Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Հետդարձ՝ հանուն և անանուն

Հետդարձ՝ հանուն և անանուն
13.12.2016 | 00:47

Բարի օր, պարոնայք երդվյալ ատենակալներ, վաղուց չէինք հանդիպել, մրսե՞լ եք, գրիպ չե՞ք, մայրաքաղաքի առաջին ձյունը ո՞նց տարաք: «Սանիթեքի» բախտը բերեց՝ կարգին ձյուն չէր, ինքը եկավ, ինքը գնաց: Քաղաքապետարանի բախտն էլ բերեց՝ Տարոն Մարգարյանին համարյա չհիշեցինք: Բայց նրա բախտը այլևս կարող է չբերել: Օրինակ՝ 2017-ի մայիսին Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակը կարող է գլխավորել Միքայել Մինասյանը, նույն ինքը՝ Վատիկանում ՀՀ դեսպանը: Հայաստանում լուրջ իրադարձություններ են սկսվել, ժամանակն է տունդարձի: ԱԺ ընտրություններով տարված՝ կարծես մոռացել ենք, որ մայրաքաղաքում էլ ընտրություններ են: Երևանի քաղաքապետարանը լավ ցատկահարթակ է դեպի Հանրապետության հրապարակ: Քաղաք-պետությունում մի համարեք քաղաքապետի աթոռը ապաքաղաքական:


2017-ի ԱԺ ընտրությունների նախապատրաստական շրջանում դեմ դիմաց երթևեկից բացի ևս երկու ընթացք է ի հայտ եկել՝ ստորգետնյա և վերգետնյա: Դեմդիմացվում են իշխանությունն ու ընդդիմությունը: Իրականները: Ստորգետնյա ընթացքում պայմանական ընդդիմությունը պայմանավորվում է իշխանության հետ: Վերգետնյա ընթացքում «Արդարություն Հայաստանինն» է: Կարգախոսները նույնն են, բոլորը բառերով ջատագովում են արդար, ազատ ընտրությունները և լավագույն ապագա են որոնում Հայաստանի համար: Փորձաքարը լավագույն ապագայի պատկերացումն է, որը բոլորի համար տարբեր է:
Ընտրաշրջանակում ամենացնցողը հայերը չէին, այլ լեհ Պյոտր Սվիտալսկին: ԵՄ դեսպանը սպանեց կոռուպցիայի դեմ պայքարի օրը իր խոսքով. «Ես հուսով եմ, որ մենք միասին Հայաստանին, հայաստանցիներին կհասկացնենք, որ ընտրական կաշառակերության մեջ ներգրավվելը, կաշառք ընդունելը, ապագան փոքր գումարի դիմաց փոխելը, շատ ժամանակ ծիծաղելի գումարի դիմաց, ճանապարհ չէ երկրի ապագան փոխելու։ Ձեր ապագան չարժե 10 հազար կամ 20 հազար դրամ»։ Այդքան ուղիղ ու բաց՝ անսպասելի էր ԵՄ ներկայացուցչից ու դեսպանից, թվաց՝ իրեն մեզնից մեկն է զգում, բայց գիտակից ու հայրենասեր ավելի, քան կանք իրականության մեջ:


Իսկ իրականությունը հետդարձի ճանապարհին է՝ նորից ասպարեզ է գալիս երեք նախագահների սինդրոմը: ՀԱԿ-ի ցուցակը ԱԺ ընտրություններում կգլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը: 2013-ին նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե տարիքը խոչընդոտում է առաջադրվելուն, բայց ԱԺ պատգամավոր լինելուն չի խոչընդոտում: Պարզապես ընտրության դեպքում նա մանդատը վայր կդնի նորից: ԳԽ առաջին նախագահը ԱԺ շարքային պատգամավոր չի լինի: Դեկտեմբերի 17-ին ՀԱԿ-ը համագումար է հրավիրել, առաջին նախագահը պրագմատիկ վերլուծություն կանի ու կասի, թե բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը Հայաստանում հիմա ինչ ընթացք է ունենալու, մենա՞կ, թե՞ սատելիտների հետ է ՀԱԿ-ը ընտրությունների գնալու: Օձ հմայողի իր խոսքով Լևոն Տեր-Պետրոսյանը իրադարձություններն ու մարդկանց կդասդասի իրենց դարակներում, բայց արդեն որևէ դարակում հնարավոր չէ պահել գաղտնիքը, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը չունեն 2007-2008-ի ընկալումը: 10 տարին քիչ ժամանակ չէր՝ իրավիճակ փոխվելու համար, առավել ևս, որ ՀԱԿ-ը ինքնագնահատական այդպես էլ չտվեց՝ բոլորին գնահատելով ու արժեզրկելով:


Փոխարենը անցած փետրվարի «կրկեսից» հետո քաղաքական ասպարեզ է վերադարձել Գագիկ Ծառուկյանը: Ոչ միայն վերադարձել, այլև սկսել է նախընտրական հանդիպումները: Գյումրիից: Դեկտեմբերի 11-ին նա ազդարարեց. «Քաղաքականություն վերադառնալու իմ հայտարարությանը սպասեք մոտ օրերս», բայց սա այն դեպքն է, երբ հայտարարություն պետք չէ: Հարգարժան Գագիկ Ծառուկյանի վերադարձն արդեն հայտարարել են սոցցանցերում ու «Կենտրոնի» եթերում ակտիվ կյանքի վերադարձած ֆեյքերից բացի՝ այլ կուսակցությունների տարբեր դեմքեր, որ հույս ունեն ԲՀԿ-անալ ու բարգավաճել:

Ինքը՝ հարգարժան Գագիկ Ծառուկյանը, չի փոխվել, համարեք սկզբունքայնություն, իրական որակումը կարող է անվանարկում դիտվել, իսկ դա ՀՀԿ-ի ջահելներից հաց խլել է՝ անցյալ տարվա փետրվարից: Հիմա ի՞նչ են ասելու: Գրկաբաց միմյանց ընդառաջ են գնալու՝ մեկը ներել է, մյուսները քաղաքական պայքարում բարոյականությունը համարում են ապաքաղաքական կատեգորիա: Իսկ Գյումրիում Գագիկ Ծառուկյանը արդեն սկսել է այն, ինչից Պյոտր Սվիտալսկին զգուշացնում էր: Գյումրեցիներն էլ այնքան են նրան սիրում, որ անձամբ տեսնելու ու նամակ տալու համար ոտատակ են տալիս իրար: Ի՞նչ են ուզում՝ տուն, փող, աշխատանք: Վարչապետ վարչապետի հետևից գնում են Գյումրի. մեկը ասում է՝ ձեր քաղաքը գիտության ու արվեստի մայրաքաղաք է, մյուսը ասում է՝ զբոսաշրջության, իսկ քաղաքն իրականում ոչ տեր ունի, ոչ հույս: Հռոմի պապը եկավ, մի քանի փողոց ասֆալտեցին, աղբը մաքրեցին, բայց նա գնաց, աղբը կուտակվեց, ասֆալտն էլ գարնանը կմնա-չի մնա, իսկ ապրել պետք է: Ո՞վ է հույսը: Գագիկ Ծառուկյանը՝ ինչ կտա՝ կտա: Իսկ նա լուրջ է տրամադրված. «Քաղաքականություն մտնելն ինձ համար ինքնանպատակ չի, ձեռքերը ծալած չեմ կարող նստել, երբ տեսնում եմ ներքին և արտաքին քաղաքական պրոբլեմները, Ղարաբաղի առաջ ծառացած խնդիրները, ասենք թե վտանգը, որ կա: ՈՒ ամենակարևորը իմանալով, որ մեր թշնամին ամեն պահ սպասում է իր վրեժը լուծի, մենք բոլորս պետք է մեր անձնականը մի կողմ դնենք, մտածենք մեր սահմանի վրա կանգնած զինվորի մասին, միասնական որոշում կայացնենք` լինի արդարություն, վստահություն, մրցակցություն: ՈՒ մրցակցությանը, որ տղես էլ մասնակցի, հաղթանակը ես իրան չեմ տա»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:

Զգացի՞ք անհոդաբաշխ խոսքի թռիչքը. թշնամին ամեն պահ սպասում է վրեժը լուծի, մենք պիտի մտածենք սահմանին կանգնած զինվորի մասին ու միասնական որոշում կայացնենք… լինի արդարություն, վստահություն, մրցակցություն, իսկ ինքը հաղթանակը տղային էլ չի տա: Մնում է՝ հասկանալ՝ հիմա ո՞ւմ է «որդեգրելու» ԲՀԿ-ն: Տանդեմը հինն է՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն քայլում են նույն ճանապարհը՝ սատարելով միմյանց և լուծելով ընդհանուր խնդիր: Գագիկ Ծառուկյանը չվերադարձավ ակունքներին, մնաց նույն կրկեսում, որտեղ խորհրդարանական երկրորդ ուժ էր դարձել ու երբեք առաջինը չի դառնա: Նա էլ Լևոն Տեր-Պետրոսյանի պես նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի հավակնություններ չունի, ծառայում է Ա կետից Բ կետը կուսակցությունների դաշինքի կամ կուսակցության տեսքով շարժական ու անշարժ քաղաքական գույքի փոխադրամիջոց, որից հետո ևս հինգ տարի խորհրդարան ոտք չի դնի, ԱԺ հերթական նախագահը կամ բժշկի թուղթ կպահանջի, կամ պատրվակ կհորինի՝ ինչո՞ւ պատգամավորը այդքան փող է ծախսել, որ մանդատ ստանա ու բաժանի, բայց խորհրդարան չգա:


Թվում էր՝ Վարդան Օսկանյանի բախտն էլ կբացվի մեկենասի կրկես վերադարձով, բայց ճակատագիրը Վարդան Մինասիչին ու նրա «Համախմբում»-ին այլ մեկենաս է սահմանել՝ միլիարդատեր: Փոխնախագահ Ստեփան Մարգարյանը ասում է. «Մենք կողմնակից ենք լայն համախմբման, զբաղված ենք գաղափարական հենքերը համաձայնեցնելով, մեզ համար դա շատ կարևոր է: Կարևոր է հասկանալ՝ տնտեսության, նաև արտաքին քաղաքականության, ներքին խնդիրների վերաբերյալ դիմացինը նույն պատկերացումն ունի, թե ոչ»: Հեքիաթ է, գաղափարական՝ ոչինչ: Պատկերացումները կձևակերպվեն: «Համախմբումը» պատրաստվում է իբրև հենարան Կարեն Կարապետյանին, եթե 2018-ին նա չստանա, ինչ այդ պահին կհրահանգվի, որ ցանկանա: Պարոնայք երդվյալ ատենակալներ, ձեզ չի՞ զարմացնում, որ «Ազատ դեմոկրատներն» է ցանկացել Վարդան Օսկանյանի հետ համախմբվել: Ի՞նչ գործ ունեն իրենց արևմտամետ համարողները «ռուսիանո» վարչապետի հետ, թե՞ չգիտեն, որ Վարդան Մինասիչն ամբողջ կյանքում արևմտամետ չի եղել, հետո ինչ, որ արևմտահայերեն է խոսում՝ «ոևէ» կապ չունի Արևմուտքի հետ: Գագիկ Ծառուկյանի հետ ընդհանուր անցյալը՝ ապացույց: Վարդան Օսկանյանը տասը տարի ԱԳ նախարար է եղել Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, ու դա ոչ միայն անցյալի, այլև ապագայի կենսագրության փաստ է: Ռոբերտ Քոչարյանը բաց չի թողնի այնպիսի հիանալի ներկայացումը, ինչպես խորհրդարանական ընտրությունները, նա կմնա կուլիսներում ու կտեղաշարժի ֆիգուրները կուսակցությունների ու դաշինքների տեսքով: Չկարծեք, թե նրա բանակը փոքր է: Կամ՝ նպատակները միայն նախընտրական են: Կյանքը շարունակվում է, պայքարի ձևերն ու միջոցները փոխվում են, նպատակն անփոփոխ է՝ ունեցվածքի անխաթար պահպանում և իշխանություն: Վստահ եղեք, որ դեռ նոր ուժեր են ասպարեզ գալու՝ հին դեմքերով: Վիկտոր Դալլաքյանին ու Սեյրան Օհանյանին հիշելիս՝ չմոռանաք ևս մեկ պաշտոնաթող նախարարի՝ Սամվել Բաբայանին: Առավել ևս հիշեք՝ գիրուկ գեներալը վիրավորված է «պատմական անարդարությունից», հետո ինչ, որ ինքը ծեծ չկերավ, այլ Հայկ Խանումյանը, Ստեփանակերտում Սյամոյին ասեն՝ հետդարձ, քայլով մա՞րշ: Ներելո՞ւ է: Եվ ինչո՞ւ են Ղարաբաղից հեռացվածները Երևանում հյուրախաղեր տալիս: ՈՒ պարտադիր խոսում են հայրենասիրությունից, սահմանից, պատերազմից, արտագաղթից, կարծես իրենք այլմոլորակային են՝ եկել են Երկիր մոլորակը փրկեն, Հայաստան են ընկել: Ընտրությունները Հայաստանում պղտոր ջրում ոսկե ձուկ որսալու ժամանակ են, երբ քաղաքացու ջիղը հանկարծ պոռթկում է հնգամյակը լեթարգիական քնում անցկացրածների մեջ ու ասպարեզ նետում՝ ձկան, նռան ու խոսող գլուխների տեսքով, որոնց սակրալ առաքելությունը սև PR-ն է՝ կոմպրոմատներով: Հինգ տարվա փող կաշխատեն ու քուն կմտնեն մինչև հաջորդ զորահավաք: Հասանք ՀՀԿ-ին, որի ցուցակը գլխավորելու է Սերժ Սարգսյանը՝ թիկունքում Կարեն Կարապետյանին ունենալով, իսկ նա՝ Արմեն Աշոտյանին:

Չհարցնեք, պարոնայք երդվյալ ատենակալներ, թե ուր մնաց Հովիկ Աբրահամյանը: Չհարցնեք, շատ է զբաղված: Աշխատում է օրնիբուն, ինչպես երբեք, որոնում է «թևաթափ եղած այն մեկ մարդուն», ում հրապարակավ պարտավորվել է օգնել՝ որտեղ կհասցնի՝ հույսով, որ «Մեր ժողովուրդը բնական խոր իմաստություն ունի, նա շատ արագ է տարբերում իր նմանին օտարից։ Նա արագ է հաղթահարում ցանկացած ցավ կամ անարդարություն, երբ զգում է իր նմանի անկեղծ սատարումը, ջերմությունը, անշահախնդրորեն աջակցելու պատրաստակամությունը։ Ոչ թե հետո վերևից նայելու կամ անընդհատ հիշեցնելու համար անողին, այլ իր նմանին, իր տեսակին, իրեն հավասար իր միջից ծնվածին։ Սա հասկանալ պետք չէ, սա ուղղակի զգալ է պետք»։ Ինչո՞վ նոր գործ չէ, բայց Հովիկ Աբրահամյանը կարող է նոր գործ չստանալ, եթե շարունակի հարցազրույցներ տալ նմանի, տեսակի, միջից ծնվածի մասին՝ շրջապատված ղարաբաղցիներով: Բթացրել է քաղաքական հոտառությունը Մխչյան-Երևան ճանապարհին՝ մրսած կլինի:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Ինչ եղավ «Արդարություն Հայաստանի՞ն»: Պատկերացնո՞ւմ եք Սերժ Թանկյանին՝ Կոնդում ընտրակաշառք կանխելիս, Ատոմ Էգոյանին՝ Վանաձորում Փելեշյանի հետ կռվելիս, չասեմ՝ Արսինե Խանջյանին՝ Սարի թաղում ինչ անելիս: Թող գան, ապրեն Հայաստանում, ընտրեն ու ընտրվեն՝ փաստարկ է, որի հակափաստարկն էլ կա՝ փող ուզելիս պարտավոր են, իրավունքներ պաշտպանելիս՝ իրավունք չունե՞ն: Եվ ինչպե՞ս է երկրից երկիր նույն գաղափարը տարբեր գլուխներում ծնվել, թե՞ ծնվել է մի տեղ՝ փոխանցվել տեղից տեղ: Սվիտալսկին ի՞նչ էր ասում՝ 10-20 հազարով ի՞նչ մի արեք: Իսկ ընտրություններում հաղթելու է անանուն հայը, որ ողնաշարով սիրում է հողն ու երկինքը, մի գրամն էլ չի ծախի, որովհետև գիտի՝ իրենը չէ, ստացել է ու պիտի փոխանցի: Մնացածը ընթացք է, թեթև տարեք, ջուրն իր ճամփեն գիտի:

Դիտվել է՝ 1909

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ