«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան  բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
13.12.2016 | 11:09

(սկիզբը՝ այստեղ)

Երկրորդ ծանր հարվածը, որը ես ստացա, անձնական բնույթի էր. 1988 թվականին կորցրի մորս՝ Ժենյա Հարությունյանին: Նա նաև իմ դպրոցական ուսուցչուհին էր ու իմ գիտական գործերին մշտական տոն տվողը, ոգևորողն ու սրտացավ երկրպագուն: Մայրս այդպիսին էր ոչ միայն իր չորս զավակների, այլև դպրոցի բոլոր աշակերտների նկատմամբ: Մորս աշակերտներից շատերը հետագայում դարձան գիտնականներ, բժիշկներ ու ինժեներներ, բոլորի հետ սերտ կապեր էր պահպանում, ընտանիքներով մորս մոտ էին գալիս, պատմում իրենց հաջողությունների մասին, խորհուրդներ հարցնում: Մայրս մի բնատուր տաղանդ ուներ. իր աշակերտների մեջ կարողանում էր փնտրել ու գտնել ընդունակությունների և նախասիրությունների ճիշտ համամասնությունները, օգնում մասնագիտական կողմնորոշման հարցերում: Նա գտել էր աշակերտներին ոգևորելու և ազնիվ ճանապարհներով հաջողության մղելու մանկավարժական-դաստիարակչական իր ուրույն բանաձևը. երեխաների մեջ պետք է հետաքրքրություն առաջացնել ու ոգևորել, զոռով բան չի ստացվի: Այդպիսի հետաքրքրությունները նա կարողանում էր ստեղծել, ինչպես ասում են, չեղած տեղը:

Օրինակ, անցած դարի 60-ական թվականներին նա կարողացավ օգտագործել տիեզերագնացության բնագավառում Խորհրդային Միության բացառիկ հաջողությունները՝ դպրոցականների մեջ գիտության նկատմամբ սեր ու հետաքրքրություն առաջացնելու համար: Առիթը կար. խորհրդային առաջին արհեստական արբանյակի արձակումը, Յուրի Գագարինի թռիչքը և խորհրդային երկրի այլ բարձրագույն նվաճումները նա կարողանում էր հաջողությամբ օգտագործել նաև երեխաների մեջ սեփական երկրի նկատմամբ հպարտության զգացում ձևավորելու համար:


Սպիտակում սովորական բան էր դարձել, երբ դպրոցականները գիշերով հավաքվում էին ընկեր Հարությունյանի մոտ ու միասին հետևում երկրի արհեստական արբանյակների թռիչքներին (Խրուշչովի տարիներին ընդունված էր, որ ռադիոն ու թերթերը մշտապես տեղեկացնում էին, թե որ քաղաքի վրայով, որ ժամերին էին թռչելու խորհրդային արբանյակները): Երեխաներով հավաքվում էինք ու աստղազարդ երկնքում փորձում առաջինը նկատել թռչող աստղ-արբայակները՝ թռիչքին հետևելով մինչև վերջ: Աստվածային մի բան կար այստեղ թաքնված. սպիտակյան այդ մանկական զվարճանքներից հետո ինձ բախտ էր վիճակվել հայտնվելու խորհրդային տիեզերական համաստեղության միջավայրում: Ի՞նչ ասես, անքննելի են գործերն Աստծո: Մորս ու նրա հետաքրքրասեր աշակերտներին ես հետագայում դեռ շատ էի հիշելու, երբ Արխանգելսկի միջով անցնում ու մոտենում էի «Պլիսեցկ» կոսմոդրոմին, երբ տիեզերական ապարատների վրա տեղադրում էի մեր լաբորատորիայի կոնտեյներ-բեռնարկղերը, երբ մեր լաբորատորիայում գիտական հարցեր էի քննարկում ու լուծումներ առաջարկում տիեզերական սարքերի հուսալիության հարցերով Սերգեյ Կորոլյովի առաջին տեղակալ, պրոֆեսոր Բորիս Եֆիմովիչ Բերդուչևսկուն (Ստալինի ժամանակ Բերդուչևսկին, Կորոլյովն ու բալիստիկ հրթիռների գլխավոր կոնստրուկտոր Նիկոլայ Պիլյուգինը նստած են եղել միևնույն բանտախցում), երբ Լենինգրադի ասպիրանտուրայի հրամանագրով հաստատվում էի որպես Կորոլյովի տեղակալ Էռնեստ Մոլչանովի գիտական ղեկավարը, երբ գիտական հետազոտություններ էի կատարում Կորոլյովի հայազգի տեղակալ, ակադեմիկոս Անդրանիկ Ղևոնդի Իոսիֆյանի պատվերով, երբ գիտական սեմինարներ էի անցկացնում ու դասախոսությամբ հանդես գալիս Ժուկովսկու անվան ռազմա-օդային ակադեմիայի պրոֆեսորադասախոսկան կազմի առջև, երբ Վիկտոր Համբարձումյանի հետ լուծում էինք Բյուրականի աստղադիտարանում ինֆրակարմիր դիապազոնի հեռուստահամակարգեր օգտագործելու խնդիրը, երբ «Լուսնագնաց-2»-ի էլեկտրոնային բլոկի կազմում Լուսնի վրա շրջում ու Երկրի հետ հուսալի կապ էր ապահովում իմ ու իմ ասպիրանտ Սամվել Թադևոսյանի գյուտի հիման վրա ստեղծված բարձրակարգ անալոգ-թիվ ձևափոխիչը:

Մայրս շատ էր հպարտանում, որ անհասանելի, հազիվ տեսանելի, մի քանի վայրկյան անց տեսադաշտից անհետացող արհեստական արբանյակների վրա իր որդին էլ է աշխատել, տեսել է, շոշափել է այդ անհասանելի օբյեկտը, իր հյուրերին առանձնակի հպարտությամբ էր ցույց տալիս տիեզերքում եղած ապարատի մի փոքրիկ մասը, որը ես գլխավոր կոնստրուկտորից նվեր էի ստացել ծննդյանս օրվա առիթով:


Մորս տված դասերը միշտ պետք են եկել ու դեռ շատ են պետք գալու իմ հետագա կյանքում ու գիտական գործերում, մասնավորապես, արևային ծրագրերը իրականացնելու ժամանակ: Իմ սրբազան պարտքն եմ համարել՝ շարունակել ընտանեկան ավանդույթներն ու նույն ոգով դաստիարակել իմ ուսանողներին և ասպիրանտներին: Սպիտակում ավանդույթ էր դարձել. ուսումնական տարվա վերջում ընկեր Հարությունյանը փառաբանման ու բարեմաղթանքների հավաք էր կազմակերպում՝ տարբեր դասարաններից հավաքած իր շնորհալի աշակերտների մասնակցությամբ, որն ավարտվում էր կոլեկտիվ լուսանկարով՝ որպես հիշատակ: Նկարում պատկերված է ընկեր Հարությունյանը՝ բարձր առաջադիմություն ցուցաբերած իր աշակերտների հետ, որոնց մեջ են գիտության ապագա երեք դոկտորներ, երկու թեկնածուներ, բազմաթիվ բժիշկներ, ինժեներներ ու մանկավարժներ: Մայրս ընդամենը մեկն էր խորհրդային հազարավոր այն ուսուցիչներից, որոնց, իրավամբ, կարելի է համարել ուսուցիչ, վարժապետ, մանկավարժ: Նկարում ես մորս կողքին եմ, աջից՝ գետնին նստած է եղբայրս՝ վաստակաշատ վիրաբույժ Համազասպ Համազասպյանը, որը 1988 թվականին երեք օր ու երեք գիշեր չհեռացավ Մարալիկի հիվանդանոցի վիրահատարանից. երկրաշարժի վիրավորներով էր զբաղված, իսկ թե քանի մարդու կյանք փրկեց այդ օրերին, ինքն էլ չի հիշում:


Մայրս ծնվել էր Լենինականում, բայց իրեն միայն կարսեցի էր համարում: Նրա հայրը՝ Գրիգոր Հարությունյանը, ծնվել ու ապրել էր Կարսում՝ Չարենցի տան հարևանությամբ, աշխատել էր որպես շոգեքարշի մեքենավար, միշտ ցավով էր հիշում այն օրը, երբ 1920 թվականի գարնանը վերջին անգամ վարել էր իր գնացքը՝ Կարս-Ալեքսանդրապոլ երթուղով՝ տեղափոխելով վերջին կարսեցիներին: Միայն մի խնդրանքով էր դիմում ինձ.
-Մոսկվայում ըսե, թող ընձի թողնեն գնամ Կարս՝ մեր տունը տեսնիմ, քեզի կլսեն:
Չեղավ, չստացվեց, չէին լսի, Կարսի նվաստացուցիչ պայմանագիր կար, բայց համոզված եմ, որ մի օր էլ Գրիգոր պապիս երազանքը կիրականանա՝ իր թոռների, բաղձալի երազանքի անմիջական կրողների միջոցով, անպայման կիրականանա, կգնան, կտեսնեն, այնտեղ կապրեն:
Հիշելով խորհրդային ժամանակների մեր ուսուցիչներին, գնահատելով նրանց կատարած կարևոր գործը, պետք է խոստովանել, որ նրանց պակասը շատ է զգացվում, հիմա շատ բան է փոխվել մեր դպրոցական ու բուհական կյանքում: Հիմնական նպատակը փողն է դարձել՝ որպես չափանիշ և որպես աշխատանքի խթան:


-Ի՞նչն է կյանքում ամենակարևոր բանը,- այս հարցը ուսուցիչն ուղղվում է իր աշակերտներին:
-Փողը:
-Այո, ճիշտ է, ի՞նչ է պետք անել՝ փող ունենալու համար:
-Պետք է աշխատել:
-Ճիշտ է, ի՞նչ է պետք ունենալ՝ աշխատելու համար:
-Գիտելիք:
-Ճիշտ է, ի՞նչ պետք է անել գիտելիք ունենալու համար:
-Սովորել:


Այո, պետք է սովորել, սա է մեր մանկավարժական-դաստիարակչական հիմնական լծակը, բայց սովորելը պետք է ընդամենը փող աշխատելու համար: Ինչ արած, Հայաստանում հիմա այդպես է, մարդիկ փոխվել, զարգացել, հարստացել ու, արդյունքում, հղփացել են, ուսուցիչները՝ ևս: Այլ կերպ չէր էլ կարող լինել, եթե աշխատանքի ընդունվելու համար ուսուցիչը պետք է 3000-5000 դոլարի կաշառք տա տնօրենին ու «վերևներին», եթե դպրոցների տնօրենները կրթության ու գիտության նախարարության դպրոցական բաժնի վարիչին ամեն ամիս պարտավոր են «մուծվել»՝ 50-ական դոլարի չափով (մինչև 2000 թվականը այդպես էր, հիմա գուցե վերացել է կամ, ավելի հավանական է, ավելացել է): Սա մեր անկախության կարևոր «ձեռքբերումներից» է՝ գործազրկությունից հետո:


Հիմա հերթը հասել է մեր վարչապետ Կարեն Կարապետյանին, ժողովուրդը նրան գրկաբաց ու մեծ սպասելիքներով ընդունեց, լավ մենեջեր է, չարատավորված քաղաքական գործիչ ու մեր «ումուդն» է, բայց ստացվեց հակառակը, ավելի ճիշտ կլինի ասել՝ ստացվեց ինչպես միշտ: Ի՞նչ է նշանակում այն, որ գազի ոլորտի հաստիքային 7000 աշխատողները կամ, խորհրդային լեքսիկոնով ասած, աշխատավորները, ընդունվել են ՀՀԿ շարքերը: Նույն ձևով՝ ՀՀԿ շարքերն են համալրում էլեկտրացանցի աշխատողները կամ աշխատավորները: Շուկայում մեկին հարց տվեցի.
-Ինչո՞ւ Ձեր խաղողը գործարանին չեք հանձնում, շուկայում եք վաճառում:
-Գաղափարական անհամատեղելիության խնդիր կա, խաղողը մթերելու համար մեր գյուղացիներին ստիպում են դառնալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ:
Ո՞Ւմ եք խաբում, հոգիներս, «հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում», ինչո՞ւ եք այդքան վերքեր հասցնում Հայաստանին, հայ ժողովրդին՝ երջանկություն պարգևելով մեր թշնամիներին: Նման կուսակցական խաղերը ավելին են, քան մարդկանց աչքին թոզ փչելը: Գիտենք, թե ինչ կկատարվի, եթե աշխատավորները չցանկանան դառնալ կուսակցական, նրանք ուղղակի փողոց կշպրտվեն ու կհամալրեն գործազուրկների շարքերը, իսկ ընտանիքնե՞րը. ընտանիքները սովի կմատնվեն ու կարտագաղթեն: Այնպես որ, շարքային տեղաբնակների առջև դրվում է ընտրության երկու հնարավորություն. ա) համալրել իշխող կուսակցության շարքերը, բ) համալրել գործազուրկների բազմահազարանոց բանակի շարքերը:


Հարց ընթերցողներին՝ դուք ո՞ր տարբերակը կնախընտրեք: Որքա՞ն են դեռ մեր իշխանավորները կուսակցություն-կուսակցություն ու ընտրություն-ընտրություն խաղալու, մի՞թե չեն հասկանում, որ այդպիսով երկիր են կործանում, հայոց երկիրը: Ընտրություններով ժողովուրդ չես կերակրի, աշխատել է պետք, գործարաններ են պետք, արտադրանք է պետք տալ, միջազգային շուկա է պետք դուրս գալ և այլն, և այլն: Ձեր կուսակցական ու ներկուսակցական հաշվարկներից ու խաղերից մենք արդեն կշտացել ենք, գոհ ենք, բավարարված ենք... Հիշեք, որ կատվի խաղը մկան մահն է:
Երրորդ ծանր հարվածը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժն էր: Երկրաշարժի լուրը ստացա Լենինգրադում: Ավերածությունների ու մարդկային զոհերի մասշտաբների մասին ինֆորմացիա չկար, հատուկ ալիքով կապվեցի Երևանի հետ:
-Ինչպիսի՞ իրադրություն է,- ոչինչ չասացին, միայն լաց էին լինում,- պայթյուններ կա՞ն,- դարձյալ լացի ձայներ:


Այդ պահին իմ մտքում մի սարսափելի միտք առկայծեց՝ չլինի թե երկրաշարժի հուժկու հարվածի ազդեցությամբ դետոնացիայի կամ խուճապի մատնված զինվորների անկանխատեսելի գործողությունների պատճառով ջրածնային ռումբ է պայթել: Դրանք պետք է տեղակայված լինեին Փամբակի ու Բազումի լեռնաշղթաների գոտում:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 2475

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ