ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Համբուրգում, Համբուրգից, Համբուրգը

Համբուրգում, Համբուրգից, Համբուրգը
13.12.2016 | 00:44

Քանի՞ հանդիպում ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Համբուրգում՝ չգիտեմ, բոլորը հաշվել հնարավոր չէ. բոլորը չէ, որ լուսաբանվում են: Ի՞նչ բերեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Համբուրգից: ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը, Էլմար Մամեդյարովին հանդիպելու փաստը, թեպետ ադրբեջանական ու ռուսական լրատվամիջոցները հայտարարում էին, որ հանդիպումը չկայացավ, և… չգիտեմ, թե էլ ինչ բերեց Նալբանդյանը Համբուրգից՝ ո՞վ գիտի՝ ի՞նչ կա դիվանագետի հոգում: Եվ ուրեմն՝ ի՞նչ դեր ունեցավ Համբուրգը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Ալեմանիան ակտիվ գործունեության խոստումներ էր տալիս ԵԱՀԿ տարածքում կոնֆլիկտները վերացնելու համար: 2017-ից ԵԱՀԿ նախագահությունն անցնում է Ավստրիային, նույնը Ավստրիան է անում: Հրաժեշտին Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ասաց, որ չի ուզում մատնացույց անել ագրեսորին:

Իրեն թվաց՝ այնպես ասաց, որ մատնացույց արեց, Բաքուն թվալը չի հասկանում: Գուցե հասկանում է ու հիմա էլ հայտարարում է, որ ԵԱՀԿ-ից դուրս կգա, եթե Մինսկի խումբը… Ալիևին թվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ՄԱԿ-ի ենթակայության տակ է և ստեղծվել է, որ կատարի իր կամքը, եթե չի կատարում, պիտի ցրվի: Համբուրգը ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքի հրաժեշտն էր դիվանագիտությանը:

ՈՒրեմն ի՞նչ իմացանք.
1. Ղարաբաղյան հակամարտության գոտում դիտորդների տեղակայման վայրի շուրջ կոնսենսուս չկա՝ նույնիսկ Լավրովը տրտնջաց:
2. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը անհավանական չէ, բայց պետք է մանրակրկիտ պատրաստվի:
3. Հայկական կողմը համարում է, որ բանակցություններում առաջ շարժվելու համար պետք է կատարվեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները:
4. Բաքուն ոչ միայն երկրորդ հայկական պետությանն է դեմ, այլև հավակնում է առաջինի տարածքին, բայց նրան մերժեցին երկրորդ պատերազմի իրավունքը:
5. Բաքուն շարունակում է սպառազինվել, համանախագահները՝ պարիտետային հայտարարություններ տարածել: ԵԱՀԿ-ում վստահության ձևավորման միջոցների առաջարկներին վետո է դնում Ադրբեջանը, երբ կոնսենսուսի անհրաժեշտություն է լինում ֆինանսական հատկացումներ անելու համար։
6. Բաքուն շարունակ պնդում է, որ միջազգային իրավունքը ոչինչ է և միայն ուժի միջոցով է հնարավոր լուծել խնդիրները, իսկ Հայաստանն ապրիլյան պատերազմը չօգտագործեց քննարկման սկզբունքները կամ պայմանները փոխելու համար:
7. Իրավիճակը մնում է նույնը՝ Բաքուն կրակելու է, մենք պատասխանելու ենք: Հազիվ թե նախագահները այս տարի հանդիպեն՝ տարեվերջին 18 օր է մնում, հետո ընտրություններ են սկսվում Հայաստանում ու համանախագահ Ֆրանսիայում, բանակցելու օրակարգն էլ չկա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Մինչ ԱԳ նախարարը Համբուրգում էր, ՀՀ նախագահը Ստեփանակերտում էր: Հասկանա՞լ նրա այցը ակնարկ, որ ԵԱՀԿ համանախագահների պահանջը՝ վերահսկողության մեխանիզմների տեղակայում, կատարելուց հետո բանակցությունները շարունակվելու են Ստեփանակերտի մասնակցությամբ: Հո չե՞ն կարող տարածքների հանձնումն առանց տարածքների տիրոջ քննարկել: ՈՒ ի՞նչ եղավ ԼՂՀ-ի հետ ռազմաքաղաքական համագործակցության համաձայնագիրը: Ինչո՞ւ հայկական երկու պետությունները չօգտագործեցին հակամարտության հաղթահարման բանակցություններում իրավիճակ փոխելու հնարավորությունը ապրիլյան պատերազմից հետո: Մադրիդյան սկզբունքները չեն աշխատում, կամ աշխատում են հօգուտ Բաքվի, իսկ Երևանն ու Ստեփանակերտը երկնքից սպասում են մանանայի ու բողոքում, որ ուշանում է: Մանանային արժանանալ է պետք:

Դիտվել է՝ 1530

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ