Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Խոսքը ոչ թե անընդհատ գործող, այլ ինչ-որ տեսլականի հավատացող նվագախմբերի մասին է»

«Խոսքը ոչ թե անընդհատ գործող, այլ ինչ-որ տեսլականի հավատացող նվագախմբերի մասին է»
13.12.2016 | 11:23

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի առաջարկով ստեղծվելու է համահայկական սիմֆոնիկ նվագախումբ, որի կազմում ընդգրկվելու են աշխարհի տարբեր երկրներում հանդես եկող հայ տաղանդավոր երաժիշտները: Համահայկական նվագախումբ ունենալու գաղափարը քննարկվում է մեծ ոգևորությամբ, հիմնական արձագանքները դրական են, սակայն կա նաև տեսակետ, որ աշխարհի տարբեր երկրներից երաժիշտներին հավաքելու, նվագախումբ հիմնելու և աշխարհին ներկայացնելու համար բավարար ուժեր ու որակներ չունենք: Նախագիծը կարող է չհաջողվել, մինչդեռ եղած գումարով կարելի էր ճանապարհներ բացել արդեն գործող նվագախմբերի համար:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն ԱՆԴՐԱՆԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ համահայկական նվագախումբ ստեղծելու մտադրությունը ողջունելի է համարում: Նրա խոսքով` այսօր աշխարհում ունենք մեծ թվով տաղանդաշատ երաժիշտներ, որոնց համատեղ ելույթները վստահաբար կնպաստեն աշխարհում հայ երաժշտության ու մշակույթի հանրահռչակման գործին. «Նախկինում մենք տարբեր առիթներով համագործակցել ենք աշխարհի տարբեր երկրներում ստեղծագործող անվանի հայ երաժիշտների հետ, սակայն նրանց բոլորի համատեղ ելույթներն իսկապես հիանալի կլինեն: Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը նույնպես պատրաստ է բոլոր հնարավոր միջոցներով աջակցելու այս գաղափարի իրագործմանը, քանի որ այն մեծապես կարող է նպաստել նաև աշխարհի տարբեր երկրներում ստեղծագործող հայ երաժիշտների համախմբմանը, հայրենիքում պարբերաբար հանդես գալու գործուն հնարավորությունների ստեղծմանը, ինչպես նաև նոր մշակութային ձեռնարկների իրագործման շարժառիթ կարող է հանդիսանալ»:

Նախագիծը ողջունելի է համարում նաև ԴԱՆԻԵԼ ԵՐԱԺԻՇՏԸ: Նրա կարծիքով` քանի որ կյանքի մյուս դրսևորումներում ու ասպարեզներում այնքան էլ ամուր չէ կապը սփյուռքի հետ, ինչը հուշում է հենց «սփյուռք» բառը, ապա նման նվագախումբը արվեստի ուժով կմիավորի, կմերձեցնի Սփյուռքը և Մայր Հայաստանը. «Մենք ունենք հզոր ուժեր, նրանց «բանակումը» մեծապես կնպաստի մեր ժողովրդի մշակութային կյանքի զորացմանը»: «Նման գումարներ ծախսելը որքա՞ն է նպատակահարմար» հարցին անդրադառնալով` ասաց, որ եթե դա պետք է այնքան ծախսատար լինի, որ ազդի մեր հանրապետության տնտեսության վրա, ուրեմն արդարացված չէ. «Ամեն գեղեցիկ արդարացված է, եթե փլատակների, ավերածությունների վրա չի կառուցվում: Միգուցե աջակցեն մեծահարուստները, այդ դեպքում կլինի փոխհատուցում, գուցե նաև Սփյուռքի մեր հայրենակիցները օգնեն, եթե այս անգամ էլ` վերջին անգամ, հավատան մեզ: Իմ երազանքն է, որ Սփյուռքը և Մայր Հայատանը համախմբվեն այնպես, ինչպես նվագարանները՝ սիմֆոնիկ նվագախմբում, երբ ոչ մի գործիք մյուսին չի ճնշում: Ավելին ասեմ` ռուս փիլիսոփա Կարսավինը ներդաշնակ հասարակությունը բնորոշել է որպես «սիմֆոնիկ անձ»: Կուզեի դառնայինք այդպիսի մի անձ»:

Համահայկական սիմֆոնիկ նվագախումբ ունենալու գաղափարը զուգորդվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (ՀՊԵՆ) գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հիմնած «24.04» համաշխարհային նվագախմբի հետ: Ավելին, լուրեր են շրջանառվում, որ համահայկական սիմֆոնիկ նվագախումբ ունենալու գաղափարը նույնպես նրանն է:


ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆԸ, անդրադառնալով մեր այս դիտարկմանը, ասաց, որ միանման բովանդակություն կարելի է տեսնել, քանի որ անընդհատ գործող նվագախմբերի մասին չէ խոսքը, այլ ավելի շատ ինչ-որ տեսլականի հավատացող նվագախմբերի. «Այո, «24.04» նվագախմբի սկզբնական միտումն այն էր, որ մենք ստեղծենք համահայկական նվագախումբ, ցանկություն կար միավորելու աշխարհի լավագույն հայ երաժիշտներին, բայց գնահատելով 2015-ի կարևորությունը, հասկացանք, որ ավելի լավ է համախմբել երաժիշտներին ամբողջ աշխարհից: «24.04»-ը կազմվեց 43 երկրից ժամանած 123 կատարողներից»:

Մենք շատ ենք խոսում համահայկական նվագախմբի մասին, բայց ՀՊԵՆ-ի գեղարվեստական ղեկավարն ասաց, որ դա առաջին նախադեպը չէ, եղել են նման նախագծեր` ոչ այդքան մեծ մասշտաբով և ոչ Հայաստանում: Նույն 2015-ին Փարիզում կայացել է, կարելի է ասել, համահայկական նվագախմբի համերգ: Իսկ այն, որ 2017-ին պաշտոնապես համաշխարհային-համահայկական նվագախմբի համերգ կկայանա Հայաստանում, համարում է ուրախալի փաստ:


«Հնարավո՞ր է համախմբել աշխարհով մեկ սփռված բազմազբաղ երաժիշտներին» հարցին ի պատախան Սերգեյ Սմբատյանն ասաց, որ 2014-ին անիրական էր թվում «24.04» նվագախմբի 2015-ի ապրիլի 24-ի համերգը, իսկ համախմբելը օտարազգի երաժիշտներին մեկ դաշտում, որտեղ կար շատ հստակ ասելիք` Ցեղասպանության ճանաչման պահանջատիրական քարոզարշավը, շատ ավելի դժվար է: Ինչ վերաբերում է նախագծի ծախսատար լինելուն, ասաց, որ ֆինանսական կողմը խոցելի է, բայց արվեստը միշտ էլ ֆինանսներ է պահանջում. «Եթե համոզվենք, որ ասելիքը, տեսլականը այդ գաղափարի այդքան մեծ է, որ արժի այդ ֆինանսը դնել այս նախագծի կայացման համար, այո, պետք է անենք: Քանի որ համահայկական է, կարծում եմ, պետք է լինի նաև սփյուռքի ներկայացուցիչների հովանավորությունը»:


Մշակույթի նախարարությունից տեղեկացանք, որ համահայկական սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման ծրագիրը մշակման փուլում է։ Նվագախմբի կազմավորման գործը ղեկավարելու է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզան Սիրունյանը։ Հրավիրվելու են աշխարհի տարբեր երկրներում հանդես եկող ազգությամբ հայ երաժիշտները, իսկ առաջին ելույթը նախատեսվում է 2017 թվականի ապրիլի 24-ին՝ Երևանում։ Նվագախումբը կատարելու է բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Համերգային ծրագրերը կշարունակվեն աշխարհի հայաշատ քաղաքներում, մասնավորապես Բուենոս Այրեսում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Փարիզում, Թեհրանում, Բեյրութում։

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2731

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ