Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Շիրվանի աշխարհն ու ներաշխարհը

Շիրվանի աշխարհն ու ներաշխարհը
16.12.2016 | 00:24

Զրուցակիցս գեղանկարիչ, ՀՆՄ անդամ ՇԻՐՎԱՆ ՄԿՐՏՉՅԱՆՆ է, որի 75-ամյակը կայացավ վերջերս, նկարիչն էլ հանրության դատին ներկայացավ Արարատ Խանզադյանի հետ համատեղ ցուցահանդեսով, վերջինիս մահվանից կարճ ժամանակ անց։ Նրա հետ զրույցս կայացավ արվեստանոցում, կտավների և վրձինների գերիչ ընկերակցությամբ։

«ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ, ԸՍՏ ԻՍ, ԱՐՏԱՑՈԼՎԱԾ Է ՆԱԵՎ ԾԻԱԾԱՆԻ ԵՐԵՔ ԳՈՒՅՆԵՐՈՒՄ»


-Աշխարհի բոլոր երեխաները նկարում են, եզակիներն են ընտրում կերպարվեստի ճանապարհը։ Ինքդ ե՞րբ զգացիր, որ նկարիչ ես։
-Երբ դեռ չորրորդ դասարանում էի սովորում, նկարում էի բոլոր դասաժամերին։ Բնականաբար, շարունակ «2»-ներ էին նշանակում։ Բայց վեցերորդ դասարանում, մաթեմատիկայի դասին «գյուտեր» էի անում, թե ինչ եղանակով ավելի արագ բազմապատկեն երկանիշ թվերը։ Բայց ինձ մաթեմատիկայից էլ էին «2» նշանակում, քանի որ ուսուցիչներս ընդամենը տարրական կրթություն ունեին և նման նորությունը չէին ընդունում։ Դա Շամախի շրջանի Քարքանջ գյուղի դպրոցում էր։ Բայց վերջին դասարաններում լավ էի սովորում և «2»-ներ արդեն չէի ստանում։ Սակայն առաջնայինը, ինչ խոսք, կերպարվեստն էր։ Բարեկամներիցս մեկն առաջարկեց ինձ ուսանել Բաքվում բնակվող ժողովրդական քանդակագործ Ջալալ Բայրազլու արվեստանոցում։ Նա Շուշիից էր, նախնիները Կովկաս էին տեղափոխվել Պարսկաստանից։ Հենց նրա արվեստանոցում էլ սերտեցի արվեստի այբուբենը։ Հոյակապ մանկավարժ էր, սովորեցնում էր լինել ազատ, ստեղծագործել առանց կաղապարումների։ Բարձրագույն կրթությունս ստացա, իհարկե, Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, հրաշալի վարպետ, ժողովրդական նկարիչ Հմայակ Ավետիսյանի հովանու ներքո։
-Դիմանկարը քո արվեստում գուցե թե իշխող ժանր է։ Կերպարի ընտրությունը, բնորդի էության բացահայտումը դժվարին խնդիրներ են։ Ո՞րն է քո մոտեցումը։
-Դիմանկարը, նատյուրմորտը կամ բնանկարը նախ պետք է ապահովեն մի շատ կարևոր բան՝ արվեստի արժեքը։ Առհասարակ երեք հիմնարար բաների վրա է ստեղծվում իսկական, արժեքավոր կերպարվեստի գործը։ Նախ՝ մարդուն ի վերուստ պետք է շնորհված լինի ստեղծագործելու ներուժը։ Երկրորդ՝ նկարիչը պետք է շրջակա աշխարհի իրականությունը, այսպես ասած, շոշափելի աշխարհը տեսնի երևակայության տիրույթում։ Եվ երրորդ՝ նա պետք է տեխնիկայի հնարանքներին տիրապետի։ Ըստ իս, առանց երեք հիմքերից մեկի իսկական արվեստ չի ստեղծվում։ Իսկ բնորդներիս հետ աստիճանաբար ծանոթանում եմ ստեղծագործելու ընթացքում։
-Գեղանկարչի համար գույնը, երփնագիրն անվերապահ արժեքներ են։ Քո ստեղծագործություններում գույնը ցայտուն է, բազմաբնույթ է և տեղին պիտի հնչի հարցս. գույնը քեզ համար ի՞նչ խորհուրդ ունի։
-Սուրբ Երրորդությունը, ըստ իս, արտացոլված է նաև ծիածանի երեք գույներում։ Սա հոգևոր աշխարհն է։ Աշխարհիկ արժեքների տիրույթում համադրվում կամ էլ հակադրվում են գույները։ Ասենք, կան տաք և սառը գույներ, որոնց համադրումը բարդ է և, ինչ խոսք, շատ հետաքրքիր։ Կարմիր, դեղին, կանաչ գույներն ինձ մոտ համադրելի են, հաճախ խուսափում եմ բուն կանաչ գույնն օգտագործելուց և կանաչ գույնը ստանում եմ դեղինն ու կապույտը խառնելով։ Կանխելով հարցդ ասեմ, որ հատուկ սիրելի գույն չունեմ, բոլորն են հարազատ, հատկապես, երբ կտավի վրա լուծում են մտահղացումդ։

«ԳԻՇԵՐԱԺԱՄԻՆ ՈՒՐՎԱԳԾՈՒՄ ԵՄ ԳԱԼԻՔ ՕՐՎԱ ՆԿԱՐՆԵՐՍ»


-Յուրաքանչյուր նկարիչ որոշակի շրջանում չի խուսափում նշանավոր վարպետների ազդեցությունից։
-Տարվել եմ գրեթե բոլոր մեծերով, ուղղակի խենթանում էի Միքելանջելոյով, Ռեմբրանդով, հետո եկավ Ռաֆայելի ժամանակը։ Ժամանակ անց ասես գտնվում էի Վան Գոգի կախարդիչ ազդեցության տակ։ Այս ամենը, անշուշտ, անցողիկ է, նկարիչը ժամանակի ընթացքում հասունանում է և արդեն ինքն է և իր աշխարհը։
-Գիտեմ, որ բազմազբաղ ես, հաճախ գիշերով ես նկարում։
-Գիշերն իր խորհուրդն ունի, գիշերաժամին ուրվագծում եմ գալիք օրվա նկարներս, գույնը կտավին պետք է հանձնել արևի լույսի ուղեկցությամբ։ Արվեստանոցս, ճիշտ է, ընդարձակ չէ, բայց նրա մի պատը, ինչպես տեսնում ես, ամբողջապես պատուհան է, լույսի աղբյուր։ Ժամանակս սուղ է, հանապազօր հացի խնդիրն այսօր չի լքում նկարիչներին։ Այնուհանդերձ նաև ընթերցում եմ, գրագիտությունը, առհասարակ խոր իմացությունը շատ կարևոր բան են ստեղծագործող մարդու համար։ Չզարմանաս, բայց գրական ստեղծագործության մեջ ինձ գրավում է ոչ այնքան պատումը, որքան հայ բառը, բառի համադրությունը մյուս բառերի հետ, բառի գույնն ու երանգը, նրա կշիռը։
-Ցուցահանդեսը նկարչի համար գերակա արժեք է։ Ինքդ հաճա՞խ ես այցելում նկարիչների միության ցուցահանդեսներին, ինչ-որ մեկին փնտրո՞ւմ ես ցուցասրահում։
-Կարևոր չեն անունները կամ իմ անձնական համակրանքն այս կամ այն ստեղծագործողի նկատմամբ։ Ես յուրաքանչյուր ցուցահանդեսում կայացած, տաղանդավոր, արժեքավոր գործ եմ փնտրում և, միևնույն է, թե ով է հեղինակը՝ ճանաչված վարպետ, թե սկսնակ նկարիչ։ Ըստ իս՝ որոշ, անգամ լուրջ վարպետները, հաճախ փորձում են հարմարվել ցուցահանդեսին։ Դրա կարիքը չկա։ Նաև կարիք չկա ընկնելու արտիստիզմի հետևից, դա խանգարում է, որ նկարչի շնորհքն ամբողջապես բացահայտվի։
Նկարիչը պետք է համարձակ խորասուզվի կերպարվեստի անդնդախոր հորձանուտը և Սասունցի Դավթի պես նժույգին հեծած, թուրը ձեռքին ճեղքի-դուրս գա հորձանուտից։


Հարցազրույցը՝
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1671

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ