Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մեծ գերդաստանի արժանավոր շառավիղը

Մեծ գերդաստանի  արժանավոր շառավիղը
09.12.2016 | 09:38

Այս օրերին նա հաճախ է դուրս գալիս տնից ու քայլերն ուղղում մերթ դեպի Մատենադարան, մերթ դեպի Ազգային գրադարան ու Ազգային արխիվ։ Նա՝ բազմավաստակ երաժիշտ ու հմուտ մանկավարժ ԼԵՎՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, որ արդեն կյանքի 8-րդ տասնամյակն է թևակոխել, երիտասարդական ավյունով պրպտում ու տեղեկություններ է հավաքում իր գերդաստանի պատմության ու խորին հարգանքի արժանի իր նախնիների մասին։ «Գիտե՞ք՝ ի՜նչ մարդիկ են եղել»,- ասում է նա՝ ցուցադրելով Տեր-Գրիգորյան, Մելիք-Գրիգորյան, Բաշինջաղյան ընտանիքների անդամների խոսուն լուսանկարները, որոնք պահում-պահպանում է իբրև թանկ մասունք։ Իր նախնիներից հատկապես մեկի՝ մորական պապի եղբոր, ժամանակին ճանաչված հասարակական-քաղաքական գործիչ, ինժեներ, կապի մասնագետ Բարսեղ Մելիք-Գրիգորյանի՝ նշանավոր Ղարա-Մելիքի մասին նա կարող է անվերջ խոսել, պատմել, թե ինչպես է ղեկավարել Բաքու-Թիֆլիս-Փոթի հեռագրակապի անցկացման ու շահագործման աշխատանքները, ինչպես է դարձել «Նոբել Փեթրոլիումի» Բաքվի մասնաճյուղի կառավարիչը, ապա նաև բաժնետերերից մեկը, բարեգործական ինչ գործունեություն է ծավալել, ինչպես է հովանավորել արտասահմանում սովորող հայ ուսանողներին...

Հետո Ղարա-Մելիքից անցնում է իր Գերասիմ Մելիք-Գրիգորյան պապին։ Նա ավարտել էր Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետը, աշխատել էր Թիֆլիսում, ապա հաստատվել էր Լենինականում, Հայաստանի երկաթուղու գլխավոր բժիշկն էր, Լենինականի հիվանդանոցի պետը։ Պատմում է հայրական պապի՝ Թիֆլիսում հարգված ու ճանաչված արհեստավոր Գևորգ Մելիք-Գրիգորյանի (Բաշինջաղյան), ծնողների՝ ինժեներներ Գրիգոր Գրիգորյանի և Իզաբելա Մելիք-Գրիգորյանի մասին։ Պատմում է այնպես, որ հուզմունքն ու ոգևորությունը փոխանցվում են նաև լսողին։


Ճիշտ այդպիսի ակնածանքով ու հիացմունքով նրա մասին խոսում են իր սաները։ Բոլոր նրանք, ովքեր 1970-ականներին սովորել են Երևանի Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում, խորին երախտագիտությամբ են հիշում դպրոցի տնօրեն Լևոն Գրիգորյանին՝ իրենց սիրելի Լևոն Գրիգորևիչին, ում կարծիքը չափազանց թանկ ու կարևոր էր փոքրիկ երաժիշտների և նրանց դասատուների համար։ Շատերն են խոստովանում, որ դպրոցն իրենց համար բառի լայն իմաստով մշակույթի տուն է եղել, հետո նոր՝ կրթօջախ։ «Ակնածանքով էինք մտնում դպրոց. այնտեղ միանգամայն այլ մթնոլորտ էր, այլ մշակույթ։ Տարիների հեռվից ավելի հստակ է երևում, թե ի՜նչ մասնագետներ էին աշխատում մեզ հետ, ինչպե՜ս էին աշխատում, մարդկային ի՜նչ նկարագրի տեր էին... Միայն նրանց հետ շփվելն արդեն յուրօրինակ դաստիարակություն էր։ Լևոն Գրիգորևիչը չուխաջյանական մթնոլորտին նոր գույն հաղորդեց։ Բոլորն էին պատկառում նրանից՝ թե ուսուցիչները, թե աշակերտները, թե նրանց ծնողները... Չուխաջյանի դպրոցին առնչվող ամեն ոք։ Լևոն Գրիգորյանը՝ որպես փայլուն երաժիշտ և հետաքրքիր անձնավորություն, ճակատագրական դեր է խաղացել չուխաջյանցիներիս կյանքում»,- պատմում է դպրոցի շրջանավարտ Սվետլանա Դանիելյանը։


Իսկ Լևոն Գրիգորյանը որքան պերճախոս է իր նախնիների մասին խոսելիս, այնքան զուսպ է իր աշխատանքն ու արածը գնահատելիս։ Մինչդեռ այնքա՜ն բան է արել թե որպես երաժիշտ, թե որպես մանկավարժ։
Սխալված չենք լինի, եթե ասենք, որ երաժշտության հանդեպ սերը, նաև մանկավարժական ձիրքը նրան փոխանցվել են հորից։ Երկար դեգերումներից հետո, երբ ծնողները հաստատվում են Լենինականում, հայրն աշխատանքի է անցնում երկաթուղային տեխնիկումում։ Հետագայում նա մեծ ներդրում է ունենում Լենինականի հաստոցաշինական և շինարարական տեխնիկումների հիմնադրման գործում։ Ոչ միայն լավ մանկավարժ էր, այլև լավ երաժիշտ. նվագում էր դաշնամուր, մանդոլին, ալտ, ջութակ, կիթառ, կլառնետ։ Պատահական չէ, որ զավակները՝ դուստրը՝ Սվետլանան (հետագայում ճանաչված երաժշտագետ, դաշնամուրի և երաժշության տեսության փայլուն ուսուցիչ) և տղան՝ Լևոնը, Լենինականում ընդունվում են երաժշտական դպրոց։ Հետո Լևոնն ուսումը շարունակում է Քրիստափոր Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում։ Ավարտելուց հետո աշխատում է Լենինականի Սպայի տանը կից երաժշտական դպրոցում։ Հեռակա ավարտում է Երևանի պետական կոնսերվատորիան, զուգահեռ աշխատում է իր իսկ ավարտած Նիկողայոս Տիգրանյանի անվան դպրոցում և Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում։ 1967-ին տեղափոխվում է Երևան։ Հանգամանքների բերումով մայրաքաղաքում հաճախ է փոխում աշխատավայրը, աշխատում է այնտեղ, որտեղ իր օգնության, իր փորձի ու գիտելիքների կարիքը զգացվում է. որպես երաժշտության ուսուցիչ` Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում, ուսմասվար՝ Ստեփան Ջրբաշյանի անվան դպրոցում։ Որտեղ էլ աշխատում է Լևոն Գրիգորյանը, նրա սաները կարճ ժամանակում կարողանում են լուրջ հաջողություններ արձանագրել, հանդես գալ բարդ ծրագրերով։ Իր լավագույն սաներից մեկի՝ Գեղամ Աշճյանի մասին խոսելիս Լևոն Գրիգորյանը համեստորեն ասում է. «Նրա նվագի շնորհիվ հայտնի ուսուցիչ դարձա»։


Նրա աշխատանքային գործունեության լավագույն շրջանը կապվում է Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի հետ, որտեղ Լևոն Գրիգորյանն աշխատում է նախ որպես ուսմասվար, իսկ 1973 թվականից ստանձում է տնօրենի պաշտոնը։
Դպրոցն իր նախորդ տնօրենների՝ Ջեմմա Սարգսյանի և Աշոտ Այդինյանի օրոք արդեն հայտնի էր իր բարի ավանդույթներով, որոնց նախանձախնդիր պահպանողն ու շարունակողն է դառնում Լևոն Գրիգորյանը։ Իր տնօրենության տարիներին նա աշխատել է 300 երաժիշտ մասնագետների հետ, երաժշտական դպրոցի ավարտական վկայականով կյանք է ճանապարհել 4 հազար աշակերտի։


Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի 120-հոգանոց երգչախումբը, որի խմբավարն էր փայլուն երաժիշտ և անզուգական մարդ Հարություն Գրքաշարյանը՝ Լևոն Գրիգորյանի գաղափարակիցն ու համախոհը, ըստ էության, առաջին մանկական պրոֆեսիոնալ երգչախումբն էր, որը քանիցս հաղթել ու մրցանակային տեղեր էր զբաղեցրել հանրապետական մրցույթներում։ Բոլորն էին հիացմունքով խոսում դպրոցի լարային բաժնի (ղեկավար՝ պրոֆեսորի պաշտոնակատար Էդուարդ Դայան) ու լարային անսամբլի մասին (ղեկավար՝ Հրաչիկ Աբրահամյան)։ Լևոն Գրիգորյանի տնօրենության տարիներին դպրոցում, հանրապետությունում առաջիններից մեկը, բացվեցին տարբեր ժողովրդական գործիքների դասարաններ։ Հապա թանգարաննե՜րը։ Այստեղ գործում էր և՛ Տիգրան Չուխաջյանի թանգարանը, և՛ մեծ կոմպոզիտորի անունը կրող դպրոցի պատմության թանգարանը։ Տպավորությունների մատյաններում գնահատանքի ու երախտագիտության խոսք են գրել ժամանակի մեծանուն երաժիշտներն ու արվեստագետները, մանկավարժներն ու հասարակական գործիչները, ԽՍՀՄ տարբեր հանրապետություններից և արտասահմանից ժամանած բազում հյուրեր։ Դպրոցը միշտ հիացրել է իր շնորհալի սաներով, որոնցից շատերն այսօր ճանաչված երաժիշտներ են։


Հետո... Հետո եղել են դժվար ժամանակներ, որոնց մասին Լևոն Գրիգորյանը չի սիրում խոսել։ Այդ տարիներին նրան ապրելու, աշխատելու ուժ է տվել իր գեղեցիկ ու արժանավոր ընտանիքը՝ կինը՝ դաշնակահարուհի, Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի դասատու Էլլա Մուրադյանը (նրա մանկավարժական գործունեությունը կեսդարյա պատմություն ունի), և զավակները։ Ավագ որդին՝ Գրիգորը, դաշնակահար է, Տիգրանը ավարտել է Գերմանիայի Լյուբեկ քաղաքի երաժշտական բարձրագույն դպրոցի ալտի բաժինը, ասպիրանտուրան, ապա նույն հաստատության մանկավարժության բաժինը։ Ծնողները հպարտությամբ են ասում, որ որդիներն իրենց գործի շարունակողներն են...
Լևոն Գրիգորյանը երբեմն-երբեմն նստում է դաշնամուրի առջև, նվագում ինքն իր համար՝ վերապրելով անցած-գնացած փառավոր օրերը, սակայն այսօր նա իր հիմնական անելիքն է համարում, իր հոգու պարտքը իր գերդաստանի պատմության մանրամասները, անհայտ էջերը բացահայտելը, այդ պատմությունն ու իր հուշերը թղթին հանձնելը։


Այդ մտահոգությամբ է ապրում Բաշինջաղյան, Տեր-Գրիգորյան և Մելիք-Գրիգորյան տոհմերի զարմանալի շառավիղը՝ հպարտանալով իր հարգարժան նախնիներով և երբեք չմտածելով, թե իր գործունեությամբ ի՜նչ գեղեցիկ հետք է թողել իր գերդաստանի, մեր մշակութային կյանքի պատմության մեջ։


Գայանե ԵՆԳՈՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1999

Մեկնաբանություններ