Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

«Երևանյան հեռանկարների» տարեվերջյան համերգը

«Երևանյան հեռանկարների» տարեվերջյան համերգը
13.12.2016 | 11:19

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տարեվերջյան համերգը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար Կիրիլ Գերշտեյնը (ԱՄՆ): Հայաստանում առաջին անգամ հնչելու է Բուզոնիի «Դաշնամուրի կոնցերտը»: Երեկոյի ընթացքում հնչելու է նաև Մոցարտի Սիմֆոնիա թիվ 40-ը:


15-ամյա փառատոնի դեռևս անցած տարվանից սպասվող հոբելյանական համերգն այս տարի նշանակված էր ապրիլի 26-ին, սակայն ապրիլյան հայտնի դեպքերի պատճառով տեղի չունեցավ: Սահմանային լարվածության պատճառով «Երևանյան հեռանկարներում» գրանցվեցին ծրագրային փոփոխություններ: Մի շարք իրադարձային միջոցառումներ ևս տեղափոխվեցին հաջորդ տարի: Փառատոնը մեկնարկեց Էստոնիայի ազգային արական երգչախմբի համերգով: Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում հնչեցին էստոնական և հայ հոգևոր երգեր: Երգչախումբը ելույթ ունեցավ նաև Վանաձորում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:


Տարին հոբելյանական էր նաև «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Ռոստոմյանի համար: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ստեփան Ռոստոմյանը պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: Պարգևը հանձնեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը` դեկտեմբերի 6-ին, կոմպոզիտորի ծննդյան 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյի ժամանակ:


2017-ի փառատոնային տարին կսկսվի ապրիլ ամսին` Իսրայելի կամերային նվագախմբի համերգով, որին կհաջորդեն Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախմբի այցը Հայաստան` մաեստրո Ֆեդոսեևի ղեկավարությամբ, ապա 8 «Գրեմմի»-ի մրցանակակիր «Էմերսոն» քառյակի, սոպրանո Ռենե Ֆլեմինգի, այլ հեղինակավոր արտիստների այցերը, փառատոնի «Քեզ հետ, Հայաստան» նախագծի շրջանակում 2015-ին համերգների շարք է ներկայացվել արտերկրում: Համատեղ ելույթ են ունեցել հայ և օտարազգի հանրաճանաչ երաժիշտները` աշխարհի տարբեր բեմերից հնչեցնելով նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները (Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Տիգրան Մանսուրյան, Ալեքսանդր Հարությունյան, Վաչե Շարաֆյան, Ստեփան Ռոստոմյան): «Իրատեսը» հետաքրքրվել էր`շարունակություն ունենալո՞ւ է նախագիծը: Կազմակերպիչները վստահեցնում են` գուցե ոչ նախորդ տարվա ինտենսիվությամբ (յոթ-տասը համերգ), բայց փորձելու են տարեկան գոնե մեկ-երկու համերգ ունենալ դրսում` ապահովելով հայ երաժիշտների միջազգային ճանաչումը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1382

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ