Օ՜, հայոց բարքեր

Օ՜, հայոց բարքեր
09.12.2016 | 09:30

Մենք սովորել ենք միշտ ակնոցներով նայել մեր, մեր կեանքի և մեր գործերի վրայ, աշխատել ենք հաւատալ, համոզուել, որ մեր կեանքը բարելաւում է, որ մեր վէրքերը բուժւում են, բայց իսկապէս ինքնախաբէութեան մէջ ենք, սոսկալի՛ ինքնախաբէութեան: Մի քիչ խորը թափանցէք ամեն բանում, մի քիչ քննադատական աչքով վերաբերուէք ձեր շրջապատին, և ձեր աչքի առաջ կը պատկերանայ մեր ասիական փուչ բարքերի ամբողջ գարշելիութիւնը, զզուանքը իւր իսկական գոյներով:
«Լումայ», 1903 թ.

ԹԱՎՐԻԶՅԱՆ ԿՐՔԵՐ
Հայ կինը` օջախի պահապանը և ամուսնու վստահելի թիկունքը, իր ամոթխածությամբ, մաքրամաքուր բարոյականությամբ ու կրոնական ջերմեռանդությամբ հանդիսացել է վեպերի ու բանաստեղծությունների նյութ: Եվ դա անառարկելի իրողություն է: Սակայն եղել է, կա ու կլինի հակապատկերը:
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն այսպիսի գրառում էր արել. «Մինչ Անկախություն Երևանում մի քանի բոզ կար, որոնց ճանաչում էինք, հիմա զարմանում եմ` էսքան բոզի տղերք որտեղի՞ց լույսաշխարհ ընկան»: Միամի՜տ հեղինակ. ակնհայտ է, որ ոչ բոլորին է ճանաչել:
Հիմա որպես մոդել կներկայացնեմ XX դարասկզբի Թավրիզի հայ համայնքի բարոյական նկարագիրը, որն ընթերցողը կարող է մտովի փոխադրել մեր օրեր, մեր իրականություն և հասկանալ, թե որտեղից են սերում բոզի տղերքը: (Ի դեպ, Թավրիզը կարող եք փոխարինել այլ քաղաքով):


Պոռնկությունն ու անբարոյականությունը տարբեր բաներ են: Եթե առաջինը արհեստ է, զբաղմունք, վճարի դիմաց ծառայության մատուցում, ապա անբարոյականությունը շատ ավելի լայն հասկացություն է, այն հաճախ զուգակցվում է պոռնկության հետ, սակայն կարող է նաև որևէ առնչություն չունենալ: Այդուհանդերձ անբարոյականությունը հարյուրապատիկ վտանգավոր է, դա եղծում է ազգային դիմագիծը և ինքը դառնում դիմագիծ:
Թավրիզում կար 800 հայ տուն, և դրանց մեծ մասում տիրում էր պոռնկության հետ զուգակցվող անբարոյականությունը: Բերեմ մի քանի օրինակ:
Հայ ոսկերիչների արհեստապետը` զարգարբաշին, ուներ կին ու երեխաներ: Սա գործնական կապեր հաստատեց Թավրիզում Թուրքիայի հյուպատոսարանի պաշտոնյայի հետ, որը խիստ հավանեց զարգարբաշու կնոջը: Հավանեց` խնդրեմ, ոսկերչապետը դեմ չէր, դեմ չէր նաև կինը: Թուրքը ցանկացած ժամանակ այցելում էր հայի տուն, կնոջը կառքով տանում զբոսանքի, հաճախ գիշերում զարգարբաշու տանը, իսկ առավոտյան շապկանց բարձրանում էր տան կտուրը` հարևան հայ ընտանիքներին ի ցույց դնելով իր աքլորական հաղթանակները:
Այս իրավիճակը չհանդուրժելով, տեղի երիտասարդներն սկսեցին հրապարակավ փնովել զարգարբաշուն` պատմելով նրա ու կնոջ անվայել պահվածքի մասին: Արհեստապետն անցավ հարձակման. գնաց հոգևոր առաջնորդի մոտ ու պահանջեց երիտասարդների սանձերը քաշել, իսկ թուրքի հետ ջերմ հարաբերություններն այսպես բացատրեց. «Նա շատ հաճելի սովդաչի (զրուցակից) է և օգնում է իմ գործերում»:


Հայ կանանց շրջանում պոռնկությունն այնպիսի չափերի հասավ, որ Թավրիզի պարսկական իշխանությունը հայոց հոգևոր առաջնորդին ներկայացրեց 70 հանրահայտ պոռնիկների ցուցակ` խնդրելով նրանց դեմ միջոցներ ձեռնարկել կամ քաղաքից վռնդել: Խեղճ առաջնորդն ի՜նչ աներ: Այս 70-ը հայտնիներն էին, սակայն սրանցից բացի կային նաև շատ ավելի վտանգավոր «ստվերային» անբարոներ: Այդպիսիք կոչվում էին խանումներ և իրենց ամուսինների գիտությամբ պոռնկություն անում բացառապես պարսիկ խաների, բարձրաստիճան պաշտոնյաների, դատավորների հետ: Սրանք բազմաթիվ քեֆ-ուրախությունների, սիրային վայելքների ժամանակ ֆինանսանյութական հարցեր էին դրստում հօգուտ իրենց օրինական կողակիցների, և ոչ ոք չէր համարձակվում թթու խոսք ասել, քանզի անմիջապես կենթարկվեր դաժան պատժի:
Թավրիզի հայ կանանց մի մասն էլ եվրոպական «արժեքների», արևմտյան «լուսավորության», «ազատ» սիրո կրողն ու ջատագովն էր: Այսպես, մի նշանված օրիորդ առանց այլևայլության, առանց ամոթխածության սիրային կապի մեջ է մտնում մեկ այլ երիտասարդի հետ: Երբ բարեկամները օտարության մեջ գտնվող աղջկա եղբորը հայտնում են այդ մասին, եղբայրը հանդիմանական նամակ է գրում քրոջը: Սակայն «լուսավորյալ» օրիորդը պատասխան նամակում նշում է. «Վաղուց է անցել ստրկութեան դարը, այժմ քսաներորդ դարումն ենք ապրում, կանայք ազատ են տղամարդկանց բռնապետութիւնից և կարող են անել ինչ որ ուզենան»:


Այսքանն ինչո՞ւ գրեցի: Որպեսզի մի քանի հռետորական հարց տամ: Զարգարբաշու երեխաները, թոռները, ժառանգները չէի՞ն, որ գաղթեցին Երևան` իրենց հետ բերելով տեսած-յուրացրած բարքերը: Այսօր Երևանում չկա՞ն բարձրաստիճան պաշտոնյաներին «սպասարկող» ստվերային խանումներ, որոնք իրենց անձնական հարցերն են դրստում` ի հաշիվ այլոց օրինական շահերի: Այսօր Երևանում չկա՞ն «լուսավորյալ», արևմտյան «արժեքներ» դավանող աղջիկներ, որոնք ինչ ուզում անում են:
Այնպես որ, ֆեյսբուքյան օգտատերը զուր էր զարմանում, թե որտեղից լույսաշխարհ ընկան այսքան «բոզի տղերք»:

ԸՆԿԵՑԻԿ ԿԱՆԱՆՑ ԱՊԱՍՏԱՐԱՆԸ
Ինձ միշտ հետաքրքրել է, թե XIX դարավերջի և XX դարասկզբի արևելահայ գրողները, դիցուք` Գ. Սունդուկյանը, Նար-Դոսը, Շիրվանզադեն, Մուրացանը կամ տասնյակ քիչ հայտնի և բոլորովին անհայտ այլ հեղինակներ որտեղի՞ց էին քաղում իրենց ստեղծագործությունների նյութը: Ցանկացած գրական երկ հիմնվում է ինչ-ինչ իրական ազդակների վրա, որոնք խմորվում են, հունցվում գրողի աշխարհայացքի, փիլիսոփայական ընկալումների, վարպետության հետ և վերածվում գրականության: ՈՒրեմն ինչպիսի՞ք էին այդ եղելությունները, փաստական հենքը:
Եվ ահա ձեռքս անցավ մի իրական պատմություն, որը կշարադրեմ, և որն այն ժամանակվա հայ գրողների համար մի ամբողջ վեպի նյութ էր:


1900-ական թվականներին Բաքվում ստեղծվեց «Կանանց պաշտպանության ընկերություն»` այսօր Հայաստանում գործող նմանատիպ կազմակերպությունների «տատմերը»: XX դարասկզբին, երբ Ռուսական կայսրությունը ոտք դրեց կապիտալիզմի զարգացման շեմին, երբ առաջ եկավ հարուստների ու աղքատների սոսկալի վիհը, սոցիալական բևեռացումը, ի հայտ եկավ «անպետք» մարդկանց մի ամբողջ բանակ: Սոցիալ-տնտեսական այդ նոր հարաբերություններում ամենաանպաշտպան խավ դարձան կանայք, որոնք տարրական գոյապահպանման համար անձնատուր եղան պոռնկության, հարբեցողության, մուրացկանության: Ռուսական կառավարությունը փորձեց երևույթի դեմն առնել, և Պետերբուրգում, Մոսկվայում, մի շարք խոշոր քաղաքներում ստեղծվեցին ընկեցիկ կանանց ապաստարաններ, որտեղ կանայք հսկողության տակ ապրում էին, աշխատում և պիտի դարձի գային` ձերբազատվելով անբարոյականությունից և արատներից:
Կայսրության նավթարդյունաբերության միակ և գլխավոր երակը Բաքուն էր, և պատահական չէ, որ այստեղ հիմնվեց «Կանանց պաշտպանության ընկերությունը», որի վարչության նախագահը տիկին Մդիվանին էր, իսկ վարչության անդամ-քարտուղարը` «Մշակ» թերթի թղթակից, երիտասարդ Ռուբեն Օհանջանյանը: Ընկերությունը ժողովեց տարբեր ազգությունների ընկեցիկ կանանց, որոնց ցերեկներն աշխատեցնում էր իր արհեստանոցներում, գիշերները օթևան տրամադրում ապաստարանում, և այսքանը, իբր, բավարար էր, որ նրանք հրաժարվեին պոռնկությունից:


Ընկերության «ձայնափողը» Ռուբենն էր, որը մի քանի տարի հայալեզու և ռուսալեզու մամուլում բազմաթիվ հոդվածներ տպագրեց` բարոյախոսական քարոզներ կարդալով ու գովերգելով իրենց գործունեությունը:
Դժվար է ասել, թե այս անդորրը որքան կշարունակվեր, եթե մի օր էլ ապաստարանում չհայտնվեր Կատյա անունով խարտյաշ, կապուտաչյա, բարեկազմ մի իսկական ռուս գեղեցկուհի: Թե ով էր նրան խաբել-բերել ու լքել Բաքվում, կարևոր չէ, կարևորն այն է, որ Ռուբենը… սիրահարվեց: Դա վերին պարգև էր, առաջին հայացքից ծնված խելակորույս սեր, երբ մարդ կորցնում է քուն ու դադար, սթափ դատելու և տրամաբանությամբ առաջնորդվելու ունակություն:


Մարմնական ձգողականությունն այնքան ուժեղ էր, որ Ռուբենը սկզբում որոշեց Կատյային բռնի ճնշումով, առանց այլևայլության նվաճել: Բայց այդ ընկեցիկ կնոջն առաջարկ անելով ու մերժվելով` երիտասարդը շվարեց: Սկսեց հալածել, սպառնաց ոստիկանության ձեռամբ Աստրախան աքսորել, կարգադրեց մյուս ապաստանյալներից մեկուսացնել ու քաղցած պահել, խիստ հսկողություն սահմանեց կնոջ յուրաքանչյուր քայլի վրա: Բայց ոչ մի միջոց ազդեցություն չունեցավ, Կատյան դրսևորեց իր կարգավիճակի համար անսովոր հաստատակամություն: Եղիսաբեթ անունով մի բազմափորձ հայ կին, տեսնելով Կատյայի լլկված, անտանելի վիճակը և անսալով Ռուբենի հորդոր-պատվերներին` ռուս կնոջը պատսպարեց իր սենյակում, ինչն ավելի կատաղեցրեց երիտասարդին: Սկանդալը հասունանում էր:


Կատյայի զարմանալի, անզիջում համառությունը է՛լ ավելի գրգռեց Ռուբենին, և նա որոշեց մարտավարությունը փոխել: Սկսեց կնոջն ուղարկել հրուշակեղեն, ծաղկեփնջեր, ձեռնոցներ, օծանելիք ու սիրո խոստովանություններով լեցուն նամակներ, ապա նրան նշանակեց ընկերության հաշվապահ: Եվ Կատյան անձնատուր եղավ…
Սակայն Ռուբենի երջանկության գլխին ամպեր կուտակվեցին, սև օրեր սկսվեցին: Ապաստարանի բոլոր կանայք բացեիբաց խոսում էին Ռուբենի ու Կատյայի սիրային կապի, ռուս կնոջ ստացած առանձնաշնորհների մասին, և դա հանգեցրեց այն բանին, որ վարչության մի քանի անդամներ նախագահ Մդիվանիից պահանջեցին քննություն իրականացնել. ինչպե՞ս թե, այն մարդը, որ կոչված էր ընկեցիկ կնոջը դարձի բերելու, մամուլում հանդես էր գալիս բարոյախոսական հոդվածներով, ինքն էր անբարոյականությամբ զբաղվում:
Տիկին Մդիվանին գործի անցավ: Կատյային ազատեց հաշվապահի պաշտոնից, ծանր խոսակցություն ունեցավ Օհանջանյանի հետ և կարգադրեց արգելել նրա մուտքը ապաստարան: Այս սկանդալին արձագանքեց Անդրկովկասի գրեթե ամբողջ մամուլը: Թիֆլիսի «Տարազ» շաբաթաթերթը մասնավորապես գրեց. «Այս դէպքը հարիւրավորներից մէկն է: Տարիներ շարունակ գոռալ յանուն ազատամտութեան և լինել աւելի խաւար, քան ինք խաւարը, քարոզել համարձակութիւն և հասարակական անվեհերութիւն և լինել աւելի երկչոտ, քան սողունը, աղաղակել յանուն բարոյականութեան և ապականել բարոյականութեան տարրական օրէնքները- այս է պատկերը մի ամբողջ խուժանի»:
Հանրային դժնդակ պարսավանքի այդ ամբողջ ընթացքում ոչ ոքի մտքով չանցավ` իսկ միգուցե դա սե՞ր էր, իսկական սեր, որ մարդուն տրվում է թերևս մեկ անգամ:


Ի՞նչ եղան Ռուբենն ու Կատյան, ինչպե՞ս դասավորվեց նրանց հետագա ճակատագիրը: Այդ մասին պատմությունը լռում է:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2662

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ