«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Ես երջանիկներից ամենաերջանիկն եմ, տեսել եմ ամեն ինչ, բայց երբեք չեմ մեծամտացել»

«Ես երջանիկներից ամենաերջանիկն եմ,  տեսել եմ ամեն ինչ, բայց երբեք չեմ մեծամտացել»
09.12.2016 | 09:08

«Իրատեսի» հյուրն է ՀԽՍՀ վաստակավոր և ՀՀ ժողովրդական արտիստուհի ԺԵՆՅԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ: Այս տարի նա հոբելյար է, ինչի առթիվ ջերմորեն շնորհավորում ենք, մաղթում արվեստով ու սիրով լի արևշատություն:
Սիրելի դերասանուհին իր բարեմաղթանքներն է հղում մեր ժողովրդին մոտալուտ Ամանորի առթիվ, հորդորում չընկճվել դժվարություններից ու հավատով սպասել երջանիկ ժամանակների:

«ԳՆԱՑՈՂ ԱՄԵՆ ՄԻ ԴԵՐԱՍԱՆԻ ՀԵՏ ԻՄ ՄԻ ՄԱՍՆԻԿՆ ԷԼ Է ԳՆՈՒՄ»


-Տիկին Ժենյա, Դուք սովորել եք Արմեն Գուլակյանի կուրսում, իսկ թատրոնում Ձեր կնքահայրն եք համարում Վարդան Աճեմյանին: Գուլակյանական և աճեմյանական դպրոցները շա՞տ էին տարբեր:
-Չէի ասի, թե տարբերությունը մեծ էր, բայց յուրաքանչյուրն ուներ աշխատելու իր առանձնահատուկ ձևը: Գուլակյանը աշխատում էր սեղանի շուրջը, նրա ենթատեքստը պիտի հասկանայիր: Իսկ Աճեմյանը ցուցադրում էր, բացում դերասանին: Երկուսն էլ մեծություններ էին:
-Ձեր ասմունքը հիացրել է ոչ միայն հայաստանցիներին, այլև սփյուռքի հայերին: Ինքը՝ Վիլյամ Սարոյանն է «բռավո» ասել Ձեր ասմունքին: Ո՞րն է Ձեր տարերքը, այնուամենայնիվ. թատրո՞նը, թե՞ էստրադան:
-Դերասանի համար առաջին տեղում թատրոնն է: Ես էստրադա էի գնում, երբ թատրոնում անգործ էի լինում: ՈՒզում էի եղած բացը լրացնել, աշխատանքի մեջ լինել: Միայն թատրոնով հնարավոր չէր բավարարվել: Բայց և էստրադան է շատ դժվար արվեստ: Ասմունքողը ո՛չ խաղընկեր ունի, ո՛չ որևէ օժանդակություն: Նա միայնակ է բեմի վրա և պիտի կարողանա գրավել հանդիսատեսին: Ես երկուսուկես ժամ կարողացել եմ պահել դահլիճը: Եվ այնպիսի՜ հանդիսատես է եղել՝ պոեզիա սիրող, հասկացող: Գրականագետներ են եղել, գրողներ, արվեստագետներ: Ավա՜ղ, հիմա հանդիսատես էլ չի մնացել: Մեր հանդիսատեսը չկա: Մեր թատրոնը չկա: Մտածում եմ, որ ամեն մի գնացող դերասանի հետ իմ մի մասնիկն էլ է գնում:

«ԹՎՈՒՄ Է՝ ԵՐԵԿ ԷՐ, ՈՐ ԵՍ ՄԵԾԵՐԻ ԿՈՂՔԻՆ ԷԻ ՈՒ ԿՐՏՍԵՐ ԷԻ»


-Հինգ տարի առաջ, երբ Սունդուկյանի անվան թատրոնում նշվում էր Ձեր 70-ամյակը, մարդիկ դահլիճում նստած էին վերարկուներով ու գլխարկներով: Այսօր չկան այդ մարդկանցից շատերը, գրեթե չեն մնացել «հնաբնակ» սունդուկյանցիներ: Բայց կա թատրոնը՝ իր վերանորոգված ու հարմարավետ շենքով: Ի՞նչ եք զգում այս իմաստով:
-ՈՒրախանում եմ, որ թատրոնը շնչում է, գեղեցկանում: Բայց մենք կորցրել ենք մեր անվանի դեմքերին: Հիմա իմ ընկերներից մենակ ես եմ մնացել ու շատ վատ եմ զգում: Թվում է՝ երեկ էր, որ ես մեծերի կողքին էի ու կրտսեր էի: Հիմա դարձել եմ մոհիկան: Չեմ էլ ուզում «մոհիկան» բառն ասել իմ մասին, բայց փաստորեն ես մենակ եմ մնացել:
-Դուք լցնում եք մի մեծ դատարկություն: Պիտի հպարտ ու կորովի լինեք:
-Երբեմն կյանքս ժապավենի նման անցնում է աչքերիս առջևով: Մտածում եմ՝ ի՜նչ մարդկանց հետ եմ ելույթ ունեցել, ում կողքին եմ կանգնել, ինչպիսի՜ մեծություններից եմ բան սովորել: Բայց հիմա կյանքս Սիլվա Կապուտիկյանի տողերով եմ բնութագրում.
Ճաք է տվել ապակին,
Դրսից դեռ չի երևում:
Ճաք է տվել իմ հոգին,
Դրսից դեռ չի երևում:
Դեռ գինի կա բաժակում,
Դեռ զնգում եմ, բայց հանկարծ
Կփշրվեմ ձեր ձեռքին:
Դրսից դեռ չի երևում:

«ԻՍԿԱՊԵՍ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ, ԻՍԿԱԿԱՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄԲԻՑԻԱՆԵՐ ՉԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ»


-Պերճ Զեյթունցյանը պատմում էր, որ Ձեր խաղացած դերերի պրոֆեսիոնալ կողմի մասին կարծիք հարցնելուց զատ, անպայման հետաքրքրվել եք, թե ինչպես եք բեմից նայվում, և ինքը միշտ ասել է. «Սիրուն ես, Ժենյա՛ ջան, սիրուն ես»: Դերասանի կայացման գործում վճռորո՞շ է արտաքին հմայքը:
-Այո՛, շա՛տ: Դերասանը պիտի հմայք ունենա: Առաջին բանը, որով նա գրավում է հանդիսատեսին, շքեղ արտաքինն է: Բայց և պիտի շնորհք ունենա. գեղեցիկ արտաքինի թողած տպավորությանը պիտի ավելանա ներքինը: Եթե այդ երկուսը ներդաշնակ են, ուրեմն դերասանը կատարյալ է:
-Ձեր համբավը, Ձեր հանդեպ հանդիսատեսի մեծ սերը Ձեզ չեն դարձրել գոռոզամիտ: Միշտ մատչելի եք ու յուրային: Գիտեմ, որ մի անգամ Ստեփանավանի Գյառգյառ ¥Գյուլագարակ¤ գյուղում ելույթ եք ունեցել խոտի դեզի վրա: Սա չի՞ վիրավորել Ձեր դերասանական արժանապատվությունը:
-Միշտ իմացեք, իսկապես տաղանդավոր մարդիկ, իսկական մեծություններն ամբիցիաներ չեն ունենում: Ես երջանիկներից ամենաերջանիկն եմ, տեսել եմ ամեն ինչ, բայց երբեք չեմ մեծամտացել: Հիմիկվա ղերասանները մի դեր խաղում են, թե չէ, իսկույն կոչում են ստանում, իրենց աստղ են համարում: Մեր ժամանակներում էդպիսի բան չկար: Իսկ խոտի դեզի վրա ելույթը իսկապես անմոռաց է: Այդ տարիներին մեզ հաճախ էին հրավիրում հայկական գյուղեր, բազմաթիվ հյուրախաղեր ենք ունեցել մեր գյուղացիների համար: Այդ անգամ գնացել էինք երեքով՝ Յուրի Ամիրյանը, Վոլոդյա Աբաջյանը և ես: Տեսանք, որ բեմ չկա, որոշեցինք խոտի դեզին բարձրանալ: Մի աստիճան դրեցին, ես բարձրացա դեզի վրա, Յուրան էլ բարձրացավ: Իսկ Վոլոդյան մնաց ներքևում, և ես վերևից էի ասմունքում, ինքը՝ ներքևից: Սկսեցինք կատակել, թե Նար-Դոսի «Ես և նա»-ի զույգն ենք՝ մեկը վերևում է, մյուսը՝ ներքևում: Ես հիմա էլ բեմի, խաղալու ծարավի եմ: Գուցե և խաղս այն չլինի, բայց ներքուստ այրվում եմ, եռում: Ես ինձ չեմ զգում 75 տարեկան: Մեջս մեծ էներգիա կա, այն միշտ անսպառ է եղել:

«ԵՍ ՄԱՂԹՈՒՄ ԵՄ, ՈՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԵՐՈՒՆԴԸ ՇԱՏ ՍԻՐԻ ԹԱՏՐՈՆԸ, ՆՎԻՐՎԱԾ ԼԻՆԻ ԹԱՏՐՈՆԻՆ, ՁԳՏԻ ՇԱՏ ԴԵՐԵՐ ԽԱՂԱԼ»


-Բրեխտի Կուրաժ մայրիկի դերը Ձեր չկայացած երազանքն է: Բայց երկու տարի առաջ Կարինե Խոդիկյանից խոստում ստացաք, որ կգրի Ձեզ համար մոնոներկայացում: Գրե՞ց կամ գրո՞ւմ է:
-Կուրաժ մայրիկի համար շատ եմ ափսոսում: Բայց ոչ միայն դրա համար: Այնքա՜ն լավ դերեր մնացին չխաղացած: Իսկ Կարինե Խոդիկյանն ասաց, որ սկսել է գրել, բայց ընթացքում նյութն ընդարձակվել է ու դարձել մեծ պիես՝ մի քանի կերպարներով: Ես մոնոներկայացում էի ուզում, դա իմը չէր:
-Թիֆլիսի բարբառը Ձեր բեմական կենսագրության անքակտելի գործոնն է: Եվ այս հարցում ունեցել եք մեծ խորհրդատու՝ ի դեմս Օլգա Գուլազյանի: Հիմա կա՞ն Ձեզնից խորհուրդ հարցնողներ:
-Այո՛, ուսանողական տարիներին Օլգա Գուլազյանից եմ խորհուրդ հարցրել: Իսկ ինձնից հիմա ոչ ոք խորհուրդ չի հարցնում: Բայց ասեմ, որ հիմա մեր թատրոնի երիտասարդ դերասանների մեջ շատ շնորհալիները կան: Օրինակ՝ ես շատ եմ հավանում Արաքսյա Մելիքյանին: Թող երիտասարդությունը խաղա, նոր շունչ բերի թատրոն: Ես մաղթում եմ, որ երիտասարդ սերունդը շատ սիրի թատրոնը, նվիրված լինի թատրոնին, ձգտի շատ դերեր խաղալ, ոչ թե մի դեր խաղալուց հետո վազի սերիալում նկարվելու: Թող այնպես վարձատրվեն թատրոնում, որ կապվեն թատրոնին, չձգտեն գնալ ուրիշ տեղեր: Բայց միևնույն է, այսօրվա թատրոնն իմը չէ: Ո՜նց էինք ես ու Յուրան աշխատում Թիֆլիսի բարբառի վրա, ո՜նց էինք խաղում «Պեպոյում»: Գիտեք, չէ՞, որ Սունդուկյան թատրոնը, վերանորոգվելուց հետո, «Պեպոյով» է վերաբացվելու:
-Այո՛, գիտեմ:
-Ինձ էլ էին դեր տվել, բայց ես հրաժարվեցի: Չէի կարողանա խաղալ, կհուզվեի:

«ՄԱՐԴԻԿ ԵՐԲԵՔ ՉԵՆ ԽՈՒՍԱՓԻ ԲԱՆԱԿԻՆ ՕԳՆԵԼՈՒՑ, ԲԱՅՑ ՊԻՏԻ ՎՍՏԱՀ ԼԻՆԵՆ, ՈՐ ԻՐԵՆՑ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂ ԿՀԱՍՆԻ»


-Ձեր մանկության տարիները համընկել են հայրենական պատերազմին, ու Դուք կրել եք անհայրության դառնությունը, Ձեր հայրը չի վերադարձել ռազմաճակատից: Ինչպե՞ս եք ապրում մերօրյա չհանգուցալուծվող պատերազմի տագնապները:
-Շա՜տ ծանր: Ապրիլյան քառօրյա պատերազմն ինձ հունից հանեց: Տեղս չէի գտնում: Մեր ջահելները, որ զոհվեցին, հորս տարիքին էին: Ես հորս չեմ տեսել: Երբ հայրենական պատերազմն ավարտվել էր, ոտաբոբիկ վազեցի կայարան, որ եկող գնացքների մեջ գտնեմ հորս: Կառամատույցում կանգնած հետևում էի վագոններին ու հորս չէի տեսնում: Մեր ադրբեջանցի հարևան Աբգարին տեսա, հարցրի, թե գալո՞ւ է հայրս: Ասաց՝ հաջորդ գնացքով կգա, մի դրոշակ տվեց ինձ, ու ես վազեցի տուն: Լացակումած մտա տուն, մայրս տխուր նստած էր: Միայն այդ ժամանակ բացեց գաղտնիքը. ծոցից հանեց հորս եռանկյուն «սև թուղթը», որը վաղուց էր ստացել, բայց թաքցրել էր մեզնից: ՈՒ նա մեզ համար և՛ մայր եղավ, և՛ հայր, և՛ ամեն ինչ: Այս ծանր պատմությունը միշտ ուղեկցում է ինձ: ՈՒ երբ եղավ այս վերջին պատերազմը, երբ զոհվեցին մեր ջահելները, ես նորից ու նորից իմ հոր կորուստն ապրեցի: Հիմա էլ որոշել են 1000-ական դրամ հավաքել մեր զոհված զինվորների ընտանիքների համար: Ես իմ 50000 դրամ թոշակից կտամ, բայց մարդիկ կան, որ մեծ հարստության տեր են, նրա՞նք էլ պիտի 1000 դրամ տան: Մարդիկ երբեք չեն խուսափի հայ զինվորին ու նրա ընտանիքին օգնելուց, բայց պիտի վստահ լինեն, որ իրենց օգնությունը տեղ կհասնի:
-Իսկ Դուք վստա՞հ եք:
-Ֆրունզիկը կասեր. «Չի իմացվի, երկիրը խառն ա»:

Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3017

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ