Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

«Ձեզ թվում է՝ այս ամենը ստեղծվում է օդի՞ց»

«Ձեզ թվում է՝ այս ամենը ստեղծվում է օդի՞ց»
13.12.2016 | 00:06

Յուրաքանչյուր նոր կառավարություն գործունեության առաջին ամիսներին ինքնավստահ հայտարարում է, թե պայքարելու է ամենաարատավոր երևույթներից մեկի՝ կոռուպցիայի դեմ, ու սկսում նախորդի համանման հայտարարություններն ու եղած հանձնաժողովները սրբագրել սեփական պատկերացումներով։ Այսպես եղավ, երբ Տիգրան Սարգսյանին փոխարինեց Հովիկ Աբրահամյանը, վերջինիս էլ՝ Կարեն Կարապետյանը։ Տիգրան Սարգսյանի ստեղծած կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը Աբրահամյանը փոխարինեց կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդով, որն էլ ուներ փորձագիտական հանձնախումբ, այնտեղ պետք է ընդգրկվեին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և ընդդիմադիր պատգամավորներ։ Թե ինչ արեցին Տիգրան Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը Հայաստանում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ, դժվար է ասել, սակայն փաստ է, որ այս ոլորտում իրավիճակն ավելի անտանելի է դարձել։
Կարեն Կարապետյանի տեսակետն էլ այս հարցում, կարծես, նորություն չէ. «Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը, կարծում եմ, այս պահին անհրաժեշտ կառույց է: Մենք պետք է ֆիքսենք, որ այն կառույցները և այն միջավայրը, որ կան, իդեալական չեն, այդ իսկ պատճառով մի կառույց է ստեղծվում, որը փորձում է համախմբել, ամփոփել, ախտորոշել և որոշակի որոշումներ տալ: Մենք հիմա փորձում ենք այնտեղ ներգրավել հասարակության ներկայացուցիչներին, որպեսզի դաշտը բաց լինի»։ Վարչապետը նաև մեկ քայլ առաջ գնաց՝ որոշելով քրեականացնել ապօրինի հարստացումը։
Կառավարության այս երեք ղեկավարների հետ աշխատած, կոռուպցիայի դեմ պայքարում մշտապես «ներկա» կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ մի քանի հարց ուղղեցինք հանձնաժողովների առնչությամբ։

-Կառավարությունում վաղուց ստեղծված է կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով, սակայն հանրությունը տեղյակ չէ, թե այս տարիներին այդ հանձնաժողովն ինչ արդյունքի է հասել։
-Ինչո՞ւ տեղյակ չեն։ Այսօր լսում էիք (նկատի ունի շաբաթ օրը «Կառավարություն-ՔՀԿ համագործակացություն» հակակոռուպցիոն համաժողովը -Ռ.Խ.), որ ինչ-որ քայլեր կատարված են, օրենսդրական նախաձեռնություններ են եղել, էլեկտրոնային հարթակներ, քննարկումներ, «մեկ պատուհանի» կիրառումը։ Ձեզ թվում է՝ այս ամենը ստեղծվում է օդի՞ց։
-Եթե այդպես «ջանադրաբար» կառավարություններն աշխատել են, ինչո՞ւ հանրությունը չի տեսնում կոռուպցիայի դեմ պայքարի պտուղները։
-Ես կասեի՝ հակառակը, մեր լրատվամիջոցները գործում են ոչ արհեստավարժ։ Ստեղծվեց «մեկ պատուհանի» գաղափարը, քաղաքացու համար հեշտացել է պետական ծառայություններից օգտվելը։ Տեսնո՞ւմ է սա հանրությունը, թե՞ ոչ։ Մենք ամեն ինչ անում ենք, որ դա հանրությունը տեսնի։ Ցավում եմ, որ լրատվամիջոցներն էլ ամեն ինչ անում են, որ ասեն, թե ոչինչ չի արվել։
-Լրատվամիջոցներն ընդամենը ներկայացնում են, թե ինչ է կատարվում իշխանությունում, թե ինչպես են որոշ պաշտոնյաներ կոռումպացված, սակայն նրանց ձեռքը բռնող չկա։ Սա է պայքարի «լավագույն» ցուցիչը։ ՈՒ այս ամենը հանրությունը շատ լավ տեսնում է, պետք չէ նրան ուղղորդել։
-Հիասթափված եմ բազում լրատվամիջոցներից, նրանց խնդիրն ընդամենը մեկն է՝ ինչպես անել, որ իրենց հոդվածները շատ ընթերցվեն։ Հետևաբար, հնարավորինս շատ սկանդալային հայտարարություններ են անում, որոնք իրականության հետ ոչ մի աղերս չունեն։
-Տվյալ դեպքում բացարձակ ինտրիգ փնտրելու նպատակ չկա, կառավարությունը հստակ ձևակերպել է խնդիրը՝ կոռուպցիայի դեմ պայքար։ Հիմա հանձնաժողով եք ստեղծել, չիմանա՞նք, թե ինչ արդյունքի եք հասել։
-Այն բոլոր նախաձեռնությունները, որոնց մասին այսօր խոսում ենք, այդ հանձնաժողովում են ծնվել (Դավիթ Հարությունյանը ավելի վաղ խոսել էր ապօրինի հարստացման քրեականացմանն ուղղված օրենսդրական փաթեթի մշակման, ինչպես նաև հակակոռուպցիոն անկախ մարմնի, ազդարարների ինստիտուտի ներդրման մասին, որը ենթադրում է տեխնիկական միջոցներով երաշխավորված անանուն հաղորդակցություն իրավապահ մարմինների հետ- Ռ. Խ.)։
-Նախաձեռնություններն ու գաղափարները գուցե շատ լավն են, բայց դրանք իրականության մեջ գոյություն չունեն։
-Արդյունքն այն է, որ այդ նախաձեռնությունների մի մասն արդեն ընդունված է, օրենք է, մյուս մասն էլ առաջիկա արտահերթ նիստում կընդունվի։
-Օրենքները մեղավոր չեն, մեղավոր են դրանք չկիրառողները։ Կա՞ քաղաքական կամք, որ այդ բոլոր նախաձեռնությունները, ի վերջո, կյանքի կկոչվեն։
-Եթե կարճ պատասխանեմ՝ այո։

Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2083

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ