Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Բայց ես կփորձեմ այնտեղ արթնանալ տնտղելու համար կյանքը իրեղեն»

«Բայց ես կփորձեմ այնտեղ արթնանալ տնտղելու համար կյանքը իրեղեն»
13.12.2016 | 11:18

Բանաստեղծ, գիտնական, Մաշտոցի անվան Մատենադարանի նախկին տնօրեն ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆԻ պոեզիային նվիրված երեկոն տեղի ունեցավ Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Ելույթներով հանդես եկան գրողի գրչընկերները, հարազատները, արվեստագետներ, գրականագետներ: Հնչեցին Հրաչյա Թամրազյանի բանաստեղծությունները, նաև երգեր` գրված բանաստեղծի տողերով:


«Երբեք մտքովս չէր անցնի, որ ես կխոսեմ Հրաչյայի մասին այն ժամանակ, երբ նա այլևս աշխարհում չի լինի,- իր խոսքն այսպես սկսեց բանաստեղծ, թարգմանիչ ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆԸ, պատմեց, ինչպես է 42-43 տարի առաջ քննություն ընդունել համալսարանում: Մի գեղեցիկ, հրաշալի տղա է նստած եղել դիմացը` շիկնած հուզմունքից: Երբ սկսել է խոսել, ավելի շատ նրան է նայել, քան լսել։ -Երբ վերջացրեց, աչքերը վառվում էին: Ասացի` կարգին չլսեցի էլ, թե ինչ ես ասում, բայց դու պոեզիայի, գրականության մարդ ես: Մինչև կյանքի վերջը այդ շիկնանքը, ներքին հուզմունքը մնացին այդ մարդու հետ: Հրաչիկը, իմ կրտսեր ընկերը, կրտսեր բարեկամը մինչև կյանքի վերջ մնաց նույնը, նա երբեք չդավաճանեց ինքն իրեն: Ի վերջո, դավաճանության ամենածանր ձևն այն է, երբ մարդն ինքն իրեն է դավաճանում: Այդ մարդուն ես շատ էի սիրում, հասկանում նրա լռությունը, կեցվածքը: Հետո բանաստեղծությունները կարդացի, տեսա, որ ինքը ներդաշնակ, հարմոնիկ անձնավորություն է, կարծես մի սիմֆոնիա լիներ: Բանաստեղծությունները հետաքրքիր էին: Ինքը դասական պոետ էր: Մի անգամ խոսում էինք, ասացի` Հրաչիկ, փորձե՞լ ես վերլիբր գրել, ասաց` ինչո՞ւ փորձեմ: Ես ամաչեցի իմ հարցի համար: Ինքը չէր ուզում ժամանակակից պոետ դառնալ, իհարկե, լավ պոետները, արվեստագետները միշտ ժամանակակից են, բայց ժամանակակից կարող է դառնալ այն արվեստագետը, որ նաև խուսափում է այդ ժամանակից: Չեմ ուզում պարադոքս ասել, բայց դրա մեջ ճշմարտություն կա: Ավելին ասեմ` ժամանակն ինքը պետք է դառնա մեծ արվեստագետի ժամանակակից: Եվ հիմա եթե վերցնենք գրականության, արվեստի պատմությունը, կտեսնենք, որ հենց այդպես էլ կա: Հին Հունաստանը Հոմերոսի ժամանակն է, ոչ թե Հոմերոսը այդ ժամանակինը: 20-րդ դարի սկիզբը, մեր ազգի ամբողջ հոգեկան մթնոլորտը Վահան Տերյանի «Մթնշաղի անուրջներով» ենք տեսնում: Բանաստեղծը, գրողը, արվեստագետը ժամանակ են ստեղծում մեզ համար»:

Հենրիկ Էդոյանը համոզված է, որ երբ մեր ժամանակների պատկերին նայենք հայելու մեջ, նաև Հրաչյա Թամրազյանի բանաստեղծությունը կերևա: Այդ բանաստեղծության մասին խոսելը այդքան հեշտ չէ: Էդոյանի բնորոշմամբ` կառուցվածքը պարզ է, բայց բովանդակությունը շատ բարդ, փիլիսոփայական ներքին հագեցվածությամբ, անանձնական պոեզիա է, թեև շատ զգայական, պատկերներով հարուստ, ներքին ռիթմ ունեցող, և այդ ռիթմը նրա զգացողությունների ու մտքերի մեջ է:


«Երբ ամեն ինչ զուլալվի, հիշողությունները հետին պլան մղվեն, ու առաջին պլանում նորից շարունակվի կյանքն իր բնական հունով, այդ ժամանակ ես կգրեմ իր մասին: Ես շատ բան ունեմ ասելու»,- ասաց բանաստեղծ, թարգմանիչ ՀԱԿՈԲ ՄՈՎՍԵՍԸ: Խոսելով գրչընկերոջ պոեզիայի առանձնահատկությունների մասին, ասաց, որ 80-90-ականների մեր բանաստեղծության մեջ իր օրինակը չունեցող, շատ ինքնատիպ, շատ եզակի, բանաստեղծությունը լեզվին կապող ամենակատարյալ բանաստեղծներից էր. «Գրքից գիրք, բանաստեղծությունից բանաստեղծություն Հրաչյան հյուսեց հայերենում մի լեզու, լեզվամտածողություն, որ միայն ու միայն իրենն է, որի տակ կարող էր չստորագրել, բայց անմիջապես կարող էինք ասել, որ Հրաչյա Թամրազյանն է»: Հակոբ Մովսեսն ու Հրաչյա Թամրազյանը ընկերներ են եղել 20-22 տարեկանից: «Այս կյանքում շատ դժվար է ապրել առանց ընկերոջ»,- ասաց Հակոբ Մովսեսը:


Հավելենք, որ ընթերցողի սեղանին է Հրաչյա Թամրազյանի «Շղթայված օրեր» բանաստեղծական ժողովածուն: Լույս է ընծայել «Նաիրի» հրատարակչատունը, կազմը և նկարչական ձևավորումը` Ռոբերտ Էլիբեկյանի: Գրքում ընդգրկված են վերջին երեք տարիների բանաստեղծությունները:
Առաջաբանի (վերնագրված` «Կարոտի աստեղատան» մոմավառը») հեղինակը Հրաչյա Թամրազյանի դուստրն է` բանաստեղծուհի, թարգմանիչ Շուշանիկ Թամրազյանը: Ներկայացնում ենք մի հատված առաջաբանից:


«Եթե բանաստեղծությունը մեզ վիճակված սահմանների հաղթահարումն է, ապա Հրաչյա Թամրազյանի վերջին ժողովածուի ստեղծագործությունները, ասես անձնատուր լարախաղացի օդեղեն պարին, հաջորդաբար, լարից լար, տողից տող, պատկերից պատկեր մերժելով, ջնջելով, այրելով սահմանները քո և ուրիշի, հարազատի և օտարի, անձնականի և անանձնականի, ներքին և արտաքին քաղաքների միջև, անսպասելիորեն հատում են լուսավոր մի անսահմանության շեմքը: Անհնարին թվացող թռիչքով բանաստեղծական տողը ոչ թե խարխափում է, այլ անքթիթ տնտղում է այն ծալքերը, որ բացվում են սահմանից անդին: «Հարցմունք» շարքի վերջին բանաստեղծությունն աննախադեպ հստակությամբ նոտագրում է անսահմանելին.

Բայց ես կփորձեմ այնտեղ արթնանալ
Տնտղելու համար կյանքը իրեղեն,
ՈՒ կլրացնեմ նոթերն անավարտ,
Կընթերցեմ այն, ինչ եղել-չի եղել:
Կգտնեմ մի կերպ ապրելու մի ձև -
Այդպես բոլորն են սահմանը անցնում.
-Ես երազներս կվերցնեմ ինձ հետ,
Իբրև իրեղեն կյանքի ապացույց:

Բանաստեղծը մեզ համար գրեթե ուրվագծում է այդ Այլուրի առօրյան: Մեր առջև ոչ թե բացարձակի վերացական, իդեալական պատկերն է, այլ զարմանալի թրթռուն, ոգեղեն մի եզերք, որ ցնցում է իր պարզությամբ, իր անողոք մաքրությամբ. դիտել, խորհել, փորձել ամբողջացնել կիսատ մնացած նոթերը, փնտրել կապը, առնչությունը: «Արթնանալ», «տնտղել», «ընթերցել», «լրացնել», «վերցնել». բոլոր այս բայերը՝ ապառնի ժամանակով, ցույց են տալիս որոշակի գործողություններ: Շարունակվում է ճիգը, թրթիռը: Շարունակվում է խոհը մարդկայինի մասին: Չի դադարել իրեղեն աշխարհն իր կապանքներից փրկելու, ներաշխարհին, երազներին ներհյուսելու մտահոգությունը: Բանաստեղծն անձեռակերտ լուսամուտներ է բացում մեզ՝ այստեղ, հեռվում մնացողներիս համար:


Համաշխարհային պոեզիայում բազմիցս անդրադարձել են ննջող բանաստեղծի և պատահական անցորդի կամ գալիքի օտարականի հանդիպման թեմային: Ամենասիրելի պոետները՝ Չարենցը, Ցվետաևան, Ախմատովան, անմոռանալի գործեր են կերտել այս լեյտմոտիվի շուրջ: Պատահական անցորդը հայտնվում է պոետի շիրմի առջև, և ուշագրավ է, որ այդ ստեղծագործություններում ամենից հաճախ բանաստեղծը մանրամասնորեն նկարագրում է այն, ինչ ակնկալում է մեզնից՝ ապրողներից. կանգ առնել, նայել, ոգեկոչել՝ թեկուզ ակամա: Բայց այս դեպքում գործ ունենք բանաստեղծական բոլորովին այլ իրադրության հետ. տապանաքարի փոխարեն մեր առջև վճիտ մի «այնտեղ» է, որ բանաստեղծության վերջին տան մեջ դառնում է «խաղաղ հարկ». «Ես կիջևանեմ հարկի տակ խաղաղ»: Ընթերցողին, «գալիքի գանգրահեր տղային» կամ պատահական անցորդին ոչ միայն տրված չէ տապանաքարի վրա վերծանել հայտնի կամ անհայտ անունը, այլև նոր օթևանն անանուն է. «Անուն չի լինի իմ նոր տան մուտքին», իսկապես ջնջվել են բոլոր սահմաններն անձերի, հոգիների միջև: Բայց ամենացնցողը Հրաչյա Թամրազյանի կերպարին և ողջ բանաստեղծական աշխարհին շատ բնորոշ մի գիծ է. բանաստեղծը մեզ չի հղում ոչ մի հանդիսավոր պատգամ, մեզնից չի կորզում ոչ մի խոստում: Միայնակ կանգնած անընդգրկելի վիհի եզրին, իր երգերը հետը վերցրած՝ որպես միակ վկաներ՝ նա փորձում է ասես փարատել ընթերցողի կասկածը, ի՛նքը խոստանալ. «կփորձեմ արթնանալ», որին հաջորդում է բանաստեղծի ամենաառեղծվածային և գեղեցիկ տողերից մեկը. «Կգտնեմ մի կերպ ապրելու մի ձև»։ Մեզ համար անելով անհնարինը՝ ուրվագծելով իր նոր կենսակերպը խորհրդավոր օթևանում, նա հուշում է, որ իր աշխատանքը չի ավարտվել, որ ի՛նքն է շարունակելու խորհել գոյության խորհրդի շուրջ, որ ինքը շարունակելու է իր ամենօրյա նոթերը, գրառումները այնտեղ՝ «խաղաղ հարկի տակ»:


Որ չեն լռել, գրվում են իր բանաստեղծությունները: Հանուն մեզ՝ ապրողներիս:
Դրանք վերածվել են վառվող մոմերի»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2341

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ