Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նոր տարում կրքերն ավելի թեժ են լինելու

Նոր տարում կրքերն ավելի թեժ են լինելու
09.12.2016 | 09:41

Օգտագործեր գոլային պահերը, «Ռեալ»-Դորտմունդի «Բորուսիա» առճակատումը հանգիստ կարելի կլիներ դիտարկել որպես Ռոնալդու-«Բորուսիա» դիմակայություն՝ առաջինի ու առհասարակ թիմի համար դրական ելքով, մինչդեռ «արքայականը» միացյալ ջանքերով ձեռքից բաց թողեց ոչ միայն հաղթանակը, այլև խմբայինն առաջին տեղով ավարտելու հնարավորությունը. «Բավարիան» հաղթեց «Աթլետիկոյին», սակայն «Ռեալի» պես նույնպես չկարողացավ վեր բարձրանալ երկրորդ հորիզոնականից. առաջինը լինելու բախտը չունեցավ և միանգամայն հարթ տեղում սայթաքած «Պարի Սեն Ժերմենը», իսկ ահա ամենախոշոր անակնկալի հեղինակը դարձավ լեհական «Լեգիան»՝ «Լուդոգորեցի» և «Ռոստովի» օրինակով նվաճելով Եվրոպայի լիգայում մրցելույթները շարունակելու իրավունք: Այստեղ միջանկյալ նկատենք, որ ռուսական ակումբի մասնակցությունն իր հեղինակությամբ եվրոպական թվով երկրորդ խաղարկությանը որոշակիորեն հաճելի է և հայերիս համար. չէ՞ որ այդ թիմի գլխավոր մարզիչը մեր հայրենակից Իվան Դանիելյանցն է, որքան էլ որ ռոստովցիների հաջողության գլխավոր ճարտարապետը, այնուամենայնիվ, Կուրբան Բերդիևն է:

A ԽՈՒՄԲ
«Արսենալի» հետ մեկտեղ լինելով ակնհայտ ֆավորիտն ու նրա հետ դեմառդեմ խաղում սկզբունքորեն լուծելով խմբայինի հաղթողի հարցը (համենայն դեպս սկզբում ամեն ինչ այդպես էր թվում)՝ «Պարի Սեն Ժերմենը» միանգամայն անակնկալ սայթաքեց հարթ տեղում՝ սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղալով «Լուդոգորեցի» հետ (2:2), ինչը, շնորհիվ արտագնայում «Բազելի» նկատմամբ տոնած հաղթանակի (4:1), լոնդոնցիներին թույլ տվեց հավաքած միավորների թիվը հասցնել 14-ի ու երկու նիշով շրջանցել փարիզցիներին՝ խմբայինն ավարտելով առաջին հորիզոնականում: «Պարի Սեն Ժերմենի» հետ խիզախման համար «Լուդոգորեցը» վարձատրվեց Եվրոպայի լիգայում հանդիպումները շարունակելու ուղեգրով:

B խումբ
Բացառիկ լարվածություն ունեցող այս խմբում զարգացումները միանգամայն անակնկալ վախճան ունեցան, ու դա առաջին հերթին սկզբունքորեն ոչ մի մոտիվացիա չունեցող Կիևի «Դինամոյի» շնորհիվ: ՈՒկրաինացիները սեփական հարկի տակ պարզապես ոչնչացրին «Բեշիկթաշին»՝ վեց անպատասխան գնդակ ուղարկելով ստամբուլցիների դարպասն ու զրկելով Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլին մասնակցելու երազանքից: Զուգահեռ ընթացող խաղում հյուրընկալվելիս «Նապոլին» «Բենֆիկային» պարտության մատնեց 2:1 հաշվով՝ պայքարի այս փուլը 11 միավորով ավարտելով առաջին հորիզոնականում:

C ԽՈՒՄԲ
Եզրափակիչ փուլին իր մասնակցությունը շատ ավելի վաղ ապահոված «Բարսելոնը» թեթև զվարճանք ունեցավ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ հանդիպումում (4:0), իսկ նրան ընկերակցած «Մանչեստր Սիթին» դարձյալ ոչ-ոքի խաղաց (1:1) շոտլանդական «Սելտիկի» հետ՝ կելտերին վերջնականապես զրկելով Եվրոպայի լիգայում պայքարը շարունակելու հնարավորությունից՝ այդ պատիվը վերապահելով գերմանական ակումբին:

D խումբ
«Բավարիա»-«Աթլետիկո» մրցակցությունը խմբայինում տեղերի վերաբաշխման վրա ոչ մի ազդեցություն չէր կարող ունենալ (մադրիդցիները վեց միավորի առավելություն ունեին), սակայն մյունխենցիների վիրավորված ինքնասիրության առումով (հիշենք մադրիդյան հանդիպումը) պակաս հետաքրքրություն չէր ներկայացնում: Գերմանացիների նվազագույն հաշվով հաղթանակը համարենք, որ վերքի սպեղանի էր: Համենայն դեպս, նրանք իսպանացիներին թույլ չտվեցին խմբայինն ավարտել բացարձակ արդյունքով: Խմբային մյուս դիմակայությունում եվրոպական առաջնությունների նորեկը՝ ռուսական «Ռոստովը», արտագնայում ոչ-ոքի (0:0) խաղաց հոլանդական «Էյնդհովենի» հետ ու նվաճեց Եվրոպայի լիգայում հանդես գալու ուղեգիր:

E ԽՈՒՄԲ
ԲԿՄԱ-ում իր մարզչական ելույթների ավարտի մասին նախօրեին ազդարարած Լեոնիդ Սլուցկին, ինչ խոսք, կուզենար բանակայիններին գոնե Եվրոպայի լիգա հանած լինել (այդպիսին էր թիմի առավելագույն հնարավորությունը), սակայն դա էլ նրան շատ համարվեց Անգլիո կողմերում, որտեղից էլ սկսել էր իր մարզչական մեծ կենսագրությունը: Իսկ համարողը անգլիական «Տոտենհեմն» էր, որը թեպետ առաջինը գնդակ բաց թողեց, սակայն կարողացավ դրան պատասխանել երեքով: Խաղն այդպես էլ ավարտվել է՝ 3:1:
«Բայերի» հետ խաղում «Մոնակոն» կարող էր իրեն պարտվելու ազատություն թույլ տալ (ի դեպ, մոնեգասկները նախանձախնդրորեն այդպես էլ վարվեցին՝ ողջ խաղի ընթացքում չկարողանալով գեթ մեկ դիպուկ հարված կատարել մրցակցի դարպասին), քանի որ անգամ այս դեպքում ոչինչ չէր սպառնում խմբայինի առաջատարի նրա դերին: Ահա այդպես էլ հաղթողն ու պարտվողը նվաճեցին Չեմպիոնների լիգայի փլեյ օֆի ուղեգիր:

F ԽՈՒՄԲ
Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ հենց այս խմբում եղած թիմերը դարձան խմբային հանդիպումների վերջին օրվա ամենամեծ անակնկալի հեղինակները:
Սկսենք «Ռեալ»-Դորտմունդի «Բորուսիա» դիմակայությունից: «Արքայականը» չափից ավելի կտրուկ սկսեց. 2:0-ն նման կարգի հանդիպումներում գործնականում առավելության անհաղթահարելի պաշար է: Սակայն դորտմունդցիները պարզապես փայլուն անցկացրին հանդիպման երկրորդ կեսն ու կարողացան հավասարեցնել հաշիվը՝ ոչ միայն խուսափելով պարտությունից, այլև ահեղ մրցակցին զրկելով խմբայինն առաջին հորիզոնականում ավարտելու հնարավորությունից:
Ինչ վերաբերում է «Լեգիային», բոլոր հաշվարկներով ամեն ինչից դուրս մնացած այս թիմը դարձավ ամենախոշոր սենսացիայի հեղինակը: Ճիշտ է, «Սպորտինգի» նկատմամբ առավելությունը նվազագույն հաշվով էր, սակայն դա Եվրոպայի լիգա տանող հաղթանակ էր: Պորտուգալացիներն ակնհայտորեն մոռացել էին, որ օրվա իրենց մրցակիցը երկու տուր առաջ, դարձյալ սեփական հարկի տակ, ստիպել էր կարմրել «Ռեալի» նման գրանդ ակումբին (մադրիդցիները խաղավարտին մոտ էին միայն կարողացել հավասարեցնել հանդիպման հաշիվը):

G ԽՈՒՄԲ
Չեմպիոնների լիգայի այս փուլի համար իր խնդիրները վաղապես լուծած «Լեստերի» հետ դիմակայությունում «Պորտուին» բացառապես հաղթանակ էր պետք, քանի որ «Կոպենհագենը» ծանրորեն նստած էր նրա շնչին ու նույնպես երկրորդ հորիզոնականում հայտնվելու հավակնություն ու հնարավորություն ուներ: Պորտուգալացիները հաղթեցին ահռելի թեթևությամբ՝ 5:0, սակայն եկեք չմոռանանք, որ Անգլիայի գործող չեմպիոնը խաղադաշտ էր հանել ռեզերվային կազմ:
«Բրյուգեի» հետ հաղթանակով ավարտեց հանդիպումը «Կոպենհագենը», սակայն դա նրան արժեցավ ընդամենը Եվրոպայի լիգայի ուղեգիր:

H ԽՈՒՄԲ
«Լիոնի» հետ խաղում «Սևիլիան» իրեն կարող էր անգամ պարտվելու շռայլություն թույլ տալ, սակայն ոչ մեծ հաշվով, քանի որ այս դեպքում լրացուցիչ գործակիցները կարող էին բախտորոշ դառնալ: Անդալուզցիները գնացին կարճ ճանապարհով՝ հուսալիորեն փակեցին իրենց դարպասը տանող ուղիները: Արդյունքում՝ գոլազուրկ ոչ-ոքի: Ինչ վերաբերում է մինչ այս դիմակայությունը «Սևիլիայի» պես 11 միավոր ունեցող «Յուվենտուսին», «ծեր սինյորան» Զագրեբի «Դինամոյի» հետ պառավական քմայքոտ խաղերին վերջ տվեց երկրորդ խաղակեսում՝ սիրախաղերը համարելով անպարկեշտորեն ավելորդ (2:0):

ԱՄՓՈՓՈՒՄ
Այսպիսով, Չեմպիոնների լիգայի փլեյ օֆ դուրս եկան իսպանական «Բարսելոնը», «Ռեալը», «Աթլետիկոն» ու «Սևիլիան», անգլիական «Մանչեստր Սիթին», «Արսենալն» ու «Լեստերը», գերմանական «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան» ու «Բայերը», ֆրանսիական ֆուտբոլը ներկայացնող «Պարի Սեն Ժերմենն» ու «Մոնակոն», իտալական «Յուվենտուսն» ու «Նապոլին», պորտուգալական «Բենֆիկան» ու «Պորտուն»:
Եվրոպայի լիգա գործուղվածներն են՝ «Տոտենհեմը», «Լիոնը», «Բեշիկթաշը», Մյոնխենգլադբախի «Բորուսիան», «Կոպենհագենը», «Ռոստովը», «Լուդոգորեցը», «Լեգիան»:
Ամենաշատ գոլ խփած թիմը Դորտմունդի «Բորուսիան» է՝ 21 (սա խմբային փուլի համար ռեկորդային արդյունք է), ամենաքիչ խփածը՝ Զագրեբի «Դինամոն», որն այդպես էլ ոչ մի անգամ չկարողացավ գտնել մրցակցի դարպաս տանող ճանապարհը: Ի դեպ, զագրեբցիները նաև ոչ մի միավոր չեն վաստակել, ու նման ցուցանիշով նրանց հետ հավասարապես կարող է «հպարտանալ» միայն մեկ թիմ՝ «Բրյուգեն»:
Ամենաքիչ գոլեր բաց թողած թիմերը երկուսն են՝ «Յուվենտուսն» ու «Աթլետիկոն»՝ երկուական:
Խփած-բաց թողածների հաշվարկով ամենամեծ դրական հաշվեկշիռն ունի «Բարսելոնը»՝ +16 (20:4), ամենամեծ բացասականը՝ Զագրեբի «Դինամոն» ու «Լեգիան»՝ -15 (համապատասխանաբար 0:15 և 9:24):
Լավագույն ռմբարկուն Լիոնել Մեսին է՝ «Բարսելոնի» խփած 20 գոլի ուղիղ կեսի հեղինակը (միջին հաշվով՝ մեկ խաղում երկու գնդակ):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2044

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ