սպառնում, նրանք արդեն հարյուրավոր տարիներ ցանկանում են պանթուրքիզմը վերականգնել՝ հասնելով մինչև Չինաստան։ Այս պարագայում մենք պետք է շատ ճիշտ կառուցենք մեր արտաքին կողմնորոշումները։ Պետք է Ռուսաստանի հետ հարաբերությունները սերտացնել։ Առավել ևս, որ Ադրբեջանը մշտապես արկածախնդրությունների է դիմում։ Մի քանի տարի առաջ մտածում էի, թե հնարավոր է այդ երկրի ղեկավարության հետ լեզու գտնել, սակայն նրանք մի բան խոսում են, մեկ այլ բան մտածում ու անում։ Նրանք ավելի առաջ են գնացել ու քարոզչության առումով նոր հորիզոններ են բացել։ Ոչ կրթություն ունեն, ոչ խելք ու մշակույթ, բայց այնպես են աշխարհին մատուցում, կարծես այդ ամենն իրենցից է «ծնվել»։ Հիմա էլ իբր 6-րդ դարի քարտեզ են գտել ու ցինիկաբար հայտարարում են, թե՝ ՈՒրարտուն մենք ենք, Գանձասարը մերն է։ Բայց ես նրանցից ավելի շատ ու ճշգրիտ քարտեզներ ունեմ, որտեղ Ադրբեջանի մասին բառ անգամ չկա։ Ի միջի այլոց, դրանք մեր քարտեզները չեն, այլ աշխարհում ընդունված ու հավաստիությունը ճշգրտված քարտեզներ։ Ադրբեջանում 10-ից ավելի ազգ կա, որոնք և՛ կրոնական, և՛ լեզվական տարաձայնություններ ունեն, բոլորը ցանկանում են իմանալ՝ իրենց ակունքները որտեղ են, նրանց ինքնագիտակցությունը մեծանում է, ու սա սպառնալիք է հենց Ադրբեջանի համար։ Վերջերս ամերիկյան կենտրոնական հետախուզական վարչությունն ուսումնասիրություն էր անցկացրել և պարզել, որ Ադրբեջանը քայքայվելու է։ Այս խնդիրն Ադրբեջանի իշխանություններն էլ շատ լավ գիտակցում են։
-Այս զորամիավորման ստեղծման առնչությամբ կա նաև մեկ մտահոգություն. չնայած պաշտպանության նախարարության պատասխանատուները որպես փաստարկ մշտապես նշում են, որ զորախմբի հրամանատարությունն իրականացնելու է հայ գեներալ, ակնհայտ է, չէ՞, որ առանց Ռուսաստանի ոչ մի որոշում չի ընդունվելու։
-Ճիշտն ասած, ինձ անհասկանալի է, թե ինչու են այդ փաստի մասին մշտապես խոսում։ Ինչպե՞ս կարող է Հայաստանի տարածքում ռուս գեներալ հրամանատարություն իրականացնել։ Նա ծանոթ չէ մեր տարածքներին։ Միշտ էլ նման դեպքերում հայ է լինելու հրամանատարը։ Մեր տարածաշրջանում գլխավոր դերակատարումը վերապահված է հայ գեներալին, Ռուսաստանում՝ ռուս զինվորականին։ Ինչ վերաբերում է որոշումներին, հայ հրամանատարը ոչ մի որոշում չի կարող ընդունել մինչև չզեկուցի պաշտպանության նախարարին, նա էլ՝ երկրի նախագահին։ Այսինքն, այս զորամիավորման կրակել-չկրակելու, հարձակվել-չհարձակվելու հրամանը տալու են պաշտպանության նախարարը և նախագահը։ Այդ համաձայնագրով ամեն ինչ հստակ արձանագրված է։
-Վերջին շրջանում սահմանում կրկին լարվածությունը մեծացել է։ Սովորաբար նման թեժացման թիկունքում քաղաքական ինչ-ինչ հարցեր ու հարաբերություններ են ճշտվում։ Հիմա ի՞նչ է եղել։
-Դա իրենց գործելաոճն է։ Լարվածությունը միշտ էլ «ծրագրված» է լինում։ Կամաց-կամաց նրանք ավելի հզոր զենքեր են կիրառում։ Սկզբում՝ գնդացիր, հետո՝ ականանետ, հիմա սկսել են նաև հրթիռներ կիրառել։
-Ի վերջո, ո՞ւր է տանում այս վիճակը։
-Հիմա մենք պետք է նրանց պատասխան հարված տանք։ Բայց, չգիտես ինչու, մենք միայն պաշտպանվում ենք։ Ապրիլը ցույց տվեց, որ նրանք բավականին լավ պատրաստված էին, կային Թուրքիայում վարժեցված ջոկատներ, ունեին հստակ ծրագիր, ժամանակակից հրետանի։ Այնինչ մեր սպաներն անձամբ իրենց վրա վերցրին այդ հարվածի ուժգնությունը, կորցրինք նաև որոշակի տարածք։ Ես մինչև հիմա չեմ հասկանում՝ ի՞նչն էր պատճառը, որ այդ դիրքերը հետ չվերցրինք։ Ասում են՝ զինվորի մասին են մտածում։ Բայց փաստն այն է, որ մենք շփման գծի զինվորների ուժերով կարող էինք և՛ պաշտպանվել, և՛ դիրքեր չկորցնել։ Ադրբեջանն ինքը Ռուսաստանից խնդրեց կրակը դադարեցնել, այսօր նրանք պարծենում են ու շոու են սարքում, թե ահա այսքան տարածք ենք վերցրել, կարծես մի մեծ քաղաք են գրավել կամ մի գյուղ։ Չնայած մեր այդ փոքր տարածքը ևս պետք է հետ բերել, դրանք այնպիսի դիրքեր են, որտեղից ադրբեջանցիները կարողանում են մեր գյուղերը, դիրքերը հսկողության տակ պահել։ Չենք կարող ասել, որ այդ կորուստը մեզ վնաս չի տալիս, հակառակը՝ վնասում է։ Որոշ ժամանակ հետո հաստատ հետ ենք վերցնելու։ Ադրբեջանն անընդհատ շփման գծում իրավիճակը թեժ է պահում նաև այն պատճառով, որ իր ներսում լարվածությունը թուլացնի։ Նրանք փորձում են իրենց անհաջողություններում մեզ մեղադրել։ Եթե իրենք իմանային, որ Հայաստանը, ինչպես անընդհատ հայտարարում էին, քսան րոպեում վերցնելու են, կանեին, բայց ապրիլը ցույց տվեց, որ ոչինչ էլ չեն կարող։ Իսկ մենք կարող ենք նավթի վրա «նստած» այդ երկիրը պայթեցնել քսան րոպեում։ Պետք չէ այդքան ժողովրդավար լինել ու ասել, թե մեզ խփում են, բայց մենք չենք պատասխանում։ Ինչո՞ւ մենք չենք դիմում հակադարձ գործողությունների. թող իրենց գյուղերի ու քաղաքների բնակիչներն էլ նույնը զգան, ինչ մարտակերտցին, շփման գծում կանգնած զինվորն ու կրակոցների պատճառով արտերը մշակել չկարողացող գյուղացին։ Մյուս կողմից էլ, կաղում է նաև հայկական քարոզչությունը։ Նրանք դիմում են դիվերսիաների, բայց աշխարհին մատուցում այնպես, թե դա հայկական կողմի «ձեռքի գործն» է։ Արդյունքում աշխարհը մինչև վերջերս լիովին դրան հավատում էր։ Բարեբախտաբար, մեկ-երկու տարի է, կարծես իրավիճակը փոխվում է, և Ադրբեջանն ու Թուրքիան իրենց դեմքն են ցույց տալիս։ Աշխարհը հասկանում է, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Չնայած Ադրբեջանը համառորեն շարունակում է կեղծել պատմությունը և փաստերը։ Վերջերս նույնիսկ մի ծիծաղելի բան են մոգոնել, մի մարդ են գտել, որն ամեն օր ստախոսությամբ է զբաղված՝ հայտարարելով, թե Մաշտոցն իրենց տառերը գողացել է։
-Ասել է՝ Ադրբեջանը երկու ուղղությամբ էլ ակտիվ գրոհում է՝ և՛ սահմանում, և՛ քարոզչական դաշտում։ Իսկ մենք ինչո՞ւ ենք այդքան պասիվ։
-Մենք չափից դուրս պասիվ ենք։ Ավելին ասեմ, կա ՄԱԿ-ի համապատասխան դրույթը, որ եթե թշնամին հարձակվում է, դու հակագրոհի իրավունք ունես։ Ադրբեջանը գրոհում է, բայց մենք չենք հակադարձում։ Այսինքն, մենք այդ օրենքն էլ ենք խախտում։ Մեր պասիվությամբ Ադրբեջանին երես ենք տալիս։ Մի կողմից՝ մեր մեղավորությունը կա, որ քսանհինգ տարի այսպիսի իրավիճակ է, մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը հաջողությամբ կաշառում է միջազգային կառույցների անդամներին։ Այնքան մեծ գումարներով են կաշառում, որ պատկերացնո՞ւմ եք, եվրոպացին ասում է, թե Ադրբեջանն այնպիսի պետություն է, որից պետք է օրինակ վերցնել։ Իսկ մենք աղքատ երկիր ենք ու չունենք այդպիսի գումարներ, որ դրանցով քաղաքականություն թելադրենք։
-Հնարավո՞ր է վերստին ռազմական գործողությունների վերսկսում։
-Ապրիլին էլ Ադրբեջանը չէր ուզում գնալ նման գործողությունների։ Դա ռուս-թուրքական լարված հարաբերությունների հետևանք էր։ Թուրքիան դրդեց Ադրբեջանին, որ վրեժխնդիր լինի Ռուսաստանից։ Ալիևն էլ իր գործողությամբ ապացուցեց, որ և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունի, իսկ հարձակման նախաձեռնողը Հայաստանն է։ Մեր խնդիրն է դրսի հետ աշխատել, մեր դեսպանները պետք է իրազեկեն աշխարհին ղարաբաղյան խնդիրը։
-Աշխարհն անտեղյա՞կ է, թե՞ իր շահերից չի բխում տեղեկացված լինելը։
-Աշխարհում 200-ից ավելի կոնֆլիկտներ կան, ամեն մեկն իր հակամարտությամբ է զբաղված։ Ինչ-որ միջոցառման ընթացքում մեկ-երկու խոսք ասում, հետո մոռանում են։ Մենք պետք է միշտ մեր մասին հիշեցնենք։


Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2284

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ