Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Թուրքիան իրականում երբեք չի եղել Ռուսաստանի դաշնակիցը»

«Թուրքիան իրականում երբեք չի եղել Ռուսաստանի դաշնակիցը»
13.12.2016 | 00:32

«Իրատեսի» զրուցակիցն է Աշխարհաքաղաքական ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս, Հայաստանում Մակեդոնիայի պատվո հյուպատոս ԱՐԱՅԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ: Հիշյալ ակադեմիան, որը միջազգային գիտական կենտրոն է, գործում է Մակեդոնիայի ազգային ակադեմիայի հետ համատեղ` միջազգային գիտական ծրագրի շրջանակներում:

-Դուք նախկինում հայտնի էիք որպես Ռուսաստանի աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի նախագահի տեղակալ, հիմնադիր անդամ. դո՞ւրս եք եկել այդ ակադեմիայից:
-Այդ ակադեմիայի նախագահի տեղակալն էի մինչև 2014 թվականի մարտը, եղել եմ հիմնադիր անդամ 2003 թվականից: 2014 թվականին սիրիական հակամարտության շուրջ շատ լուրջ գիտական և աշխարհաքաղաքական բանավեճերի արդյունքում մեր խումբը դուրս եկավ Ռուսաստանի աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայից, որովհետև ես և իմ համախոհները դեմ էինք սիրիական պատերազմի այն ձևաչափին, որ գոյություն ուներ, դեմ էինք Ռուսաստանի պասիվությանը:
-Եթե հնարավոր է, ապա հստակեցրեք՝ ինչո՞ւ էիք դեմ այն ձևաչափին, որով Ռուսաստանը ներգրավված էր սիրիական պատերազմում:
-Մենք ունեինք շատ լուրջ փաստարկ. ինչո՞ւ Սիրիայում հայաբնակ Քեսաբի նկատմամբ թուրքական բացահայտ ռազմական ագրեսիայի ժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարության գլխավոր շտաբը տեղի բնակչությանը չպաշտպանեց: Ներքին ակադեմիական լուրջ բանավեճեր եղան, ակադեմիայի նախագահը գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովն էր (ներկայումս էլ է այդ պաշտոնը զբաղեցնում)՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության նախկին միջազգային կապերի և արտաքին ռազմավարական հարաբերությունների դեպարտամենտի ղեկավարը, իմ ընկերը: Մինչ օրս էլ մենք ընկերներ ենք, մարդկային հարաբերությունների հարթությունում որևէ խնդիր չկա, ուղղակի կար լուրջ աշխարհայացքային բախում:
Դրան նախորդեց Քեսաբի հայերի նկատմամբ իրականում թուրքական հատուկ ծառայությունների կազմակերպած ցեղասպանությունը: Բոլորն էլ այն ժամանակ հասկանում էին, որ Թուրքիայի տարածքից, հատկապես Քիրսից և Ադանայից Քեսաբ մտած, այսպես կոչված, «Սիրիական ազատ բանակն» իրականում թուրքական հետախուզության կողմից պատրաստված ու կառավարվող զորախումբ է: Քեսաբի հայ բնակչությունը մնաց անպաշտպան, բառի բուն իմաստով, անտեր: Սպանեցին մարդկանց, իսկ հիմնական մասը փախավ դեպի Լաթաքիա: Հիմա շատերն են մոռացել կատարվածը, ժողովրդի հիշողությունը շատ կարճ է:
Քանի որ Ռուսաստանը Տարտուսում այդ պահին ուներ փոքր ծովային նավատորմի ռազմաբազա, մենք պահանջեցինք, որ գոնե աջակցեր, չէինք ասում, որ ռուս զինվորն անմիջականորեն ներգրավվեր ռազմական գործողություններում, ուղղակի զիներ Քեսաբի հայերին, պաշտպանական մեկ-երկու ջոկատ պատրաստեր, որ մնային, պաշտպանեին իրենց գյուղը: Չարվեց: Չարվե՛ց, որովհետև այդ պահին ռուս-թուրքական հարաբերությունները ջերմ-եղբայրական էին: Հենց 2015 թվականի նոյեմբերի 24-ին նույն Քեսաբին կից տարածքում թուրքական «Գորշ գայլերի» ավազակախումբը խփեց ռուսական հձ-24 ինքնաթիռը (հավերժ փառք ռուս օդաչու, փոխգնդապետ Օլեգ Պեշկովին) և օդում գնդակահարեց ռուս օդաչուին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ օրը հայտարարեց, թե թուրքերը թիկունքից դանակով հարվածեցին: Այսինքն` ի՞նչ է` Ռուսաստանում այդ դեպքի՞ն էին սպասում, նո՞ր հասկացան, թե ով է թուրքը Ռուսաստանի համար: Թուրքիան իրականում երբեք չի եղել Ռուսաստանի դաշնակիցը: Մեկ տարի հետո` 2015-ին, Ռուսաստանում եկան այն մտքին, ինչը մենք մեկ տարի առաջ բաց տեքստով Ռուսաստանի աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայում արտահայտում էինք:
Այժմ Թուրքիայի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքն այլ է. Սիրիական պատերազմում նրա ներգրավվածությունն էլ 2014 թվականի համեմատ էապես փոխվել է: Ռուսաստանը ոչ միայն մարդասիրական օգնություն ուղարկելով, այլև Սիրիայում անմիջականորեն կռվելով, օգնում է այդ պետությանը, իհարկե, ելնելով իր սեփական աշխարհաքաղաքական շահերից: ՈՒնի Ղրիմի խնդիր, ունի Կովկասի խնդիր, Դոնեցկի խնդիր, բայց այսօր Սիրիայում ոչ դյուրին այդ դերակատարության մեջ է, ի վերջո, հօգուտ նաև հայ ժողովրդի, քրիստոնյա աշխարհի:
-Ի՞նչ ընթացք ստացան ակադեմիայում Ձեր այդ տարաձայնությունները:
-Քանի որ ակադեմիայի փոխնախագահն էի և Հայաստանի մասնաճյուղի ղեկավարը, միշտ ցանկացել եմ առաջ տանել իմ երկրի շահերը: Այո, ես իրապես սիրում, հարգում եմ այն մտավորական ռուսներին, որոնք շատ ու շատ հայերից տասը գլուխ հայրենասեր ու հայասեր են, նրանք ոչ մեծ խումբ են, որ մնացել են Լև Տոլստոյի, Գրիբոյեդովի ժամանակներից մինչև հիմա, որքան էլ բոլշևիկներն ու ԿԳԲ-ն նրանց 30-ականներին կոտորեցին, այնուամենայնիվ, նրանց սերունդը դեռ մնացել է: Նրանք իսկապես քրիստոնեական արժեհամակարգ դավանող ու ներկայացնող մարդիկ են, ակադեմիայում էլ կային այդպիսի մարդիկ, բայց մենք քիչ էինք, դրա համար էլ մեր տեսակետը, կոպիտ ասած, չանցավ, և 2014 թվականից մենք առանձնացանք: Հիմնեցինք աշխարհաքաղաքական ակադեմիայի միջազգային գիտական կենտրոնը, որը պաշտոնապես գրանցվեց Հայաստանում, հետագայում մենք տեղափոխվեցինք Մակեդոնիա, ակադեմիան գործում է Մակեդոնիայի գիտությունների ակադեմիայի հետ համատեղ:
-Այժմ ինչո՞վ է զբաղվում Ձեր ղեկավարած ակադեմիան:
-Իրականացնում ենք միջազգային գիտական հետազոտություններ` կապված աշխարհաքաղաքականության հետ, կապված առանձին երկրների տնտեսական քաղաքականության հետ, զարգացման հեռանկարների հետ, միջկրոնական բախումների ուսումնասիրությամբ ենք զբաղվում, Թուրքիայի «Զրո խնդիր հարևանների հետ» նեոօսմանական տեսությանը հակադրելով մեր մշակած «Թուրքիայի քրիստոնյա հարևանների միասնություն» խաղաղարար տեսությունը և այլն: Տալիս ենք գնահատականներ, կանխատեսումներ, թե ինչ է սպասվում տարբեր տարածաշրջաններում, ոչ միայն Բալկաններում, ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև հետխորհրդային երկրներում և այլուր: Հիմա կենտրոնացել ենք կոնկրետ Չինաստան-Ամերիկա հարաբերությունների հնարավոր զարգացումների ուսումնասիրության վրա:

Զրույցը` Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 4700

Մեկնաբանություններ