Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Շնորհավոր «Այդա Էզդիտ»

Շնորհավոր «Այդա Էզդիտ»
13.12.2016 | 11:05

Վերելքներով ու վայրէջքներով լի պատմություն ունեցող մեր ժողովուրդը, որ դարեր շարունակ պետականություն չի ունեցել, գոյատևում է: Ազգային ինքնության պահպանման գործում իրենց ուրույն տեղն են ունեցել և այսօր էլ ունեն եզդիական ազգային և կրոնական տոները, որոնք ամուր թելի նման կապել և կապում են մեր ժողովրդի անցյալն ու ներկան՝ ամրապնդելով հավատը սեփական ուժերի և ապագայի նկատմամբ:


Շուրջ 300 տարի մենք՝ հայաստանաբնակ եզդիներս, հեռացել ենք մեր հոգևոր նստավայրից՝ Լալիշա-Նուրանից, բայց, փառք Աստծո, դեռևս սրբորեն պահպանել ու տոնում ենք մեր ազգային և կրոնական տոները, համոզված լինելով, որ կա Աստծո տված բարոյական նորմերի, հավատի հաստատուն համակարգ, որին հետևում է մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակ Հայաստան աշխարհում:


Աշխարհի բոլոր ժողովուրդների, նաև եզդիների պատմության մեջ կարևոր իրադարձություններն ու հիշարժան օրերը, որպես կանոն, վերածվում են տոների ու տոնակատարությունների: Եզդի ժողովրդի կյանքում այդպիսի տոներից է «Այդա Էզդիտը», որը նշվում է որպես աշխարհի արարման օր: Այն իր անվանումն է ստացել եզդի ժողովրդի Աստված Եզդայի հազար ու մեկ անուններից: «Այդա Էզդիտը» մեր ժողովրդի կյանքում և ճակատագրում կարևոր դեր է խաղացել: Այդ տոնը մշտապես նպաստել է եզդի ժողովրդի ինքնության, կրոնի և մշակույթի պահպանմանը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Տոնի գերագույն նպատակը մեր ժողովրդի հարատևումն է մեր բնօրրանում և ամբողջ աշխարհում:
«Այդա Էզդիտը» մեր ժողովրդի կողմից նշվում է դեկտեմբերի 13-ից մինչև հաջորդ 1-ին ուրբաթ օրը:


Ըստ եզդիական ավանդույթի՝ աշխարհի արարման գործը հրեշտակները Եզդա աստծո կարգադրությամբ սկսում են շաբաթ օրը և ավարտում կիրակի օրը: Երկուշաբթի օրը հրեշտակները մաքրությամբ են զբաղվում և պատրաստվում ծոմի: Երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին ծոմ են պահում, իսկ ուրբաթ օրը նշում են աշխարհի արարման տոնը: Այս տարի «Այդա Էզդիտի» օրերը սկսվում են դեկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին ծոմ են պահում, իսկ դեկտեմբերի 16-ին սկսվում է տոնը:
2014 թ. օգոստոսի 3-ից Իրաքի Հանրապետության եզդիաբնակ Շանգալ մարզում մեր ժողովուրդը ենթարկվեց ահավոր ցեղասպանության: ԻՊ-ի հրեշները եզդիների նկատմամբ այնպիսի ոճիր գործեցին, որ չէիր կարող տեսնել նույնիսկ զարհուրելի երազներում: Դաժան խավարը պատել էր մեր բնօրրանը, ամենուր մահ էր, եզդի կանանց ու երեխաներին 21-րդ դարի «ստրկավաճառները» հասցրին մինչև Աֆղանստան: Սակայն այդ ամենը դարձավ ցավալի հիշողություն, Շանգալը ավերված է, ազատագրման գինը սարսափելի է, բայց սպասվածից վատ կարող էր լինել միայն սպասվածին չհասնելը` Շանգալը չազատագրելը և վերականգնելը:


2015 թ. նոյեմբերի 13-ին ազատագրվեց մեր բնօրրան Շանգալը: Հաղթեց կյանքը, հաղթեցին բարին, մարդկայինը, միասնությունը, առաջընթացը, հաղթեց քաղաքակիրթ աշխարհը: Եզդին ապացուցեց, որ ինքն է իր կյանքի, անվտանգության և խաղաղ ապրելու երաշխավորը` եկավ ուրախանալու պահը, Շանգալում նորից ծածանվեց մեր ժողովրդի ազատագրության դրոշը: Ցավոք, առկա է նաև զայրանալու պահը, մինչև վերջ չի ազատագրվել Շանգալը: Չեն թողնում, որ մենք ինքներս կառուցենք մեր տունը, ինքնուրույն որոշենք մեր ազատ, անկախ ապագան։ Աստծո կամոք մենք արարվել ենք որպես եզդիներ, ապրում ենք մեր ժողովրդի տեսակը հավիտենականացնելու համար: Մեր ժողովրդի այսօրը ոչ թե մեր անցյալի, այլ հավերժ ապրելու հաստատումն է:


«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհուրդը շնորհավորում է հայաստանաբնակ, ինչպես նաև ամբողջ աշխարհի, Շանգալի սարերում և փախստականների վրաններում դեռևս ԻՊ-ի հրեշների գերության մեջ գտնվող եզդիներին «Այդա Էզդիտ» տոնի առթիվ, ցանկանում ենք բոլորին առողջություն, ազատություն, անվտանգություն, բարեկեցիկ և խաղաղ կյանք: Թող իրականանան մեր բոլորի երազանքները, այլևս երբեք եզդիները ցեղասպանություն չապրեն իրենց բնօրրանում, ապրեն ազատ, խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ: Այն արժեքավորը, որ ստեղծել է մեր ժողովուրդն անցյալում, հավատացած եմ, ստեղծելու է նաև ապագայում: Թող այսուհետ աշխարհում ոչ ոք չսպանվի իր ազգային կամ կրոնական պատկանելության համար:
Աստված ապավեն:


Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 1483

Մեկնաբանություններ