Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սեզոնային քամիներ և հայրենասիրության բռնկումներ

Սեզոնային քամիներ և հայրենասիրության բռնկումներ
16.12.2016 | 01:11

Երկուշաբթին դժվար օր է: Ասում են: Երկուշաթբին հետաքրքիր սկսվեց: Լարսը փակ է: Շաբաթը անցնենք օր առ օր: Ստեֆանո Վիսկոնտին Բաքվից Երևան եկավ՝ հանդիպումներ ունեցավ նախագահի ու ԱԳ նախարարի հետ: Նախագահին փոխանցեց Ֆրանսուա Օլանդի ջերմ ողջույնները և հավաստիացրեց, որ կաշխատի ջանասիրաբար՝ գիտակցելով բոլոր դժվարությունները և խնդրի կարևորությունը, որ վերաբերում է տարածաշրջանի կայունությանը, անվտանգությանը, բարգավաճմանը: Նախագահը Ստեփանակերտից էր վերադարձել: Իսկ Արցախում հանդիպել էր ոչ միայն ԼՂՀ նախագահին, պաշտպանության նախարարին, զինվորներին, Մատաղիսի և Թալիշի շրջակա պաշտպանական դիրքեր էր գնացել, ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների և ազատամարտիկների թանկարժեք նվերներով խրախուսել, այլև հանդիպել էր Արցախ մեկնած Հայաստանի մշակույթի գործիչների հետ: Նրանք հիացած էին ու խոստանում էին նորից Արցախ գնալ: Հրապարակավ: Առանց նախագահի կգնա՞ն:


Վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպեց 10 խոշոր հարկատուների հետ՝ «լսելու նրանց գործունեությանը խոչընդոտող խնդիրներն ու կառավարությունից սպասվող այն քայլերը, որոնք բարենպաստ պայմաններ կստեղծեն հետագա զարգացման համար»: Նրանք բողոքել են հարկային գերավճարների չափերից, հարկային և մաքսային վարչարարության պարզեցման, մաքսազերծման ժամկետների կրճատման, մրցակցային դաշտի ապահովման հարցեր են դրել:
ԱԺ-ն արտահերթ նիստում ընդունեց 1000 դրամների օրինագիծը, լավ առիթներ ունեցավ բարձրախոսելու բոլորի սուրբ լինելու ու եկեղեցու գողացված խաչի, եկամուտների տոտալ հայտարարագրման ու թալանի մասին, իսկ դրսում ձյուն էր գալիս: Ցիկլոն: Միջերկրական ծովից: Ցուրտ էր՝ արկտիկական հոսանքներ են եկել: Իսրայելի վարչապետը գնաց Բաքու: Մի քանի ժամով: Ղազախստանի ճանապարհին: «Ադրբեջանն ակտիվորեն համագործակցում է Իսրայելի հետ պաշտպանական արդյունաբերության ոլորտում, և այդ համագործակցությունը շարունակվում է արդեն մի քանի տարի»,- հայտարարեց Իլհամ Ալիևը: Նա գոհ է Իսրայելի հետ համագործակցությունից: Բայց մի քիչ էլ տագնապած՝ լուրեր կան, որ Մոսադի ղեկավար Յոսի Կոենը Բենիամին Նեթանյահուի Ադրբեջան այցի մասին ասել է, թե հույս ունի, որ կստորագրվի գործակցության հուշագիր հատուկ ծառայությունների միջև՝ Իսրայելը անվտանգության ժամանակակից սարքավորումներ կվաճառի Ադրբեջանին:

Մոսադն ինչո՞ւ պիտի նման տեղեկություն հրապարակեր՝ հարցի մի կողմն է, մյուս կողմում՝ Բաքուն պիտի Թուրքիային, Ռուսաստանին ու Իրանին բացատրի՝ ինչի՞ն են պետք այդ միջոցները, և ի՞նչ չափով է Իսրայելը Ադրբեջանի ազգային անվտանգությանը խառնվում: Փաստը Բաքուն հերքում է, Թել Ավիվը՝ ոչ: Երևանը ևս չի մեկնաբանում: Մինչդեռ Ադրբեջանի թիվ մեկ թշնամին ռազմական դոկտրինի մակարդակով հայտարարված ենք մենք: Առավել հավանականը իսրայելական անվտանգության սարքավորումները հայ-ադրբեջանական շփման գծում տեղակայելն է: Մեր դեմ:


Լարսը մնաց փակ: Տրանսպորտի նախարարը գնաց Լարս, հասավ Թբիլիսի, ճանապարհը չբացվեց: Բեռների կուտակումը, վարորդների վիճակը, ֆինանսական կորուստները ամեն տարի կրկնվում են: Եղանակը կապ չունի, եթե պետք է, Լարսը փակ է նաև ամռանը, ու՝ ի՞նչ. որերորդ կառավարությունը Հայաստանում կփորձի հարցին այլընտրանքային լուծում տալ: Աշխարհագրություն, տարածք, տեղանք՝ հասկացանք: Լոգիստիկան հասկացություն է, որ պիտի պատասխանի տարբեր հարցերի, այդ թվում՝ Հայաստանը աշխարհին կապող միակ ճանապարհը Լա՞րսն է, ու վե՞րջ: Աբխազական երկաթուղին ի՞նչ եղավ, ԵԱՏՄ մտնելիս ահա-ահա բացվում էր, ու ի՞նչ:

Փոթիի տարբերակն ի՞նչ եղավ, ինչո՞ւ է լաստանավային փոխադրումն այդքան թանկ, եղանակային պայմաններից նույնքան ու ավելի՞ է կախված: Իր բոլոր բարձր ու ցածր տեխնոլոգիաներով, ԵԱՏՄ-ի պես թիկունքով ինչո՞ւ է Հայաստանը ամառ-ձմեռ կախված Լարսի անցակետից: Քաղաքակա՞ն է, աշխարհագրակա՞ն, տնտեսակա՞ն, աշխարհաքաղաքակա՞ն այդ կախվածությունը: Այդքան մտքի ու քսակի տիտաններ կան երկրում ու երկրից դուրս, որ սրտները հանուն հայրենիքի է բաբախում, այդ խնդրով ինչո՞ւ չեն զբաղվում: Այդպես պետք է լինի, որ Հայաստանն ընդմիշտ մնա նույն քաղաքական ու տնտեսական կարգավիճակում՝ կախված բնության քաղաքական քմահաճույքների՞ց: Ո՞Ւմ պատվերն է: Տարածաշրջանայի՞ն, միջազգայի՞ն: Համաշխարհային դավադրություն մի որոնեք, պարզ հարց է՝ հնարավոր չէ՞ բեռների փոխադրման այլ ճանապարհ գտնել, որ Հայաստանը կապի աշխարհին: Խելքից-մտքից դուրս թանկ չնստի: Իրանը չասեք: Իրան-Հայաստան ճանապարհի դերը հայտնի է: Ռազմավարական ի՞նչ նշանակություն ունի, մարտավարական՝ ի՞նչ: Հյուսիս-Հարավն էլ չասեք: Չինական Մետաքսի մեծ ճանապարհին միանալն էլ չասեք: Հասան Ռոհանին Հայաստան ինչո՞ւ չեկավ: Թե՞ Հայաստանի փոխարեն որոշեց Մոսկվա գնալ: Ռոհանին Հայաստան կգա՞ ընդհանրապես: Մինչև նախագահական ընտրությունները՝ 2017-ի ամառ: Ահագին ժամանակ կա՝ մի քանի ամիս: Իրանը գուցե ունի այդ ժամանակը, իսկ Հայաստա՞նը: Երկուշաբթի օրվա հարցե՞ր են:


Դեկտեմբերի 12-ին երեք կուսակցություններ հայտարարեցին նախընտրական դաշինքի մասին՝ «Լուսավոր Հայաստանը», «Հանրապետությունը» և «Քաղաքացիական պայմանագիրը» ստորագրեցին հուշագիր, որով հայտարարում են, որ hավատարիմ Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու հանձնառությանը, գիտակցելով Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման հրատապությունը, ելնելով Հայաստանի արդիականացման և ժողովրդավարական զարգացման առաջնահերթությունից, ականջալուր լինելով հակասությունները հարթելու և համագործակցության հիմքեր դնելու հանրային պահանջին, համաձայն են համատեղ քաղաքական գործունեություն ծավալել:
Երեք կուսակցությունները 2017-ի ԱԺ ընտրություններին ու Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցեն ընտրական դաշինքով: Նրանք պայմանավորվել են համատեղ գործունեության որոշումները կայացնել կոնսենսուսով: Այստեղ կարելի էր ավարտել, եթե խոսքը երկու ընտրություններին մասնակցելու մասին լիներ, բայց երեք տարբեր կուսակցություններ համաձայնության են եկել բանակցել միասնական կուսակցություն ստեղծելու վերաբերյալ, որը վիճելի ու լուրջ խնդիր է: Համատեղ կուսակցության գաղափարն ունի և դրական, և բացասական կողմեր: Դրական է, որովհետև արձագանքում է հասարակական պահանջին՝ ընդդիմությանը տեսնել միասնական, բայց հասարակական պահանջը պոպուլիզմ է պարտադրում, որը դառնում է բացասական կողմը: Հասարակության պոպուլիստական պահանջները բավարարելուց բացի դաշինքը պետք է ծրագիր առաջարկի, որով ոչ միայն պատրաստ է իշխանության գալ, այլև կառավարել: Իսկ դա Հայաստանում աննախադեպ քայլ է՝ ընտրություններից առաջ բոլոր կուսակցությունները բաժանվում են երկու մասի. կեսը փառաբանում է ՀՀԿ-ին, մյուս կեսը՝ հայհոյում: Ավանդույթը արդյունավետ է պրագմատիկ դիրքերից, բայց բոլորս պրագմատիզմից հոգնել ենք, դրայվ ենք ուզում ու այն գժին, որ քար է գցում ջուրը: Դաշինքը հետամուտ է լինելու Հայաստանում եվրոպական մոդելի՝ իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետության կառուցմանը՝ ազգային լավագույն առանձնահատկությունների և հետաքրքրությունների համադրությամբ։

Այս հայտարարությամբ դաշինքը դառնում է քաղաքական դաշտը հավասարակշռության բերող գործոն՝ հաստատելով, որ Հայաստանի Հանրապետությունում կան ապագան ռուսականից զատ այլընտրանքային ճանապարհով տեսնող քաղաքական ուժեր: Եթե նրանք թափ հավաքեն, իսկ դա լիովին հնարավոր է, իշխանությունը փորձելու է ներսից տրոհել, դա հին ու ծանոթ գործելակերպ է, կարողանալո՞ւ են դիմակայել իշխանական գայթակղություններին, դաշինքում չե՞ն լինելու ուժեր, որ հայտարարեն՝ ընտրություններն արդար էին, մենք վատ աշխատեցինք, նորից կփորձենք: Հաջորդ անգամ: Պատրա՞ստ են հետընտրական գործընթացների, եթե ժողովուրդը փողոց դուրս գա նորից, ու ի՞նչ են անելու: Կերևա՝ ընտրապայքարը այն տեղն ու ժամանակը չէ, երբ բոլոր զենքերդ ի սկզբանե պիտի ցուցադրես ու փամփուշտներդ կրակես:


Անցնող շաբաթում ևս մի դաշինք էր փորձում ձևավորվել՝ «Համախմբման» նախագահ Վարդան Օսկանյանը հաստատել է, որ հնարավոր է դաշինք «Ժառանգության» հետ, ու չի բացառել` պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ: Ճիշտ է՝ «Ժառանգությունը» կուսակցություն է, որ կա ու չկա, իսկ Սեյրան Օհանյանի կուսակցությունը, որ չկա ու կա: Նախկին նախարարների հայրենասիրական բռնկումը երկուշաբթիի պատասխանն է:

«Ժառանգությունը» ի դեմս Զարուհի Փոստանջյանի մենակ է գնալու ընտրությունների, ի դեմս Արմեն Մարտիրոսյանի՝ դաշինքով, Րաֆֆի Հովհաննիսյանի «դեմքը» չի երևում՝ ԱՄՆ-ում է՝ ընտրությունները գալիս-գնում են՝ Ծննդյան տոները սուրբ են, ի վերջո, ֆինանսավորող պիտի ի հայտ գա, որ իրավատիրոջ վերադարձն իմաստ ունենա: Սեյրան Օհանյանը վիրավորված է, բայց ումի՞ց: Սերժ Սարգսյանի՞ց, որ իրեն նշանակեց ՀՀ պաշտպանության նախարար, Իլհամ Ալիևի՞ց, որ քառօրյա պատերազմում ջրի երես հանեց նախարարի ու նախարարության աշխատանքի որակները: Ճիշտ է՝ Սեյրան Օհանյանը կարող է հակադարձել՝ իսկ ո՞վ է գերագույն գլխավոր հրամանատարը, բայց եթե Սերժ Սարգսյանն է, ուրեմն ումի՞ց է նեղացել: Պետական բարձրաստիճան պաշտոնյայի ու սպայի ընդդիմադիր դառնալու դրդապատճառները ծանրակշիռ պետք է լինեն, միայն անձնական վիրավորանքը չի կարող նման շրջադարձի հասցնել: Վարդան Օսկանյանը նման զսպումներ չունի՝ նա հետդարձի ճանապարհ էլ չունի: Հարգարժան Գագիկ Ծառուկյանը այլևս բոլորովին այլ օպերա է, ԲՀԿ-ն կլինի, թե կցմցած «Միասնությունը», Գագիկ Ծառուկյանը, որ արդեն սկսել է ձայներ գնել Գյումրիում, աշխատում է ՀՀԿ-ի դաշտում, բայց՝ իր բրենդով ու իր համար: Իրավատեր Րաֆֆի Հովհաննիսյանը և ռուսական դաշտում գործող Սեյրան Օհանյանը Վարդան Օսկանյանի համար ապահովելու են՝ ա) ընդդիմադիրի իմիջ, բ) իշխանական ֆինանսներ, գ) առաքելություն նոր խորհրդարանում (Ռոբերտ Քոչարյանից Կարեն Կարապետյան շրջագծում շահերի սպասարկում): Եթե դաշինքը կայանա, կարող է հնչեղ ու հատու ՕՀՕ անունը կրել, Օ-երի տեղափոխությունը ոչինչ չի փոխում: Եթե իշխանությունը հանդես է գալու միայն իր և դեռ չգրանցված, բայց ընտրություններին պատրաստվող Սերգեյ Դանիելյանի ՔԱՔ-ի՝ «Քաղաքացիական ակտիվ քայլ» կուսակցության տեսքով, ընդդիմությունը սանդղակ է, որտեղ մեկ եռյակ կա, երկրորդը փորձում է կայանալ, երրորդը՝ նույնպես, մնում է ԲՀԿ-ն նորից ՀԱԿ-ին գտնի, որ ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի ու էլի մեկի, ում կարող էի մոռանալ, հետ կազմի ընդդիմադիր արեալ: Տարածք, որտեղ չկան սահմաններ ու նախ պետք է սահմանել՝ ո՞րն է ընդդիմությունը: Հենց դա է իշխանության խաղը՝ երբ բոլորը ընդդիմադիր են ներկայանում, նրանց միջև ընտրությունը մի քանի սկզբունք է ունենում՝ նախ պարզել՝ ո՞վ է իսկապես ընդդիմադիր, ո՞վ իր ընդդիմադիր լինելը ինչպես է հասկանում, երկրորդ՝ համեմատել սեզոնային ընդդիմության ու մշտական իշխանության տարբերությունները, երրորդ՝ գաղափարը՝ հաճելին օգտակարով համեմել՝ ով ավելի կտա: Ընտրությունները հարցեր լուծելու ժամանակ են: Ոչ միայն իշխանության համար՝ ժողովուրդն էլ պիտի ապրի, որ ընտրի ու մնա հավերժական ընդդիմադիր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Սեզոնային քամիներն ի՞նչ կապ ունեին: Ձյան ու քամու պես հայրենասիրության բռնկումները Հայաստանում սեզոնային են՝ կուսակցականանում ու բարձր ազգային գիտակցության են գալիս ընտրություններից առաջ ու նրանց հետ ավարտվում: Լարսի հարցը մնաց բաց: Դրայվ է պետք տարածաշրջանին:

Դիտվել է՝ 2036

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ