Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Իմաստության սկիզբը Աստծո վախն է»

«Իմաստության սկիզբը Աստծո վախն է»
09.12.2016 | 08:31

Մահտեսի նշանակում է մահը տեսած։ Այդպես են անվանում Քրիստոս Տիրոջ սուրբ գերեզմանը տեսած ուխտավոր մարդկանց։ Ժողովուրդը նրանց անվանել է հաջիներ։
Սուրբ երկրի սրբատեղիները մեր ազգին բաժին են ընկել Աստծո ողորմությամբ, բայց և ոռոգվել են քրիստոնյա ազգիս դառը քրտինքով, երբեմն էլ՝ արյունով։ Դրանք մահտեսի հայորդիների սխրանքների մի անվերջանալի պատմություններ են, որոնցից մեկի մասին մեջբերենք նշանավոր ճանապարհորդ, գրող, եկեղեցական, հասարակական գործիչ Սիմեոն Լեհացու «ՈՒղեգրություն» գրքից.
«Երբ գնացինք մի իջևան, դեռ ջուր ունեինք: Երկու օրուկեսում հասանք Սալահատին: Այնտեղից մի օրում հասանք Հիլաս գյուղը: Երբ մի քիչ առաջ գնացինք, մեր ջուրը վերջացավ: Դրանից հետո ինչ հյուրատան իջևանեցինք, ջուր չէինք գտնում: Իսկ եթե մի տեղ ջուր էինք գտնում՝ մգլած ու հոտած էր լինում, և ծարաված մարդիկ ու անասունները վրա էին ընկնում այնպես, որ տիղմը ևս ջրի հետ հանում ու ցամաքեցնում էին հորը: ՈՒրիշները ափով փորում էին ավազը, որտեղից տաք ու կանաչ ջուր էր ելնում, որ մարդ նայել չէր ուզում, ինչ մնալ թե խմել: Եվ ես, այդ տեսնելով, հիշում էի քաղցրահամ ջրերը, հոգոց էի հանում և դժկամորեն վերցնում՝ շաքար էի խառնում ու խմում տհաճությամբ: Իսկ այլ իջևաններում առաջին գնացողները հատնեցնում էին դառը ջուրը, որ նույնիսկ գրաստները մեկ-երկու անգամ փնչում էին ու չէին խմում, բայց սաստիկ տապից ու ծարավից ստիպված խմում էին արևի ջերմության պատճառով: Որովհետև ավազն այնպես էր տաքանում, որ եթե ձու դնեիր, կխորովվեր: Եվ առավել ջերմության ու տոթի պատճառով քարավանը բնավ ցերեկով ճանապարհ չէր գնում, այլ գիշերով:


Ամբողջ ցերեկը շոգից տառապում էինք, իսկ երեկոյան ճանապարհ էինք ելնում, քանի որ ավազը ներքևից էր այրում մեզ, իսկ արևը՝ վերևից: Եթե մեկը ունի կարպետ կամ չուլ կամ այլ բան, փռում և հանգստանում է, իսկ ովքեր չունեն, շոգից խիստ նեղվում են: Բայց, շոգից բացի, ավազից ելնում են զանազան մեծ պիծակներ, արյունարբու զեռուններ և խածոտելով ծակծկում մարմիններս՝ մինչև արյուն հոսելը: Քանի որ այնտեղ ո՛չ ծառ կա, ո՛չ ճյուղ կամ այլ բան, որ հովանի լինի, այլ համատարած ավազի շատության պատճառով ո՛չ էշով, ո՛չ ոտքով, այլ ուղտով ու ջորիով են ճանապարհ գնում: Իսկ աղքատները բոբիկ են գնում՝ այրելով իրենց ոտքերը:
ՈՒթերորդ օրը հասանք Ղաթիա ավանը, որ Երուսաղեմի կես ճանապարհին է: Այնտեղ մուտքի մեծ վճար կա. ավանակին՝ կես ղուռուշ, ձիուն՝ մեկ, ուղտին՝ երկու: Ովքեր հարուստ էին՝ շտապ վճարեցին, իսկ աղքատներն ու չքավորները բազում գան ու հարվածներ կերան: Անօրեն արաբները բռնությամբ էին մուտքի վճարը վերցնում: Այնտեղից հինգ օրում հասանք Ղազա: Սա գեղեցիկ ավան է, ինչ որ ուզես կգտնես այնտեղ՝ մրգեր, պտուղներ, նուռ, թուզ, սերկևիլ, խաղող, ձիթապտուղ, ջուր ջրամբարներում, որով մի քիչ մխիթարվեցինք և կուշտ ու լի ջուր խմեցինք: Այնտեղից օրուկեսում եկանք Ռամլա նավահանգիստը, որտեղից երկու փոքր հանգրվան է մնում մինչև Երուսաղեմ:


Իսկ չար ու նենգոտ արաբ ազգի խորամանկ ու նենգավոր որոգայթների ու խաբեությունների մասին ցամաքում ու ծովում, որոնցում նրանց նմանը չկա, պատմեմ առանձին:
Քարավանը, ինչպես ասացինք, երեկոյան էր շարժվում, որ հովով գնայինք: Եվ երբ իրիկնանում, մթնում էր, քունը նեղում էր մարդկանց, որոնք թմրում ու մրափում էին: Ոմանք գրաստների վրա էին նիրհում ու վայր ընկնում, ուրիշները իջնում էին ու սանձը պահած գրաստը քաշում էին իրենց հետևից: Պիղծ արաբները գալիս են հուշիկ-հուշիկ, գլուխներից հանում գրաստի երասանակը, մեկը անասունն է բռնում, իսկ մյուսը՝ երասանակը, հետևից մի փոքր տեղ են գնում, ապա բաց են թողնում ու փախչում, հեռանում: Երբ խեղճ ուխտավորը ուշքի է գալիս ու նայում հետ՝ էշը չկա, միայն երասանակն է մնացել ձեռքին: Իսկ այլ նենգամիտներ գալիս խառնվում են քարավանին, որովհետև այն մեծ է՝ մի քանի հազար հոգի. ո՞վ ում կճանաչի, ու հարցնում են արաբերեն՝ «Էշ քալակ սեյտի», այսինքն՝ «Պարոն, ի՞նչ վիճակի ես», իսկ նա քնաթաթախ, քնի մեջ մռմռում է, կարծելով թե ընկերների մեջ է: ՈՒ տեսնելով սրան թմրած, փաթթոցը վերցնում են գլխից ու փախչում, կամ էլ ավելի վատ՝ մարդուն գցում են ձիուց ու իրենք հեծնելով անհետանում են խավարի մեջ: Իսկ ոմանք էլ, քարավանի հետևից գնալով, եթե մեկը կարիքների համար մի փոքր հետ է մնում, առնում են էշն ու ապրանքը և փախչում, որովհետև նման են մժղուկի ու պիծակի, որ ավազից են դուրս գալիս:


Իսկ ուրիշները ուղտերի վրայից կտրում են հակի պարանը, ու վերևի մարդը գետնին է ընկնում, ու նրանք, վերցնելով հակը, փախչում են: Պետք էր լսել, թե ինչ աղաղակի ձայն ու լաց և ճիչի բոթ է բարձրանում: Կոծում են, ողբում են, բայց ոչինչ չի օգնում»:
Եվ դարձյալ նույն բանի մասին Սիմեոն Լեհացու «ՈՒղեգրություն» գրքից. «Սուրբ Երուսաղեմում հայոց վիճակը գերված ու ավերված էր բազում ժամանակներ, և բոլոր ուխտատեղիներն ու եկեղեցիները ամայի: Եվ եթե հարկ լիներ պատարագ անելու՝ չկար սկիհ, Խաչ, Ավետարան: Գնում էին կաշառք տալիս արաբացոց, շուրջառ ու այլ բաներ բերում և պատարագ մատուցում ու դարձյալ շտապ հետ տանում: Եվ մեր պարտքը այնքան ավելացավ, որ մինչև իսկ սրբատեղիները ևս հափշտակեցին հայերի ձեռքից: Այդ պատճառով Քրիստոսի Տնօրինականների տեղերը մատնվեցին այլազգիների ձեռքը, ինչպես հնում՝ Իսրայելի Սուրբ տապանակը: Ըստ սովորության` մի օր գնացինք Բեթղեհեմ, բայց չունեինք Խաչ՝ ջուրը օրհնելու: Մաշտոցի գրքից (կազմի վրայից) հանեցինք փոքրիկ Խաչը ու նրանով օրհնեցինք»:
Այս և նման անօրենություններով լեցուն է Սուրբ երկիրը, որովհետև սրբության հակառակորդը ամեն խոչընդոտ հարուցում է, որ Աստծո ճշմարտություն և լույս փնտրող զավակները հուսահատվեն ու հետ կանգնեն այդ ճանապարհից: Բայց Տիրոջ Հոգին միշտ հաղթություն է տալիս. այդպիսիները, թեկուզ և իրենց կյանքի գնով, հավիտենական Երկնային Երուսաղեմի ուրախությանն են արժանանում:


Եվ շատ հոգիներ գալով այստեղ, կամ հիասթափություն են ապրել, կամ իրենց մի քանի բառանոց «ճլորած» աղոթքներով ուղեկցված տուրիստական այցելությունը ուխտավորի սխրագործություն համարելով, ուխտավոր հաջիի տասդոլարանոց նշան դաջել տալով թևերին, իրենց ճշմարիտ քրիստոնյա համարելով վերադարձել են աշխարհ, և առանց իրենց մեղքերի համար զղջում ապրելու, նորից շարունակել իրենց հին մեղսալից կյանքը: Եվ այս անգամ ավելի մեծ դատապարտության համար, քանի որ մահտեսիի խաչի նշանը ունեն իրենց վրա: Մինչդեռ ավանդությունը մեզ տեղեկացրեց, որ երբ Գրիգոր Լուսավորիչը Երուսաղեմ է եկել, չի համարձակվել անմիջապես Տիրոջ սուրբ գերեզմանը մտնել, այլ պահքով ու աղոթքով երկար ժամանակ սուրբ Հեղինեի սրահում ճգնել է, մինչև որ արժանի է համարել իրեն Հիսուսի գերեզմանը մտնելու: Այդ պատճառով էլ Տերը հետագայում արժանացրեց, որ Տիրոջ սուրբ գերեզմանում հայ ազգը իրավունք ունենա ամեն գիշեր ժամը երեքին, այսինքն՝ Հիսուսի հարության ժամին, սուրբ Պատարագ մատուցելու ի փառս հարուցյալ Տիրոջ։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հ. Գ. Այս առիթով ուզում եմ նաև այս վերջին մտորումը կիսել ընթերցողների հետ: Երևի շատերդ լսել կամ կարդացել եք, որ այս հոկտեմբեր ամսին Սուրբ Հարության տաճարի վերանորոգությունների առիթով բացել են Հիսուսի սուրբ գերեզմանի վրա դրված մարմարյա սալաքարերը, որոնք մոտ 400 տարի առաջ են դրել, որպեսզի ուխտավորները Տիրոջ բուն գերեզմանի ժայռաբեկորները չքանդեն ու տանեն իրենց հետ որպես հիշատակ իրենց ուխտագնացության (որովհետև դարերով այդպես են վարվել Տիրոջ սրբավայրի հետ)։ Կարծես թե ոչ մի պախարակելի բան չկա, քանի որ հնագետները ուզել են առիթից օգտվել ու իրենց գիտական զննումները անել այդտեղ, բայց, արի ու տես, դա կատարվել է առանց լուրջ նախապատրաստության ու աղոթքների, քանի որ սրբությունը առանց համապատասխան սրբություն ունենալու, կարող է միայն հետադարձ հարված առաջացնել, ինչպես որ բարձր լարում ունեցող հոսանքին չես կարող առանց համապատասխան մեկուսիչի հպվել։ Աստվածաշնչում նկարագրված է մի համանման դեպք, երբ Տիրոջ ՈՒխտի ոսկեպատ տապանակը ուզել են տեղափոխել ու նոր սայլի վրա դնելով տարել են, ճանապարհին սայլը թեքվել է, և ուղեկիցներից մեկը առանց երկյուղի ձեռքը հպել է տապանակին, և իսկույն Տերը հարվածել է հանդուգնին ու տեղում մեռցրել։ Դրանից հետո ողջ Իսրայելում երկյուղ առաջացավ իրենց Տեր Աստծո հանդեպ, ՈՒմ մասին մոռացել էին շատերը։ Համանման մի երևույթ էլ Երուսաղեմի երկնակամարում առաջացավ, երբ հանդգնաբար բացեցին Տիրոջ սուրբ գերեզմանը, քանի որ հանկարծ ամպերի մեջ հսկայական մի շրջան հայտնվեց, մեջտեղում փոթորկվող պատկերներ, որ ուղեկցվում էին հզոր շեփորաձայներով, ինչը լսողների մեջ սարսուռ էր առաջացնում, քանզի երկնքից լսվող ձայնը հիշեցնում էր Հայտնության շեփորների մասին, որ պետք է կատարվի աշխարհին տրված ապաշխարության ժամանակների ամենավերջում (այդ մասին ինքներդ կարող եք դիտել համացանցում փնտրելով այս էլեկտրոնային հասցեով:


Իսկ երբ այդ երկնային նշանները անտեսվեցին Իսրայելի կողմից, ապա Տերը երկրային նշաններ տվեց, հսկայական ծավալի չլսված հրդեհներ սկսվեցին առանց այդ էլ անտառասակավ այդ երկրում։ Օրհասը այնքան աղետալի էր, որ տասնյակ հազարավոր մարդկանց տարհանեցին իրենց բնակարաններից, մանավանդ Հայֆա քաղաքից, որտեղ, ի միջի այլոց, համաշխարհային մասոնական էլիտայի տաճարն է կառուցված իր մերձակա գեղատեսիլ այգի-պուրակներով։ Այդ հրդեհների մարման համար նույնիսկ օտար երկրներից ու հատուկ հրդեհամարման ինքնաթիռներ ուղարկեցին Իսրայել։ Եթե ուզում եք իմանալ այդ հրդեհի կործանարար չափերի մասին, ապա այս էլ իմացեք, որ պաղեստինյան արաբ հակառակորդներն են իրենց օգնությունն առաջարկել այդ օրհասի դեմը առնելու համար։
Եվ թող Աստված Իր Որդու սուրբ գերեզմանի զորության օրհնություններից մաս ու բաժին հանի համայն հայությանը, որպեսզի սուրբ երկյուղով իմաստնանանք ազգովին, քանզի գրված է. «Իմաստության սկիզբը Աստծո վախն է»։

Դիտվել է՝ 3297

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ