«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Սիլիկոնային մահվան տեսիլներ (ի նվիրում հայոց հողի զվարճասեր զարզանդիկներին)

Սիլիկոնային մահվան տեսիլներ (ի նվիրում հայոց հողի զվարճասեր զարզանդիկներին)
09.12.2016 | 09:21

ՀՈՂՄ ԹԻՎ 1
14-րդ վարչապետը (սա անհայտ չէ) կենաց-մահու պայքար է մղում ՀՀ գերուռճացած, խիստ հղփացած վարչական ապարատի դեմ, բայց առայժմ ՊՈԱԿ-ա-ԾԻԳ-ային ձևաչափում։ Գնահատելի, անգամ խրախուսելի են նրա ջանքերը, և «մատաղն այս» խիստ ընդունելի է, սակայն որոշ վերապահումներով։ Զի, մի կողմից, կրճատվում է ապարատի մի հատվածը, իսկ մյուս հատվածում շարունակվում է պետական միջոցների բիրտ կողոպուտը։ Ավելի պատկերավոր բնութագրմամբ՝ մի կողմից հեռացվում է երկրի մարմինը հյուծող թարախալապալարը, մյուս կողմից՝ գուրգուրալից խանդաղատանքով սնուցվում է թարախապալարային վտառը։


Միով բանիվ արգո վարչապետը խիստ ազդու հրահանգեց հանրապետության նախարարներին՝ կրճատեք ձեր աշխատակազմերի 20 տոկոսը։ Ամեն։ Սակայն սույն պատվիրանը շեղվում է իր առանցքից։ Եվ այն բնականոն ընթացքի մեջ դնելու նպատակով եկեք մի քանի հողմեր մղենք դեպի տունը կառավարական։
Ահավասիկ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին նվիրական տքնանքով սատարում են նրա ենթակայության տակ հանգրվանած նախ՝ ՀՀ վարչապետի 2 գլխավոր խորհրդականները, 4 ոչ գլխավոր և 3 հասարակական կարգով գործող զվարթ խորհրդականները։ Սակայն մեր հեղափոխիչ վարչապետը, երբ կամենում է խորհրդակցել ազգի և երկրի բախտի համար վճռորոշ որևէ հարցի շուրջ, նա երկար և տանջալից մտորում է, թե որ խորհրդականի՞ն դիմի։ Բնավ, նրան կողմնորոշում են սեփական 4 օգնականները։ Դավիթ Հարությունյանն անձամբ ունի 2 խորհրդական։ Ի պաշտոնե, սա չանտեսենք, տիար Դավիթը՝ Հարությունյան, ՀՀ վարչապետի և՛ խորհրդականն է, և՛ օգնականը։ Եկեք թվաբանական մի պարզ գործողություն կատարենք, 2+4+3+4=13։ Վարչապետն ու աշխատակազմի ղեկավար-նախարարն ունեն ընդհանուր առմամբ 13 սատարող։ Չար թիվ է 13-ը, անհրաժեշտ է ևս մեկին ներառել խորհրդական-օգնականների կազմում և նրանց քանակը հասցնել 14-ի։ Չարչարանքիդ ապաշխարանք, տիար Դավիթ։


Ներկայացվածի ֆոնին ուզում եմ վկայակոչել՝ երկրի բնակչության մատաղ սերնդի (պաշտոնական տվյալներով՝ մինչև 18 տարեկանների) 34 տոկոսը թերսնվում է տարին բոլոր։ Սահմանամերձ գյուղերի, առհասարակ ներկա հայկական գյուղական բնակչության մի ստվար հատվածն անկողին է մտնում անոթի և արթնանում է օրվա ապրուստը մի կերպ հոգալու անողորմ հարցը, ինչպես կասեր թուրքի վայրագությանը զոհ գնացած Գրիգոր Զոհրապը, ճիտից կախված։ Սա այլ Հայաստան է, այլ երկրի հոգեցունց իրականությունն է։ Եվ այս Հայաստան երկրի ահասարսուռ իրողությունները հետաքրքրում են վերոհիշյալ բյուրոկրատական «հրոսակախմբերին» այնքան, որքան Մատենադարանի նկուղներում պահ մտած առնետին է հետաքրքրում նույն հաստատության որդան կարմիր, խունկ ու ոսկի մագաղաթները վերականգնող նվիրյալ-ճգնակյաց աշխատակցի կեցությունը։


ԹԻՎ 2 ՀՈՂՄ
Վերնադասի (մտեք ցանկացած նախարարություն, վարչություն կամ կոմիտե) խորհրդականը ոտն ի գլուխ գլամուրված է, նրանց մեծամասնությունը հար և նման է Թուրքիայի Հանրապետությունից ներկրված լոլիկի՝ նույնքան վառ գույն ունի, պլպլան է, պնդոտ և նույնքան անհամ-վտանգահարույց է, քանզի նրա շրթունքներում, կրծքերում կամ (կներեք, «իրերը» պիտի կոչեմ իրենց անուններով) հետույքաթմբիկներում ժամկետանց, կենսաահաբեկչական սիլիկոն է։ Լավ, հասունացել է քնարական դադարի պահը, լսենք, թե նախորդ ուրբաթ ինչ է ասել Երևանի մնջախաղի պետական թատրոնի ղեկավար, ազնվազարմ տիար Դադասյանը Ժիրայր. «Ես միշտ հարց եմ տալիս՝ արդյոք գիտե՞նք, թե ինչպես էին պարում Անիի քաղաքացիները, ինչպես էին երգում խնջույքների ժամանակ, ինչպիսի ծեսեր ունեին»։ Իսկ գուցե միավորենք մեր ջանքերը և Օվալաձևի (կամ էլ կառավարական տան) բուֆետում բեմադրենք գերիրապաշտական մի տրագիֆարս հետևյալ ընթացակարգով, ինչպես են գործի ժամին պարում-երգում և ինչ ծեսեր ունեն ներկա բյուրոկրատական ծառուղիների հերոսներն ու հերոսուհիները։

Հայոց գյուղերում հայ կինն ու աղջիկը հայ օրնիբուն տքնում են հողը մշակելիս, որը հաճախ բարի պտուղ չի տալիս, քանզի հայրենի կառավարության վարկային գումարներով ձեռք բերած և սիրահոժար նրանց նվիրաբերած պարարտանյութը հաճախ ժամկետանց է ու թունավոր։ Բայց հայ կինը և աղջիկը հայ, հավատացեք, բերկրալից ոգեշնչումով են տքնում և տնքում, անգամ երբ բերքը մնում է այգում, դառնալով թռչունների կեր, քանզի չի իրացվում, որովհետև շուկան գրկաբաց է ընդունում ներկրված միրգն ու բանջարեղենը և գիրկը փակում է տեղական արտադրողի առաջ։ Է՜, ներհայաստանյան շուկան անբավ տակառ չէ, մի՞թե հնարավոր է և՛ ամեն բան (անգամ դարմանն ու աչքի չարխափան հուլունքը) ներկրել, և՛ հայ գյուղի (թեկուզ և որակյալ) բերքն ու բարիքը մարսել։ Բայց դե ինչո՞ւ են բերկրալից սպասման մեջ այսօր գտնվում մեր գյուղաբնակ կանայք և աղջիկները։ Որովհետև իրենց գլամուրիկ քույրիկները իրենցից ոչ պակաս եռանդով տքնում և տնքում են խորհրդարանում և կառավարությունում, որ հայոց գյուղի, առհասարակ, Հայաստանի շնորհաշատ ժողովրդի հոգսը մի օր հօդս ցնդի։

Խորհրդական-ուհինե՜ր... անզուգական մարդկային տեսակ է սա։ Ոտն ի գլուխ ցողված են բրենդային գայթակղիչ-գայթամղիչ օծանելիքով։ Նրանց շուրթերն ու հուզիչ-գրավիչ մյուս մարմնամասերը պագշոտ և կենսալիցք են, զի, ինչպես արդեն փաստեցինք, լցոնված են ներկրված և, ինչ խոսք, կենսաահաբեկչական հավելումներով համալրված սիլիկոնով։

ՀՀ ԱԺ նախագահի աշխատակազմը (ի դեպ, ժամանակին հաստատված կառավարության կողմից) հետևյալ տեսքն ունի՝ 1 գլխավոր խորհրդական, 7 սովորական խորհրդական, 7 օգնական և 4 ռեֆերենտ։ Ընդամենը՝ 19 անձ։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմը բաղկացած է 3 խորհրդականից, 1 օգնականից, 1 գլխավոր մասնագետից և գլխավոր գործավարից։ Բավականին հավաք է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի աշխատակազմը՝ ընդամենը 3 խորհրդական, 2 օգնական։

ՀՀ 14-րդ վարչապետն օրեր առաջ հյուրընկալվեց ՀԲԸՄ-ի կազմակերպած վեհաժողովին և, ի թիվս շատ այլ պետականակերտիչ մտքերի, հրովարտակեց սույն ուշագրավ տեսությունը. «...Ամենաերջանիկ երկրների ցանկում են գտնվում այն երկրները, որոնք մաքսիմալ բարենպաստ պայմաններ են ստեղծել հավելյալ արժեք ստեղծող, աշխատող, ստեղծագործող մարդու համար»։ Ինչպես Աստվածաշունչն է արձանագրում՝ դո՛ւ ասացիր։

Մի՞թե գաղտնիք է, որ ՀՀ իշխանավորական բարձր դասի ներկայացուցիչներն ունեն սեփական բազմաթիվ ընկերություններ և հրաշալի կառավարիչներ են։ Նրանց ԲԲԸ-ներում և այլ ձեռնարկություններում բյուրոկրատա-գլամուրային, առավել ևս՝ սիլիկոնալիցք հրոսակներ չեք գտնի։ Այնտեղ ընտրյալ աշխատակիցներ են, որոնք բարձր աշխատավարձը վաստակում են բարձրակարգ ծառայության համեմատ։ Սա ինչ-ինչ մտորումների տեղիք չի՞ տալիս։ Իհարկե։

ՀԵՏԳՐՈՑ-ՄՐՈՑ
Դեկտեմբերի 30-ը տարվա վերջին աշխատանքային օրն է։ ՀՀԿ գործադիր մարմինն ու ԳԽ-ն պետք է որ թև-թիկունք կանգնեն ՀՀԿ վարչապետ Կարեն Կարապետյանին և այդ օրը, օրավերջին, համատեղ ջանքերով քոքահանեն բյուրոկրատական ավելցուկը։ Անհրաժեշտ է գերազդու մի որոշմամբ չեղարկել զանազան գործուղումները՝ ի հաշիվ պետբյուջեի։ Թող որ տիկնայք և տիարք վերնադասայինները գործուղումների մեկնեն սեփական միջոցներով։ Հայաստանի անգամ անշունչ քարն ու թուփն են քաջատեղյակ, որ երկրի իշխանակառավարական վերին ատյանների ատենապետերը կա՛մ դոլարային միլիոնատերեր են, կա՛մ էլ դրամային միլիարդատերեր։

Ծախսեք-վատնեք ձեր փողերը մոլեմսխուն։ Եվ պարպվեք ոտն ի գլուխ, նաև հաճույք ստացեք։ Ի դեպ, երբ ստվերային գումարները երկար ժամանակ ննջում են նկուղներում, դրանք կամ փտում են, կամ էլ կրկնվում է Թիֆլիսի Երևանյան հրապարակի ֆինանսական ահաբեկչությունը՝ Կամոյի հետնորդների գլխավորությամբ։ Առակն այս զի՞նչ ցուցանեց...


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2947

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ