Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վրաստանը շանտաժում է Հայաստանին, ինչպես 2011-2012 թվականներին

Վրաստանը շանտաժում է Հայաստանին,  ինչպես 2011-2012 թվականներին
16.12.2016 | 00:47

Վերջին օրերին հայ հասարակությանն անընդհատ «ռմբակոծում» էին հաղորդումներով, թե Վրաստանն ուզում է Ռուսաստան-Հայաստան գազամուղի վրացական հատվածի կառավարման բաժնետոմսերի 25 տոկոսը վաճառել Ադրբեջանին: Վրացի ամենատարբեր պաշտոնյաները և փորձագետները պնդում էին, թե վաճառքի հարցը, իրոք, գտնվում է վրացական կառավարության օրակարգում: Մինչև դեկտեմբերի 7-ը Հայաստանի իշխանությունները «հպարտ լռություն» էին պահպանում, ասես այդ հարցը մեր բնակչությանը չի վերաբերում: Վերջապես Ազգային ժողովում, խորհրդարանական ժամին, Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը, պատասխանելով կառավարող հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանի հարցին, թե կառավարությունն ինչպե՞ս է վերաբերվում ադրբեջանական SOCAR ընկերության պատրաստակամությանը՝ գնելու «Վրաստանի նավթի-գազի կորպորացիայի» բաժնետոմսերի 25 տոկոսը, այնուամենայնիվ, անդրադարձավ այդ հարցին: Ընդգծենք՝ ծայրաստիճան կարևոր, քանի որ այդ խողովակաշարով բնական գազի անխափան մատակարարումից են կախված թշնամի երկրներից՝ Թուրքիայից ու Ադրբեջանից, Հայաստանի էներգետիկ անկախությունն ու անվտանգությունը:

Նախ` ՀՀԿ պատգամավորի և նրա կուսակից՝ Հայաստանի կառավարության ղեկավարի երկխոսության մասին: Թորոսյանն իր երկյուղն արտահայտեց այն կապակցությամբ, որ դրանով Ադրբեջանն ուզում է էներգետիկ աքցանի մեջ առնել Հայաստանը: Կարեն Կարապետյանն իր հերթին նշեց, թե համոզված չէ, որ այդ գործարքը շուտ կիրականանա, ապա ավելացրեց, թե տիրանալով տարանցման խողովակաշարի 25 տոկոսին, ադրբեջանական կողմը հազիվ թե կարողանա խնդիրներ հարուցել: Իսկ պատգամավորի այն հարցին՝ ինչպե՞ս կարձագանքի Հայաստանը, եթե Թբիլիսին վաճառի ամբողջ խողովակաշարը, Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Երևանն ունի պատասխան փաստարկների իր զինանոցը: «Եթե նման բան տեղի ունենա, ապա մենք ունենք մեր հարևանի հետ խոսելու համապատասխան հիմնավորումներ: Բայց այսօր, տագնապ արտահայտելով 25 տոկոսի վաճառքի կապակցությամբ, մենք կարող ենք կոռեկտ չլինել: Դա իրենց սեփականությունն է, նրանք վաճառում են քառորդ մասը, և առայժմ անհանգստանալու առիթ չկա»,- ընդգծեց վարչապետը: Այսինքն, Կարեն Կարապետյանը վստահ է, որ Հայաստանի ու նրա բնակչության շահերը չեն տուժի: Հայաստանում հազիվ թե մարդիկ լինեն, որոնց հայտնի չլինի նոր վարչապետի պաշտոնեական կարիերայի ուղին: Կարեն Կարապետյանի անցած ուղին հիմքեր չի տալիս չհավատալու նրա խոսքերին: Փորձառու մարդ է, փորձառու ղեկավար. իհարկե, նա շատ բաներ, եթե չասենք՝ ամեն ինչ, ծանրութեթև է արել մինչև պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին պատասխանելը:


Բայց չէ՞ որ Թբիլիսիից «ադրբեջանականացման» ամեն կարգի «սիրահարներ» (ի դեպ, ոչ միայն Ռուսաստան-Հայաստան գազամուղի բաժնետոմսերը՝ «Վրաստանի նավթի-գազի միջազգային կորպորացիայից», այլև պետությանը պատկանող «Վրաստանի երկաթուղու» 25 տոկոս բաժնետոմսերը) նույնպես տարակուսում են, թե «անհասկանալի է, ինչպե՞ս կարող է Ադրբեջանը վնասել Հայաստանին»: Սկսենք քայլ առ քայլ քննության առնել հարցը, պատշաճը մատուցելով նաև այն կարծիքներին, թե նույնիսկ գործարքի հաջողության դեպքում հազիվ թե Բաքուն էական վնաս պատճառի Հայաստանին: Օրինակ, նոյեմբերի 29-ին այն կարծիքը հնչեց, թե այդ տեղեկությունը, բացառված չէ, «Բաքվի հերթական տեղեկատվական ստուգումն է»: Մենք ևս դա չենք բացառում: Բայց այդ դեպքում դա Բաքվի ու Թբիլիսիի համատեղ «տեղեկատվական ստուգումն» է, եթե Վրաստանի կառավարությունը հաստատում է, թե նման բանակցություններ ընթանում են: «Մենք մի քանի ներդրումային բանկերի հետ զրույցներ ենք ունեցել բորսայում երկաթուղու և նավթի-գազի կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսի զետեղման վերաբերյալ: Մենք ուզում ենք սպասել լավագույն ժամանակներին, և պետք է ասել, որ անցած տարի դրա լավագույն ժամանակը չէր: Այդ հարցը պետք է լուծել շատ զգույշ ու ճիշտ»,- նշել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: Նախ, իհարկե, սա առաջին դեպքը չէ, որ Վրաստանը քննության է առնում «Նավթի-գազի կորպորացիայի» պետությանը պատկանող բաժնետոմսերը ֆոնդային բորսայում զետեղելու հարցը (այդ կորպորացիան է կառավարում «Հյուսիս-Հարավ» մայր գազամուղը, որով ռուսական գազը Վրաստանով հասցնում է Հայաստան): Այդ պլանները ներկայումս ընդդիմադիր Ազգային միասնական շարժման (ԱՄՇ) կառավարությունը մտադիր էր իրականացնել 2011 թ. աշնանը, ինչպես նաև 2012 թ. գարնանը, բայց գործընթացը կանգնեցվեց «կապիտալի շուկաներում աննպաստ վիճակի» պատճառով: Թեև Միխեիլ Սաակաշվիլու վարչակազմն այն ժամանակ հայտարարում էր, թե, իբր, չէր պատրաստվում վաճառելու հսկիչ փաթեթը, սակայն հանեց օրենսդրական արգելքն ու կառավարությանը միջազգային բորսաներում պետական ընկերությունների բաժնետոմսերի չսահմանափակվող զետեղման իրավունք ընձեռեց:


Երկրորդ, Կվիրիկաշվիլու հայտարարություններից հետո ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով «SOCAR Georgia» դուստր ձեռնարկության անանուն աղբյուրները, հաղորդեցին, թե վրացական գազային ընկերությունը կարող է ձեռք բերել Բաքուն: «Ադրբեջանական SOCAR պետական ընկերությունը պատրաստ է քննարկելու վրացական «Նավթի-գազի կորպորացիայի» բաժնետոմսերի ձեռքբերման հարցը, եթե վաճառքի մասին հայտարարվի պաշտոնապես, ասել է «SOCAR Georgia»-ում եղած աղբյուրը»,- նշել է ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությունը: Մենք էլ հիշեցնենք. 2011-2012 թվականներին ևս լրատվական հոսքերում ամենից հաճախ հաղորդվում էր այն մասին, թե Վրաստանն իր բաժնետոմսերը վաճառում է հենց Ադրբեջանին: Բացատրությունը առավելագույնս պարզունակ էր. դե, Վրաստանում արդեն առանց այն էլ ամեն ինչ բացառապես թուրքերի ու ադրբեջանցիների ձեռքին է: Իհարկե, այստեղ մենք նկատի ունենք հիմնականում Վրաստանի էներգետիկ հատվածը և կարծում ենք, հազիվ թե որևէ մեկը վիճարկի դա. այն, ինչ դեռևս պատկանում է նույն ռուսական «Գազպրոմին» կամ էներգետիկ հատվածից էլի բաներ, ինչպես ասում են, «առանձին խոսակցության թեմա է»: Բայց մնացած բաներում՝ էներգետիկայի ու հաղորդուղիների ոլորտում, Վրաստանը վաղուց ուղղակի Թուրքիայի ու Ադրբեջանի կցուկն է:


«Վրաստանի նավթի-գազի միջազգային կորպորացիան» մի վիթխարի կազմակերպություն է: Նրա կազմի մեջ մտնում են «Վրաստանի նավթի միջազգային կորպորացիան», «Վրաստանի գազի միջազգային կորպորացիան» (այս ընկերությունն է իրականացնում մայր գազամուղի կառավարումը) և «Գրուզնեֆտը»: Ինչպես տեսնում ենք, գազամուղը այս հսկայական կորպորացիայի ակտիվների մի փոքր մասն է, որոշումն անմիջականորեն գազամուղին չի վերաբերում, այն կարող է ցանկացած պահի հանվել այդ ակտիվների կազմից: Թվում է, թե դա պետք է հանգստացնի: Հիշում եմ, որ 2011-2012 թթ. մեզ մոտավորապես այդպես էլ հանգստացնում էին: Բերեմ այն ժամանակ Հայաստանում հնչող կարծիքներից մեկը. «Արդյոք պե՞տք է վրացական կողմի այդ որոշումը անհանգստացնի Երևանին: Նախ՝ նշենք, որ բորսային սեփականաշնորհումը միանգամայն ընդունելի է Հայաստանի համար: Մեզ համար անընդունելի կլիներ, եթե գազամուղը վաճառվեր ուղղակիորեն կամ մրցույթով, ինչը ադրբեջանական SOCAR-ին հնարավորություն կտար գնելու այն: Բաժնետոմսերի բորսային շրջանառության պարագայում շատ քիչ է հավանական, որ առաջարկվող բոլոր բաժնետոմսերն ընկնեն մեկ ընկերության ձեռքը, անգամ եթե այդ ընկերությունը շատ բարձր գին առաջարկի: Հնարավոր է, որ ադրբեջանական ընկերությունն իրոք ձեռք բերի բաժնետոմսերի ինչ-որ մասը, ասենք, 1-2 տոկոսը, սակայն չմոռանանք, որ դրանցով հետաքրքրվում են նաև ռուսական ու ղազախական ընկերությունները, իսկ միջազգային շուկայում կարող են հայտնվել նաև այլ շահագրգիռ կողմեր: Անգամ «ՀայՌուսգազարդը» չի թաքցնում իր շահագրգռությունը այդ բաժնետոմսերը ձեռք բերելու գործում: Այն, որ վաճառքի է հանվում ոչ թե բաժնետոմսերի հսկիչ ծրարը, այլ ընդամենը 25 տոկոսը, կարող է այնքան էլ հրապուրիչ չթվալ ներդրողներին: Համենայն դեպս, ադրբեջանական մամուլում բավական սառն են վերաբերվում բաժնետոմսերի բորսային վաճառքի գաղափարին. այնտեղ առայժմ հուսով են, թե դա չի առնչվի գազամուղին»:


Սակայն հիմա 2016-ի վերջն է արդեն, և Թբիլիսիում իշխանության գլուխ ոչ թե Սաակաշվիլու ԱՄՇ-ն է, այլ, կարծես, «Վրացական երազանք» շարժումը: Այդուամենայնիվ, ցանկությունը ճիշտ նույնն է, ինչ ԱՄՇ-ինը: Եվ մենք ստիպված ենք մեզ հարց տալ՝ ինչո՞ւ: ՈՒ անմիջապես պատասխանն է հետևում. որովհետև Վրաստանում, փաստորեն, ամեն ինչ թուրքերի ու ադրբեջանցիների ձեռքին է, և վրացական կառավարությունը բոլորից լավ գիտի, որ երկիրը ճակատագրական կախման մեջ է Թուրքիայից ու Ադրբեջանից: Եվ մի՞թե միայն «գործի տնտեսական կողմի» մասին է պետք մտածել, երբ մեզ, ըստ էության, շանտաժում են: Կարելի է դատել միայն տնտեսապես՝ արգելված չէ: Ահա թե ինչ է գրել news.am կայքը 2011 թվականին. «Նշենք, որ գազամուղի տվյալ տեղամասը տնտեսական լուրջ շահ չի խոստանում. միակ եկամուտը Հայաստան մատակարարվող գազի 10 տոկոսն է, որ Ռուսաստանը թողնում է Վրաստանին տարանցման դիմաց: Դա կազմում է մոտավորապես 150-200 մլն խմ գազ, ինչը միջազգային գներով համարժեք է 40-45 մլն դոլարի: Հաշվի առնելով, որ գազը Վրաստանի ներքին շուկայում գնահատվում է շատ ավելի էժան, գազանցման բերած իրական եկամուտն աննշան է: Դա գալիս է վկայելու, որ ապագա ներդրողներն առանձնապես մեծ շահ չպետք է ակնկալեն «Նավթի-գազի միջազգային կորպորացիայի» բաժնետոմսերից: Միակ առավելությունը քաղաքական շահն է, որ ստանալու է ներդրողը, սակայն դա դեռ բորսային զետեղման երաշխիք չէ»: «Regnum» գործակալության երևանյան գլխավոր գրասենյակը նոյեմբերին մեզ վստահեցնում էր. «Այսօրվա դրությամբ իրավիճակը համարյա նույնն է, եթե հաշվի չառնենք, որ գազի միջազգային գները զգալիորեն ընկել են, ինչպես նաև, որ հայկական կողմն ու «Գազպրոմ» պետական կորպորացիան ներկա պահին Վրաստանի հետ բանակցություններ են վարում Հայաստան մատակարարվող գազի տարանցման գնի իջեցման շուրջ: Հայ պաշտոնատար անձանց ու «Գազպրոմ-Արմենիա»-ի ներկայացուցիչների փոխանցմամբ, բանակցությունները, կարելի է ասել, հաջող են ընթանում և կհանգեցնեն ռուսական գազի Հայաստան տարանցման նոր պայմանագրի կնքման, որով Երևանի համար ավելի ձեռնտու սակագներ կսահմանվեն»:


Եվ, վերջապես, երրորդ: Հիշարժան են հայ պաշտոնատար անձանց խոսքերն այն մասին, թե ռուսական գազի տարանցման նոր սակագնի շուրջ Վրաստանի հետ բանակցություններում հաջողության դեպքում գները կնվազեն նաև մեր ներքին սպառողական շուկայում: Թվեր էին նշվում. կարելի էր մտածել, թե մեր բնակչությունն սկսելու է գազ ստանալ գրեթե ներռուսաստանյան գնով: Մի հետաքրքրական պատկեր է ուրվագծվում. Հայաստանի նոր կառավարությունը, իհարկե, շահագրգռված է նվաճելու շարքային ընտրողների համակրանքը, և ո՞վ չգիտի, որ մեր ժողովուրդը տարիներ ի վեր բառացիորեն կքած է սակագների ծանրության ներքո: Խոսքը օլիգարխ պատգամավորների կամ պետպաշտոնյաների մասին չէ, խոսքն այն նույն շարքային ընտրողի մասին է, որի եկամուտները ոչ մի կերպ չեն աճում այնքան, որ կարողանա հասնել սպառողական գների ու սակագների բացահայտ կամ «սողացող» աճի հետևից: Բայց չէ՞ որ մենք իրավունք չունենք չտեսնելու, որ Վրաստանը թաղվում է խուճապի և ճգնաժամի քաոսային ճահճի մեջ: Այն խոսակցությունները, թե ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, երևի, կզրկի Վրաստանի պաշտոնյաներին իրենց «ամերիկյան աշխատավարձերից» և այլ վճարումներից, արդեն հանգեցրել են օտարերկրյա բոլոր արժույթների նկատմամբ վրացական լարիի փոխարժեքի շատ կտրուկ անկման, և թե ինչ կլինի հետո, պարզ չէ: Այս իրավիճակում գազի տարանցման սակագնի նվազեցման շուրջ Հայաստանի ու «Գազպրոմի» գլխադաս գրասենյակի հետ բանակցությունները մահվան են հավասար Վրաստանի կառավարության համար: Իսկ Թբիլիսին կզրկվի պետբյուջետային մուտքերի էական մասից: Վրաստանը կարող է հայտնվել սոցիալ-տնտեսական ծանր պայթյունի, «Վրացական երազանքից» դժգոհության աճի եզրին, և զուր չէ, որ Սաակաշվիլու ԱՄՇ-ն, անգամ վերջին խորհրդարանական ընտրություններում կրած պարտությունից հետո, միևնույն է, պատրաստվում է քաղաքական ռևանշի: Այնպես որ, Վրաստանն իրոք շանտաժում է Հայաստանի նոր կառավարությանը, ասենք, հետևյալ սխեմայով. «Դուք հրաժարվում եք տարանցման սակագինը վերանայելուց, մենք մեր խողովակները չենք վաճառում Ադրբեջանին»:


Գուցե «Գազպրոմ-Արմենիա» քույր ֆիրմայի ղեկավարությունը պետք է ոչ թե սակագների վերանայման շուրջ բանակցություններ վարի, այլ ի՞նքը հայտարարի այդ բաժնետոմսերը գնելու մտադրության մասին: Կամ՝ Հայաստանի կառավարությունը: Գուցե ավելի լավ կլինի Վրաստանին զրկել Երևանին շանտաժելու անգամ նվազագույն հնարավորությունի՞ց: Ես համոզված եմ, որ Կարեն Կարապետյանը պահպանել է իր ռազմավարական բոլոր կապերը «Գազպրոմի» գլխադաս գրասենյակում, և պետք է այսօր Հայաստանի կառավարության նոր ղեկավարը նշի, թե Վրաստանով անցնող խողովակներում ինչն է պատկանում վրացական կառավարությանը, ինչը՝ «Վրաստանի գազի միջազգային կորպորացիային», և ինչը՝ «Գազպրոմին»: Ես լսած չկամ, որ Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին կտրականապես բացառած լինի «Գազպրոմ-Արմենիա» ֆիրմայի կամ Հայաստանի կառավարության մասնակցությունը «բաժնետոմսերի 25 տոկոսը բորսայում զետեղելու» առթիվ կայանալիք սակարկություններին: Եվ առհասարակ, առաջին իսկ օրվանից, երբ տեղեկություններ տարածվեցին Ադրբեջանին, ըստ էության, մե՛ր խողովակների առաջիկա հնարավոր վաճառքի մասին, Հայաստանի կառավարությունը պարտավոր էր հանդես գալ հրապարակային հայտարարությամբ՝ գնահատականներ հնչեցնելով ու հեռանկարներ մատնանշելով: Իսկ կուլիսային գաղտնի «ձևաչափով» միանգամայն տեղին կլինեին նաև Վրաստանին ուղղված կոշտ զգուշացումներն այն մասին, որ նրա պլանները պարունակում են միջպետական շանտաժի և քաղաքական շահարկումների տարրեր:


Թեև դեռ ուշ չէ «նախազգուշացնելու» պաշտոնական Թբիլիսիին, խորհուրդ տամ առանց քաշվելու, կարելի է և առանձնահատուկ սպառնալիքներով կամ միայն շանտաժով, բայց այնպես, որ Վրաստանը հասկանա՝ խոսքը Հայաստանի էներգետիկ անվտանգության մասին է, ոչ թե սոսկ փողի ու ներդրումների, և ավելի լավ է Վրաստանը խաղ չանի Հայաստանի հետ, այլ սերտորեն համագործակցի, հարևանի նման: Համոզելու փաստարկները պետք է լինեն այնքան ծանրակշիռ, որ ոչ միայն «զգաստացնեն» Վրաստանին, այլև մտահոգեն Ադրբեջանին, Թուրքիային էլ հետը: Ժամանակն է հասկանալու՝ գազամուղի վրացական հատվածի վաճառքը Հայաստանի համար որևէ սպառնալիք պարունակում է, թե ոչ՝ երկրորդական-երրորդական հարց է, կարևորն այն է, որ Հայաստանն արձագանքում է, ընդ որում՝ օպերատիվ կարգով, թեև նախընտրելի կլիներ, որ նման հարցերում Հայաստանն ունենար նախազգուշական, կանխիչ քաղաքականություն, չէ՞ որ Թբիլիսին գազի հարցով սկսել էր «նյարդերի հետ խաղալ» դեռ 2011-2012 թթ.: Եվ նույնիսկ կարևոր չէ, թե բարձրաձայնված սպառնալիքներից ինչն է Հայաստանն ի վիճակի իրականացնելու, դա ուղղակի քաղաքականություն է՝ հանուն ազգային շահերի: Դե, իսկ եթե որևէ մեկն ուզում է իմանալ, թե ինչը կարող է սպառնալից լինել Հայաստանի համար, եթե Ադրբեջանը քառորդ մասով դառնա գազամուղի վրացական հատվածի կառավարիչ, ապա կոչ եմ անում հիշել 90-ականներին այդ խողովակաշարի վրա տեղի ունեցող «մեծ պայթյունները»: Անգամ սեփականության մասնակի իրավունքը Ադրբեջանին հնարավորություն կընձեռի վերահսկողություն սահմանելու Վրաստանի տարածքի խողովակաշարի նկատմամբ և այնքան հաճախակի պահանջել գազի տարանցման «պրոֆիլակտիկ դադարներ», որ նույնիսկ որևէ բան պայթեցնելու կարիք էլ չի լինի: Եվ ոչ ոք չի կարողանա Բաքվին մեղադրել ահաբեկչության կամ որևէ ծրագրված վնասարարության մեջ, մինչդեռ Հայաստանի նյարդերը շա՜տ գերլարված են լինելու:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3516

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ