«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Խառնափնթոր մտքեր՝ վարագույրի առաջ

Խառնափնթոր մտքեր՝ վարագույրի առաջ
09.12.2016 | 01:16

Նկատեցի՞ք՝ ինչ արագությամբ վարչապետ Կարեն Կարապետյանը վերցրեց լրատվական դաշտը: Հովիկ Աբրահամյանը առավոտից երեկո ասում էր՝ աշխատում ենք բաց ու թափանցիկ, տասնյակ հանդիպումներ էր անում՝ տեսախցիկներով ու առանց տեսախցիկների, խոսում էր ու խոսում: Չէր ստացվում: Պատճա՞ռը: Անունը հավատ չէր ներշնչում: Հասակը: Խոսքը չէր կպչում: Լսում էին, գնում էին: Հինգ րոպեից մոռանում: Կամ էլ՝ հիշում էին ու հիշեցնում, որ քաղաքականության մեջ խելք պետք չէ, որ բամփելը քաղաքական կատեգորիա է, որ… Հովիկ Աբրահամյանը Հովիկ Աբրահամյանն է, ու՝ վերջ: Կարող է ՀՀԿ-ի ընտրացուցակի առաջին եռյակում չլինել, ու՝ ոչինչ: Կարեն Կարապետյանը խոսում է շատ ու կարճ: Նախորդի պես հանդիպումները էլիտար են, հարցերը՝ հայտնի, պատասխանները՝ պարզունակ: Դիտավորյալ պարզունակ, թերևս, գտնվել է մեկը, որ հուշել է՝ խոսեք հնարավորինս կարճ, հարցուպատասխանի ձևաչափով: Դա կհիշվի:

Հատկապես՝ համեմատության մեջ: Եվ՝ պարտադիր հանեք պիջակը, դրայվը պիտի զգացվի ողջ կերպարանքից: Իհարկե, դրայվը նվազել է ու մնացել հանված պիջակի հույսին: Հիմա տարօրինակ է հնչում, երբ նրան անվանում են նորանշանակ կամ նոր վարչապետ՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, չորրորդ ամսին նորն ահագին հին է ու արդեն արդյունք է ուզում: Հավելեք ՀՀԿ անդամատոմսը ու չափեք դրայվը: Եվ գնահատեք, որ ՀՀԿ անդամ վարչապետը ՀՀԿ համագումարից հետո վրա-վրա ասուլիսներ է տալիս ու նույնիսկ ասել է, ինչ մինչ այդ չէր ասել. «Եթե մեր թիմն էֆեկտիվ լինի, 2018-ից հետո ինձ վարչապետ եմ տեսնում»: Ասվում է, երբ 2017-ից հետո նրան վարչապետ էր «տեսել» ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Փաստորեն, Կարեն Կարապետյանը բացում է մինչև նշանակումը ՀՀ նախագահի հետ «երկար զրույցների» որոշ փակագծեր՝ ինքը տեխնիկական չէ, երկարաժամկետ ու նպատակամետ է գործուղվել Հայաստան: ՈՒ երբ Կարեն Կարապետյանն ասում է, որ 2018-ից հետո իրեն տեսնում է վարչապետ, փաստում է, որ վարչապետ չի լինելու Սերժ Սարգսյանը: Ճիշտ է, երկուսն էլ իրենց վարչապետությունը պայմանավորում են ընտրությունների արդյունքներով, բայց դա արդեն միմյանց ուղղված մարտահրավեր է՝ ով ում դուրս կմղի: Հրապարակավ ավելին չեն կարող ի պաշտոնե բարձրաձայնել՝ նրանց խոսքի ազատությունը ամենասահմանափակն է ծրագրերի առումով: Ասեն, թե չասեն, ակնհայտ է, որ լուծումները շատ ու բարդ չեն: Հաշվարկների հիմքում ՀՀԿ-ի հաղթանակն է ընտրություններում: Հաղթանակի տեսակով էլ պայմանավորված է՝ ո՞վ նրանցից կլինի վարչապետ, ով՝ նախագահ: ՀՀԿ-ում կարենկարապետյանականացման գործընթացը շարունակվում է՝ «գազի» մարդկանց ավելացան «լույսի մարդիկ»: «Նաիրիտի» աշխատակիցներն էլ միասնական դիմում գրեն՝ «Նաիրիտով» ընդունում ենք ՀՀԿ գաղափարախոսությունը, ու դառնան կուսակցական, և կուսակցությունը կշահի, և ձեռնարկությունը կաշխատի: Ճիշտ է՝ ռուսական դրոշի տակ, բայց մանրուքների հետևից Հայաստանում ընկնել չարժի՝ բազմակուսակցական երկիր է, բազմակուսակցական՝ մարդիկ, ժողովրդագրական ճգնաժամ կա:


Սերժ Սարգսյանը կնախընտրեր վարչապետ լինել: Իզո՞ւր փոխեց Սահմանադրությունը, իզո՞ւր Ընտրական օրենսգիրքը փոխեց ու աշխարհի բոլոր տարբերակներից ընտրեց ամենամաթեմատիկականը, որ համամասնական լինելով՝ մեծամասնական է, մեծամասնական լինելով՝ բոնուսային: Ամենակարևորը, ի սկզբանե կնքված է՝ Ընտրական օրենսգիրքը ընդդիմության հետ համաձայնությամբ է ընդունվել, համագործակցությամբ՝ մեղմ ասած: Այսինքն՝ բողոքեն, լսելու են՝ դուք եք համաձայնել, ձեր առաջարկներն են ընդունվել, ձեր պատմական հաղթանակն է ցուցակները հրապարակելու որոշումը, ձեր ուզածն է, ի՞նչ եք ուզում: Սովորեք պարտվել: Ժամանակին օրենսգիրքը կարդայիք, որ կարող են ձեզ տրված ձայները մեզ գալ: Մենք ինչ անենք, միջազգային ասպարեզում ընդունված համակարգ է, մենք չենք հնարել, դուք եք քվեարկել:

Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ պայթուցիկ է. սահմանադրությունը՝ գերմանական, Ընտրական օրենսգիրքը՝ իտալական, ընտրության մթնոլորտը՝ հետխորհրդային: Հայկական՝ ոչինչ:
Ամենահայկականը հարգարժան Գագիկ Ծառուկյանն է: «Պատրաստվեք պայքարի։ Երեք հազար մարդ է դուրս գալիս փողոց, սրանք ստիպված օրենք են փոխում: Ամբողջ ժողովուրդը դուրս գա, իշխանությունը կփոխվի: Ես այժմ կոչ եմ անում համազգային մոբիլիզացիայի, ունենալով մեկ նպատակ` քաղաքական բոլոր օրինական մեթոդներով (անդադար հանրահավաքներ, երթեր, ցույցեր, անհնազանդություն և այլն) հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը` ազատվելու համար չարիքի այս իշխանությունից։ Այս իշխանությունը անհապաղ պետք է հեռացվի, և մենք պետք է փակենք մեր պատմության անփառունակ և ամոթալի այս էջը։ Հայաստանը պետք է մաքրել գաղջ մթնոլորտից: Մեր խոսքը գործ է։ Իմ կյանքի ամենամեծ գործն այժմ ես համարում եմ չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելը»։ Հիշեցի՞ք: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյան, 2015, փետրվարի 13: Հետո ասվեց, որ խառնակիչները գրել էին, Գագիկ Ծառուկյանն առանց կարդալու՝ ստորագրել: Բայց եթե ամենամերձավորները պարբերաբար հարգարժան Գագիկ Ծառուկյանին, մեղմ ասած, դավաճանելու հակումներ ունեն, ինքն էր, չէ՞, տեղեկացնում, որ իրավիճակը քննարկել է Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, որ ուշ երեկոյան իր մոտ են եղել բազմաթիվ գործիչներ, Համաժողովրդական շարժմանը միացած խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի ղեկավարներ, ազատամարտիկներ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, որոնք սպասում են իր որոշումներին: «Եվ ամենակարևորը՝ ժողովուրդն է սպասում մեր խոսքին ու մեր քայլերին», ու՝ ի՞նչ: Ժողովրդին տուն ուղարկեցին, զբաղվեցին սեփական գործերով:

Դեկտեմբերի 3-ի «ազգովին խնդրելու» թատրոնի վերջին արարում բեմ բարձրացավ Գագիկ Ծառուկյանը՝ հայ քաղաքական դաշտի Ձմեռ պապին ու ասաց՝ հեղափոխություն էր, կարող էր արյուն թափվել, որ ինքը հեռացավ: Չասաց՝ ինչո՞ւ էր հրահրել «համաժողովրդական շարժումը», ինչո՞ւ էր հերոս խաղում, ինչո՞ւ էր հայտարարում. «Երեկվանից ստեղծվել է մի վիճակ, որը պահանջում է հանգուցալուծում: Ես համոզված եմ, որ միակ հանգուցալուծումն ամբողջական իշխանափոխությունն է` արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով»: ՈՒ այս ամբողջ ընթացքում միալար նույն ռեֆրենը՝ մեր խոսքը գործ է: ՈՒ ո՞րն է այդ խոսքը՝ «Այս մասին հաջորդ դասի՞ն»: Որ ժամանակը կգա՝ հայտարարություն կանի՞: Ո՞Ւմ է պետք նրա հայտարարությունը: Սպեղանի՞ է կուսակիցների համար, որ մնացել են լուսանցքում ու եզակի պոռթկումով համախմբվում են, որովհետև փողի ու իշխանության հոտն առե՞լ են: Լավ, Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ի քաղաքական լուտանքները ներեց՝ ուժեղին ներելը հեշտ է, յուրայինների դավաճանությունը նույնպե՞ս ներել է: Ինչո՞ւ նրանք հիշեցին երկրի վրա իրենց Աստծո փոխանորդին այն պահից, երբ սկսեց Սերժ Սարգսյանի հետ ժապավեններ կտրտել: Ինչո՞ւ հիմա են հայտարարում, որ նրա կողքին են, երբ նրա կողքին պիտի լինեին անցյալ տարի փետրվարին ու եթե լինեին, գուցե նա հարկադրված չլիներ ընդունել, որ ինքը քաղաքական գործիչ չէ: Քաղաքականությունը բարոյական է, անբարո դարձնում են մարդիկ:

Քաղաքականության անբարոյականությունը բազմապատկում են այն մարդիկ, որ ընդունում են անբարո քաղաքականությունը իբրև իրականություն: Գագիկ Ծառուկյանը կվերադառնա քաղաքական դաշտ ու կփորձի ներկայանալ ընդդիմություն: Ընտրություններից առաջ ամենաշահեկան դիրքը ընդդիմադիրն է: Նա նորից զիլ ընդդիմադիր ելույթներ կունենա ու կհավատացնի, որ իր խոսքը գործ է: Քանի՞ մարդ կհարցնի՝ ո՞ր խոսքը և ի՞նչ գործ: Ի վերջո, Գագիկ Ծառուկյանը մտադի՞ր է իշխանափոխություն անել ու ազատվել «չարիքի իշխանությունից»՝ ինչպես հայտարարում էր անցյալ փետրվարին, թե՞ ֆինանսախարիզմատիկ ռեսուրսները ծառայեցնելու է իշխանությանը՝ հնարավորինս փակելու դեպի ընդդիմություն գնացող ընտրողի ճանապարհը: Պատկերացում ունի՞ Գագիկ Ծառուկյանն անելիքների մասին, թե անում է՝ ինչ պետք է անի, ու անվանում է քաղաքականություն: Կամ էլ՝ վախենում է, որ հանրապետության դեղատները ավերեն վալերիանիի, կորվալոլի ու վալոկարդինի, ինսուլինի սուր դեֆիցիտից, եթե …չվերադառնա: Ռիսկ կանի՞ կուսակիցներին հայտարարել, որ ոչ մի դոլար ընտրարշավին չի հատկացնելու: Քանի՞սը կմնան կողքին՝ ԲՀԿ-ից էլ, նորահայտ «Միասնությունից» էլ: Դռները կմաշե՞ն, երբ «համաժողովրդական վերադարձ» ներկայացումը այլևս չֆինանսավորվի: Նկատե՞լ եք, որ հայ քաղաքական ասպարեզում «ազգովին խնդրելը» Կարեն Դեմիրճյանից ու Լևոն Տեր-Պետրոսյանից հետո դարձել է իդեա ֆիքս՝ Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա, եթե խնդրեն, Գագիկ Ծառուկյանը կվերադառնա, եթե խնդրեն, Սերժ Սարգսյանը կմնա, եթե խնդրեն, Կարեն Կարապետյանը չի գնա, եթե խնդրեն: Իրականում նրանք անում են՝ ինչ իրենց պետք է, խնդրել-չխնդրելը բեմի դեկոր է, միզանսցեն՝ համոզիչ կամ անհամոզիչ բեմադրված, որին ոչ ոք ուշադրություն չի դարձնում՝ հանդիսատեսը գիտի պիեսն անգիր, իր և դերասանների ռեպլիկներն ու դերերն էլ քանի անգամ փորձարկվել են: Պիեսը փոխել է պետք, արդեն չի նայվում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Ցավոք, սա է մեր քաղաքական պատմությունը՝ իդեալներ չկան, հերոսներ չկան, գաղափարներ չկան, արժեքային համակարգը հավասարեցվել է ֆինանսական կապիտալին, յուրաքանչյուրն իրենից է սկսում հայրենիքի պատմությունը ու համարում է, որ ավարտվում է իրենով: Մեծ Բրիտանիայի վարչապետը տանուլ տվեց հանրաքվեն ու հրաժարական տվեց: Ֆրանսիայի նախագահը երկրորդ անգամ թեկնածությունը չառաջադրեց՝ ցածր վարկանիշի պատճառով: Իտալիայի վարչապետը տանուլ տվեց հանրաքվեն ու հրաժարական տվեց: Ընտրարշավի ընթացքում բոլոր հարցումներով հաղթում էր Հիլարի Քլինթոնը, ԱՄՆ քաղաքացին ընտրեց մեկին, ում հրապարակավ տասնյակ ամերիկացիներ «խոզ» ու «ծաղրածու» էին անվանում, որովհետև հոգնել էր քաղաքական էլիտայից: Նրանք իրենց ընտրության հիմքում դնում են գաղափար՝ պետության, հայրենիքի, պատվի, արդյունավետ կառավարման, լավագույն կյանքի ու հավատում են իրենց գաղափարին, նրանց ընտրության հիմքում արժեքներն են: Կարևոր չէ՝ լավ-վատ, ճիշտ-սխալ, արդար-անարդար, ի վերջո, այդ ամենը ընկալման խնդիր է՝ մեկի համար լավ է, ճիշտ, արդար, մյուսի համար՝ վատ, սխալ, անարդար: Հայաստանում ամեն ինչ պտտվում է փողի շուրջ: Իշխանությունը պետք է փող սարքելու, փողը՝ իշխանություն սարքելու համար: Մնացածը դեկոր է: Կարեն Կարապետյանը՝ կինոյի տղայի պես, կարող է տասնյակ հարցազրույցներ տալ, բայց նրա քաղաքական ապագան կախված է մեկ հարցից՝ ո՞ւմ կընտրի Կրեմլը, ո՞ւմ ֆինանսները կգերակշռեն: Սամվել Կարապետյանը ԱՄՆ քաղաքացի Քըրք Քըրքորյանը չէ, որ անհատույց միլիարդներ տա Հայաստանին ու չհաշվի, նա միլիոններն էլ հաշվարկով կտա՝ ի՞նչ ստանալու դիմաց:

«Էֆեկտիվ վարչապետ» Կարեն Կարապետյանին ոչ ԾԻԳ-երը կրճատելն է դարձնելու, ոչ «արդյունավետ կառավարման» մոդելը, ոչ ՀՀԿ-ական դառնալը, ոչ էլ ԵԱՏՄ-ն ու «Գազպրոմը»: Ներդրում է պետք՝ ֆինանս: Ֆինանսներ կան՝ հասցեներն էլ կան, հասցեատերերն էլ, «կուլակաթափման» սխեմաներն էլ կան, բայց եթե, ասենք, Գագիկ Խաչատրյանը Հայաստանից հեռացրեց «Օրանժը», որ դարձնի «Յուքոմ», իսկ հիմա հանձնելու է «Ռոստելեկոմին», ի՞նչ է փոխվում: Հայաստանի համար: Մի քանիսն էլ արդեն բանան են ներկրում՝ Միհրան Պողոսյանից բացի, ու Գալուստ Սահակյանն արդեն չի ասում՝ Հայաստանի շուկան փոքր է, մենաշնորհները բնականաբար են առաջանում: Ի՞նչ է փոխվում: Անձերի քաղաքական ու տնտեսական փոխատեղումը բուրգի ներսում անխաթար է պահում համակարգը, որը ստեղծված է ոչ թե պետությունը կառավարելու, այլ՝ իշխանությունը: Մնացածը բառեր են:

Վարագույրը փակելու ժամանակն է: Թատրոնն էլ: Դերասաններին էլ, ռեժիսորին էլ, բեմանկարչին էլ, պիեսի հեղինակին էլ պատվավոր ու վաստակած հանգիստ է պետք: Հայաստանից հեռու մի տեղ: Շեքսպիրը վկա:

Դիտվել է՝ 1899

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ