Գերիշխել բոլոր հնարավոր մեթոդներով ու ցանկացած գնով

Գերիշխել բոլոր հնարավոր մեթոդներով ու ցանկացած գնով
09.12.2016 | 08:58

Ռուսերենում «малый» բառն ունի նաև փոքրաթիվի նրբերանգը, սակայն այստեղ հայերեն կօգտագործենք «փոքր ժողովուրդ» տարբերակը: Արտահայտությունը անցյալ դարի սկզբներից պատկանել է ֆրանսիացի նացիոնալիստ պատմաբան Օգյուստեն Կոշենին, ինչի տակ հասկացվել է հակազգային ընտրախավ, որն ագրեսիվորեն «մեծ ժողովրդի» վզին է փաթաթում իր գաղափարներն ու տեսակետները:

«Փոքր ժողովրդի» վերաբերյալ պատկերացումները Ռուսաստանում, այսպես ասած, ազգային հողի վրա զարգացրել է խորհրդային հայտնի մաթեմատիկոս, ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Իգոր Շաֆարևիչը, որը, իր հիմնական գիտական աշխատանքի հետ մեկտեղ, զբաղվել է նաև հասարակական գործունեությամբ, հրապարակախոսությամբ, հեղինակ է մի շարք պատմափիլիսոփայական հրապարակումների:


1982 թվականին Շաֆարևիչը ինքնահրատարակեց նշանավոր «Ռուսոֆոբիա» գիրքը՝ նվիրված տվյալ խնդրին: Ըստ նրա, «փոքր ժողովուրդը» չի պայմանավորում որևէ կոնկրետ ազգային պատկանելություն. կարևոր են ոչ թե կոնկրետ ազգային ծագումը, արյունը, արմատները, այլ այն սոցիալական հատուկ աշխարհայացքը, որի նպատակն է ոչ միայն իրեն հակադրել մեծամասնությանը, այլև անհագուրդ հավակնություններով այդ մեծամասնությանը ենթարկել իր կլանային, խմբային, ընտանեկան շահերին: Այդուհանդերձ, այդ ինչ-որ տեղ ապազգային, թե ինտերնացիոնալ համարված երևույթի մեջ Շաֆարևիչը առանձնացնում է այն ազդեցիկ միջուկը, որը կապված է հրեաների հետ (դրա համար էլ վերջիններս նրան մեղադրում են անտիսեմիտիզմի մեջ):


«Փոքր ժողովրդի» նշված ֆենոմենը արդեն տևական պատմական ժամանակաշրջան գոյություն ունի և ակտիվորեն գործում է Ռուսաստանում: Ընդ որում՝ գործում է մեկ նշանաբանով` գերիշխել բոլոր հնարավոր մեթոդներով ու ցանկացած գնով: Որպես կանոն, նպատակը շրջակա սոցիումի դեգրադացիան է ու նրա անկումը, քանզի միայն այդպես կարելի է դիմակայել մեծամասնության հետ հարաճուն մրցակցությանը: Այդ անձանց համար Ռուսաստանի զարգացումը, նրա պետականության, ինքնիշխանության ամրապնդումը, ազգաբնակչության աճը, նրա կենսամակարդակի բարձրացումը և այլն համազոր են սոցիալական մահի: Հակառակ պարագայում, անիծյալ մեծամասնությունը կուժեղանա և վրեժխնդիր կլինի:


Շաֆարևիչը հատուկ կենտրոնանում է անցյալ դարի 17 թվականի հոկտեմբերյան հեղաշրջման վրա, երբ «փոքր ժողովուրդները» հրեաների ու իրենց նմանների հետ տապալեցին Ռուսական կայսրությունը՝ հզոր հարված հասցնելով ռուսական ինքնությանը: Շաֆարևիչը պաշտպանում է այն վարկածը, որ Նիկոլայ Երկրորդի ընտանիքի գնդակահարումը եղել է «սպանության հրեական ծիսակատարություն»:


«Փոքր ժողովրդի» տեսությունը հրատապ դարձավ նաև Խորհրդային Միության քայքայման տարիներին ու դրանից հետո, երբ Ռուսաստանում իշխանության գլուխ եկավ հրեական օլիգարխիան: Այդ «փոքր ժողովրդի» բացահայտ հակառուսական քաղաքականությունը հանգեցրեց մոտ 20 միլիոն մարդկային կորստի՝ գրում է ճանաչված հրապարակախոս Անդրեյ Ֆեֆելովը: 1991 թվականից հետո երկրից Արևմուտք հանվեց ավելի քան երեք տրիլիոն դոլար: Հետևեց չուբայսյան թալանչիական սեփականաշնորհումը: Ավելի քան 100 հազար խոշոր ձեռնարկություններ ու գիտական հաստատություններ վերացվեցին գլոբալ ուժերի թելադրանքով: Ռուսաստանը` որպես արդյունաբերական խաղացող, դուրս մղվեց Արևմուտքի տեխնոլոգիական մրցակիցների ցուցակից և այլն:


Նորագույն ժամանակներում ռուսների համար «փոքր ժողովրդի» խորհրդանշան են դարձել «Պառնաս» և «Յաբլոկո» ընդդիմադիր կուսակցությունները, որոնցում իրոք էական է հրեական ներկայությունը: Այս կուսակցությունները Պետդումայի վերջին ընտրություններում անհրաժեշտ նվազագույն ձայներ չհավաքեցին, սակայն ընտրությունների ընթացքում հատկապես սրանք ապշեցնում էին իրենց անսքող հակառուսական (ըստ իրենց՝ հակապուտինյան) դիրքորոշումներով՝ հրաժարում ինքնուրույն ռուսական քաղաքակրթությունից և ուղղափառ կրոնից, ինտեգրացիա Արևմուտքի հետ վերջինիս աներկբա պայմաններով, արևմտյան «արժեքների» ընդունում, հրաժարում Ղրիմից և այլն: Գուցե և առայժմ մեծ չէ այս կուսակցությունների հասարակական ազդեցությունը, բայց չմոռանանք, որ խորհրդային ժողովուրդների մեծ մասը ևս կողմնակից էր միասնական պետության պահպանմանը: Նշենք նաև, որ մոտ մեկ միլիոն ընտրող ունեցող այս «փոքր ժողովուրդը» ամենայնս կրթված է ու ակտիվ, ընդգծված իշխանամետ, ուժեղ դիրքեր ունի լրատվամիջոցներում, կրթական ու մշակութային ոլորտներում, տնօրինում է շոշափելի ֆինանսական միջոցներ: Արժե հիշատակել նաև այն պարագան, որ այդ խավը հիմնականում կենտրոնացած է Մոսկվայում և Պիտերում:
Բայց ի՞նչ կապ ունեն «օտար» երկրում տեղի ունեցող այս երևույթները Հայաստանի հետ՝ կհարցնեն ընթերցողները: Մանավանդ որ մեր երկրում հայերս գերակշիռ մեծամասնություն ենք, և ազգային փոքրամասնությունները հակահայկական ոչինչ չեն ձեռնարկում: Բարեբախտաբար:


Թեև Շաֆարևիչը, ինչպես ասվեց, «փոքր ժողովուրդը» չի բնորոշում ընդգծված էթնիկական ծագումնաբանությամբ, սակայն դա չի նշանակում, որ այդ քայքայիչ ու ապականիչ տարրը չի կարող նաև միազգյա լինել: Դուք ասեք՝ ո՞ւմ գործունեության շնորհիվ է Հայաստանն այսօր հայտնվել տնտեսական, քաղաքական, բարոյական խոր ճգնաժամում: Ո՞Ւմ է այսօր գրեթե միաձայն մերժում բովանդակ հայ ժողովուրդը: Ո՞Ւմ մեղքով են հայրենիքը լքել ու շարունակում լքել նրա քաղաքացիները: Ինչո՞ւ է այսքան ցածր կենսամակարդակը: Ո՞ր ոլորտը թվարկես, որ վիճակը գոնե հանդուրժելի լինի:
Գլխի ընկա՞ք, թե ով և որն է մեր հայրենի «փոքր ժողովուրդը»:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Հ. Գ. Ռուսաստանում «փոքր ժողովրդի» նենգ գործողությունների պատճառով լիակատար դեգրադացիայի ենթարկվեց նաև երբեմնի հզորագույն խորհրդային բանակը: Սակայն, զարմանալի բան, ռուս գեներալները չարժանացան այն անխնա պարսավանքներին, որոնցով ներկայումս «պատվում» են հայոց բանակի գեներալներին: Ես չգիտեմ, թե որոնք են այս երկու տարբեր մոտեցումների պատճառաբանումները:

Դիտվել է՝ 2280

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ