Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ֆեյքերի ոսկե օրերը

Ֆեյքերի ոսկե օրերը
10.12.2016 | 18:17

Նախընտրական ցուցակները արդեն գրվում են և քիչ տարբերություններ են տալու ընտրականի հետ: Նոր ոչինչ: Կամ համարյա ոչինչ: Հավաքվում են բոլոր նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի ՀԱԿ-ի ընտրացուցակը, Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ-ի, Ռոբերտ Քոչարյանի բախտն ամենից շատ է բերել՝ որ ցուցակն ուզի կգլխավորի՝ Օսկանյանի, աբիժնիկների, նախկինների: Շրջանը փակվեց՝ երեք նախագահներն իրենց արբանյակներով վերադառնում են մարտադաշտ՝ խորհրդարանական ընտրությունները նորից փորձելով տանել իրենց նվիրական ոտնահետքերով: Սխեմաները ցավի չափ ծանոթ են:
Ցավի չափ ծանոթ են նաև դեմքերը, որ հիմա վերադառնալու են եթեր ու կայքեր՝ հայհոյելու ու ֆեյքելու: Լավ, հնարավոր չէ՞ր 25 տարում նոր մեթոդ մտածել: Նոր տեխնոլոգիաները անգամ հին մեթոդների հետ թվում են նախնադարյան՝ ճահճի հոտը խեղդում է: Ճահճի, որի մեջ փորձում են ներքաշել հնարավորինս շատ մարդկանց:


ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ ՀՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի Սերժ Սարգսյանը: Երկրորդը կլինի Կարեն Կարապետյանը, երրորդը Արմեն Աշոտյանը: Ինչպե՞ս հարցազրույց չտա ու իր անսահման նվիրվածությունը չբարձրաձայնի Հովիկ Աբրահամյանը: Անգամ հայտարարելով. «Մեր ժողովուրդը բնական խոր իմաստություն ունի, նա շատ արագ է տարբերում իր նմանին օտարից։ Նա արագ է հաղթահարում ցանկացած ցավ կամ անարդարություն, երբ զգում է իր նմանի անկեղծ սատարումը, ջերմությունը, անշահախնդրորեն աջակցելու պատրաստակամությունը։ Ոչ թե հետո վերևից նայելու կամ անընդհատ հիշեցնելու համար անողին, այլ իր նմանին, իր տեսակին, իրեն հավասար իր միջից ծնվածին։ Սա հասկանալ պետք չէ, սա ուղղակի զգալ է պետք։ Դեռ նոր-նոր ոտքի կանգնելու ժամանակներից միշտ դա եմ զգացել ու միշտ դա եմ արել։ Որքան հնարավորություն ունենամ, այսուհետ ևս փորձելու եմ հասնել թևաթափ եղած այն մեկ մարդուն՝ բոլոր այն տեղերում, որտեղ կհասցնեմ»։ Այսինքն՝ ինքը հարազատ է, մնացածն՝ օտար: Ինքը ցավի, անարդարության դեպքում անկեղծ սատարողը, ջերմացնողը, ամշահախնդրորեն աջակցելու պատրաստակամն է եղել, պարզապես զգալ է պետք, որ նա թևաթափ եղած մեկ մարդուն անգամ հասնելու է: Պատկերացրի՞ք մարդու կերպարանափոխությունը սեպտեմբերից դեկտեմբեր: Աթոռ տվեք ու նա կվերադառնա իր մշտական կերպարին: Հովիկ Աբրահամյանը ընդամենը մասնիկն է համակարգի, ոչնչով նրանից չեն տարբերվում մյուսները, բոլորն էլ նույնն են:


ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի ՀԱԿ-ի ընտրացուցակը: Դեկտեմբերի 17-ին ՀԱԿ-ը համագումար կանի ու Լևոն Տեր-Պետրոսյանը կուսակիցներին կբացատրի՝ ինչ է կատարվելՀայաստանում ու աշխարհում սկսած խաչակիրների արշավանքից մինչև մեր օրերը: Ինչ սխալներ են արել բոլորը, ինչ անխոտելի առաջարկներ է արել ինքը ու ինչպես են բոլորը մոլորված: Նա անտարակույս կխոսի նաև ապագայից, իսկ ինչպես ներկայից հասնել ապագա՝ կթողնի, որ որոշեն ընտրությունները, որտեղ ՀԱԿ-ը հասնելու է միանշանակ հաջողության:


Ռոբերտ Քոչարյանը ոչինչ էլ չի հայտարարել, ոչ էլ որևէ մեկը նրա անունից: Բայց դա ոչինչ չի նշանակում: Երկրորդը նախագահներից խաղը բաց չի թողնի ձեռքից: Վարդան Օսկանյանը՝ նույնպես: Նրանք բոլորը անհույս ծերանում են, շանսերը ֆիզիկապես են նվազում:
Ծառուկյանի վերադարձը արդեն փաստ է՝ կայքեր, սոցցանցեր ու եթեր է դուրս գալիս ծանոթ աղբը, որ տարիուկես մաքրվել էր: Մարդիկ ստացել են փողը ու պիտի տան արտադրանքը: Դա կոչվում է նախընտրական պայքար՝ նրանց տեսակետից, ովքեր սեփական ասելիքը համարում են ուրիշներին հայհոյելը: Միշտ՝ անանուն, բայց ականջները միշտ էլ երևում են: Կարևորը դա չէ, կարևորը լայքելն է, որ նույնպես փող է: Իսկ Պյոտր Սվիտալսկին աղաղակում է՝ մի ծախեք ձեզ 10 հազարով: Ի՞նչ անեն, եթե ուրիշ ոչնչի ընդունակ չեն: Հասարակությունը բաժանվում է երկու մասի՝ կեսը ծախվում է, կեսը՝ գնում: Ծախսերի ընդհանուր հաշիվը փակում է ժողովուրդը, շահում է իշխանությունը: Հասարակությունը տրոհվում է անդեմ զինվորիկների, որ անում են իրենց գործը՝ առանց մտածելու պատճառի ու հետևանքի մասին: Նրանք ունեն իրենց հարմար բացատրություն՝ օրվա հաց են վաստակում: ՈՒ իրենք իրենց թվում են խելացի, արդար ու անմեղ: Գնորդները ևս իրենց մասին նույն կարծիքին են: Ստացվում է՝ խնդիրը ոչ այնքան երեք նախագահներն են, որ չեն պատրաստվում իրենցից ազատել հասարակությունը ու նոր տարբերակներ են հնարում բաժանումների ու վերաբաժանումների, որքան հասարակությունն է, որ կրիայի պես իր պատյանը մեջ է մտնում ու կարծում է՝ կյանքը պատյանի ներսում է, իսկ դրսում ոչինչ չկա ու չի լինելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ահա այս ճահճի մեջ նախագահներից ու վարչապետներից ցածր մյուսներն էլ են հաջողություն որսալու՝ նախկին նախարարներ, փոխնախարարներ, պատգամավորներ, պաշտոնյաներ, որ ունեն փող ու համարում են դա բավարար բոլորին հաղթելու ու բոլոր հարցերը լուծելու համար: Մեղմ ասած՝ զզվելի է: Այսպիսի ժամանակներում է ահավոր սուր դառնում գաղափարի, մաքրության ու անդավաճանության կարիքը: Ազնվության, հավասարության, արդարության: Մարդկանց, որ չեն հաշվում հաջողության ու ձախողումի շանսերը, խնդիր են դնում ու վճռական մենակի կույրուխուլությամբ առաջ են գնում:

Դիտվել է՝ 1670

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ